Jump to content

Կումուլյատիվ քվեարկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կումուլյատիվ քվեարկություն (Կուտակային քվեարկություն, երբեմն կոչվում է նաև «մեկ բաժանելի ձայն»), ընտրական համակարգ, որտեղ ընտրողն ունի մի քանի ձայն, սակայն կարող է իր ձայները կուտակել մեկ թեկնածուի համար կամ բաժանել մի քանի թեկնածուների միջև։ Ընտրվում են այն թեկնածուները, որոնք ստանում են քվեարկության ընթացքում տրված ձայների առավելագույն քանակը՝ մինչև ընտրվելիք ներկայացուցիչների թվի չափը։

Կումուլյատիվ քվեարկությունը կարող է պարզեցնել մարտավարական քվեարկությունը՝ թույլ տալով ընտրողների ավելի մեծ խմբերին ընտրել մի քանի ներկայացուցիչների՝ թեկնածուների միջև բաժանելով իրենց ձայները։ Սա վերացնում է պատահականացված կամ համակարգված ռազմավարությունների հետ կապված բարդությունները։

Կումուլյատիվ քվեարկությունը կարելի է դիտարկել որպես բլոկային քվեարկության տարբերակ։ Եվ կուտակային, և բլոկային քվեարկության դեպքում ընտրողը մի քանի ձայն է տալիս, սակայն կումուլյատիվ քվեարկության դեպքում կարող է բոլոր ձայները կենտրոնացնել մեկ թեկնածուի վրա։ Երբ ընտրողները այդպես են վարվում, արդյունքը նման է մեկ ոչ փոխանցվող ձայնի (Single non-transferable vote, SNTV) համակարգին։ Այս դեպքում փոքրամասնության թեկնածուի կողմնակիցները կարող են ունենալ բավարար ուժ՝ այդ փոքրամասնության ներկայացուցչին ընտրելու համար, ինչը հազվադեպ է տեղի ունենում մեծամասնության քվեարկության համակարգի, կամ բլոկային քվեարկության դեպքում։

Այսպիսով, կումուլյատիվ քվեարկությունը ընդհանուր առմամբ նման արդյունքներ է տալիս մեկ ոչ փոխանցվող ձայնի համակարգին (հատկապես եթե ընտրողները տեղեկացված և ռացիոնալ են, և ունեն նախընտրելի թեկնածու): Սակայն դա նվազեցնում է մարտավարական քվեարկության անհրաժեշտությունը նվազեցնելու գործում կումուլյատիվ քվեարկության արդյունավետությունը, քանի որ ընտրողին թույլ է տալիս բաժանված քվեարկություն կատարել։

Կումուլյատիվ քվեարկությունը կարելի է դիտարկել նաև որպես բալային քվեարկության ձև՝ գնահատականային քվեարկության մի տարբերակ, որտեղ յուրաքանչյուր ընտրողի ընդհանուր գնահատականները պետք է հավասար լինեն հաստատուն արժեքին (օրինակ՝ 100%): Եթե փոխարենը քառակուսիների գումարը պետք է հավասար լինի հաստատուն արժեքին, մեթոդը դառնում է քառակուսային քվեարկություն[1][2]։

Կումուլյատիվ քվեարկությունը կիսամասնաչափային է, ինչը թույլ է տալիս ավելի ներկայացուցչական կառավարություն, քան «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով ընտրությունները, որոնք հիմնված են բլոկային մեծամասնության կամ բլոկային միանգամյա վերաքվեարկության վրա։ Կուտակային քվեարկությունը լայնորեն կիրառվում է կորպորատիվ կառավարման մեջ․ այն պարտադիր պայման է համարվում ԱՄՆ-ի 7 նահանգներում[3]։

Այս մեթոդը կիրառելի է նաև մասնակցային բյուջետավորման համատեքստում[4]։

Կումուլյատիվ քվեարկությունը կիրառվել է Իլինոյսի Ներկայացուցչական պալատի ընտրությունների համար[5]՝ 1870 թվականից մինչև 1980 թվականին դրա չեղարկումը[6][7][8] և 19-րդ դարի վերջին Անգլիայում ու Շոտլանդիայում որոշ դպրոցական խորհուրդների ընտրությունների համար։ 2012 թվականի մարտի դրությամբ Միացյալ Նահանգներում ավելի քան հիսուն համայնք կիրառում է կումուլյատիվ քվեարկության համակարգը, ինչը պայմանավորված է 1965 թվականի Ազգային ընտրական իրավունքների մասին օրենքի հիմքով հարուցված գործով։ Դրանց թվում են Իլինոյսի Պեորիան (քաղաքային խորհրդի կեսի համար), Ալաբամայի Չիլթոն շրջանը (իր շրջանային խորհրդի և դպրոցական խորհրդի համար), և Տեխասի Ամարիլոն (իր դպրոցական խորհրդի և քոլեջի խորհրդի համար)[9]։ Դատարանները երբեմն պարտադրում են դրա կիրառումը որպես Միացյալ Նահանգներում Ընտրական իրավունքների մասին օրենքի հիմքով հարուցված դատական գործերում իրականցվող միջոց․ նման օրինակ է 2009 թվականին Նյու Յորքի Պորտ Չեսթերում տեղի ունեցածը[10][11], որի հետևանքով 2010 թվականին հոգաբարձուների խորհրդի համար անցկացվել են առաջին կումուլյատիվ քվեարկության ընտրությունները[12]։

1904 թվականից սկսած Կանադայի Տորոնտո քաղաքում քաղաքային խորհուրդների ընտրությունների համար նույնպես կիրառվել է կումուլյատիվ քվեարկություն։ 1903 թվականի սեպտեմբերին հրապարակված «Համամասնական ներկայացուցչության վերանայում» զեկույցն այսպես է նկարագրել այն․

Ընտրության գործիքներ
Վերահսկիչ խորհրդում կումուլյատիվ քվեարկության կիրառությունը նշանակում է, որ յուրաքանչյուր ընտրող կունենա չորս ձայն, սակայն պարտադիր չէ, որ նա իր ձայներից յուրաքանչյուրը տա տարբեր թեկնածուների։ Նա կարող է դա անել, եթե ցանկանա, սակայն ունի նաև իրավունք իր բոլոր չորս ձայները տալ մեկ թեկնածուի։

Սա «plumping»-ը դարձնում է չորս անգամ ավելի հզոր, քան բլոկային քվեարկության համակարգում, երբ մեկ նախընտրելի թեկնածուին քվեարկելու դեպքում անձը չորս քվեներից երեքը կորցնում է։ Այս դեպքում անձը օգտվում է իր ամբողջ ընտրական ուժից՝ անկախ նրանից՝ կկիրառի ձայները մեկ նախընտրելի թեկնածույի համար, թե ոչ։ Եվ «ձայների կրկնապատկում» անելը ճիշտ է․ իրականում համամասնական ներկայացուցչությունը պարզապես արդյունավետ ներկայացուցչություն է, որին լավագույն համակարգերում ավելացված է ձայների փոխանցման մեխանիզմը՝ որպեսզի չվատնվեն չափազանց շատ ձայներ մեկ թեկնածուի վրա… Բացի նրանից, որ ընտրողին թույլ է տրվում իր բոլոր չորս ձայները տալ մեկ թեկնածուին, կումուլյատիվ համակարգը նրան հնարավորություն է տալիս իր ձայներից երկուսը տալ մեկ թեկնածուին և երկուսը՝ մյուսին, կամ երեք ձայն տալ մեկ թեկնածուին և չորրորդը՝ մեկ ուրիշին։ Իրականում նա կարող է իր չորս ձայները բաշխել կամ կուտակել իր ցանկությամբ․․․ Եթե ընտրողների մեկ քառորդը իր բոլոր ձայները տա մեկ թեկնածուին, նրանք կարող են նրան ընտրել՝ անկախ նրանից, թե մյուս երեք քառորդը ում կընտրի [...] այսպիսով կումուլյատիվ քվեարկությունը, եթե այն կիրառվի զգուշությամբ, թույլ է տալիս փոքրամասնության ներկայացուցչություն։

Կումուլյատիվ քվեարկության ձևը խմբային միջնորդների կողմից կիրառվել է որպես միջոց՝ տարբերակներին համատեղ առաջնահերթություն տալու համար, օրինակ՝ աշխատաժողովի ընթացքում անցկացված մտափոթորկման նստաշրջանում առաջացած գաղափարների դեպքում։ Այս մոտեցումը կոչվում է «բազմակի քվեարկություն» և հավանաբար ծագել է նոմինալ խմբային տեխնիկայից և հանդիսանում է «Վեց սիգմա» բիզնես-մենեջմենթի ռազմավարության մեջ առաջարկվող բազմաթիվ գործիքներից մեկը[13]։

Քվեարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
In equal and even voting, points are equally divided between all supported candidates.
In equal and even voting, points are equally divided between all supported candidates.

Կումուլյատիվ քվեարկությունն օգտագործվում է այն ընտրություններում, երբ պետք է լրացվեն մեկից ավելի տեղեր։ Այն թույլ է տալիս ընտրողներին բազմակի քվեներ տալ՝ լրացվող տեղերի թվին հավասար քանակով, և յուրաքանչյուր ընտրողին հնարավորություն է տալիս նախընտրած թեկնածուի օգտին տալ ավելի քան մեկ քվե։ Երբ փոքրամասնության ընտրողները այս կերպ կենտրոնացնում են իրենց ձայները մեկ թեկնածուի վրա, դա մեծացնում է նրանց հնարավորությունները օրենսդիր մարմնում ներկայացչություն ապահովելու համար։ Սա տարբերվում է բլոկային քվեարկությունից, երբ ընտրողը չի կարող որևէ թեկնածուի համար քվեարկել ավելի քան մեկ անգամ, և ամենամեծ միակ բլոկը, նույնիսկ եթե այն կազմում է պակաս քան 50 տոկոս, կարող է վերահսկել շրջանի ընտրված բոլոր ներկայացուցիչներին։

Fractional vote ballot
Fractional vote ballot
Կետային ստիկերային քվեարկություն

Թույլատրելի բաժանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուտմուլյատիվ քվեարկության համակարգերը տարբերվում են ինչպես քվեարկողների ընտրությունները նշելու ձևով, այնպես էլ նրանց քվեները բաժանելու թույլատրելիության աստիճանով։

Հավասար և հավասարաչափ մեթոդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանական ամենապարզ քվեաթերթիկը կոչվում է «բավարարվածության հաստատման քվեարկություն» կամ «հավասար և հավասարաչափ մեթոդ»։ Այս քվեաթերթիկում ընտրողը, ինչպես հաստատման քվեարկության դեպքում, պարզապես նշում է բոլոր այն թեկնածուներին, որոնց հավակնում է, և նրա ձայնը ավտոմատ կերպով հավասարաչափ բաշխվում են այդ նախընտրելի թեկնածուների միջև։ Ընտրողները չեն կարող տարբեր մակարդակի աջակցություն սահմանել ավելի նախընտրելի թեկնածուի համար, ինչը նրանց պակաս ճկունություն է տալիս, սակայն պարզեցնում է քվեաթերթիկի լրացումը։

Թղթիկային քվեարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի տարածված և մի փոքր ավելի բարդ կուտակային քվեարկության համակարգը կոչվում է թղթիկային քվեարկություն[14] կամ բազմակի քվեարկություն[15]։ Այս մեթոդի համաձայն, ընտրողին հատկացվում է միավորների հստակ քանակ, որոնք նա կարող է բաշխել քվեաթերթիկում նշված մեկ կամ մի քանի թեկնածուների միջև։ Սովորաբար դա կատարվում է այնպես, որ ընտրողը յուրաքանչյուր միավորի համար դնի մեկ նշան։ Թղթային քվեարկության դեպքում մասնակիցները իրենց նախընտրելի թեկնածուների օգտին քվեարկում են սահմանափակ թվով ստիկերներ կամ մատիտով նշումներ կատարելով․ ամենատարածվածը կետային ստիկերներն են։ Այս ստիկերային քվեարկության մոտեցումը կումուլյատիվ քվեարկության ձև է։ Ստիկերային քվեարկությունը այժմ լայնորեն կիրառվում է ճկուն և նվազագույն ռեսուրսներով մեթոդաբանություններ որդեգրած թիմերի կողմից արագ համատեղ որոշումներ կայացնելու համար։ Օրինակ՝ այն ԱՄՆ Գլխավոր ծառայությունների վարչակազմի 18F թվային ծառայությունների գործակալության հաստատած մեթոդներից մեկն է և հանդիսանում է «Դիզայն Սփրինթի» մեթոդաբանության մի մասը։

Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր ընտրողին տրվող միավորների քանակը հավասար է հաղթող թեկնածուների (լրացվելիք տեղերի) թվին, որը սովորաբար մնացել է բլոկային մեծամասնության քվեարկությունից անցումից հետո։

Կոտորակային քվեարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրողը յուրաքանչյուր թեկնածուի անվան դիմաց գրում է ցանկալի միավորների քանակը։ Այնուհետև քվեաթերթիկում նշված միավորները բաժանվում են ընտրողի հատկացրած ընդհանուր միավորներին՝ համոզվելու համար, որ բաշխումը կազմում է 100%։ Քվեների նորմալացման անհրաժեշտությունը բարդացնում է ձեռքով հաշվարկումը, սակայն պարզեցնում է քվեարկության գործընթացը և ընտրողին տալիս առավելագույն ճկունություն։

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումուլյատիվ քվեարկության կողմնակիցները հաճախ պնդում են, որ քաղաքական և ռասայական փոքրամասնությունները արժանի են ավելի լավ ներկայացուցչության։ Քվեարկողները փոքրամասնությունից՝ կենտրոնացնելով իրենց ձայները իրենց ընտրած մի փոքրաթիվ թեկնածուների վրա, կարող են ձեռք բերել որոշակի ներկայացուցչություն, օրինակ, քաղաքի 20%-ը կազմող նույնակարծիք ընտրողների խումբը լավ դիրքում կլիներ ընտրելու հինգ տեղերից մեկը։ Կուտակային քվեարկության բոլոր ձևերը հասնում են այս նպատակին (չնայած եթե այդ փոքրամասնության երկու կամ ավելի թեկնածուներ առաջադրվեն նույն ընտրություններում, քվեների բաժանումը կարող է զրկել խմբին հնարավոր ներկայացուցչությունից):

Կորպորատիվ միջավայրում կումուլյատիվ քվեարկության ընդդիմախոսները պնդում են, որ տնօրենների խորհուրդը բաժանվում է, և դա վնասում է ընկերության երկարաժամկետ շահույթին: Տնօրենների խորհրդի աստիճանական կազմը կարող է նվազեցնել փոքրամասն դաշինքների ներկայացուցչություն ստանալու կարողությունը՝ նվազեցնելով ցանկացած պահի ընտրության ենթակա տեղերի թիվը[16]։

Նորացված Ռոբերտի կարգի կանոններում նշվում է, որ խմբերը կարող են ընդունել կումուլյատիվ քվեարկություն իրենց կանոնադրություններում, և որ «փոքրամասնություն կազմող խումբը, համակարգելով իր ջանքերը միայն մեկ թեկնածուի օգտին քվեարկելու հարցում, կարող է այնպես անել, որ այդ թեկնածուն ընտրվի որպես խորհրդի փոքրամասնության անդամ»[17]։

Նորֆոլքի կղզու օրենսդիր ժողովը ընտրվել է կումուլյատիվ քվեարկության մի ձևով, որի դեպքում ընտրողները չեն կարող իրենց բոլոր ձայերը տալ մեկ թեկնածուի։ Կումուլյատիվ քվեարկությունը լայնորեն կիրառվում է նաև կորպորատիվ կառավարման մեջ․ այն պարտադիր է ԱՄՆ-ի յոթ նահանգներում, ինչպես նաև օգտագործվել է Իլինոյսի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների համար (1870-ից մինչև 1980 թվականը)[5][6]։ Այն կիրառվել է Անգլիայում 1870-1902 թվականներին՝ «Առաջնային կրթության մասին» օրենքի համաձայն՝ դպրոցական խորհուրդներ ընտրելու համար։ 1980-ականների վերջերից ի վեր այն ընդունվել է Միացյալ Նահանգների օրեցօր ավելացող մի շարք իրավասություններում։ Ընդհանուր առմամբ, դա փորձ է բլոկային քվեարկության մեթոդների դեմ հարուցված դատական հայցերը լուծելու համար[18]։

Ռազմավարական քվեարկության դեպքում հնարավոր է հաշվարկել, թե քանի բաժնետոմս է անհրաժեշտ որոշ թվով թեկնածուներ ընտրելու համար և պարզել, թե քանի թեկնածու կարող է ընտրել այն անձը, որը տիրապետում է որոշակի թվով բաժնետոմսերի։

Բուգզիլայի որոշ տեղամասեր թույլ են տալիս կումուլյատիվ քվեարկության կիրառումը՝ որոշելու համար, թե ծրագրային որ սխալներն առավել հրատապ շտկման կարիք ունեն[19]

Տակտիկական քվեարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումուլյատիվ ընտրություններում ընտրողները կարող են կիրառել տարբեր ռազմավարություններ իրենց ձայների բաշխման համար։

Փլամփ քվեարկությունը տեղի է ունենում, երբ ընտրողը իր բոլոր միավորները հատկացնում է նույն թեկնածուին[20]։ «Փլամփեր քվեների» խնդիրը լայնորեն քննարկվել է 18-րդ դարի սկզբին, երբ 1710 թվականին պարոն Ռիչարդ Չայլդն ընտրվել է որպես Էսեքսի պատգամավոր։ Այս ժամանակ ձայների 90%-ը եղել է «փլամփեր»[21]։

Մեկ մանդատ ընտրելու համար անհրաժեշտ ձայների թիվը որոշող բանաձևը կոչվում է Դրուպի քվոտա և ունի արժեք՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Quadratic Voting as Efficient Corporate Governance | The University of Chicago Law Review». lawreview.uchicago.edu. Վերցված է 2024-07-01-ին.
  2. ↑ Lalley, Steven P.; Weyl, E. Glen (2018 թ․ մայիս). «Quadratic Voting: How Mechanism Design Can Radicalize Democracy». AEA Papers and Proceedings (անգլերեն). 108: 33–37. doi:10.1257/pandp.20181002. ISSN 2574-0768.
  3. ↑ «FairVote - State Regulations on Cumulative Voting for Corporate Boards». archive.fairvote.org. Վերցված է 2016-10-18-ին.
  4. ↑ Explanation of the Toronto Community Housing participatory budgeting process. Արխիվացված Դեկտեմբեր 11, 2009 Wayback Machine
  5. 1 2 Kenney, David (12–14 November 1976). «Cumulative Voting: The great debate over Illinois' unique system of electing legislators: No----ii760912». Northern Illinois University. Illinois Issues. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  6. 1 2 Carden, Dan (2009 թ․ մայիսի 19). «Daily Herald | Some say Quinn's '79 initiative created environment for corruption». Daily Herald. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  7. ↑ «FairVote - Illinois' Drive to Revive Cumulative Voting». FairVote. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  8. ↑ Cortes, Anna (2003 թ․ օգոստոսի 2). «Homeowners Associations: CUMULATIVE VOTING». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  9. ↑ Newman, Brad (2008 թ․ մայիսի 11). «Two new faces join AC regents | Amarillo.com | Amarillo Globe-News». Amarillo Globe-News. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  10. ↑ «FairVote.org | Port Chester will use Cumulative Voting». FairVote. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  11. ↑ «Landmark Port Chester Cumulative Voting Election to Be Set for June 2010 -- PORT CHESTER, N.Y., Dec. 17 /PRNewswire-USNewswire/». PR Newswire. 2009 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  12. ↑ «Page 2». Port chester votes. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  13. ↑ Munro, Roderick A.; Maio, Matthew J.; Nawaz, Mohamed B.; Ramu, Govindarajan; Zrymiak, Daniel J. (2008). The Certified Six Sigma Green Belt Handbook (անգլերեն). ASQ Quality Press. ISBN 978-0-87389-698-6.
  14. ↑ «Redirect». Արխիվացված է օրիգինալից 2012-02-21-ին. Վերցված է 2026-06-25-ին.
  15. ↑ Bens, Ingrid (2005). Facilitating with Ease!. Jossey-Bass. էջ 159. ISBN 978-0-7879-7729-0.
  16. ↑ Cooperatives and Condominiums: Cumulative Voting Revisited (PDF), New York Law Journal, 2005 թ․ մայիսի 4, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին
  17. ↑ Robert's Rules of Order Newly Revised (11th ed.), p. 443, lines 34-35 to p. 444, lines 1-7
  18. ↑ «FairVote - Cumulative Voting». FairVote. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  19. ↑ «3.13. Voting». Bugzilla. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  20. ↑ Oxford English Dictionary, 2nd ed., 1989 (20 vols.) vol.XI, p.1083
  21. ↑ Hayton, David (ed.), The House of Commons 1690-1715, vol.2, p.526. Biography of Richard Child.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]