Կոտորած Լովասում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտորած Լովասում
Կոորդինատներ
Ամսաթիվհոկտեմբերի 18, 1991
Լովասում սպանվածների լուսանկարներ

Կոտորած Լովասում, Խորվաթիայի խաղաղ քաղաքացիների սպանություններ Խորվաթիայի Լովաս և Օպատովաց գյուղերում, սերբական ջոկատների կողմից, 1991 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին` Խորվաթիայում տեղի ունեցած պատերազմի ընթացքում։

Խորվաթական աղբյուրների համաձայն՝ զոհվածների ընդհանուր թիվը կազմել է 75 մարդ, ռազմական հանցագործությունների հետաքննության սերբական դատարանը հաշվել է 70 զոհ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լովասը և Օպատովացը Արևելյան Սլավոնիայում երկու գյուղ են, որոնք գտնվում են Վուկովարից հարավ-արևելք։ 1991 թվականի մարդահամարի համաձայն՝ Լովասում ապրել է 1.681 մարդ (86 տոկոս` խորվաթներ, 8 տոկոս` սերբեր), Օպատովացում՝ 550 մարդ (43 տոկոս` խորվաթներ, 26 տոկոս` սերբեր)։

Խորվաթիայի անկախության հռչակումից հետո երկրի մի շարք շրջաններում բախումներ են սկսվել խորվաթական մասերի և Հարավսլավական ժողովրդական բանակի մասերի միջև՝ սերբական կիսապատերազմական կամավորական կազմավորումների աջակցությամբ։ 1991 թվականի սեպտեմբերին Սերբիայի տարածքից խորվաթական Սլավոնիայի վրա զանգվածային հարձակում է սկսվել, որը նշանավորել է Վուկովարի համար ճակատամարտի սկիզբը։ Սերբական հարձակումն ուղեկցվել է էթնիկ զտումներով։

Շրջափակում և սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լովասի ավերված կաթոլիկ եկեղեցին

1991 թվականի սեպտեմբերի 27-ին ՀԺԲ-ի հրամանատարությունը Լովասի բնակիչներին հրավիրել է խաղաղ բանակցությունների։ Գյուղացիներին առաջարկվել է հանձնել իրենց մոտ եղած բոլոր զենքերը։ Տեղեկություններ ունենալով հարևան խորվաթական գյուղերի տխուր ճակատագրի մասին՝ Լովասի բնակիչները մերժել են այդ պահանջը։ 1991 թվականի սեպտեմբերի 30-ին ՀԺԲ-ն հարձակվել է Լովասի վրա։ Գյուղացիները 10 օրվա ընթացքում կարողացել են պաշտպանվել՝ հույս ունենալով խորվաթական գվարդիայի աջակցության վրա, սակայն վերջինս չի հասել։ Հրետակոծության ընթացքում ավերվել է Լովասի կաթոլիկ եկեղեցին։ 1991 թվականի հոկտեմբերի 10-ին ՀԺԲ-ի զորքերն ու սերբ պարավոեն ջոկատները մտել են Լովաս։ Նույն օրը նրանց կողմից սպանվել է խորվաթական ազգության 22 խաղաղ բնակիչ[1]։ Չորս օր անց գրավվել է Օպատովացը, դրան հաջորդել են նաև նոնկոմբատանտների սպանությունները։

Լովասում ամբողջությամբ ավերվել է 261 տուն[2]։ Տների մի մասը ավերվել է օկուպացիայից առաջ` հրետանային գնդակոծության ընթացքում, սակայն այն տների մի մասը, որտեղ ապրում էին խորվաթները, պայթեցվել է արդեն այն բանից հետո, երբ սերբերը գրավել են գյուղը։

Փրկվածների վկայությամբ՝ խորվաթական ազգության բնակիչները բռնության, դաժան վերաբերմունքի և կտտանքների են ենթարկվել։ Նրանք բոլորը պարտավոր էին սպիտակ ժապավեններ կրել՝ ի նշան այն բանի, որ նրանք խորվաթներ են[3]։ Գյուղի գրադարանը վերածվել է բանտի, որտեղ տղամարդիկ ու կանայք ենթարկվել են կտտանքների ու բռնաբարությունների։

Բոլոր երեք կաթոլիկ եկեղեցիները (երկուսը Լովասում և մեկը Օպատովացում) թալանվել են և մասամբ կամ ամբողջությամբ ավերվել։ Եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատանը ընդհանուր գերեզման է փորվել, որտեղ նետել են սպանված բնակիչների մարմինները (ընդհանուր առմամբ այնտեղ թաղվել է 68 զոհ)։

Հոկտեմբերի 18-ին Լովասի շուրջ 50 խորվաթ բնակիչներ սերբերի կողմից հարկադրաբար վռնդվել են ականադաշտ, որը սերբական ջոկատները գյուղի կողքին տեղադրել են դրա գրավման նախօրեին, որպեսզի «մաքրեն» այն։ Հրաժարվողներին գնդակահարում էին։ Միայն այդ օրը, ըստ ռազմական հանցագործությունների հետաքննության սերբական դատարանի տվյալների, ականներից և փամփուշտներից զոհվել է 22 մարդ[1], շատերը վիրավորվել և խեղվել են։

Լովասում սպանություններն ու ծաղրուծանակը շարունակվել են մինչև դեկտեմբեր, երբ ստորագրվել է հրադադարի մասին համաձայնագիրը, և կողմերը համաձայնել են տարածաշրջան մտցնել UNPROFOR միջազգային խաղաղապահ ուժեր։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սգո միջոցառում Լովասում՝ նվիրված ողբերգության զոհերի հիշատակին։ 2009 թվական

Լովասում սպանվել է ավելի քան 70 խաղաղ բնակիչ, նրանցից 11-ը կանայք են եղել[4]։ 1341 մարդ Լովասից և 320-ը Օպատովացից փախել են սերբերից և կարողացել են վերադառնալ հայրենի վայրեր միայն պատերազմից հետո[4]։ Գյուղի մի շարք բնակիչներ ճամբարներ են ուղարկվել Սերբիայի տարածք՝ սերբ ռազմագերիների հետ հետագայում փոխանակման նպատակով։ Արևելյան Սլավոնիան խաղաղ վերաինտեգրվել է Խորվաթիայի կազմի մեջ 1995 թվականին, Դեյտոնյան համաձայնագրերի ստորագրումից հետո։ 1997 թվականին սկսվել է Լովասում ռազմական հանցագործությունների հետաքննությունը, գերեզմանոցում զանգվածային թաղումը արտաշիրիմվել է, զոհերը վերահուղարկավորվել են։

Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալը Լովասում ռազմական հանցագործությունները ներառել է Սլոբոդան Միլոշևիչի գործի քննության մեջ, գյուղի որոշ բնակիչներ ականատես են եղել դատավարությանը[3]։ 2003 թվականին Խորվաթիայի դատարանը մեղադրանք է առաջադրել 18 մարդու դեմ սպանությունների, կտտանքների և այլ հանցագործությունների համար, որոնք մտնում էին Լովասի սերբական ուժերի կազմի մեջ։ Նրանցից միայն մեկն է ձերբակալվել, մյուսները հեռակա կարգով են դատապարտվել։ 2007 թվականի մայիսին այդ անձանցից մի քանիսը ձերբակալվել էին Սերբիայում։ 2007 թվականի նոյեմբերին Բելգրադի դատարանը մեղադրանք է առաջադրել 14 անձանց՝ Լովասի կոտորածի կապակցությամբ[1]։ Մեղադրյալների թվում են ՀԺԲ-ի նախկին չորս սպա, «Դուշան Մեծ» սերբական կամավորական ջոկատի 6 անդամ և տեղի սերբ աշխարհազորի 4 անդամ։ Գրոծընթացը մեկնարկել է 2008 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Beograd: Optužnica protiv 14 optuženih za ratni zločinu Lovasu». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  2. «Scrinia Slavonica. Issue no.4 /2004. Hrvatski institut za povijest, Podruznica za povijest Slavonije, Srijema i Baranje». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  3. 3,0 3,1 International Criminal Tribunal for ex-Yugoslavia. Page 23757
  4. 4,0 4,1 «Stradanje-u-domovinskom-ratu». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 20կաթ11-07-08-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]