Կորյուն Մարության
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Կորյուն Մարության | |
---|---|
Ծնվել է | 1918 |
Մահացել է | 1988 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կորյուն Ավետիսի Մարության (1918 - 1988), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորյուն Մարությանը ծնվել է 1918 թվականին Կարսի մարզի Տիկոռ գյուղում։ Ավարտել է գյուղի տարրական դպրոցը և ուսումը շարունակելու համար տեղափոխվել Երևան։ 1938 թվականին Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, մասնակցել է լուսավորության նախարարության կազմակերպած ուսուցչական դասընթացներին, ապա ընդունվել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժինը և Սիսիանի շրջանում զբաղվել ուսուցչական աշխատանքով։ Որպես ուսմասվար Մարությանն աշխատել է Շաքիի ինտերնացիոնալ 7-ամյա և Դարբասի միջնակարգ դպրոցներում, դասավանդել մայրենի լեզու և գրականություն[1]։
1942 թվականին Մարությանը զորակոչվել է կարմիր բանակ, Կովկասյան 106-րդ պահեստային հրաձգային գնդում ավարտել է կրտսեր հրամանատարական դասընթացները և որպես գնդացրորդ, ավագ սերժանտի կոչումով մեկնել է ռազմաճակատ։ Մասնակցել է Ղրիմի և Կովկասի պաշտպանական մարտերին, 147-րդ հրաձգային դիվիզիայում՝ որպես գնդացրային վաշտի ավագ, մասնակցել է Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրման մարտերին։ Վիսլայի գետանցման ժամանակ վիրավորվել է և փոխադրվել հոսպիտալ, բուժվելուց հետո վերադարձել է Կանտեմիրյան տանկային կորպուսի շարք, մասնակցել է Լեհաստանի և Չեխոսլովակիայի ազատագրմանը։ 1945 թվականի հունվարին երկրորդ անգամ է վիրավորվել, ապաքինվելուց հետո նորից վերադարձել է ռազմաճակատ։ Հաղթանակը դիմավորել է Դրեզդենում[1]։
Մարությանը պարգևատրվել է «Խիզախության համար», «Կրակովի ազատագրման համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և այլ մեդալներով, ինչպես նաև Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերով[1]։
1945 թվականի նոյեմբերին Մարությանը զորացրվել է և շարունակել իր մանկավարժական աշխատանքը։ Որպես ուսումնական մասի վարիչ աշխատել է Երևանի № 94, 126 դպրոցներում, դասավանդել է մայրենի լեզու և գրականություն։ 1947 թվականին ավարտել է մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժինը։ Մանկավարժական աշխատանքին զուգընթաց ստեղծագործել է։ Մարությանի բազմաթիվ պատմվածքները և հոդվածները տպագրվել են հանրապետական մամուլում[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խիզախության համար» մեդալ
- Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
- «Կրակովի ազատագրման համար» մեդալ
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորյուն Մարությանը մահացել է 1988 թվականին։ Թաղված է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը[2]։ Տապանաքարի վրա փորագված է.
Հավերժը մահվան օրենքն է անգութ, Մեր կյանքը` երազ, մեր ծնունդը սուր։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
- ↑ «The memorial of Marutyan Koryun (Կորյուն Մարության Ավետիսի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.