Կուսանաց անապատ (Ոսկանապատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուսանաց անապատ (այլ կիրառումներ)

Կուսանաց անապատ (նաև՝ Կուսանաց Սուրբ Աստվածածին անապատ կամ Կուսանաց Սուրբ Ոսկեանց անապատ ), հայկական վանքային համալիր Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ոսկանապատ գյուղի հարավային ծայրում՝ ձորի մեջ, գետի ձախ ափին[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման ժամանակի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան, բայց կարելի է հաստատ ասել, որ անապատը գոյություն է ունեցել նախքան 1684 թվականին, քանի որ հիշյալ թվականին ստեղծված մի ավետարանի հիշատակարանում նշվել է. «...արդ ես Սարգսի որդի Խոջա Պատիս, առի զսուրբ աւետարանս ի ձեռաց անօրինաց եւ ետու վախմ ի դուռն Ոսկանապատու կուսանաց անապատին, Աստուածածին սուրբ տաճարին...»[3]։

Եկեղեցու հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս շինությունը համարել 17-րդ դարի կառույց. ընդ որում չի բացառվում, որ անապատը նվերներ է ստացել (ի թիվս և հիշյալ ավետարանը) հենց կառուցման ավարտից անմիջապես հետո[2]։

1885 թվականի մի վավերագրում անապատը հիշվում է Սուրբ Ոսկեանց անունով[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ունի միանավ, թաղածածկ հորինվածք։ Ծածկը երկթեք է, միակ մուտքը՝ հարավից։ Կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով։ Սվաղված է և՛ ներսից, և՛ դրսից։ Արտաքին չափերն են՝ 12,25 x 6,55 մ։ Ինչպես վկայում է Մակար Բարխուդարյանցը, եկեղեցու արևմտյան կողմում եղել են միաբանական սենյակներ. «...բայց յորդ անձրևի հեղեղներն քանդած և տարած են սոյն սենեակները և կոյտ կոյտ խիճեր դիզած խուցերի տեղերում»[5]։ Նա նաևվկայում է, որ համալիրը կրում է մի շարք նորոգումների հետքեր, որոնցից մեկն իրականացրել է ոմն Հարություն պապը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այժմ գյուղը, ինչպես շրջանի մեծամասնությունը օկուպացված է Ադրբեջանական Հանրապետության Զինված ուժերի կողմից։ Համաձայն Ադրբեջանի վարչական բաժանման տաճարը գտնվում է Գյոյգյոլի շրջանում, իսկ գյուղը կոչվում է Զուռնաբադ
  2. 2,0 2,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 415-416
  3. Քաջիկեան, Ճանապարհորդական յիշատակարան (հոդվածաշար), «Արձագանք», 1886, N 20, 23, 24, էջ 294
  4. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 29
  5. 5,0 5,1 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 275