Կորեայի վերամիավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերամիավորված Կորեայի դրոշը, որն օգտագործվում է միջկորեական որոշ միջոցառումների և իրադարձությունների ժամանակ։

Կորեայի վերամիավորում (կորեերեն՝ 남북통일), քաղաքական նպատակ, որի մասին հայտարարում են Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը։ Հիմնական նպատակը թերակղզու վրա միասնական կորեական պետության առկայությունն է։ 

Կորեայի բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականից սկսած Կորեան չի եղել մեկ միասնական անկախ պետություն, երբ, համաձայն 1910 թվականին կնքված կորեա-ճապոնական պայմանագրի, Կորեական թերակղզին անցել է Ճապոնական կայսրության կազմը։ 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, թերակղզին դուրս է եկել ճապոնական գերիշխանությունից։

ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ն համաձայնվել են, որ Կորեան 38-րդ հորիզոնականով ժամանակավորապես կբաժանվի հյուսիսային և հարավային օկուպացիոն գոտիների։ 1945 թվականի օգոստոսին խորհրդային զորքերն զբաղեցրել են Կորեական թերակղզու հյուսիսային հատվածը, իսկ նույն տարվա սեպտեմբերին ամերիկյան ռազմածովային ուժերը իջեցվել են թերակղզու հարավային հատվածում։

ԱՄՆ և ԽՍՀՄ համատեղ հանձնաժողովը 1946 թվականի մարտին Սեուլում հավաքվել է քննարկելու թերակղզու ողջ տարածքի համար ժամանակավոր կառավարության ձևավորման համաձայնագիրը, որը ձեռնտու կլիներ երկու կողմերի համար։ Հանդիպումների երկրորդ փուլը, որը տեղի է ունեցել 1947 թվականին, նույնպես էական արդյունք չի գրանցել։ Այդ ժամանակ՝ 1947 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ԱՄՆ-ն դրել է Կորեայի անկախության հարցը, որն ընդունել է ՄԱԿ-ի դիտորդության պայմաններում երկրում ընտրությունների կազմակերպման հռչակագիր։ Սակայն ԽՍՀՄ-ն թույլ չի տվել ՄԱԿ-ի ներկայացուցիչների մուտքը Հյուսիսային Կորեայի տարածք, այնպես որ 1948 թվականի մայիսի 10-ի ընտրությունները կայացել են միայն Հարավային Կորեայում։ Ամերիկյան ռազմական վարչակազմն իր գործառույթները դադարեցրել է 1948 թվականի օգոստոսի 15-ին, որի արդյունքում հռչակվել է Կորեայի Հանրապետության անկախությունը։ Երկրի առաջին նախագահ է ընտրվել Լի Սին Մանը։

Հյուսիսային Կորեայում կառավարումը հանձնվել է կորեացի կոմունիստներին, իսկ 1946 թվականի սկզբին ձևավորվել է ժամանակավոր կառավարություն, իսկ արդեն 1948 թվականի սեպտեմբերի 9-ին բարձրագույն օրենսդիր մարմնի ընտրությունների արդյունքում ձևավորվել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը՝ վարչապետ Կիմ Իր Սենի գլխավորությամբ[2]։

Թերակղզու բաժանումը արձանագրվել է նաև Կորեական պատերազմից հետո, որի արդյունքում կողմերից և ոչ մեկը չի հաղթել։ ԿԺԴՀ-ն և Կորեայի Հանրապետությունը մինչ օրս չեն ճանաչում միմյանց՝ Կորեական ողջ թերակղզին համարելով իրենց ինքնիշխան տարածք։

Կորեայի վերամիավորման մասին բազմիցս նշում են երկու պետություններն էլ և համարում արտաքին քաղաքականության առաջնային նպատակներից մեկը։ Թերակղզու իրական վերամիավորումը թե նախկինում, և թե ներկայումս խիստ մշուշոտ է, քանի որ Հյուսիսային Կորեան ունի իր սեփական գաղափարախոսությունը՝ Չուչխեն և պլանային տնտեսություն, այն դեպքում, երբ Հարավային Կորեայում զարգացած են կապիտալիստական հասարակարգը, ժողովրդավարական կառուցվածքը և շուկայական տնտեսությունը։

Վերամիավորման հայեցակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն Կորեաների վերամիավորման երեք հայեցակարգեր.

  1. Հյուսիսային Կորեան գրավում է Հարավային Կորեայի տարածքը։
  2. Հարավային Կորեան գրավում է Հյուսիսային Կորեայի տարածքը
  3. Հյուսիսը և Հարավը ստեղծում են համադաշնություն և աստիճանաբար գնում վերամիավորման։

Հարավային Կորեայում ձախ ուղղության քաղաքական գործիչները հակված են երրորդ հայեցակարգին, իսկ աջերը՝ երկրորդ հայեցակարգին։

ՄԱԿ-ը, ԵՄ անդամ մի շարք պետությունների կառավարությունները և ղեկավարները, ԵՄ մարմինները, ԱՄՆ-ն, Կենտրոնական հետախուզական վարչությունը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը և մի շարք այլ կազմակերպություններ և մարմիններ աջակցում են Կորեայի վերամիավորման երրորդ հայեցակարգին։

Կորյոյի ժողովրդավարական համադաշնային հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորյոյի ժողովրդավարական համադաշնային հանրապետությունը (Կաղապար:Lang-ko-kp3 Կորյո մինջու ռյոնբան կոնգհվահուկ) ԿԺԴՀ նախկին առաջնորդ Կիմ Իր Սենի նախագիծն է, որն առաջարկել է 1980 թվականին։ Անվանումը վերցվել է վաղ ավատատիրական ժամանակաշրջանի կորեական Կորյո պետության անվանումից (X-XIV դարեր)։ Ենթադրվում էր, որ ֆորմալ առումով միացյալ պետությունը կունենա մեկ միասնական արտաքին քաղաքականություն, միասնաբար հանդես կգա միջազգային հարթակներում, սակայն Կորեայի տարբեր հատվածներում կպահպանվի քաղաքական և տնտեսական սեփական կառուցվածքը։

Առաջարկությունն արվել է Կորեայի աշխատավորական կուսակցության VI համագումարի ժամանակ[3]:

Պահպանելով մեր երկրի տարածքում եղած միասնական պետության անվանումը, որ բավականին հայտնի է մեր սահմաններից դուրս և արտացոլելով Հյուսիսի և Հարավի ընդհանուր քաղաքական գաղափարները, իսկ դա ժողովրդավարության ձգտումն է, միանգամայն տեղին կլիներ համադաշնային պետությունն անվանել Կորյոյի ժողովրդավարական համադաշնային հանրապետություն։

Վերամիավորումը սպորտի բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի սեղանի թենիսի աշխարհի առաջնությունից որոշ ժամանակ առաջ Հյուսիային և Հարավային Կորեաները, Կորեա թերակղզու բաժանումից հետո առաջին անգամ, քննարկել են ֆուտբոլի և սեղանի թենիսի միասնական հավաքականներ ունենալու հարցը։ 22 հանդիպումներից և հինգ ամիս տևած բանակցություններից հետո ստեղծվել է սեղանի թենիսի միասնական հավաքականը, որը հանդես է եկել Սեղանի թենիսի աշխարհի 41-րդ առաջնության ժամանակ՝ Վերամիավորման դրոշի ներքո[4][5]։ Որպես օրհներգ ընտրվել էր կորեական ազգային «Արիրան» երգ ։

Կորեայի կանանց հավաքականի հաղթանակն այդ ժամանակ անպարտելի համարվող Չինաստանի հավաքականի նկատմամբ մեծ ոգևորություն էր առաջացրել Կորեայում։ 2012 թվականին Հարավային Կորեայում թողարկվել է «Միասնական» ֆիլմը (코리아), որը պատմում էր այդ հաղթանակի պատմությունը[6]։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ փորձառու դերասանները առանց գնդակի սեղանի թենիսի արհեստական խաղ են ցուցադրել, որոնց գործողությունները համակարգել է 1991 թվականի կորեական միասնական հավաքականի օլիմպիական չեմպիոն Հյոն Ջոն Հվան[7]։

2018 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿԺԴՀ և Հարավային Կորեայի մարզիկները 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, որն անց էր կացվում հարավկորեական Փհյոնչհան քաղաքում, հանդես են եկել մեկ միասնական դրոշի ներքո, իսկ որպես օրհներգ դարձյալ ընտրվել է կորեական ազգային «Արիրան» երգը[8]

2018 թվականի սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնության ժամանակ Հյուսիսային և Հարավային Կորեաների կանանց հավաքականները քառորդ եզրափակչի ժամանակ պետք է մրցեին միմյանց դեմ, սակայն հանդիպումը չի կայացել։ Մրցակիցները դուրս են եկել մրցահարթակ, ձեռքսեղմել միմյանց, շնորհավորել աշխարհի առաջնության եզրափակիչ մաս դուրս գալու համար և հայտարարել, որ կիսաեզրափակչում կմրցեն վերամիավորված Կորեայի դրոշի ներքո, ինչն արդեն եղել է 1991 թվականին։ Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան հաստատել է մրցույթի ժամանակ թիմերի միավորման հանգամանքը[9][10]։

«2018 ITTF World Tour» Korea Open առաջնության ժամանակ հաղթանակել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միացյալ հավաքականի անդամներ Չա Հյո Սիմը և Չան Ուջինը[11], իսկ արդյունքում նրանք իրավունք են ստացել մասնակցելու «ITTF World Tour Grand Finals»-ին[12]։

Որոշ լրագրողների սեղանի թենիսի առաջնության շրջանակներում իրականացված այդ իրադարձությունն անվանել են «Պինգ պոնգի դիվանագիտության» նոր գլուխ[11][13]։

Երկու երկրների առաջնորդների հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 29-ին Փխենյանի և Սեուլի ներկայացուցիչները պայմանավորվել են ապրիլի 27-ին Հյուսիսի և Հարավի սահմանագծին գտնվող Ապամիլիտարիզացված գոտում անցկացնել երկու երկրների առաջնորդներ Կիմ Չեն Ընի և Մուն Ջեինի հանդիպում[14]։ Երկու երկրների առաջնորդների հանդիպման ընթացքում խաղաղ մթնոլորտ ստեղծելու համար՝ ապրիլի 23-ից ԿԺԴՀ-ն դադարեցրել է քարոզչությունը[15]։

Հարավային Կորեայի հասարակության վերաբերմունքը վերամիավորմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ հարավկորեացիների մեծամասնությունը դրական են գնահատում վերամիավորման գործընթացը, այդուհանդերձ նրանք պատրաստ չեն վճարել Հյուսիսային Կորեայի համար։ Համաձայն իրականացված հարցումներից մեկի, որն իրականացրել է «Հյոնդէ» ընկերությունը, հարցվածների միայն 5,9 %-ն է վերամիավորման համար տարեկան պատրաստ վճարել ավելի քան 210 հազար հարավկորեական վոն, ընդ որում 30,4 %-ն ընդհանրապես չի ցանկանում վճարել, իսկ 24 %-ը պատրաստ են վճարել տարեկան միայն սիմվոլիկ 10 000 հարավկորեական վոն։ Անհրաժեշտ է նշել, որ, համաձայն որոշ գնահատականների, Հյուսիսային Կորեայի հետ միավորումը կարժենա տրիլիոնավոր դոլարներ, իսկ 20 տարվա միջին հաշվարկներով յուրաքանչյուր հարավկորեացի տարեկան ստիպված կլինի վճարել առնվազն 1 200 000 հարավկորեական վոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]