Jump to content

Կուպֆերյան բջիջներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուպֆերյան բջիջներ
Տեսակբջջի տեսակ
ԵնթադասՄակրոֆագեր, histiocyte?[1] և mononuclear phagocytic cell?
Մասն էmononuclear phagocyte system?
Անվանված էKarl Wilhelm von Kupffer?
MeSHA11.329.372.588, A11.627.482.588, A11.733.397.588, A15.382.670.522.588 և A15.382.680.397.588
Foundational Model of Anatomy14656
Terminologia HistologicaH3.04.05.0.00016
 Kupffer cells Վիքիպահեստում

Կուպֆերյան բջիջներ, աստղաձև մակրոֆագեր կամ Կուպֆեր-Բրովիչի բջիջներ, լյարդի մասնագիտացված բջիջներ, որոնք տեղակայված են լյարդի սինուսոիդների լուսանցքում և կպչած են (ադհեզված) արյան անոթների պատերը կազմող էնդոթելային բջիջներին։ Կուպֆերյան բջիջները կազմում են օրգանիզմում հյուսվածքային մակրոֆագերի ամենամեծ պոպուլյացիան[2]։ Աղիքային բակտերիաները, բակտերիալ էնդոտոքսինները և մանրէային մնացորդները, որոնք փոխադրվում են լյարդ աղիքային տրակտից դռներակի միջոցով, առաջին հերթին շփման մեջ են մտնում Կուպֆերյան բջիջների հետ, որոնք լյարդի առաջին իմուն բջիջներն են[3]։ Հենց այս պատճառով Կուպֆերյան բջիջների ֆունկցիաների ցանկացած փոփոխություն կարող է կապված լինել տարբեր լյարդային հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝ լյարդային ալկոհոլային հիվանդությունը, վիրուսային հեպատիտը, ներլյարդային խոլեստազը, ստեատոհեպատիտը, լյարդի փոխպատվաստման ժամանակ լյարդի ակտիվացումը կամ մերժումը և լյարդի ֆիբրոզը։

Սրանք կազմում են մոնոնուկլեար ֆագոցիտար համակարգի մի մասը։

Գտնվելու վայր և կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուպֆերյան բջիջները կարելի է գտնել կպած սինուսոիդալ էնդոթելային բջիջներին՝ լյարդային բլթակների թե՛ կենտրոնական (ցենտրիլոբուլյար), թե՛ հարպորտային (պերիպորտալ) շրջաններում։ Կուպֆերյան բջիջների ֆունկցիան և կառուցվածքը կախված է դրանց տեղակայումից։ Հարպորտային Կուպֆերյան բջիջները սովորաբար ավելի մեծ են և ունեն ավելի շատ լիզոսոմային ֆերմենտային և ֆագոցիտար ակտիվություն, մինչդեռ ցենտրիլոբուլյար Կուպֆերյան բջիջներն առաջացնում են ավելի շատ սուպերօքսիդ ռադիկալ։

Կուպֆերյան բջիջներն ունեն ամեոբանման բնույթ՝ մակերեսային առանձնահատկություններով, ներառյալ միկրոթավիկները, կեղծ ոտիկները և լամելիպոդիաները, որոնք ձգվում են բոլոր ուղղություններով։ Միկրոթավիկները և կեղծ ոտիկները դեր են խաղում մասնիկների էնդոցիտոզում:

Ցիտոպլազմային տարրերը ներառում են ռիբոսոմներ, Գոլջիի համալիր, ցենտրիոլներ, միկրոխողովակներ և միկրոթելիկներ։ Կուպֆերյան բջիջները պարունակում են նաև էնդոպլազմային ցանց, կորիզային թաղանթ և օղակաձև թիթեղներ, որոնք բոլորն էլ ցուցաբերում են պերօքսիդազային ակտիվություն։

Կարևոր է նշել, որ Կուպֆերյան բջիջներն արտահայտում են SR-AI/II մաքրող ընկալիչը։ Այս ընկալիչը մասնակցում է լիպոպոլիսախարիդի (ԼՊՍ) և լիպոտեյխոյաթթվի լիպիդ A դոմենի ճանաչմանն ու կապմանը։ (Լիպոպոլիսախարիդը (ԼՊՍ) բակտերիալ էնդոտոքսին է, որը գտնվում է գրամ-բացասական բակտերիաների բջջապատում, մինչդեռ լիպոտեյխոյաթթուն առկա է գրամ-դրական բակտերիաներում)։ Հայտնաբերման այս համակարգի շնորհիվ Կուպֆերյան բջիջները կարևոր դեր են խաղում լյարդի բակտերիալ վարակի դեպքում իմուն պատասխանի նախաձեռնման և միջնորդման մեջ[4]։

Կուպֆերյան բջիջների սկզբնական պոպուլյացիայի զարգացումը սկսվում է սաղմնային դեղնուցապարկում, որտեղ նախորդող բջիջները տարբերակվում են սաղմնային մակրոֆագերի։ Արյան հոսքի մեջ մտնելուց հետո նրանք տեղափոխվում են (միգրացիա են կատարում) դեպի սաղմնային լյարդ, որտեղ և մնում են։ Այնտեղ նրանք ավարտում են իրենց տարբերակումը՝ վերածվելով Կուպֆերյան բջիջների։ Նորմալ պայմաններում, Կուպֆերյան բջիջների այս պոպուլյացիաները երկարակյաց են և ինքնավերականգնվող[5]։

Այնուամենայնիվ, եթե ռեզիդենտ Կուպֆերյան բջիջների պոպուլյացիաները սպառվում են, ոսկրածուծի հեմատոպոետիկ ցողունային բջիջներից առաջացած և արյան շրջանառության միջոցով լյարդ տեղափոխված մոնոցիտները նույնպես կարող են լիովին տարբերակվել՝ վերածվելով իսկական Կուպֆերյան բջիջների։ Ի տարբերություն այլ հյուսվածքային մակրոֆագերի, որոնք պետք է շարունակաբար թարմացվեն շրջանառող մոնոցիտներով, մոնոցիտներից առաջացած այս Կուպֆերյան բջիջները ընդունակ են ինքնավերականգնման[6]։

Հասուն Կուպֆերյան բջիջների զարգացումը կարգավորվում է բազմաթիվ աճի գործոններով, որտեղ մակրոֆագերի գաղութ-խթանող գործոնը (CSF1) խաղում է առանցքային դեր։ 2-րդ տիպի բորբոքման մեջ ներգրավված ցիտոկինները, ինչպիսին է IL-4-ը, նույնպես կարող են խթանել Կուպֆերյան բջիջների տարբերակումը (պրոլիֆերացիան)[7]։ Կենդանիների վրա կատարված ուսումնասիրություններում ցույց է տրվել Կուպֆերյան բջիջների պոպուլյացիաների լրիվ վերականգնման 14-21 օրվա ժամանակահատված։ Չնայած մոնոցիտների բարձր ներհոսքին և հասունացման տեմպերին, լյարդի Կուպֆերյան բջիջների պոպուլյացիաները խիստ պահպանվում են[3]։ Ակնհայտ է, որ առկա է բարձր շրջանառության տեմպ, ընդ որում Կուպֆերյան բջջի միջին կյանքի տևողությունը գնահատվում է 3.8 օր։ Այնուամենայնիվ, Կուպֆերյան բջիջների վերջնական ճակատագիրը in vivo դեռևս լիովին պարզաբանված չէ[4]։

Կուպֆերյան բջջի հիմնական ֆունկցիան է հեռացնել օրգանիզմ մուտք գործած օտարածին մասնիկները լյարդով անցնելիս, որոնք այստեղ են հասել պորտային համակարգով։ Կուպֆերյան բջիջները կարող են կլանել մեծ մասնիկները ֆագոցիտոզի միջոցով, իսկ ավելի փոքր մասնիկները՝ պինոցիտոզի միջոցով[3]։ Կուպֆերյան բջիջները կարևոր դեր են խաղում իմուն համակարգի բնածին պատասխաններում։ Նրանք կարևոր են օրգանիզմի պաշտպանության համար և դեր են խաղում տարբեր միացությունների նյութափոխանակության մեջ, ներառյալ լիպիդները, սպիտակուցային կոմպլեքսները և փոքր մասնիկները[4]։ Նրանք նաև օգտակար են շրջանառությունից ապոպտոտիկ բջիջները հեռացնելու համար[2]։

Լյարդում Կուպֆերյան բջիջների քանակը պահպանվում է հաստատուն։ Կուպֆերյան բջիջներն ունեն պրոլիֆերատիվ կարողություն, ինչը թույլ է տալիս բջջային պոպուլյացիաներին ինքնավերականգնվել. սա լիովին հակադրվում է մոնոցիտներից առաջացած մակրոֆագներին, որոնք չունեն պրոլիֆերատիվ պոտենցիալ։ Հին կամ թերի բջիջները հեռացվում են ապոպտոզի միջոցով, ինչպես նաև հարևան Կուպֆերյան բջիջների կողմից ֆագոցիտոզի ենթարկվելով։

Կուպֆերյան բջիջները հետերոգեն են իրենց ֆունկցիայով՝ կախված լյարդային բլթակներում իրենց տեղակայումից։ Հարպորտային (պերիպորտալ) գոտում գտնվող բջիջներն անմիջականորեն ենթարկվում են արյան հոսքի ազդեցությանը և ցուցաբերում են ավելի մեծ լիզոսոմային ակտիվություն՝ ավելի արդյունավետ մշակելու մուտք գործած օտար նյութերը։ Ի տարբերություն դրա, ցենտրիլոբուլյար գոտում գտնվող բջիջներն ունեն ավելի քիչ պերֆուզիա և հագեցած են սուպերօքսիդի ավելի մեծ պաշարներով՝ խորը թափանցող վնասվածքների և վարակների դեմ պայքարելու համար։

Վարակի կամ գրգռման պատասխանին Կուպֆերյան բջիջները կարող են արտադրել բորբոքային ցիտոկիններ, TNF-ալֆա, թթվածնի ռադիկալներ և պրոտեազներ։ Այս միջնորդանյութերի չափազանց արտադրությունը կապված է լյարդի վնասման զարգացման հետ[4]։

Բացի բակտերիաների ֆագոցիտոզից, Կուպֆերյան բջիջները պատասխանատու են նաև հեմոգլոբինի վերաշրջանառության համար՝ ֆագոցիտար գործողության միջոցով ոչնչացնելով ծերացած էրիթրոցիտները։ Գլոբինային շղթաները վերաօգտագործվում են, մինչդեռ երկաթ պարունակող մասը՝ հեմը, հետագայում տրոհվում է երկաթի, որը վերաօգտագործվում է բիլիռուբինի արտադրության համար, որը կոնյուգացվում է գլյուկուրոնաթթվի հետ հեպատոցիտներում և արտազատվում է լեղու մեջ։

Հելմին և գործընկերները բացահայտել են Կուպֆերյան բջիջներում առկա իմունոգլոբուլինային ընկալիչը՝ CRIg։ Առանց CRIg-ի մկները չէին կարողանում մաքրել կոմպլեմենտ համակարգով պատված պաթոգենները։ CRIg-ը պահպանված է մկների և մարդկանց մոտ և բնածին իմուն համակարգի կարևոր բաղադրիչ է[8]։

Կլինիկական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուպֆերյան բջիջները չափազանց ճկուն բջիջներ են, որոնք ունեն հատուկ ակտիվացած վիճակների տարբերակման ունակություն և կարող են տարբեր ֆունկցիաներ իրականացնել տարբեր միկրոմիջավայրերում։ M1 (դասական ակտիվացում) և M2 (այլընտրանքային ակտիվացում) նշանակում են մակրոֆագերի բևեռացման երկու ծայրահեղ վիճակները։ M1-բևեռացված Կուպֆերյան բջիջներն արտադրում են մեծ քանակությամբ նախաբորբոքային ցիտոկիններ, ինչպիսին է TNF-ալֆան։ Մյուս կողմից, M2-բևեռացված Կուպֆերյան բջիջներն արտադրում են մեծ քանակությամբ հակաբորբոքային միջնորդանյութեր, օրինակ՝ IL-10[4][9]։[10]

Այս բջիջներն առաջին անգամ հայտնաբերվել են Կարլ Վիլհելմ ֆոն Կուպֆերյան կողմից 1876 թվականին։ Գիտնականը դրանք անվանել է "Sternzellen" (աստղաձև բջիջներ կամ լյարդային աստղաձև բջիջներ), սակայն սխալմամբ կարծել է, որ դրանք լյարդի արյունատար անոթների էնդոթելի անբաժանելի մասն են և առաջանում են դրանից։ 1898 թվականին, մի քանի տարվա հետազոտություններից հետո, Թադեուշ Բրովիչը ճիշտ կերպով նույնականացրել է դրանք որպես մակրոֆագեր[11][12][13][14]։

Ծաանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. 2,0 2,1 Nguyen-Lefebvre, Anh Thu; Horuzsko, Anatolij (2015). «Kupffer Cell Metabolism and Function». Journal of Enzymology and Metabolism. 1 (1). PMC 4771376. PMID 26937490.
  3. 3,0 3,1 3,2 Dixon, Laura J.; Barnes, Mark; Tang, Hui; Pritchard, Michele T.; Nagy, Laura E. (April 2013). «Kupffer Cells in the Liver». Comprehensive Physiology. 3 (2): 785–797. doi:10.1002/cphy.c120026. ISSN 2040-4603. PMC 4748178. PMID 23720329.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Basit, Hajira; Tan, Michael L.; Webster, Daniel R. (2020), «Histology, Kupffer Cell», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 29630278, Վերցված է 2020-08-25-ին
  5. Naito M, Hasegawa G, Takahashi K (November 1997). «Development, differentiation, and maturation of Kupffer cells». Microscopy Research and Technique. 39 (4): 350–64. doi:10.1002/(SICI)1097-0029(19971115)39:4<350::AID-JEMT5>3.0.CO;2-L. PMID 9407545. S2CID 21193303.
  6. Scott C, Zheng F, De Baetselier P, և այլք: (27 January 2016). «Bone marrow-derived monocytes give rise to self-renewing and fully differentiated Kupffer cells». Nature Communications. 7, 10321 (2016): 10321. Bibcode:2016NatCo...710321S. doi:10.1038/ncomms10321. PMC 4737801. PMID 26813785.
  7. Chen, Jiajia; Deng, Xiaoyi; Liu, Yongjian; Tan, Qiuhua; Huang, Guidong; Che, Qishi; Guo, Jiao; Su, Zhengquan (2020). «Kupffer Cells in Non-alcoholic Fatty Liver Disease: Friend or Foe?». International Journal of Biological Sciences (անգլերեն). 16 (13): 2367–2378. doi:10.7150/ijbs.47143. PMC 7378652. PMID 32760204. Վերցված է 2020-08-31-ին.
  8. Helmy KY, Katschke KJ, Gorgani NN, Kljavin NM, Elliott JM, Diehl L, և այլք: (March 2006). «CRIg: a macrophage complement receptor required for phagocytosis of circulating pathogens». Cell. 124 (5): 915–27. doi:10.1016/j.cell.2005.12.039. PMID 16530040. S2CID 15525209.
  9. Zeng, Tao; Zhang, Cui-Li; Xiao, Mo; Yang, Rui; Xie, Ke-Qin (2016). «Critical Roles of Kupffer Cells in the Pathogenesis of Alcoholic Liver Disease: From Basic Science to Clinical Trials». Frontiers in Immunology (անգլերեն). 7: 538. doi:10.3389/fimmu.2016.00538. ISSN 1664-3224. PMC 5126119. PMID 27965666.
  10. Wheeler MD (2003). «Endotoxin and Kupffer cell activation in alcoholic liver disease». Alcohol Research & Health. 27 (4): 300–6. PMC 6668869. PMID 15540801.
  11. Szymańska R, Schmidt-Pospuła M (1979). «[Studies of liver's reticuloendothelial cells by Tadeusz Browicz and Karl Kupffer. A historical outline]». Archiwum Historii Medycyny. 42 (3): 331–6. PMID 386989.
  12. Stachura J, Gałązka K (December 2003). «History and current status of Polish gastroenterological pathology». Journal of Physiology and Pharmacology. 54 Suppl 3: 183–92. PMID 15075472.
  13. Śródka A, Gryglewski RW, Szczepański W (2006). «Browicz or Kupffer cells?». Polish Journal of Pathology. 57 (4): 183–5. PMID 17285760.
  14. Wake K (2009). «[Browicz's phagocytic cells and Kupffer's 'so-called stellate cells']». Kaibogaku Zasshi. 84 (1): 17–21. PMID 19413196.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուպֆերյան բջիջներ» հոդվածին։