Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն (գիրք)
Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն | |
|---|---|
Գրքի կազմերեսը | |
| Հեղինակ | Սամվել Կարապետյան |
| Տեսակ | Ոչ գեղարվեստական |
| Բնօրինակ լեզու | Հայերեն |
| Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
| Էջեր | 96 |
| Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
| Նախորդ | «Հյուսիսային Արցախ» |
| Հաջորդ | «Հայերը Կախեթում» |
| Երկիր | |
| Հրատարակման վայր | Երևան |
| Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
| Հրատարակված է | ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն |
| Հրատարակման տարեթիվ | 2004 թվական |
| ԳՄՍՀ | ISBN 5-8080-0584-1 |
| ՀՏԴ | 941 (479. 25) |
| ԳՄԴ | 63.3 (2Հ) |
| Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/17.pdf |
«Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն» (անգլ.՝ The Armenian collection of the Caucasian museum, ռուս.՝ Армянская коллекция Кавказского музея), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2004 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 7-րդ գիրքը (Գիրք Է)։ Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Աշխատությունը ներկայացնում է 1852 թվականին Թիֆլիսում հիմնադրված և 1919 թվականից վրացական իշխանությունների կողմից ազգայնացված, ներկայում Վրաստանում գործող Կովկասյան առաջին թանգարանի պատմությունը և այնտեղ պահվող հայկական հավաքածուն, որն, ըստ հեղինակի, բռնազավթվել է և մինչ օրս չի վերադարձվել Հայաստանին։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ[1][2]։
«Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն» գիրքը հրատարակվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում։ Աշխատության հրատարակումն իրականացվել է ֆրանսիաբնակ Հայկ և Սոսե Վարդանյանների հովանավորությամբ[1]։
Գրքի ստեղծման գաղափարը, ըստ Սամվել Կարապետյանի, առաջացել է այն ժամանակ, երբ նա Վրաստանի «Արմազի» թանգարանում տեսնել է հանրահայտ Կովկասյան թանգարանից այնտեղ փոխադրված և անմխիթար վիճակում գտնվող հայկական հուշակոթողները։ Հայտնի է, որ հայկական հուշակոթողները այնտեղ են հայտնվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, սակայն պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին Վրաստանի կառավարությունը ազգայնացրել է հավաքածուն։ Ներկայում թանգարանի հայկական նյութերի սրահում ներկայացված ցուցանմուշները չունեն բացատրագրեր։ 1993-1994 թվականներին ցուցանմուշների վրա փլուզվել է թանգարանի բետոնածածկ տանիքը, ինչի հետևանքով կոտրատվել են մի շարք արձանագրություններ և խաչքարեր։ 2004 թվականին կիսավեր թանգարանի ներսում եւ բակում թափված կոթողների զգալի մասն անհետացած էր, իսկ մյուսները փլվածքների և աղբի մեջ էին[2]։