Կուսախաղող հնգատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուսախաղող հնգատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Դժնիկածաղկավորներ
Ընտանիք Խաղողազգիներ
Ցեղ Կուսախաղող
Տեսակ Կուսախաղող հնգատերև
Լատիներեն անվանում
Parthenocissus quinquefolia
Հատուկ պահպանություն

Կուսախաղող հնգատերև (լատին․՝ Parthenocissus quinquefolia), խաղողազգիներ ընտանիքի, կուսախաղող ցեղի բույս։

Կուսախաղող հնգատերև

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր լիանա է, որը հասնում է մինչև 15—20 մ երկարության։ Երիտասարդ ընձյուղները կարմրավուն են, ավելի ուշ ստանում են մուգ կանաչ գունավորում, կտրվածքում կլորավուն են, երբեմն՝ օդային արմատիկներով։ Բեղիկները ճյուղավորված են, ծծիչներով։ Տերևադասավորությունը հերթադիր է, ընդ որում յուրաքանչյուր տերևի դիմաց գտնվում է բեղիկը կամ ծաղկաբույլը։ Տերևները բարդ թաթաձև են, 6—8 սմ երկարությամբ կոթուններով, կազմված 5 տերևիկներից, որոնք էլիպսաձև են կամ հակառակ ձվաձև, 4—12 սմ երկարությամբ, սրածայր, սեպաձև հիմքով, վերևի մասում կոպիտ աղեղնաեզր կամ ատամնավոր, կտրուկ սրածայր ատամիկներով, մերկ, վերևի կողմից՝ մուգ կանաչ և անփայլ, ներքևի կողմից՝ կապտավուն, աշնանը ստանում են արնակարմիր գունավորում։ Վահանիկները սովորաբար հավաքված են ծայրային հուրաններում։ Հատապտուղները գնդաձև են, կապտասևավուն, թեթևակի մոմային փառով, 0,6—0,8 սմ տրամագծով, 2—3 (երբեմն՝ 4) սերմերով, որոնք սրտաձև են։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Աչքի է ընկնում ցրտադիմացկունությամբ, երաշտադիմացկունությամբ, ստվերատար է, սակայն լավ է աճում նաև առատ լուսավորության պայմաններում։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, արտակարգ շոգադիմացկուն է։ Լավ է աճում քաղաքների յուրահատուկ պայմաններում, ծխից, գազից, փոշուց և մեխանիկական վնասվածքներից չի տուժում։ Ունի մի շարք այլատեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են ավելի մանր տերևներով (էնգելմանի), ուղիղ պատերի մոտ տնկելիս աճում են առանց լրացուցիչ հենարանի, բեղիկների և ծծիչների միջոցով ամրանում են պատին։ Այս այլատեսակը կոչվում է «մուրորում»։

Էկոլոգիական խումբը՝ XIIբ։ Մշակության հավանական շրջանները՝ 1-32:

Կուսախաղող հնգատերև

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի վիճակում տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Նոր Անգլիայից մինչև Ֆլորիդա և Մեքսիկա, արևմուտքում՝ մինչև Օհայո, Իլլինոյսա և Միսսուրի։ Հաջողությամբ է աճում հանրապետության բոլոր կլիմայական գոտիներում։ Նույնիսկ բարձր լեռնային շրջաններում չի ցրտահարվում, առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Ամենատարածված լիանան է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (215-217)։