Jump to content

Կորպորատիվիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորպորատիվիզմ
քաղաքական գաղափարախոսություն, Սոցիալական շարժում Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաաշխարհայացք
 գաղափարախոսություն
  քաղաքական գաղափարախոսություն Խմբագրել Wikidata
Հակառակըanti-corporate activism Խմբագրել Wikidata

Կորպորատիվիզմ (լատիներեն՝ corpus՝ մարմին, երբեմն հանդիպում է կորպորատիզմ՝ բառապատճենում անգլ.՝ corporatism), գաղափարախոսություն, ըստ որի հասարակության հիմնական տարրերը որոշակի սոցիալական խմբեր են, այլ ոչ թե անձինք:

Ներկայումս կորպորատիվիզմի տեսությունը դարձել է քրիստոնեական ժողովրդավարության գաղափարախոսության մի մասը: Ի սկզբանե, կորպորատիվիզմը կենտրոնացած էր հիմնականում հասարակական կազմակերպությունների վրա, որոնք միավորում էին տնտեսության որոշակի հատվածի աշխատողների և մասնավոր ձեռնարկությունների սեփականատերերի ներկայացուցիչներին՝ այդ ոլորտում գործողությունները համակարգելու և հակամարտությունները լուծելու համար: «Կորպորացիա» հասկացությունն այստեղ օգտագործվում է ոչ թե «բաժնետիրական ընկերություն» իմաստով, այլ ավելի լայն իմաստով՝ որպես ֆիզիկական անձանց միավորում՝ ըստ մասնագիտական հիմքի:

Կորպորատիվիզմի ուսմունքի հեղինակները այն դիտում էին որպես «ոսկե միջին» հնացած սոցիալական շերտավորման և ուղիղ ներկայացուցչական ժողովրդավարության միջև, որը, ըստ նրանց, կարող էր հանգեցնել օխլոկրատիայի և քաոսի։

Կորպորատիվիզմի մեկնաբանություններից մեկը աջակցություն է ստացել Մուսոլինիի կառավարությունում և դարձել է ֆաշիզմի պաշտոնական ուսմունքի տարր[1], որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հանգեցրել է տերմինի վարկաբեկմանը: Հետպատերազմյան տարիներին քրիստոնյա-դեմոկրատները նախընտրում էին «կորպորատիվիզմի» փոխարեն օգտագործել ավելի ընդհանուր՝ «սոլիդարիզմ» տերմինը։

Ժամանակակից քաղաքագիտության և սոցիոլոգիայի մեջ կորպորատիվիզմը ուսումնասիրության առարկա է, որը նկարագրում է տարբեր շահերի խմբերի և պետության փոխազդեցությունը՝ զուգահեռ պլյուրալիզմի և սինդիկալիզմի հետ[2]։ Շուկայական տնտեսության մեջ մասնավոր բիզնեսի, արհմիութենական կազմակերպությունների և պետության միջև բանակցությունների գործընթացը նկարագրելու համար օգտագործվում է «նեոկորպորատիվիզմ» տերմինը:

Պետական կորպորատիվիզմը նշանակում է պետության կողմից մասնավոր և հասարակական կազմակերպությունների գործունեության կարգավորման պրակտիկա, որի նպատակն է հաստատել պետությունը որպես դրանց լեգիտիմության աղբյուր և ապահովել չինովնիկների մասնակցությունը դրանց կառավարմանը։

Մի շարք լեզուներում տարածվել է «կորպորատիվիզմ» բառի այլ իմաստ՝ որպես խոշոր ձեռնարկատիրությունների կողմից պետական իշխանության մարմինների ծայրահեղ լոբբինգ ժողովրդի հաշվին: Այս մեկնաբանությունը մոտ է «կորպորատոկրատիա» և «պլուտոկրատիա» հասկացություններին։

Կաթոլիկ սոցիալական ուսմունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին Հռոմի պապ Լեո XIII-ի կողմից կորպորատիվիզմը առաջարկվել է որպես անհատականության և դասակարգային պայքարի այլընտրանք: «Ռերում նովարում»-ի իր ուղերձում Լեո XIII-ը մատնանշել է հասարակության տարբեր հատվածների փոխադարձ կախվածությունը և կոչ է արել դասակարգային համագործակցության՝ կոնֆլիկտները հարթելու համար: Սոցիալական կազմակերպության այս տեսությունը նպաստել է բազմաթիվ կաթոլիկ արհմիությունների առաջացմանը, որոնք, ի տարբերություն սոցիալիստական արհմիությունների, համեմատաբար հազվադեպ էին գործադուլներ անում: Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարների հետագա կոնդակները կատարելագործել են տեսությունը, և «Quadragesimo Anno»-ում (1931) Պիոս XI պապը կոչ է արել հաստատել կորպորատիվիզմը այնպիսի ձևով, որը մասամբ հակադրվելու էր արհմիություններին:

Առաջին հերթին, կորպորատիվիզմը բխում է յուրաքանչյուր անհատի՝ որպես հասարակության անդամի ինքնադրսևորման անհրաժեշտությունից, որը հիմնականում վերաբերում է բնական և տարրական սոցիալական ինստիտուտներին, ինչպիսիք են ընտանիքը, եկեղեցական ծխական համայնքը, միկրոշրջանը, կամավորական կազմակերպությունը կամ մասնագիտական համայնքը: Բացի այդ, տարբեր դդասերի, խմբերի և մարդկանց կախվածությունը միմյանցից ենթադրում է նրանց գործողությունների համակարգման, այլոց շահերը հարգելու և զիջողություն ցուցաբերելու պատրաստակամության անհրաժեշտություն: Այստեղից քրիստոնյա-դեմոկրատները հանգում են հասարակական կազմակերպությունների կարևորությանը, որոնք կապում են նույն մասնագիտության կամ տնտեսության ոլորտի մարդկանց, և որոնք ներառում են ինչպես մասնավոր ձեռնարկությունների սեփականատերերի և ղեկավարների, այնպես էլ վարձու աշխատողների: Չնայած նման միասնությունը հաճախ հռչակվում է եղբայրության և սոլիդարիզմի կարգախոսներով, կորպորատիվիզմն իր էությամբ ազգայնականություն չէ: Գաղափարի նախատիպը են միջնադարյան գիլդիաների ավանդույթներն ու սինդիկալիզմը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կաթոլիկ սոցիալական ուսմունքի մեջ կատարվել են ճշգրտումներ[3]։ Կորպորատիվիզմի հայեցակարգը համապատասխանեցվել է անհատականությանը և սուբսիդիարիզմի սկզբունքին: Ըստ նոր մեկնաբանության՝ բոլոր սոցիալական ինստիտուտները, ներառյալ կորպորատիվ միավորումները և պետությունը, գոյություն ունեն մարդու համար։ Կորպորատիվ միությունների լիազորությունների շրջանակը որոշվում է առանց պետության օգնության իրենց վրա դրված խնդիրները լուծելու կարողությամբ և անհատների՝ այդ խնդիրները ինքնուրույն լուծելու անկարողությամբ։ Հատուկ շեշտվում է, որ կորպորացիաները չպետք է դառնան հասարակության նկատմամբ պետական վերահսկողության գործիքներ: Տեսության իրագործման համար Իտալիայում ստեղծվել է Տնտեսության և աշխատանքի ազգային խորհուրդ։

Բացի քրիստոնյա-դեմոկրատներից՝ կորպորատիվիզմի գաղափարը պաշտպանում են նաև արտասահմանյան շատ սպիտակ էմիգրանտական կազմակերպություններ։

Ֆաշիստական կորպորատիվիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորպորատիվիզմը աջակցություն է ստացել նախապատերազմյան Եվրոպայում, որին նպաստել են Երկարատև դեպրեսիան, դասական լիբերալիզմի հիասթափությունը և հակակոմունիզմը: Այնուամենայնիվ, նույն պատճառները հանգեցրել են ավտորիտարիզմի կողմնակիցների ազդեցության աճին և ֆաշիզմի վերելքին: Արդյունքում, մի շարք երկրներում կորպորատիվիզմը միաձուլվել է ծայրահեղ պետական ազգայնականության հետ և այդպիսով դարձել է ֆաշիստական ուսմունքի մի մասը: Նրա առանձնահատկությունը կորպորատիվիստական մշակույթի բռնի պարտադրումն էր։

Այսպիսով, բռնապետական կորպորատիվիզմը ֆաշիզմի քաղաքական պատասխանն էր սոցիալիստական շարժումներին՝ բոլշևիզմին և սոցիալ-դեմոկրատիային: Հետևելով սոցիալիստներին՝ կորպորատիվիզմի կողմնակիցները ևս գիտակցում էին պետության ձեռքում ռեսուրսների կենտրոնացման անհրաժեշտությունը՝ արագ տնտեսական արդիականացման նպատակով, սակայն, միևնույն ժամանակ նրանք քարոզում էին ազգի ներսում բոլոր դասերի միասնությունը և պետության համար կործանարար էին համարում սոցիալական լայն զիջումները և սոցիալական շերտերի «խառնուրդը»՝ հակադրելով դրան էլիտայի սկզբունքներն ու «յուրաքանչյուր ոք իր տեղում» գաղափարախոսությունը, այսինքն՝ իր մասնագիտական կաստայում։ Բոլշևիզմի կամ սոցիալ-դեմոկրատիայի կողմնակիցների գլխավորած երկրներում իրականացվող սոցիալական բարեփոխումներին կորպորատիվիզմի կողմնակիցները հակադրում էին «կորպորացիաների» իշխանությունը՝ ոչ ընտրովի մարմիններ, որոնք ներկայացնում էին արդյունաբերության և գյուղատնտեսության տարբեր ճյուղեր և պետք է փոխարինեին արհմիություններին։ Այս մարմինների ոչ ընտրովի բնույթը ընդգծվում էր որպես առավելություն՝ համեմատած ժողովրդավարության և դրա հետ կապված քաղաքական կուսակցությունների պայքարի հետ, քանի որ դա, իբրև թե, խոչընդոտում էր ազգի միասնությանը:

Բռնապետական կորպորատիվիզմը քիչ թե շատ հաջողությամբ է իրագործվել միայն այն պետություններում, որտեղ միապետությունը անհետացել էր կամ լուրջ ճգնաժամ է ապրել, այսինքն՝ միապետական իշխանությունն այլևս չէր կարող գործել, բայց ամբողջ պետական համակարգը հարմարեցված էր հենց ավտորիտար ռեժիմին, և քաղաքական վերնախավը ձգտում էր պահպանել այս ռեժիմը գոնե ձևականորեն, եթե ոչ էությամբ: Հետևաբար, գրեթե բոլոր «կորպորատիվ» պետություններում հաստատվել է «առաջնորդի» ռեժիմը (Էնգելբերտ Դոլֆուսը Ավստրիայում, Բենիտո Մուսոլինին Իտալիայում, Անտոնիո դի Սալազարը Պորտուգալիայում, Ֆրանցիսկո Ֆրանկոն Իսպանիայում, Կարլիս Ուլմանիսը Լատվիայում և այլն) կամ «ազգ միավորող թագավորի» ռեժիմը (Ալեքսանդր I Կարագեորգիևիչը Հարավսլավիայում, Կարոլ II-ը Ռումինիայում)։ Եվրոպայում բռնապետական կորպորատիվիզմի վերջին դրսևորումը «սև գնդապետների» ռեժիմն է Հունաստանում։ Կորպորատիվիզմի նման սկզբունքները հաճախ իրենց ուսմունքներում օգտագործում են լատինաամերիկյան խունտաներ կամ բռնապետ-պոպուլիստներ (մասնավորապես՝ Խորխե Ռաֆայել Վիդելայի արգենտինական խունտան և այլք 1970-ի վերջին և 1980-ի սկզբին):

Պետական կորպորատիվիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտորիտարիզմի և ժամանակակից անձնիշխանության ուսումնասիրությունների համատեքստում կորպորատիվիզմ տերմինը կիրառվում է՝ նկարագրելու այն գործընթացը, երբ պետությունը օգտագործում է պաշտոնապես թույլատրված հասարակական կազմակերպությունները՝ ժողովրդի մասնակցությունը քաղաքական գործընթացին սահմանափակելու և քաղաքացիական հասարակության ուժը ճնշելու համար։ Նման կազմակերպություններ են համարվում ձեռնարկատերերի ասոցիացիաները, արհմիությունները, կրոնական համայնքներըը, իրավապաշտպան կազմակերպություններ և այլն: Որպես կանոն, պետությունը սահմանում է խիստ պայմաններ այդ կազմակերպություններին արտոնագրեր տրամադրելու համար, ինչը նվազեցնում է դրանց քանակը, թույլ է տալիս պետությանը վերահսկել դրան գործունեությունը և խթանում է կազմակերպությունների վերահսկողությունը իր անդամների նկատմամբ:

«Կորպորատիվ պետություն» տերմինը երբեմն օգտագործվում է նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք Ռուսաստանի էվոլյուցիան նկարագրելու համար, և՛ դրական իմաստով[4] և՛ բացասական[5][6]։ Հիմնական շեշտը դրվում է իշխանության մարմիններում և բիզնեսում «ուժայինների» բարձր դերի վրա։ Նման դասակարգումը նույնպես քննադատության է արժանանումу[1]։

Կորպորատիվիզմ քաղաքագիտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքագիտության մեջ կորպորատիվիզմը մեկնաբանվում է որպես շահերի խմբերի համակարգային կազմակերպման տեսակներից մեկը: Ըստ Գաբրիել Ալմոնդի՝ կորպորատիվիզմը (կամ «շահերի խմբերի Ժողովրդավարական կորպորատիվ համակարգը») հակադրվում է «պլյուրալիստական» և «կառավարվող» համակարգերին։ Այս դեպքում կորպորատիվիզմը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով․

  • յուրաքանչյուր սոցիալական շահ սովորաբար ներկայացված է մեկ կենտրոնական ասոցիացիայով,
  • անդամակցությունը նման ասոցիացիայի հաճախ պարտադիր է և գրեթե համընդհանուր,
  • կենտրոնական ասոցիացիաներն ունեն կենտրոնացված կառուցվածք և ուղղորդում են իրենց անդամների գործողությունները,
  • բազմաթիվ դեպքերում շահերի խմբերը համակարգված մասնակցություն են ունենում պետական քաղաքական կուրսի մշակման և իրագործման գործընթացում։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորպորատիզվիմի լիբերալ քննադատները պնդում են, որ համակարգը խթանում է կարտելների ստեղծումը։ Մրցակցության նվազումը կարող է հանգեցնել իշխանության չափազանց կենտրոնացմանը ոչ ընտրովի մարմինների ձեռքում՝ վտանգելով անհատի ազատությունը և ընդհանրապես լիբերալ ժողովրդավարությունը: Գործնականորեն Երկրորդ համաշխարհային պատերազմում քրիստոնյա-դեմոկրատ պարտիզանները նպաստեցել են նացիզմի, ֆաշիզմի և աջակողմյան կորպորատիվիզմի տապալմանը, իսկ հետպատերազմյան Իտալիայում և Գերմանիայում, որտեղ քրիստոնյա-դեմոկրատները երկար ժամանակ պատկանում էին իշխանությանը, նրանք, չնայած մաֆիայի և կորպորացիաների հետ կապերին, չեն խանգարել ժողովրդավարության զարգացմանը:

«Կորպորացիան սահմանվում է որպես հավասար համայնք»,- շեշտում է գիտական կորպորատիվիզմի կողմնակից, պրոֆեսոր-պատմաբան Պավել Յուրիևիչ Ուվարովը: «Բառի միջնադարյան իմաստով գոյություն ունի կորպորացիա, որը գոյություն ունի միմյանց աջակցելու, միմյանց մասին հիշողությունը պահպանելու համար․ շատ կարևոր գործառույթ է...»: Միևնույն ժամանակ Ուվարովը նշել է. «Չի կարելի ընդհանրապես տարվել կորպորատիվիզմով։ Չէ որ այն հակառակ կողմն ունի։ Սա ինքնին սահմանափակում է, նոր դեմքերի մերժում է, երբեմն զգուշավոր, թշնամական վերաբերմունք որոշ նորամուծությունների, դրսից եկող մարդկանց նկատմամբ, ինչպես որ միջնադարյան կորպորացիաներում է»[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Александр Тарасов. «Почему Путин не Муссолини. В критике „корпоративного государства“ следует отличать жупел от реальности» Արխիվացված 2007-12-14 Wayback Machine.
  2. Колмакова Н. Н. Группы интересов Արխիվացված 2009-02-16 Wayback Machine (չաշխատող հղում պատմություն, կրկնօրինակ) . Тульский государственный педагогический университет им Л. Н. Толстого. Кафедра политологии и социологии
  3. Almond G. A. The Political Ideas of Christian Democracy // The Journal of Politics. 1948. Vol. 10, No. 4. P. 734.
  4. Черкесов В. Нельзя допустить, чтобы воины превратились в торговцев Արխիվացված 2011-02-11 Wayback Machine. Коммерсантъ № 184 (3760) 9 октября 2007 г.
  5. Корпоративному государству в либеральных советах отказано // Полит. Ру. 27 декабря 2005.
  6. FT: союзники Путина превращают Россию в корпоративное государство Արխիվացված 2007-12-18 Wayback Machine // NEWSru.com. 19 июня 2006.
  7. ИНТЕРВЬЮ С ПАВЛОМ ЮРЬЕВИЧЕМ УВАРОВЫМ от 14 апреля 2009 г. : Институт гуманитарных историко-теоретических исследований имени А. В. Полетаева (ИГИТИ) : Государственный…

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]