Կորվին ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորվին ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունՀունեդոարա[1]
ՀասցեStr. Curtea Corvineștilor 1-3, municipiul Hunedoara[1]
Վարչական միավորՀունեդոարա[1]
Երկիր Ռումինիա[2][1]
Կառուցված1440
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Կայքcastelulcorvinilor.ro(ռում.)
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Hunedoara Վիքիպահեստում

Կորվին ամրոց (ռումիներեն՝ Castelul Corvinilor, հունգ.՝ Vajdahunyadi vár), Հունյադի ավատատիրական տան տոհմի բնակատեղի, Տրանսիլվանիայի հարավում՝ ժամանակակից ռումինական Հունեդոարա քաղաքում։ Մատվեյ Կորվինի հայրը՝ Յանոշ Հունյադին, այն կառուցել է 15-րդ դարում Զլաշտե գետակի մոտ վեր խոյացած ժայռի վրա։

Ամրաշինական կառույցի առաջին ձեռագիր հիշատակումը պատկանում է 14-րդ դարին։ Այն ժամանակ ամրոցն օվալաձև էր, միակ պաշտպանական աշտարակը գտնվում էր հյուսիսային թևում, իսկ հարավային կողմից այն փակում էր քարե պատը։ 1409 թվականին մարտական ծառայությունների համար Վայկ Հունյադին՝ Յանոշ Հունյադիի հայրը, ամրոցը և նրան հարակից հողը նվեր է ստանում Հունգարիայի թագավոր Սիգազմունդից։

Յանոշ Հունյադին իրականացրեց վերակառուցման երկու փուլ և ամրոցի ու նրա հարակից հողատարածքի ընդլայնում։ Առաջին փուլը 1441-1446 թվականներին էր, և այդ ժամանակ կառուցվեցին յոթ աշտարակներ՝ չորս կլոր և երեք եռանկյուն։ Երկրորդ փուլը 1446-1453 թվականներին էր. հենց այդ ժամանակ հիմնեցին մատուռը, կառուցեցին հիմնական դահլիճները և օժանդակ կառույցներով հարավային թևը։

Յանոշի մահից հետո ամրոցն անցավ նրա որդի Մատյաշին (Մատվեյ Կորվինին)։ Նրա հրամանով հյուսիսային թևում կառուցվեց սյունասրահ (հայտնի «Մատյաշի սյունասրահ» անունով), ավարտին հասցվեց մատուռը և շարունակվեցին ամրոցի զարդարման աշխատանքները։ Այդ ժամանակ ամրոցը դարձավ Արևելյան Եվրոպայի համար բացառիկ կառույց, որի տեսքում համատեղված էին ուշ գոթիկայի և վաղ Վերածննդի տարրեր։

Հունյադիները ամրոցին տիրեցին մինչև 1508 թվականը, ինչից հետո կառույցը փոխեց 22 տիրոջ։ 17-րդ դարում ամրոցի պատմությունը կապված է Գաբոր (Գաբրիել) Բեթլենի հետ, ում ղեկավարությամբ կատարվեցին այն ժամանակվա պահանջներին համապատասխան ներքին և արտաքին որոշ վերափոխություններ։ Հայտնվեց սպիտակ աշտարակը, տեղադրեցին հրետանային հարթակը և կառուցեցին Բեթլենի պալատը, որը դարձավ միջին և ուշ Վերածննդի ոճերի համատեղության օրինակ։ Կառուցվեց նաև աշտարակ նոր մուտքի համար։

18-րդ դարում ամրոցն դարձավ Հաբսբուրգների հարստության սեփականությունը, ովքեր այն դարձրեցին պղնձի արդյունահանումը և երկաթյա իրերի պահպանումը կոորդինացնող վարչական կենտրոն (1724-1854):

Մանր փոփոխությունների և աննշան վերակառուցումների շարքից հետո, 1854 թվականին ամրոցում փայտե ճարտարապետական մասերը ոչնչացնող հրդեհ է տեղի ունենում։ Վերականգնողական աշխատանքները շարունակվում են մինչև 1868-ից մինչև 1874 թվականները։ Դրանց արդյունքում տանիքն ամբողջությամբ փոխվում է կղմինդրյա տանիքով, իսկ Բեթլենի պալատի կողքին կառուցվում է նեոգոթիկայի ոճի ճակատ։

1956-1968 թվականներին անցկացվում է ևս մեկ վերականգնողական աշխատանքների շարք, իսկ 1974 թվականին ամրոցը որպես թանգարան բացվում է այցելուների համար։ Զբոսաշրջիկներին ամրոց են բերում հսկայական կամուրջով, նրանց ցուցադրում են ասպետական խնջույքների ընդարձակ դահլիճը և երկու աշտարակները, որոնցից մեկը կրում է վանական Յոհան Կապիստրանի անունը, իսկ երկրորդը՝ «Մի վախեցիր» ռոմանտիկ անունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորվին ամրոց» հոդվածին։