Jump to content

Կունիշիգե Կամամոտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կունիշիգե Կամամոտո
ճապ.՝ 釜本 邦茂
Քաղաքացիությունը  Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 15, 1944(1944-04-15)[1]
Ծննդավայր Ukyō-ku, Կիոտո, Ճապոնիա
Մահվան ամսաթիվ օգոստոսի 10, 2025(2025-08-10)[2] (81 տարեկան)
Մահվան վայր Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 73 կգ
Դիրք հարձակվող

Կունիշիգե Կամամոտո (釜本 邦茂, ապրիլի 15, 1944(1944-04-15)[1], Ukyō-ku, Կիոտո, Ճապոնիա - օգոստոսի 10, 2025(2025-08-10)[2], Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ, հարձակվող, Ճապոնիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու[4], 1968 թվականի Մեխիկոյի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Մարզիչ և քաղաքական գործիչ, եղել է Ճապոնիայի խորհրդարանի Վերին պալատի անդամ (1995֊2001)։

Կամամոտոն մեծացել է Կիոտոյում, սովորել է Յամասիրո միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Վասեդայի համալսարան։ Այնտեղ նա չորս տարի շարունակ եղել է Կանտոտարածաշրջանի համալսարանական լիգայի լավագույն ռմբարկուն։ Նա 1963 և 1966 թվականներին՝ դեռևս ուսանելու ընթացքում, դարձել է Կայսրի գավաթի (Emperor’s Cup) հաղթող։ 1966 թվականը վերջին տարին է եղել, երբ Ճապոնիայի գավաթը նվաճել է համալսարանական թիմ։ Կամամոտոն մասնագիտացել է առևտրագիտություն ուղղությամբ և ավարտելուց հետո ստացել է բակալավրի աստիճան արվեստների ոլորտում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Յանմար Դիզել» ակումբում, որին միացել է անմիջապես համալսարանն ավարտելուց հետո՝ 1967 թվականին։ Սկսած առաջին մրցաշրջանից՝ նա բաց չի թողել ակումբի լիգայի որևէ հանդիպում, ինչը համարվում է Ճապոնիայի առաջնության ռեկորդ։ 1968 թվականին դարձել է լավագույն ռմբարկու։ Այդ տարի ակումբը նվաճել է իր առաջին տիտղոսը՝ շնորհիվ Կամամոտոյի հաղթական գոլի Կայսրի գավաթի եզրափակչում։ Երկու տարի անց ակումբը կրկին հաղթել է Կայսրի գավաթը։ 1971 թվականին «Յանմար Դիզելը» առաջին անգամ դարձել է երկրի չեմպիոն, իսկ Կամամոտոն երկրորդ անգամ է ճանաչվել լավագույն ռմբարկու։ 1974 և 1975 թվականներին ակումբը կրկին դարձել է երկրի չեմպիոն, իսկ 1974 թվականին նաև նվաճել է Կայսրի գավաթը։ 1978 թվականին Կամամոտոն դարձել է խաղացող-մարզիչ։ Նրա ղեկավարությամբ ակումբը 1980 թվականին հաղթել է առաջնությունում։ 1982 թվականին Կամամոտոն երկու անգամ ստացել է Աքիլեսյան ջլի պատռվածք։ 1984 թվականին, 40 տարեկանում, նա ավարտել է խաղացողի կարիերան։ Կամամոտոն յոթ անգամ ճանաչվել է լավագույն ռմբարկու, 11 անգամ ընդգրկվել է առաջնության խորհրդանշական հավաքականում և յոթ անգամ ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ Ճապոնիայում։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի մարտի 3-ին, ուսանող Կամամոտոն իր նորամուտն է նշել և գոլ խփել Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ Սինգապուրի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[5]։ Նույն թվականի հոկտեմբերին նա հրավիրվել է ազգային թիմ՝ Տոկիոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Կամամոտոն մասնակցել է բոլոր հանդիպումներին և մեկ գոլ խփել Հարավսլավիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասին։

Մեխիկոյի ամառային Օլիմպիական խաղերում Ճապոնիայի հավաքականի կազմում նվաճել է բրոնզե մեդալներ։ Նա կրկին մասնակցել է բոլոր հանդիպումներին և խփել 7 գոլ՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկուն[6]։

1970-ականներին, երբ օլիմպիական խաղերի շատ մասնակիցներ լքել են հավաքականը, Կամամոտոն շարունակ հրավերներ է ստացել հավաքականից։ Նա մասնակցել է 1966, 1970 և 1974 թվականներ Ասիական խաղերին։ 1977 թվականին ավարտել է ելույթները ազգային թիմում։ Ընդհանուր առմամբ նա հավաքականում անցկացրել է 76 խաղ և խփել 75 գոլ։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Կամամոտոն դարձել է «Յանմար Դիզելի» խաղացող-մարզիչ։ Նրա ղեկավարությամբ ակումբը 1980 թվականին դարձել է երկրի չեմպիոն։ Ակումբը 1983 և 1984 թվականներին նվաճել է Լիգայի գավաթը։ Դրանից հետո Կամամոտոն հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից և ավարտել իր խաղացողի կարիերան։ 1991 թվականին նա պայմանագիր կնքել «Յանմար Դիզելի» մրցակից «Մացուսիտա Էլեքտրիկի» հետ, սակայն 1994-ին հեռացել է։

2005 թվականին Կամամոտոն ընդգրկվել է Ճապոնական ֆուտբոլի փառքի սրահում։

Ֆուտբոլից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հուլիսին Կամամոտոն ընտրվել է Ճապոնիայի խորհրդարանի Վերին պալատի անդամ և այդ պաշտոնում մնացել մինչև 2001 թվականի հուլիսը, եղել է Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի փոխնախագահ՝ 1998 թվականի հուլիսից մինչև 2008 թվականի հուլիս։

Կամամոտոն մահացել է 2025 թվականի օգոստոսի 10-ին՝ 81 տարեկանում, Օսակայի հիվանդանոցում՝ թոքաբորբից[7][8]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Յանմար Դիզել»
  • Ճապոնիայի ֆուտբոլային լիգայի Առաջին դիվիզիոնի չեմպիոն՝ 1971, 1974, 1975, 1980
  • Կայսրի գավաթի հաղթող՝ 1968, 1970, 1974

Ճապոնիայի հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ 1968
  • Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարի լավագույն ռմբարկու՝ 1968
  • Ճապոնիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1966, 1968, 1971, 1974, 1975, 1980, 1981
  • Ճապոնիայի ֆուտբոլային լիգայի Առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկու՝ 1968, 1970, 1971, 1974, 1975, 1976, 1978
  • Ճապոնիայի ֆուտբոլային լիգայի Առաջին դիվիզիոնի լավագույն գոլային փոխանցող՝ 1973, 1975
  • 100 գոլ Առաջին դիվիզիոնում՝ 1974
  • 200 գոլ Առաջին դիվիզիոնում՝ 1981
  • «Մարտական հոգի» մրցանակ՝ 1968 (Առաջին դիվիզիոն)
  • «Star Ball Award» մրցանակ՝ 1967, 1968, 1970, 1971, 1972

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Japan's Soccer Legend Kunishige Kamamoto Dies at 81 — Yomiuri Shimbun.
  3. ↑ 春の叙勲に津川雅彦、釜本邦茂氏ら/デイリースポーツ online (яп.) — 2014.
  4. ↑ «Top 10 Japanese Athletes». Canadian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. ↑ «Japan National Football Team Database». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  6. ↑ «Flashback: Kunishige Kamamoto recalls Japan's 1968 Olympic bronze medal | AFC». cms.the-afc.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  7. ↑ «Football: Japan national team's record scorer Kamamoto dies at 81». Kyodo News (անգլերեն). 2025 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 11-ին.
  8. ↑ Shimbun, The Yomiuri (2025 թ․ օգոստոսի 10). «Japan's Soccer Legend Kunishige Kamamoto Dies at 81». Yomiuri Shimbun (անգլերեն). Վերցված է 2025 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կունիշիգե Կամամոտո» հոդվածին։