Կուսանաց անապատ (Գետաշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուսանաց անապատ (այլ կիրառումներ)
Կուսանաց անապատ
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԼՂՀ Գետաշեն, ԼՂՀ
Ներկա վիճականհայտ
Առաջին հիշատակում1885 թ.

Կուսանաց անապատ (նաև՝ Կուսանոց Սուրբ Տիրամոր եկեղեցի կամ Կուսանաց Սուրբ Տիրամոր անապատ), հայկական վանական համալիր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Շահումյանի շրջանում՝ պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Կողթ գավառում։ Գտնվում է Գետաշեն գյուղի հին թաղամասում՝ գետի ձախ ափին[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ տաճարը հայտնի է Կուսանաց անապատ անվամբ։ 1885 թվականի մի վավերագրում հիշատակված է Կուսանոց Սուրբ Տիրամոր եկեղեցի անվամբ[3]։ Դեռևս 19-րդ դարի վերջերին եկեղեցու շուրջ կիսավեր դրությամբ պահպանվում էին միաբանական սենյակների մնացորդները[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսանաց անապատի եկեղեցին շինված է տեղական գորշ քարից։ Հատակագիծը ուղղանկյուն է, ունի 11 մ երկարություն, 9 մ լայնություն և 7 մ բարձրություն։ Դահլիճի մեջ կանգնած են երկու խաչաձև սյուներ, որոնց վրա դրված են կամարները՝ իրենց վրա պահելով թաղակապ կտուրը։ Եկեղեցու արևմտյան կողմում բացվում են մի փոքրիկ դուռ և պատուհան, հարավայինում՝ երկու փոքր պատուհան, իսկ արևելյանում՝ մեկ։

Եկեղեցու հարավային ճակատապատի մեջ ագուցված են շատ հին, բայց դժբախտաբար զգալի չափով քայքայված երեք խաչքարեր, որոնք ունեն 150-200 սմ բարձրություն, ավելի քան մեկ մետր լայնություն։ Խաչքարերի զարդանախշերի որոշ մասեր վիմագրերի հետ միասին ջնջված են։ Երևում են մարդկային ֆիգուրներ, հանդիսավոր ընդունելությունների տեսարաններ։ Բազմաթիվ մեծ ու փոքր խաչքարեր, խաչանշաններ կան եկեղեցու ներսում, մասնավորապես՝ սյուների և կամարների վրա։ Կառույցի արտաքին պատերում տեղադրված են նաև գերեզմանաքարեր, հնագույն շենքերի արժեքավոր բեկորներ։ Կուսանաց անապատի շինարարները լայնորեն օգտագործել են ավերված շենքերի քարերը, դրանով իսկ ցանկանալով մեկ անգամ ևս ընդգծել, որ իրենք անապատը կառուցում են նախկինում եղած կրոնական հայտնի օջախի տեղում։

Կուսանաց անապատի եկեղեցու գավիթը քառանկյուն թաղածածկ շենք է, ունի 6,4 մ երկարություն, նույնքան էլ լայնություն։ Այն ծառայել է իբրև Մելիք-Շահնազարյանների տոհմական դամբարան։ Այստեղ են գտնվում Մանվել Վարդապետի, մելիք Միրզայի, մելիք Հուսեինի և նրանց կանանց գերեզմանները[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին թաղածածկ միանավ շինություն է։ Ավանդատներ չունի։ Խորանը կիսաշրջանաձև է, ծածկը՝ երկթեք, միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից։ Կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով։ Սրբատաշ են միայն անկյունաքարերը։ Արտաքին չափերն են 12,14 x 7,80 մ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այժմ գյուղը, ինչպես շրջանի մեծամասնությունը օկուպացված է Ադրբեջանական Հանրապետության Զինված ուժերի կողմից։ Համաձայն Ադրբեջանի վարչական բաժանմանը տաճարը գտնվում է Գյոյգյոլի շրջանում, իսկ գյուղը կոչվում է Չայքենդ
  2. 2,0 2,1 2,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 340-341
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 29
  4. Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Շահեն Մկրտչյան, Հայաստան հրատարակչություն, Երևան-1985