Jump to content

Կոտո (նվագարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտո
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
ՈրակավորումԱղելարային կսմիթային նվագարան[1], tube zither? և traditional Japanese musical instrument?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ312.22-6
Ձայնանմուշ

Կոտո (ճապ.՝ 箏 կամ 琴), ճապոնական կսմիթավոր կիսախողովակաձև ցիտրա և Ճապոնիայի ազգային նվագարանը։ Այն ծագել է չինական ժենգից և սեից և նման է մոնղոլական յատգային, կորեական գայագըմին և աջենգին, վիետնամական դան տրանհին, սունդանական կաչապիին և ղազախական ժետիգենին։

Կոտոները մոտավորապես 180 սանտիմետր (6 ֆուտ) երկարություն ունեն և պատրաստվում են ադամածառի փայտից։ Ամենատարածված տեսակն ունի 13 լար, որոնք ձգված են լարման համար նախատեսված շարժական կամրջակների (հենակների) վրայով. ընդ որում, տարբեր ստեղծագործություններ կարող են պահանջել տարբեր լարում։ Տասնյոթ լարանի կոտոները նույնպես տարածված են և անսամբլներում կատարում են բասի դեր։ Կոտոյի լարերը սովորաբար հնչեցնում են երեք մատնոց-կնտնտոցների միջոցով, որոնք կրում են աջ ձեռքի առաջին երեք մատներին։

Անուններ և տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոտո» բառի գրության համար գործածվում է 箏 հիերոգլիֆը, թեև հաճախ կիրառվում է նաև 琴-ը։ Այնուամենայնիվ, ճապոներենում 琴 (կոտո) եզրույթը բոլոր լարային նվագարանների ընդհանուր անվանումն է[2]՝ ներառյալ այնպիսի գործիքների, ինչպիսիք են կին նո կոտոն, սո նո կոտոն, յամատո-գոտոն, վագոնը, նանագեն-կինը և այլն[2]։ Երբ այն կարդացվում է որպես կին, ապա մատնանշում է չինական գուցին նվագարանը։ Այսօր ևս եզրույթն օգտագործվում է նույն իմաստով։

Այս նշանակությամբ «կոտո» եզրույթը հանդիպում է «Կոջիկիում»՝ վկայակոչելով հնագույն լարային նվագարանը[2]։ Ժամանակի ընթացքում ստեղծվեցին գործիքի նոր տարբերակներ, որոնցից մի քանիսն ի վերջո դարձան ժամանակակից կոտոյի հիմնական (ստանդարտ) տեսակները։ Կոտոյի չորս տեսակները (գակուսո, չիկուսո, ձոկուսո, տագենսո) ստեղծվել են տարբեր ենթամշակույթների կողմից, սակայն միաժամանակ հարմարեցվել են՝ կատարողական ոճը փոփոխելու նպատակով[3]։

Կոտոյի տարածաշրջանային տեսակներից է տատեգոտոն (竪琴), որը տարածված է Ամամի կղզիներում։ Ի տարբերություն կոտոյի այլ տեսակների՝ այն ծնկների վրա պահում են ուղղահայաց դիրքով և նվագում մեկ ձեռքով. այն կարող է ունենալ ավելի շատ լարեր, ավելի կարճ է և սովորաբար ունի պողպատե լարեր։

Կոտոյի նախահայրը չինական գուժենգն է[4][5][6][7]։ Այն առաջին անգամ Ճապոնիա է բերվել Չինաստանից 7-րդ և 8-րդ դարերում[8]։ Առաջին հայտնի տարբերակն ուներ հինգ լար, որոնց թիվը հետագայում հասավ յոթի։ Ճապոնական կոտոն պատկանում է ասիական ցիտրաների ընտանիքին, որը ներառում է նաև չինական ժենգը (ընտանիքի մյուս ցիտրաների նախահայրը), կորեական գայագըմը և վիետնամական դան տրանհը[6]։ Այս նվագարանն ի հայտ է եկել երկու հիմնական ձևով՝ կամրջակներով (հենակներով) ցիտրա և առանց կամրջակների ցիտրա։

Սետտեի Հասեգավայի 1878 թվականի նկարը, որտեղ պատկերված է կոտո նվագող կին

Երբ կոտոն նոր էր ներմուծվել Ճապոնիա, բնիկ «կոտո» բառը ցանկացած և բոլոր ճապոնական լարային գործիքների ընդհանուր անվանումն էր։ Քանի որ Ճապոնիայում տարբեր լարային նվագարանների թիվն աճում էր, կոտոյի երբեմնի հիմնական սահմանումն այլևս չէր կարող նկարագրել այդ գործիքների լայն բազմազանությունը, ուստի անվանման իմաստները փոխվեցին։ Աձումագոտոն կամ յամատոգոտոն սկսեց կոչվել վագոն, կին նո կոտոն կոչվեց կին, իսկ սաու նո կոտոն (սաուն 箏-ի ավելի հին արտասանությունն է) կոչվեց սո կամ կոտո։

Ժամանակակից կոտոն ծագում է գակուսոյից, որն օգտագործվում էր ճապոնական պալատական երաժշտության (գագակու) մեջ։ Այն հայտնի նվագարան էր հարուստների շրջանում. գործիքը համարվում էր ռոմանտիկ։ Որոշ գրական և պատմական աղբյուրներ վկայում են, որ կոտոյի համար գրված մենանվագ ստեղծագործություններ գոյություն են ունեցել դարեր առաջ, նախքան սոկյոկուի՝ սոլո կոտոյի ժանրի երաժշտության ձևավորումը։ Ըստ ճապոնական գրականության՝ կոտոն գործածվում էր որպես փոխաբերություն և ուներ արտաերաժշտական նշանակություն։ «Գենձի մոնոհաթարիի» մի հատվածում գլխավոր հերոսը խորապես սիրահարվում է մի առեղծվածային կնոջ, երբ հեռվից լսել էր նրա կոտո նվագելը։

Չիկուսոյի կոտոն ստեղծվել է ցուկուշիգատոյի ավանդույթի համար և ի սկզբանե նախատեսված է եղել բացառապես կույր տղամարդկանց համար։ Կանանց արգելված էր նվագել այս գործիքը պրոֆեսիոնալ ոլորտում, ինչպես նաև արգելվում էր դասավանդել այն։ Երբ այս խիստ կանոնները մեղմացվեցին, կանայք սկսեցին նվագել կոտո՝ բացառությամբ չիկուսոյի, քանի որ կույրերի համար նախատեսված դրա կառուցվածքը հանգեցրեց կիրառության նվազման. մյուս կոտոներն ավելի կիրառելի գտնվեցին։

Այսօր դեռևս օգտագործվող կոտոյի երկու հիմնական տեսակներն են գակուսոն և ձոկուսոն։ Այս երկուսը մնացել են գրեթե անփոփոխ՝ բացառությամբ նյութական նորամուծությունների (օրինակ՝ պլաստիկի, ինչպես նաև լարերի համար ժամանակակից նյութերի կիրառումը)։ Տագենսոն կոտոյի ընտանիքի ամենանոր հավելումն է, որն ի հայտ է եկել 19-րդ դարում։ Այն ստեղծվել է նպատակաուղղված կերպով՝ ընդլայնելու գործիքի ձայնածավալը և զարգացնելու կատարողական ոճը։ Դրանք պատրաստվում էին 17, 21 և 31 լարերով[9]։

Կոտոյի զարգացման վրա թերևս ամենակարևոր ազդեցությունը ունեցել է Յացուհաշի Կենգյոն (1614–1685)։ Յացուհաշին տաղանդավոր կույր երաժիշտ էր Կիոտոյից, որը զգալիորեն ընդլայնեց ընդամենը վեց ավանդական երգերից բաղկացած սահմանափակ ընտրանին՝ ստեղծելով կոտոյի երաժշտության միանգամայն նոր ոճ, որն անվանեց կոտո կումիուտա (箏組歌)։ Յացուհաշին փոխեց ցուկուշի գոտոյի լարվածքները, որոնք հիմնված էին գագակուի հին լարման համակարգերի վրա, և այս փոփոխությամբ ծնվեց կոտոյի նոր ոճ։ Այժմ Յացուհաշին հայտնի է որպես «Ժամանակակից կոտոյի հայր»։

Կոտոյի էվոլյուցիայի գործում ավելի փոքր, բայց նշանակալի ազդեցություն է ունեցել Կեիկո Նոսական։ Այս կին երաժիշտը 2002 թվականին արժանացել է Ճապոնիայի մշակույթի նախարարության երաժշտական գլխավոր մրցանակին։ Իրեն կաշկանդված զգալով ընդամենը 13 լար ունեցող կոտո նվագելիս՝ նա ստեղծեց գործիքի նոր տարբերակներ՝ 20 և ավելի լարերով[10]։

Առանց կամրջակների ցիտրաների ճապոնական զարգացումները ներառում են մեկ լարանի կոտոն (իչիգենկին) և երկլարանի կոտոն (նիգենկին կամ յակումո գոտո)։ Մոտավորապես 1920-ականներին Գորո Մորիտան ստեղծեց երկլարանի կոտոյի նոր տարբերակ։ Այս կոտոյի վրա նվագողը սեղմում էր մետաղական լարերի վերևում գտնվող կոճակները։ Այն անվանվեց տայշոգոտո՝ ի պատիվ Տայսյո դարաշրջանի։

Ֆումիե Հիհարան 13 լարանի կոտո նվագելիս


Մեյձիի դարաշրջանի (1868–1912) սկզբում Ճապոնիա մուտք գործեց արևմտյան երաժշտությունը։ Կույր կոմպոզիտոր, նորարար և կատարող Միչիո Միյագին (1894–1956) համարվում է առաջին ճապոնացի կոմպոզիտորը, որը համադրել է արևմտյան երաժշտությունը և ավանդական կոտոյի երաժշտությունը։ Միյագին մեծապես համարվում է այն գործիչը, ում շնորհիվ կոտոն պահպանվեց այն ժամանակ, երբ ճապոնական ավանդական արվեստները մոռացվում էին և փոխարինվում արևմտյան տարբերակներով։ Նա գրել է ավելի քան 300 նոր ստեղծագործություն այս գործիքի համար։ Նա նաև հայտնագործեց հանրաճանաչ 17 լարանի բաս կոտոն, ստեղծեց նվագելու նոր տեխնիկաներ, զարգացրեց ավանդական ձևերը և, որ ամենակարևորն է, բարձրացրեց կոտոյի ժողովրդականությունը։ Նա ելույթներ է ունեցել արտերկրում, և մինչև 1928 թվականը կոտոյի և շակուհաչիի համար գրված նրա Հարու նո Ումի («Գարնանային ծով») ստեղծագործությունը փոխադրվել էր բազմաթիվ գործիքների համար։ Ճապոնիայում Հարու նո Ումին հնչում է նույնիսկ յուրաքանչյուր Նոր տարին դիմավորելիս[11]։

Միյագիի ժամանակներից ի վեր բազմաթիվ կոմպոզիտորներ, ինչպիսիք են Կիմիո Էտոն (1924–2012) և Տադաո Սավային (1937–1997), գրել և կատարել են ստեղծագործություններ, որոնք շարունակում են նպաստել նվագարանի զարգացմանը։ Սավայիի այրին՝ Կաձուե Սավային, ով մանուկ հասակում Միյագիի սիրելի աշակերտուհին էր, դարձավ կոտոյի միջազգայնացման և արդիականացման ամենամեծ շարժիչ ուժը։ Կոմպոզիտոր Ջոն Քեյջի «Երեք պար» դաշնամուրային դուետի՝ նրա փոխադրումը չորս բաս կոտոների համար, շրջադարձային իրադարձություն էր կոտոյի երաժշտության ժամանակակից դարաշրջանում։

Մեյձիի հեղափոխությունից հետո շուրջ 150 տարի ճապոնացիները հրաժարվեցին իրենց մեկուսացման գաղափարներից և սկսեցին բացահայտորեն ընդունել ամերիկյան և եվրոպական ազդեցությունները. սա ամենահավանական բացատրությունն է այն բանի, թե ինչու է կոտոն ստացել իր բազմաթիվ տարբերակները[12]։

Կիրառությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ձեռք է բերել կոտո նվագարան՝ գլխավոր ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի բեմադրած Շեքսպիրի «Համլետ» ներկայացման համար։ Ներկայացման ընթացքում ճապոնական ավանդական ստեղծագործություններն (օրինակ՝ «Ռոկուդան», «Սակուրա») ու հայկական մեղեդիները կենդանի հնչողությամբ կատարել է հայ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը։ Սա առաջին դեպքն է, երբ ճապոնական այս ազգային նվագարանը պրոֆեսիոնալ կերպով կիրառվել և հնչել է հայկական բեմում[13][14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. կիթառ
  2. 1 2 3 (ja) Kotobank koto Արխիվացված 2022-05-28 Wayback Machine
  3. Johnson, Henry (1996). «"A Koto" by Any Other name: Exploring Japanese Systems of Musical Instrument Classification». Asian Music. 49: 38–64.
  4. Deal, William E. (2006). Handbook to life in medieval and early modern Japan. New York: Infobase Publishing. էջեր 266–267. ISBN 0-8160-5622-6.
  5. Encyclopedia Americana, Volume 2 (international ed.). Minnesota: Americana Corp. 1966. էջ 400.
  6. 1 2 Han Mei (2005). «Hugo's window on the world of Chinese zheng». CD REVIEWS. Chime. Leiden: European Foundation for Chinese Music Research (16–17): 242–245. «Throughout the centuries, the zheng became the parent instrument of the Asian zither family as it spread from China to a number of adjacent countries giving birth to the Japanese koto, the Korean kayagum and the Vietnamese dan tranh.»
  7. Howard, Keith (1995). Korean musical instruments. Oxford University Press. էջեր 38. ISBN 978-0-19-586177-8. «The kayagum, the most popular South Korean instrument, is a 12-string half-tube plucked zither (H/S 312.22.5) (Plate 7). It resembles the Chinese guzheng, yazheng and se, Japanese koto, Korean gayageum and ajaeng, Mongolian yatga, Vietnamese đàn tranh, and Sundanese kacapi. All these instruments descend from a common model, the ancient zheng.»
  8. Speed, Burgess (2008). Japan: Your Passport to a New World of Music. Alfred Publishing. էջ 7. ISBN 978-0-7390-4303-5.
  9. Johnson, Henry M. (1996). «Koto manufacture: The Instrument, Construction Process, and Aesthetic Considerations». The Galpin Society Journal. 49: 38–64. doi:10.2307/842391. JSTOR 842391.
  10. Adriaansz, Willem (1971). «The Yatsuhashi-Ryu. A Seventeenth Century School of Koto Music». Acta Musicologica. 43 (1/2): 55–93. doi:10.2307/932501. ISSN 0001-6241. JSTOR 932501.
  11. «sian Instrument Collection in the Beckwith Music Library». Bowdoin. Bowdoin College Library. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  12. Johnson, Henry M (2003). «Traditions Old and New: Continuity, Change, and Innovation in Japanese "Koto"-Related Zithers». Journal of the American Musical Instrument Society. 29: 181–229.
  13. Peyotto.com. «Ինչպես հայ քանոնահարուհին ճապոնական կոտո նվագեց». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2026-03-29-ին.
  14. Technologies, Peyotto. ««Երբ կա սեր, նվիրում ու պրոֆեսիոնալիզմ՝ ամեն ինչ հաղթահարելի է». Ճապոնական էլեգանտ արվեստը` Մարիաննա Գևորգյանի մատուցմամբ». Վերցված է 2026-03-29-ին.