Կորպորատիվ համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորպորատիվ համալսարանն անձնակազմի ուսուցման մի ձեւ է, երբ ուսուցումն իրականացվում է տվյալ կազմակերպության « պատերի ներսում » եւ, հիմնականում, նրա իսկ ուժերով։

Կրթությունը կորպորատիվ համալսարաններում միանգամայն տարբերվում է և ակադեմիական կրթությունից, եւ արտաքին վերապատրաստման մատակարարների ծառայություններից նրանով, որ այն ունի չափազանց պրակտիկ, նպատակային ուղղվածություն։

Այստեղ անձնակազմը վերապատրաստվում է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ է անհրաժեշտ իրենց աշխատանքի մեջ եւ հիմնվելով կազմակերպության ռազմավարական նպատակների իրականացման վրա։ Նրանք ոչ թե մասնակցում են ընդհանուր տեսական երկարացված պարապմունքների կամ ընդհանրացված գործնական ուսուցման՝ առանց հաշվի առնելու այն փաստը՝ թե ինչքանով են այդ դասընթացները վերաբերում տվյալ կազմակերպության գործունեությանը կամ փաստացի իրավիճակին, որում այն գտնվում է։ Սա է կորպորատիվ համալսարանի վերապատրաստման դասընթացների հիմնական առավելությունը։

Սակայն դա չպետք է դիտել որպես ուսուցման միակ տարբերակ, դրան կարող են զուգակցել այլ դասընթացներ ևս։ Պարզապես կորպորատիվ ուսուցման միջոցով կազմակերպությունը չի կորցնում զարգացման տեմպերը ՝ տեղի ունեցող տեխնոլոգիական եւ տնտեսական փոփոխությունների ընդհանուր ֆոնի վրա։

Կրթությունը կորպորատիվ համալսարանում իրականացվում է տվյալ ընկերության կողմից՝ իր մտահղացումներով ու ծրագրերով, ինչը նշանակում է, որ այն պետք է համապատասխանի կազմակերպության առաքելությանը, հեռանկարներին ու ռազմավարական զարգացման նպատակներին։

Կորպորատիվ համալսարանի աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ զարգացման կարողությունների անհրաժեշտ կազմակերպում. կազմակերպական փոփոխությունների իրականացում, ընկերության մրցունակության ապահովում, լավագույն աշխատակիցների ընդունում և պահպանում, կորպորատիվ մշակույթի զարգացում եւ ընկերության արժեքների ներկայացում անձնակազմին, աշխատանքային բարենպաստ հոգեբանական մթնոլորտի ապահովում կազմակերպության շրջանակներում։

Այլ կերպ ասած՝ այն չի սահմանափակվում միայն կոնկրետ դասընթացի ուսուցմամբ, այլ՝ միտում ունի կազմակերպված վերապատրաստման միջոցով նրանց դարձնել գործոն, որը կնպաստի կազմակերպության համակողմանի զարգացմանն ու աճին, նրա ընդհանուր արդյունավետությանը։

Եթե կորպորատիվ համալսարանը չի կարողանում օգտակար լինել իր կազմակերպությանը նման հարցերում, ապա նրա գործունեությունն իմաստ չունի։

Նախանշված արդյունավետությանը հասնելու համար կորպորատիվ համալսարանների աշխատանքը պետք է հետևի որոշակի սկզբունքների, մասնավորապես՝

1. Կրթությունը ենթարկվում է բիզնեսի նպատակներին։

2. Առկա խնդիրների հայտնաբերում՝ դրա հիման վրա կառավարման համակարգի փոփոխություն

3. Ամբողջական ու շարունակական ուսուցում՝ չհամակարգված և ընդմիջվող ուսուցման պրոցեսների փոխարեն

4. Վերապատրաստման արդյունավետության և որակի պատասխանատվությունը դրվում է ոչ միայն ուսուցանող մասնագետների, այլեւ՝ հենց իրենց՝ սովորողների, նրանց մենեջերների և ղեկավարության վրա

5. Ուսուցման գնահատումը կատարվում է շարունակաբար՝ օգտագործելով բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները.

6. Դասապրոցեսի մատուցումը կազմակերպվում է այնպես, որ այն լինի նպատակային և համաժամանակյա՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը

7. Գործում է միասնական կրթական համակարգ, որը դրանով իսկ խթանում է աշխատակիցների համատեղ ու արդյունավետ աշխատանքը։

8. Բիզնեսի համար կրթության արժեքը գնահատվում է՝ հիմնվելով կոմպլեկտ մեթոդաբանության վրա, այն է՝ գնահատելով նրա արդյունավետությունը։

Կարեւոր է հասկանալ, որ կորպորատիվ համալսարանը միշտ չէ, որ նշանակում է համալսարան՝ իր ավանդական իմաստով, այսինքն, նա չի կարող կենտրոնանալ երկարաժամկետ դասախոսական կազմի վրա՝ որոշակի վայրում և որոշակի ժամանակ, եւ խստորեն պահպանել ժամանակացույց։

Չնայած նրան, որ դասական կորպորատիվ բուհերը գործել են հենց այդ եղանակով, վերջին շրջանում ավելի տարածված է դառնում էլեկտրոնային ուսուցումը՝ ինչպես համաժամանակյա, այնպես էլ՝ տարաժամանակյա կամ անկախ։

Կան նույնիսկ որոշ կորպորատիվ համալսարաններ, որոնք չունեն որեւէ « ֆիզիկական մարմնավորում », և աշխատում են միայն կրթական պորտալների տեսքով։