Կուլտիվացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուլտիվացում (ուշ լատ` cultiva [կուլտիվա] - մշակում եմ), մշակված հողի փխրեցումը ( առանց շրջելու) մոլախոտերի ոչնչացման հետ միասին։ Կուլտիվացմման շնորհիվ բարելավվում է հողի օդային և ջրային ռեժիմը, ուժեղացվում դրա միկրոօրգանիզմների գործունեությունը, ապահովվում են առավել նպաստավոր պայմաններ մշակովի բույսերի սերմերի համաչափ ծլման, աճման և զարգացման համար։ Կուլտիվացումը հողի մակերևույթին ստեղծում է փուխր շերտ, որը արգելակում է մազանոթներով խոնավության վեր բարձրանալուն և ինտենսիվ գոլորշացմանը, հարթեցնում է վարած հողը։ Կուլտիվացումը մոլախոտերի դեմ պայքարելու արդյունավետ միջոց է։ Փխրեցումը կատարվում է կուլտիվատորներով։ Կուլտիվացումը լինում է համատարած, երբ մշակվում է դաշտի ողջ մակերեսը, և միջշարքային, երբ փխրեցվում են միայն միջշարքերը։ Համատարածը կիրառվում է աշնանավարը և ցելը մշակելիս։ Աշնանավարը մշակում են վաղ գարնանը, որպեսզի փխրեցվի ձմռան ընթացքում ամրացած հողի շերտը, ուժեղացվի աերացիան, արագացվի հողի տաքացումը ու ոչնչանան մոլախոտերի ծիլերը։ Գարնան նախացանքային կուլտիվացումը կատարվում է ակոս հանելուց մի քանի օր հետո, որպեսզի մոլախոտերի ծիլերը ոչնչացվեն և փուխր հողի տակ նպաստավոր պայմաններ ստեղծվեն սերմերի աճի համար։ Մոլախոտերի դեմ պայքարելու համար ուշ գարնանացան կուլտուրաների աշնանավարը փխրեցնում են 2-3 անգամ։ Կուլտիվացումը մեծ նշանակություն ունի հատկապես երաշտի ենթակա շրջաններում, որտեղ հողը շրջելիս խոնավության մեծ կորուստ է նկատվում։ Հողի մակերևույթը լավ հարթեցնելու և խոնավությունը պահպանելու նպատակով, փխրեցնելուն զուգընթաց, այն տափանում են։ Ցելի առաջին կուլտիվացում գարնանը կատարում են մեծ խորությամբ (10-12 սմ), հաջորդների խորությունն աստիճանաբար կրճատում են մինչև 6-8 սմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 6