Jump to content

Կուննինգհամիա նշտարաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուննինգհամիա նշտարաձև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք Գետնանոճազգրիներ
Ցեղ Կուննինգհամիա
Տեսակ Կուննինգհամիա նշտարաձև
Լատիներեն անվանում
C. lanceolata Lamb.


Կուննինգհամիա նշտարաձև (լատին․՝ C. lanceolata Lamb.), գետնանոճազգրիների ընտանիքի, կուննինգհամիա ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար ծառ է՝ մինչև 30 մ բարձրությամբ, Նեղ-բրգաձև սաղարթով։ Բունը սլացիկ է, ուղիղ։ Կեղևը մոխրագույն է, հարթ, անջատվում է երկար շերտերով։ Ճյուղերը օղակաձև են դասավորված։ Ընձյուղները համարյա հակադիր են, սկզբում՝ կանաչ։

Բողբոջները կլորավուն են, կաշվեկերպ, սուր թեփուկներով, վերևից՝ կանաչավուն են, փայլուն, ներքևից՝ 2 լայն կապտասպիտակ հերձանցքաշերտերով. սրածայր, նեղ-նշտարաձև, 3 - 6 սմ երկարությամբ և 3 - 4 մմ լայնությամբ։ Արական հասկիկները դեղին են, 1,9 - 1,5 սմ երկարությամբ։ Կոները 3 - 4 սմ երկարություն և լայնություն ունեն, բաց գորշավուն են։ Դրանց թեփուկները ունեն 1,5 - 2,0 սմ երկարություն և այդքան էլ լայնություն։ Սերմերը 6 - 7 մմ երկարություն և 5 - 6 մմ լայնություն ունեն, դեղնականաչավուն են, բարակ թևերով։ Լավ է զարգանում խոնավ, կավային հողերում։ Վատ է աճում չոր, կրով հարուստ հողերում։

Լավ է աճում սննդանյութերով հարուստ ոռոգելի հողերում։

Ունի դեկորատիվ չափազանց բարձր հատկանիշներ, ձմեռը ասեղնատերևները կարմրում են, ամառը ընդունում կանաչ գույն։ Պիտանի է որպես սոլիտեր և խմբերով տնկելու համար։

Բազմանում է սերմերով, որոնք պետք է ցանել հավաքելուց անմիջապես հետո, քանի որ ծլունակությունը արագ կորցնում է։ Կարելի է բազմացնել նաև աշնանային կտրոններով։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավային և Կենտրոնական Չինաստանում' Գուանդունից և Ցյանսուից դեպի հյուսիս մինչև Խուանխե գետը։ Անտառներ է առաջացնում 1000 — 3600 մ բարձրության վրա, բարեխառն տաք ու խոնավ պայմաններում։

Եվրոպա է բերված 1804 թվականին։ Մշակվում է որպես չափազանց դեկորատիվ ծառատեսակ։ ԽՍՀՄ է բերված 1834 թվականին (Նիկիտյան բուսաբանական այգի)[1]։

Առաջին անգամ Հայաստան է ներմուծվել 1965 թվականին (Իջևան), Սոչիի դենդրարիից, երեք տարեկան տնկիներով։ Իջևանում կլիմայավարժվել է, դիմանալով տեղական ցրտերին և օդի հարաբերական խոնավության պակասությանը։ Պահպանում է իր կենսական ձևը, տալով տարեկան 25 - 30 (60) սմ ընթացիկ աճ։ Հիվանդություններով և վնասատուներով չի վարակվում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 73։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուննինգհամիա նշտարաձև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուննինգհամիա նշտարաձև» հոդվածին։