Կորչա (գարեջուր)
Կորչա | |
---|---|
Տեսակ | ապրանքային նշան, բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1928 |
Վայր | Կորչա, Ալբանիա |
Երկիր | Ալբանիա |
Արդյունաբերություն | գարեջրագործություն |
Աշխատողների թիվ | 125 մարդ |
Սեփականատեր | Irfan Hysenbelliu? |
Կայք | birrakorca.com.al |
Կորչա (Birra Korça), ալբանական գարեջրագործական ընկերություն, ինչպես նաև համանուն ապրանքանիշ և գարեջրի տեսակ։ Արտադրվում է Ալբանիայի Կորչա քաղաքում 1928 թվականից։ Ընկերությունը 2004 թվականից հանդիսանում է IHB group կազմակերպության դուստր ընկերությունը։ Ըստ ծավալների Ալբանիայում արտադրվող երրորդ գարեջրագործական ընկերությունն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարեջրատունը հիմնադրվել է Կորչա քաղաքում 1928 թվականին իտալական ներդրող Ումբերտո Ումբերտիի (Umberto Umberti) և ալբանական ներդրող Սելի Մբորիայի (Selim Mboria) կողմից։ Ստեղծված ընկերության նախնական կապիտալը կազմել է 950 000 ֆրանկ։ Արտադրական հզորությունը կազմել է տարեկան 20 000 հեկտոլիտր, արտադրվել է էլ (Ale), մուգ գարեջուր, «Kristal» շշալցված ջուր և սառույց։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և 1946 թվականի հունվարի 11-ին Ալբանիայում կոմունիստական ռեժիմի հաստատումից հետո գարեջրատունը դարձել է ալբանական պետության սեփականությունը։ Հաջորդող քսան տարիների ընթացքում այն մի քանի անգամ վերանորոգվել է (1955, 1957 և 1965), ամեն անգամ ավելացնելով արտադրության ծավալները։ 1994 թվականի ապրիլին երկրում քաղաքական իշխանափոխությունից, սոցիալական իրավիճակի փոփոխություններից և շուկայի ազատականացումից հետո, «Կորչա» գարեջրատունը աճուրդով վաճառվել է մի խումբ գործարարների։
2004 թվականին գարեջրատունը գնել է գործարար Իրֆան Հիսենբելուն (Irfan Hysenbelliu), որը «Բիրա Կորչա ՍՊԸ» («Birra Korça LLC») նախագահն է, IHB Group-ի գլխավոր տնօրենը։ Նա ներդրել է 15 միլիոն եվրո գործարանը վերակառուցելու և վերազինելու համար։ Գարեջրի գործարանը ենթարկվել է տեխնոլոգիական և ճարտարապետական փոփոխություննների, օգտագործելով նորագույն չեխ և իտալական տեխնոլոգիաները, արտադրելով 120 000 հեկտոլիտր գարեջուր, որը տասն անգամ գերազանցում է հին գարջրագործարանի ծավալներին։ Գարեջրի արտադրության համար օգտագործվում է Մորավա լեռան ջրի բնական աղբյուրները[1]
Կորչա քաղաքում օգոստոսին անցկացվում է ամենամյա գարեջրի ավանդական փառատոն, որը կազմակերպվում է տեղական նույն գարեջրագործական գործարանի կողմից և տարածաշրջանի ամենամեծ միջոցառումն է[2][3]
Ապրանքանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կորչա» ապրանքանիշի գարեջուրը ներառում է ճերմակ էլ` 4,8 – 5.0% ալկոհոլի պարունակությամբ և մուգ էլ` 5,0 – 5,2 % ալկոհոլի պարունակությամբ։ Վաճառվում է 0,33 լիտր և 0,5 լիտր շշալցմամբ, ինչպես նաև 30 լիտր և 50 լիտր տակառիկներով։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարեջուրն իր բարձր որակի համար արժանացել է մի շարք պարգևների։ Ընդ որում, առաջինը ստացել է գարեջրի արտադրության ձևավորման առաջին տարում` 1928 թվականին Սալոնիկում (Հունաստան)։ 2007 թվականին Լոնդոնում ընկերությունն արժանացել է Quality Crown Award որակի միջազգային մրցանակի։ 2009 թվականին Ֆրանկֆուրտում ձեռնարկությանը շնորհվել է International Arch of Europe Award մրցանակ անվանակարգում, որտեղ մրցում էին 178 երկրների գարեջրագործական ձեռնարկություններ։ «Կորչա» արտադրանքը լայն տարածում ունի Ալբանիայում և արտահանվում է արտասահման, այդ թվում ԱՄՆ (2011), որտեղ այն հայտնի է Մասաչուսեթս նահանգում[4]։ «Կորչա» կազմակերպությունն արժանացել է ISO 22000 հավաստագրի, որը սննդի արդյունաբերության միջազգային ստանդարտ է հանդիսանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Morava mountain, Albania(անգլերեն)
- ↑ Корча
- ↑ «Достопримечательности Албании». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
- ↑ Birra Korça në USA (ալբ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (ալբ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կորչա (գարեջուր) կատեգորիայում։ |