Կուսածառ չինական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուսածառ չինական
Vitex negundo leaves.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Լամիածաղկավորներ
Ընտանիք Աղավնիճազգիներ
Ցեղ Կուսածառ
Տեսակ Կուսածառ չինական
Լատիներեն անվանում
Vitex negundo
Lineus

Կուսածառ չինական (լատ.՝ Vitex negundo), աղավնիճազգիներ ընտանիքի, կուսածառ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ, փոքր ծառ է՝ մինչև 5 մ բարձրությամբ, որը երբեմն թփանման տեսք է ունենում։ Ընձյուղները քառակող են։ Տերևները կազմված են 3-5 էլիպսաձվաձև կամ նշտարաձև տերևիկներից, որոնք ունեն 3-10 սմ երկարություն, ամբողջաեզր են կամ սղոցաեզր, ներքևի կողմից՝ մոխրաթաղիքամազմզուկապատ, կոթունավոր, 1,5-5 սմ երկարությամբ ընդհանուր տերևակոթունով։ Ծաղիկները եղրևանեգույն են կամ կապտասպիտակ, հավաքված նոսր փնջերում, որոնք իրենց հերթին կազմում են կեղծ հասկիկներ և այնուհետև՝ ողկույզներ, 12-20 սմ երկարությամբ։ Պսակը 0,5-0,6 սմ երկարություն ունի, առէջները և սռնակը զգալիորեն կարճ են պսակի բլթակներից։ Պտուղը գնդաձև է, մոտ 2 մմ տրամագծով։ Բույսի բոլոր օրգանները բուրումնավետ են։ Ծաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր, պտուղները հասունանում են օգոստոսից մինչև հոկտեմբեր։ Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հավանական շրջանները՝ 9, 18—19, 20ա, 25, 28, 32[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Չինաստանում և Հնդկաստանում: Մեր հանրապետության պայմաններում պիտանի է միայն ներքին գոտում, ծովի մակարդակից մինչև 1300 մ բարձրությունների վրա, քանի որ ցրտադիմացկունությամբ աչքի չի ընկնում։ Լավ է աճում Իջևանում, Երևանում: Երևանում մեղմ, կարճատև ձմեռից հետո չի ցրտահարվում, սակայն ցուրտ և երկարատև ձմեռից հետո ցրտահարվում են ոչ միայն միամյա ու երկամյա, այլ նաև բազմամյա շիվերի մի մասը, ընդ որում հաջորդ սեզոնում բույսը վերականգնվում և առատորեն ծաղկում ու պտղաբերում է։ Վանաձորում խիստ ցրտահարվում է, սակայն չի ոչնչանում։ Դեկորատիվ հատկանիշներով զիջում է նախորդ տեսակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 319։