Կովկասյան ընձառյուծ
| Կովկասյան ընձառյուծ | ||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կովկասյան ընձառյուծը Խոսրովի անտառի տարածքում, Հայաստան
| ||||||||||||||||
| Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||||
| Panthera pardus ciscaucasica
(Satunin, 1914)
Վաղ Պլիոցենից մինչ օրս PreЄ
Є
O
S
D
C
P
T
J
K
Pg
N
|
||||||||||||||||
| Հոմանիշներ | ||||||||||||||||
Panthera pardus saxicolor (Pocock, 1927), |
||||||||||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
| Տարածվածություն | ||||||||||||||||
| Ընձառյուծի տարածվածության արեալը
փաստագրված տարածքներ հնարավոր տարածքներ | ||||||||||||||||
|
|
Կովկասյան ընձառյուծ (լատիներեն՝ Panthera pardus ciscaucasica[1], գիտականորեն՝ panthera pardus tulliana), հայտնի է նաև առաջավորասիական ընձառյուծ, անատոլիական ընձառյուծ և առավել հաճախ՝ պարսկական ընձառյուծ անվանումներով, ընձառյուծի ամենախոշոր ենթատեսակը, որն առաջին անգամ գիտականորեն նկարագրվել է 1856 թվականին՝ արևմտյան Անատոլիայից ստացված նմուշի հիման վրա։ Տարածված է Իրանական բարձրավանդակում և հարակից աշխարհագրական շրջաններում՝ արևելյան Անատոլիայից և Կովկասից մինչև Հինդուկուշ (ներառյալ՝ Իրանը, հարավային Հայաստանը, Աֆղանստանի հյուսիսը և Կենտրոնական Ասիայի որոշ լեռնային շրջաններ)։ Հանդիպում է ենթալպյան մարգագետիններում, բարեխառն լայնատերև, խառը անտառներում և ժայռոտ կիրճերում՝ 600-ից մինչև 3800 մետր բարձրություններում։
Կովկասյան ընձառյուծի անատոմիական և ֆիզիոլոգիական կառուցվածքը հարմարեցված է լեռնային ռելիեֆ ունեցող միջավայրում տեղաշարժմանն ու գոյատևմանը։ Խոշոր կատվազգին ունի զարգացած մկանային համակարգ, ճկուն վերջույթներ և ուժեղ կոգնիտիվ կարողություններ, ինչը հնարավորություն է տալիս հաղթահարել ժայռապատ հատվածները, կատարել հեռացատկումներ տարբեր բարձրություններից, աննկատ անցնել սակավ բնակեցված և անտառապատ տարածքներով, ինչպես նաև հաղթահարել ջրային արգելքներ՝ դրսևորելով լողալու բարձր ունակություններ։ Կովկասյան ընձառյուծն ունի գերազանց տեսողություն և լսողություն, ինչն առավելապես նպաստավոր ունակություն է որսի ժամանակ, իսկ գիշերային կենսակերպը վերջինիս թույլ է տալիս խուսափել մարդկանց հետ առճակատումներով պայմանավորված վտանգներից։
Կովկասյան ընձառյուծը մենակյաց կենդանի է։ Հիմնական սնունդը վայրի կճղակավորներն են՝ այծեր, մուֆլոններ, գազելներ, վայրի խոզեր, իսկ երբեմն նաև փոքր կրծողներ և թռչուններ։ Կովկասյան ընձառյուծը զբաղեցնում է սննդային շղթայի վերին աստիճանը՝ հանդիսանալով էկոհամակարգի մաս կազմող առանցքային գիշատիչ՝ առանց բնական թշնամիների։
Վերջին գիտական հետազոտությունների համաձայն կովկասյան ընձառյուծի վայրի պոպուլյացիան չի գերազանցում 1,100 հասուն առանձնյակը։ Տեսակին սպառնում է ոչնչացման վտանգ՝ բնական արեալների կրճատման, որսագողության, սննդային պաշարների սակավության և անասունների վրա հարձակման պատճառով մարդկանց կողմից վրեժխնդիր սպանությունների հետևանքով։ Ընդգրկված է «Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) I հավելվածում և «Եվրոպայի վայրի բնության և միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի II հավելվածում։ Տեսակը Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակի տվյալներով համարվում է «վտանգված»։
Հայաստանի տարածքում ընձառյուծը բնակվում է դեռևս նախապատմական ժամանակներից և որպես իմաստության, հզորության խորհրդանիշ հանդիպում է ժայռապատկերներում, քանդակներում, մշակութային օբյեկտներում։ Ներկայումս գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հայաստանում կովկասյան ընձառյուծների բնակության արեալը զբաղեցնում է 7500 կմ քառ. տարածք, որը ներառում է Հանրապետության հարավարևմտյան և հարավային շրջանները` «Խոսրովի անտառ» արգելոցից մինչև հայ-իրանական սահման՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում։ 2019 թվականին տեսախցիկներն արձանագրել են նաև ընձառյուծի ներկայությունը Տավուշի անտառներում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընձառյուծի այս ենթատեսակը տարածման լայն արեալով պայմանավորված տարբեր աշխարհագրական տարածաշրջաններում հայտնի է միմյանցից տարբերվող անվանումներով։ Կովկասյան տարածաշրջանում այն սովորաբար կոչվում է «կովկասյան ընձառյուծ», Իրանում և միջազգային գիտական գրականության մեծ մասում՝ «պարսկական ընձառյուծ», Թուրքիայում՝ «անատոլիական ընձառյուծ», իսկ ռուսալեզու գրականության մեջ՝ «առաջավորասիական ընձառյուծ»։ Այս անվանումները պատմականորեն երբեմն վերագրվել են առանձին ենթատեսակների, սակայն ժամանակակից կարգաբանությամբ հիմնականում վերաբերում են նույն՝ Panthera pardus tulliana ենթատեսակի աշխարհագրական տարբեր պոպուլյացիաներին[2]։
Հայաստանում տարածված և պաշտոնական գործածություն ունեցող անվանումը կովկասյան ընձառյուծն է։ ՀՀ օրենսդրության մեջ կենդանատեսակը հիշատակվում է որպես «կովկասյան ընձառյուծ»՝ Panthera pardus ciscaucasica, և այդ անվանումով նույնացվում է «պարսկական ընձառյուծ»՝ Panthera pardus saxicolor անվան հետ[3]։ «Կովկասյան ընձառյուծ» ձևը գործածում են նաև Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը[4], Կենտրոնական բանկը[5] և WWF-Հայաստանը։ 2019 թվականը Հայաստանում հայտարարվել է «Կովկասյան ընձառյուծի տարի», և այդ անվամբ թողարկվել է հուշադրամ։
Հարևան երկրներում կենդանու տեղական անվանումները տարբեր աշխարհագրական ավանդույթներ են արտացոլում։ Վրացերենում ընձառյուծի ավանդական անվանումն է «ջիքի» (վրաց.՝ ჯიქი ), իսկ Վրաստանի պաշտոնական Կարմիր ցուցակում ենթատեսակը ներկայացված է որպես «առաջավորասիական ջիքի» (վրաց.՝ წინააზიური ჯიქი )։[6] Ադրբեջաներենում լայնորեն կիրառվում է «կովկասյան ընձառյուծ»՝ (ադրբ.՝ Qafqaz bəbiri)[7]: Ռուսերենում պաշտոնական և բնապահպանական գրականության մեջ գերակշռում է «առաջավորասիական ընձառյուծ» (ռուս.՝ переднеазиатский леопард) անվանումը, թեև հանդիպում է նաև «կովկասյան հովազ» (ռուս.՝ кавказский барс) տարբերակը[8]։ Թուրքիայում ենթատեսակն անվանում են «անատոլիական ընձառյուծ» կամ «անատոլիական պարս» (թուրքերեն՝ Anadolu parsı)՝ ընդգծելով նրա պատմական տարածվածությունն Անատոլիայում[9]։ Պարսկերենում ընդունված է «իրանական ընձառյուծ» (պարս.՝ پلنگ ایرانی, palang-e irāni) անվանումը,[10] մինչդեռ միջազգային գրականությունում ամբողջ ենթատեսակի առավել տարածված անվանումն է «պարսկական ընձառյուծ»։
Ենթատեսակի գիտական անվանումն է Panthera pardus tulliana։ Այն առաջին անգամ նկարագրվել է ֆրանսիացի կենդանաբան Աշիլ Վալանսիենի կողմից 1856 թվականին՝ Արևմտյան Անատոլիայի Զմյուռնիա քաղաքի (ներկայումս՝ Իզմիր, Թուրքիա) մերձակայքում սպանված ընձառյուծի մորթու և գանգի հիման վրա, և ստացել է Felis tulliana անվանումը։ Հետագայում Կովկասի և Իրանի ընձառյուծները նկարագրվել են նաև Panthera pardus ciscaucasica և Panthera pardus saxicolor գիտական անուններով։ Ժամանակակից կարգաբանական դասակարգմամբ դրանք ներառվում են P. p. tulliana ենթատեսակի կազմում, քանի որ tulliana-ն այդ խմբին տրված ամենահին վավեր անվանումն է[11][12]։
Կարգաբանություն և մորֆոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ և 20-րդ դարերում Հարավարևմտյան Ասիայի տարբեր շրջաններից ստացված ընձառյուծների մաշկերի և գանգերի հիման վրա նկարագրվել են մի շարք ձևեր, որոնք տարբեր հեղինակներ դիտարկել են որպես առանձին տեսակներ կամ ենթատեսակներ։ Այդ նկարագրությունները հիմնականում հիմնված էին մորթու գունավորման և խտության, բծանախշերի, պոչի կառուցվածքի, գանգի չափերի ու ձևի տարբերությունների վրա։ Հետագա ձևաբանական և մոլեկուլային ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տվել, որ նկարագրված ձևերի մի մասը չի ներկայացնում ինքնուրույն կարգաբանական միավոր։
- Անատոլիական ընձառյուծ՝ ֆրանսիացի կենդանաբան Աշիլ Վալանսիենը 1856 թվականին առաջարկել է Felis tulliana անվանումը՝ Արևմտյան Անատոլիայի Նինֆի բնակավայրի մոտ՝ Զմյուռնիայից արևելք, սպանված ընձառյուծի մաշկի և գանգի նկարագրության հիման վրա։ Այս նմուշը ներկայում համարվում է Panthera pardus tulliana-ի անվանադիր տիպային նմուշը, իսկ Նինֆին՝ ենթատեսակի տիպային տեղանքը[13]։
- Կովկասյան նմուշ՝ 1899 թվականին բրիտանացի կենդանաբան Ռիչարդ Լիդեկերը Կովկասյան լեռներից ստացված ընձառյուծի մաշկը վերագրել է Վալանսիենի նկարագրած ձևին՝ այն անվանելով Felis pardus tulliana։ Լիդեկերը նոր ենթատեսակ չի նկարագրել, այլ ընդլայնել է tulliana անվան կիրառությունը Կովկասում հանդիպող ընձառյուծների պոպուլյացիաների նկատմամբ։ Նա նշել է մորթու երկարությունն ու խտությունը, բծանախշերի և պոչի առանձնահատկությունները, ինչպես նաև նմուշի արտաքին որոշ նմանություններ ձյունահովազի մորթածածկույթի հետ[14]։
- Հյուսիսկովկասյան ընձառյուծ՝ ռուս կենդանաբան Կոնստանտին Սատունինը 1914 թվականին Կուբանից ստացված նմուշի հիման վրա նկարագրել է Leopardus pardus ciscaucasicus ձևը, որը հետագայում հիշատակվել է Felis ciscaucasica և ներկայիս ցեղային համակցության մեջ՝ Panthera pardus ciscaucasica անվանումներով[15]։
- Պարսկական ընձառյուծ՝ Ռեջինալդ Իննես Պոուքոքը 1927 թվականին առաջարկել է Panthera pardus saxicolor անվանումը՝ Պարսկաստանից ստացված նմուշների հիման վրա։ Անվանադիր տիպը եղել է Աստերաբադից՝ ներկայիս Գորգանից, ստացված արու առանձնյակի մաշկը և գանգը։ Պոուքոքը նշել է այդ նմուշների նմանությունը Կովկասի ընձառյուծներին[16]։
- Սինդիական ընձառյուծ՝ Պոուքոքը 1930 թվականին Կիրթհարի լեռներից՝ Բելուջիստանից, ստացված մեկ մաշկի և երկու գանգերի հիման վրա նկարագրել է Panthera pardus sindica ձևը։ Մաշկն արտաքին հատկանիշներով նման էր Իրանի և Փոքր Ասիայի ընձառյուծների մաշկերին, սակայն գունավորմամբ տարբերվում էր հնդկական ընձառյուծից[17]։ 20-րդ դարի վերջի մոլեկուլագենետիկական ուսումնասիրությունների արդյունքներով՝ sindica-ն չի կազմել ինքնուրույն գենետիկական ճյուղ և խմբավորվել է Կենտրոնական ու Հարավարևմտյան Ասիայում տարածված ընձառյուծների ընդհանուր գենետիկական խմբի մեջ[18]։
Տարածաշրջանային ձևերի միավորման վերաբերյալ գիտական մոտեցումները միաժամանակ չեն ձևավորվել։ Կովկասի և հարակից տարածքների 40 գանգերի 24 հատկանիշների ուսումնասիրությունը 2006 թվականին ցույց է տվել Կովկասի ու Թուրքմենստանի նմուշների ֆիլոգենետիկ նմանությունը և դրանց հնարավոր նմանությունը Հյուսիսային Իրանի նմուշներին։ Այդ ուսումնասիրության հեղինակները, սակայն, առաջարկել են պահպանել P. p. ciscaucasica անվանումը Կովկասի, Թուրքմենստանի և Հյուսիսային Իրանի պոպուլյացիաների համար, իսկ Արևմտյան Թուրքիայի P. p. tulliana-ն դիտարկել առանձին։ Հեղինակներն ընդգծել են նաև, որ որոշ տարածաշրջաններից ստացված նմուշների փոքր քանակը սահմանափակում է եզրակացությունների հուսալիությունը[19]։
Տարածաշրջանային ձևերի միավորման վերաբերյալ գիտական մոտեցումները միաժամանակ չեն ձևավորվել։ Կովկասի և հարակից տարածքների 40 գանգերի 24 հատկանիշների ուսումնասիրությունը 2006 թվականին ցույց է տվել Կովկասի ու Թուրքմենստանի նմուշների ֆիլոգենետիկ նմանությունը և դրանց հնարավոր նմանությունը Հյուսիսային Իրանի նմուշներին։ Այդ ուսումնասիրության հեղինակները, սակայն, առաջարկել են պահպանել P. p. ciscaucasica անվանումը Կովկասի, Թուրքմենստանի և Հյուսիսային Իրանի պոպուլյացիաների համար, իսկ Արևմտյան Թուրքիայի P. p. tulliana-ն դիտարկել առանձին։ Հեղինակներն ընդգծել են նաև, որ որոշ տարածաշրջաններից ստացված նմուշների փոքր քանակը սահմանափակում է եզրակացությունների հուսալիությունը[19]։
2011 թվականի միտոքոնդրիալ ԴՆԹ-ի և միջուկային միկրոսատելիտների ուսումնասիրությունը ցույց է տվել Աֆղանստանից Իրանի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի միջով մինչև Ռուսաստանի հյուսիսկովկասյան շրջաններ տարածված ընձառյուծների գենետիկական մերձավորությունը։ Հեղինակները եզրակացրել են, որ այս պոպուլյացիաները կարող են ընդգրկվել մեկ ենթատեսակի կազմում։ Ուսումնասիրության մեջ, սակայն, չեն ներառվել Արևմտյան Թուրքիայից ստացված հավաստի ծագմամբ tulliana նմուշներ, ուստի անատոլիական անվանակիր պոպուլյացիայի և Կովկաս–Իրան խմբի նույնականությունը ուղղակիորեն չէր ստուգվել[20]։
2017 թվականին ԲՊՄՄ-ի Կատվազգիների մասնագետների խմբի Կարգաբանական աշխատանքային խումբը, կիրառելով պահպանողական դասակարգում, Հարավարևմտյան Ասիայի ընձառյուծների համար ընդունել է Panthera pardus tulliana անվանումը՝ դրա կազմում ներառելով առնվազն նախկին ciscaucasica և saxicolor ձևերը։ Tulliana-ն ընտրվել է ոչ թե որպես նոր անվանում, այլ կենդանաբանական անվանակարգության առաջնության սկզբունքի համաձայն՝ որպես Հարավարևմտյան Ասիայի այս խմբի համար կիրառելի ամենավաղ գիտական անուն։ Այդ դասակարգմամբ ենթատեսակի տարածման շրջանակում ներառվել են Թուրքիան, Կովկասը, Իրանը, Իրաքը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Աֆղանստանը և Պակիստանը[21]։ Միաժամանակ ընդգծվել է, որ Արևմտյան Թուրքիայի պատմական նմուշների և Հարավարևմտյան Ասիայի մյուս պոպուլյացիաների հարաբերությունը լրացուցիչ համեմատական ուսումնասիրության կարիք ունի[22]։
P. p. tulliana-ի և հնդկական ընձառյուծի (P. p. fusca) միջև սահմանը նույնպես չի կարող ներկայացվել որպես Ինդոս գետով հստակ և անփոփոխ բաժանում։ 2019 թվականին Հյուսիսային Պակիստանից ստացված 43 հյուսվածքային նմուշների NADH5 միտոքոնդրիալ գենի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են երկու ենթատեսակներին վերագրվող հապլոտիպեր՝ 23 նմուշում՝ fusca, իսկ 12-ում՝ saxicolor/tulliana տիպի։ Երկու մայրական գծերի առկայությունը Հյուսիսային Պակիստանում ցույց է տալիս դրանց աշխարհագրական համընկնումը կամ պատմական ներթափանցումը և սահմանափակում Ինդոսը որպես բացարձակ կենսաշխարհագրական պատնեշ դիտարկելու հնարավորությունը[23]։
Այսպիսով՝ ժամանակակից դասակարգմամբ Կովկասի, Իրանի և Հարավարևմտյան Ասիայի հարակից շրջանների ընձառյուծները հիմնականում միավորվում են P. p. tulliana անվան ներքո։ Այդուհանդերձ, ենթատեսակի արևմտյան և արևելյան սահմանների, Թուրքիայի պատմական պոպուլյացիաների պատկանելության և Հյուսիսային Պակիստանում tulliana ու fusca մայրական գծերի փոխհարաբերության վերաբերյալ որոշ հարցեր դեռևս վերջնականապես լուծված չեն։
Գենետիկա և ազգակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը](Panthera pardus fusca)
(Panthera pardus orientalis)
Կովկասում և Արևմտյան Ասիայի այլ շրջաններում տարածված ընձառյուծների կարգաբանական պատկանելությունը երկար ժամանակ վիճելի է եղել։ Տարածաշրջանի տարբեր մասերից ստացված նմուշներից ուսումնասիրության արդյունքում նկարագրված P. p. ciscaucasica, P. p. saxicolor, P. p. sindica և P. p. dathei ձևերը նախկինում հաճախ դիտարկվել են որպես առանձին ենթատեսակներ։ Մոլեկուլային-գենետիկական և ձևաբանական ուսումնասիրությունների հիման վրա, սակայն, դրանք ներկայում ներառվում են Panthera pardus tulliana ենթատեսակի կազմում։ Թուրքիայի պատմական պոպուլյացիաներին վերագրվող նմուշների և Արևմտյան Ասիայի մյուս պոպուլյացիաների միջև կապը, սակայն, դեռևս ամբողջությամբ պարզաբանված չէ[24][25]։
2011 թվականին Ռուսաստանի հյուսիսկովկասյան շրջաններից, Հայաստանից, Ադրբեջանից, Իրանից, Թուրքմենստանից և Աֆղանստանից ստացված նմուշների ուսումնասիրությունը ցույց է տվել Կովկասի և Արևմտյան Ասիայի ընձառյուծների գենետիկական մեծ նմանությունը։ Միտոքոնդրիալ ԴՆԹ-ի և միջուկային միկրոսատելիտային մարկերների տվյալները հաստատել են, որ այդ պոպուլյացիաները մերձավոր ազգակցություն ունեն և հիմնավորված է դրանք մեկ ենթատեսակի կազմում դիտարկելը։ Միաժամանակ հեռավորարևելյան ընձառյուծի նմուշները կազմել են առանձին գենետիկական խումբ։ Ուսումնասիրությունը գործնական նշանակություն է ունեցել նաև Կովկասում ընձառյուծի վերաբնակեցման ծրագրերի համար՝ ընդգծելով բաց թողնման նպատակով ընտրվող կենդանիների գենետիկական ծագումը ստուգելու անհրաժեշտությունը[26]։ Իրանի տարբեր շրջաններից ստացված նմուշների 2020 թվականի ուսումնասիրությունը բացահայտել է մայրական գենետիկական համեմատաբար ցածր բազմազանություն և աշխարհագրական հստակ ենթաբաժանման բացակայություն։ Արդյունքները համատեղելի են իրանական ընձառյուծներին մեկ մայրական ծագումնաբանական խմբի մաս դիտարկելու հետ և հաստատում են Իրանի ու Կովկասի պոպուլյացիաների ընդհանուր ծագումնաբանական կապը։ Քանի որ ուսումնասիրությունը հիմնականում հիմնված էր միտոքոնդրիալ ԴՆԹ-ի վրա, այն ինքնին չէր կարող որոշել պոպուլյացիաների միջև ժամանակակից գենային հոսքի ծավալը, ինչի համար անհրաժեշտ են միջուկային և ամբողջական գենոմային տվյալներ[27]։
Ընձառյուծի ամբողջ արեալն ընդգրկած 2021 թվականի գենոմային հետազոտության համաձայն՝ ասիական ընձառյուծները միջուկային գենոմով ընդհանուր առմամբ կազմում են աֆրիկյան ընձառյուծներից առանձնացող մոնոֆիլետիկ խումբ։ Դրանց նախնիները հավանաբար Աֆրիկայից Ասիա են տարածվել շուրջ 500–600 հազար տարի առաջ։ Ասիական պոպուլյացիաները բնութագրվում են ավելի արտահայտված աշխարհագրական մեկուսացմամբ և աֆրիկյան պոպուլյացիաների համեմատ ցածր հետերոզիգոտությամբ, մինչդեռ ասիական ենթատեսակների միջև գենոմային տարբերությունները զգալիորեն փոքր են Աֆրիկայի և Ասիայի ընձառյուծների միջև եղած ընդհանուր տարանջատումից[28]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կովկասյան ընձառյուծը խոշոր չափերի գիշատիչ կատվազգի է՝ ամենախոշորը ընձառյուծների ենթատեսակների թվում։ Մարմինը մկանոտ է, երկարավուն ու ճկուն՝ հարմարեցված լեռնային լանդշաֆտում տեղաշարժման ու որսի համար։ Միջին չափահաս առանձնյակի մարմնի երկարությունը առանց պոչի կազմում է 145–158 սմ՝ որոշ դեպքերում հասնելով մինչև 165 սմ-ի։ Իրանցի գիտնական, ընձառյուծների հետազոտող Արեզու Սանեյի և Ասիական ընձառյուծների հետազոտողների ընկերակցության կողմից կատարված դաշտային կենսաչափական ուսումնասիրությունների համաձայն՝ Իրանական բարձրավանդակի տարբեր շրջաններում ապրող արու առանձնյակների մարմնի ընդհանուր երկարությունը տատանվում է 219 սմ-ից մինչև 255 սմ-ի միջակայքում, իսկ չափահաս արու առանձնյակների միջին երկարությունը կազմում է շուրջ 226 սմ։
Իրանի հյուսիսային Սեմնանի նահանգում գրանցվել է նաև չափազանց փոքր՝ ընդամենը 117 սմ երկարությամբ արու առանձնյակ։ Հետազոտության շրջանակներում դիտարկված միակ էգ առանձնյակի մարմնի երկարությունը կազմել է 210 սմ[29]։ Այսպիսով, կովկասյան ընձառյուծի ընդհանուր մարմնի երկարությունը՝ ըստ հարթ մաշկային նմուշների, կարող է գերազանցել 260 սմ-ը՝ հաշվի առնելով պոչի ամբողջական չափը[30]։ Գանգերի չափաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արու առանձնյակի գանգի երկարությունը կարող է հասնել մինչև 27.8 սմ, լայնությունը՝ մինչև 19.1 սմ, ինչը համեմատելի է վագրերի որոշ փոքր ենթատեսակների (սումատրական վագր, հնդկաչինական վագր) հետ։ Ամենամեծ գանգային նմուշները գրանցվել են Գոլեսթանի և Մազանդարանի նահանգներից ստացված ընձառյուծների շրջանում[30]։ Այս տվյալները ցույց են տալիս, որ կովկասյան ընձառյուծը զգալիորեն խոշոր է թե՛ աֆրիկյան (P. p. pardus), թե՛ հնդկական (P. p. fusca) ենթատեսակներից և համեմատաբար մոտ է միայն հնդկաչինական ընձառյուծին (P. p. japonensis), որը համարվում է կովկասյան ընձառյուծից հետո երկրորդ խոշորագույն ենթատեսակը[31]։ Կովկասյան ընձառյուծի գլուխը կլորավուն է, ճակատային հատվածը՝ խորացած և հարթ։ Գանգի միջին երկարությունը հասնում է 192 մմ-ի[32]։
Մռութը կարճ և լայն է, որի շնորհիվ դիմային հատվածը դառնում է հարթ և ամուր՝ հենարան ստեղծելով կծող մկանների համար։ Պարանոցը կարճ է, սակայն զարգացած մկանային զանգվածով, ինչը թույլ է տալիս ապահովել ծանր գանգի կայուն պահման վիճակը և գլխի ճկուն շարժունակությունը։ Աչքերը մեծ են՝ դեղնավունից մինչև մուգ դարչնագույն երանգներով և հաճախ ընդգծված արտևանունքով[33]։ Ականջները փոքր են, կլորավուն ձևով և սև եզրագծով՝ տեղակայված կողային դիրքով, ինչը նպաստում է ձայնային ազդակների լայն տարածության մեջ ընկալմանը։ Դրանց փոքր չափը միևնույն ժամանակ ապահովում է քողարկման ավելի լավ հնարավորություններ և նվազեցնում ջերմության կորուստը ցուրտ եղանակին՝ նպաստելով ջերմակարգավորմանը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կովկասյան ընձառյուծը խոշորակազմ, մկանուտ և երկարավուն մարմնով գիշատիչ կատվազգի է։ Համարվում է ընձառյուծի խոշորագույն ենթատեսակը, թեև չափերը զգալիորեն տարբերվում են՝ կախված առանձնյակի սեռից, տարիքից, աշխարհագրական ծագումից և չափման եղանակից[34]։ Մարմնի կառուցվածքը հարմարեցված է ժայռոտ լանջերով, կիրճերով և անհարթ լեռնային տեղանքով շարժվելուն․ իրանը ճկուն է, կրծքավանդակը՝ խոր, իսկ վերջույթները՝ կարճավուն, հաստ և ուժեղ։
Սեռահասուն առանձնյակների գլխամարմնի երկարությունը սովորաբար մոտ 125–190 սմ է, իսկ պոչինը՝ շուրջ 60–110 սմ։ Կովկասյան և իրանական պոպուլյացիաների համար գրականության մեջ հաճախ նշվում է գլխա–մարմնի շուրջ 158 սմ միջին երկարություն, մոտ 94 սմ երկարությամբ պոչ և 192 մմ միջին գանգային երկարություն[35]։ Ուսերի բարձրությունը խոշոր առանձնյակների մոտ կարող է հասնել մոտ 70–75 սմ-ի։ Իրանում հյուսիսային շրջաններում հանդիպող խոշոր արուների քաշը սովորաբար գնահատվում է 60–90 կգ, մինչդեռ էգերը միջինում զգալիորեն թեթև են[36]։ Իրանի տարբեր նահանգներից հավաքված դաշտային և թանգարանային կենսաչափական տվյալները հաստատում են չափերի զգալի տատանումը։ Իրանցի վայրի բնության էկոլոգ և ընձառյուծների պահպանության մասնագետ Արեզու Սանեյի հրապարակած տվյալներում արուների չափումների շարքում արձանագրվել են շուրջ 219–255 սմ ընդհանուր երկարություններ, իսկ առանձին հարթ փռված մաշկերի երկարությունը գերազանցել է 260 սմ-ը[37]։ Գլուխը համեմատաբար խոշոր և կլորավուն է, իսկ մռութը՝ կարճ ու լայն։ Լայն այտային աղեղները և գանգի զարգացած կատարները մեծ մակերես են ապահովում ծնոտները փակող քունքային ու ծամող մկանների ամրացման համար։ Իրանի հյուսիսային շրջաններից հայտնի խոշոր արուների գանգերը առանձնանում են հատկապես լայն այտային հատվածով։ Առանձին նմուշների գանգի առավելագույն ընդհանուր երկարությունը մոտեցել է 28 սմ-ի, իսկ այտային լայնությունը՝ 19 սմ-ի[37]։ Այս հատկանիշները կապված են ուժեղ կծվածքի և մարմնի համեմատ խոշոր որսը բռնելու ու տեղափոխելու կարողության հետ։

Պարանոցը կարճ, հաստ և մկանուտ է։ Առջևի վերջույթներն ու ուսագոտին զարգացած են և ծառայում են որսը բռնելու, գետնին տապալելու և զառիթափ լանջերով վեր բարձրանալու համար։ Հետևի վերջույթները համեմատաբար երկար ու հզոր են՝ ապահովելով կարճ տարածության վրա արագացում և ցատկելու մեծ կարողություն։ Թաթերը լայն են, իսկ մատների ստորին հատվածնեերն ունեն փափուկ բարձիկներ, որոնք մեղմացնում են քայլքի ձայնը և բարելավում հենումը քարքարոտ մակերևույթների վրա։ Առջևի թաթերն ունեն հինգ, իսկ հետևինները՝ չորս տեսանելի մատ․ ճանկերը, բացառությամբ առջևի հավելյալ մատի ճանկի, քայլելիս սովորաբար հետ են քաշվում պաշտպանիչ պատյանների մեջ[38]։
Պոչը երկար է և կազմում է գլխա–մարմնի երկարության մոտ կեսից երկու երրորդը։ Այն հակակշիռի դեր է կատարում վազքի, կտրուկ շրջադարձերի, ցատկերի և ժայռային նեղ ելուստներով շարժվելու ժամանակ։ Պոչի դիրքն ու շարժումները նաև մասնակցում են տեսողական հաղորդակցությանը, հատկապես մոր և ձագերի միջև[38]։
Աչքերը տեղադրված են գանգի առջևային մասում՝ ապահովելով երկակնային տեսողություն և հեռավորության ճշգրիտ գնահատում։ Ծիածանաթաղանթը սովորաբար դեղնավուն, սաթագույն կամ բաց դարչնագույն է, իսկ բիբը պայծառ լույսի պայմաններում նեղանում է կլորավուն բացվածքի։ Ցանցաթաղանթի հետևում գտնվող լուսանդրադարձ շերտը՝ tapetum lucidum-ը, ուժեղացնում է թույլ լուսավորության պայմաններում տեսնելու կարողությունը։ Դեմքի սև նշագծերը նվազեցնում են աչքերի տեսանելի ուրվագիծը և կարող են նպաստել քողարկմանը։
Ականջները փոքր, կլորավուն և լայնորեն բաժանված են։ Դրանց արտաքին կողմը հիմնականում սև է՝ կենտրոնական բաց բծով, որը կարող է ծառայել որպես ներտեսակային տեսողական ազդանշան։ Ականջախեցիները կարող են շարժվել միմյանցից անկախ՝ թույլ տալով որոշել ձայնի ուղղությունը՝ առանց գլխի դիրքը փոխելու։ Մռութի երկար շոշափելի մազերը՝ վիբրիսները, զգայուն են օդի շարժման և անմիջական շրջապատի առարկաների նկատմամբ, ինչն առանձնապես կարևոր է մթության մեջ, խիտ բուսականության կամ ժայռերի նեղ ճեղքերի միջով շարժվելիս[38]։
Մորթու գունավորում և բծանախշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կովկասյան ընձառյուծի մորթու հիմնական գունավորումը զգալիորեն փոփոխական է․ այն կարող է լինել գորշադեղնավուն կամ դեղնագորշից մինչև ավելի հագեցած ոսկեգորշ՝ ընդհուպ մինչև թույլ արտահայտված կարմրավուն երանգով։ Մեջքի և կողերի գունավորումը սովորաբար ավելի մուգ է, մինչդեռ դնչի ստորին մասը, կզակը, կոկորդային հատվածը, կուրծքը, որովայնը և վերջույթների ներքին մակերևույթները սպիտակավուն կամ բաց դեղնասպիտակ են[39][40]։ Պատմական կենդանաբանական նկարագրություններում այն բնութագրվել է որպես ընդհանուր առմամբ գորշավուն, երբեմն՝ թույլ կարմրավուն երանգով և ասիական որոշ այլ պոպուլյացիաների համեմատ ավելի բաց մորթի ունեցող ընձառյուծ[41]։

Մորթու երանգը միատեսակ չէ նույնիսկ նույն աշխարհագրական պոպուլյացիայի սահմաններում։ Իրանում փաստագրվել են ինչպես շատ բաց, այնպես էլ համեմատաբար մուգ մորթու գունավորմամբ առանձնյակներ․ երկրի հյուսիսարևմտյան շրջաններում նկարագրվել են բաց գորշավուն, իսկ հյուսիսարևելյան շրջաններում՝ ավելի մուգ դեղնագորշ գունավորմամբ կենդանիներ[40][42]։ Այս տարբերությունները նախկինում երբեմն դիտվել են որպես առանձին ենթատեսակներին ներհատուկ հատկանիշներ, սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մորթու գույնի աշխարհագրական գործոնով պայմանավորված փոփոխականությունն ինքնին բավարար հիմք չէ նման կարգաբանական բաժանումների համար[40][43]։
Մեջքի և կողերի վրա մուգ գունանյութը ձևավորում է խոշոր, անկանոն օղակաձև նշաններ՝ վարդյակներ։ Դրանք կազմված են սև կամ մուգ շագանակագույն ընդհատվող եզրագծերից, որոնց կենտրոնում սովորաբար պահպանվում է հիմնական մորթու գույնը։ Կովկասյան ընձառյուծի վարդյակները հիմնականում խոշոր են և միմյանցից համեմատաբար հեռու դասավորված։ Առավել խոշոր նշանները տարածվում են մեջքի ու կողերի վրա, իսկ ուսերի և վերջույթների վերին հատվածներում դրանք սովորաբար փոքրանում են։ Գլխի, պարանոցի, վերջույթների ստորին հատվածների և որովայնի վրա վարդյակները փոխարինվում են ամբողջական, կլորավուն կամ անկանոն սև բծերով[44][39]։ Պոչի հիմքի մոտ նշանները վարդյակաձև կամ խոշոր բծավոր են։ Վարդյակների ու բծերի չափը, ձևը և փոխադարձ դասավորությունը յուրաքանչյուր առանձնյակի մոտ յուրահատուկ են և էականորեն չեն փոխվում կենդանու հասունանալուց հետո։ Այս հատկանիշը հնարավորություն է տալիս տեսախցիկ-թակարդների լուսանկարներում նույնականացնելու առանձին կենդանիներին՝ սովորաբար համեմատելով մարմնի նույն կողմի ուսային, կողային և ազդրային հատվածների նախշերը։ Անհատական ճանաչման այս եղանակը լայնորեն կիրառվում է ընձառյուծների թվաքանակի, տարածական տեղաշարժերի, բնակավայրի օգտագործման և գոյատևման ցուցանիշների ուսումնասիրություններում[45][46]։
Ժանիքներ և կծվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կովկասյան ընձառյուծի ատամնաշարը բնորոշ է մսակեր կատվազգիներին և կազմված է 30 ատամից։ Ատամնային բանաձևն է՝ , որտեղ թվերը հաջորդաբար ցույց են տալիս վերին և ստորին ծնոտների յուրաքանչյուր կեսում գտնվող կտրիչների, ժանիքների, նախասեղանատամների և սեղանատամների քանակը։ Յուրաքանչյուր ծնոտի առջևային մասում տեղակայված են երեքական փոքր կտրիչներ, որոնց հաջորդում են մեկական խոշոր ժանիք, իսկ հետին հատվածում՝ նախասեղանատամներն ու սեղանատամները։ Վերին չորրորդ նախասեղանատամը և ստորին առաջին սեղանատամը ձևավորում են «մսատիչ զույգը», որն ունակ է կտրելու ընձառյուծի սննդակարգի մաս կազմող կենդանիների մաշկը, ջլերն ու մկանային հյուսվածքները[47]։

Ժանիքները երկար, ամուր և թեթևակի հետ կորացած կոնաձև ատամներ են։ Դրանց մեծ մասը խորասուզված է ծնոտի ոսկրային բների՝ ատամնաբների մեջ, ուստի բերանից տեսանելի պսակը կազմում է ժանիքի ամբողջ երկարության միայն մի մասը։ Կորությունը նպաստում է որսի մարմնի մեջ ժանիքների ներթափանցմանը և կենդանու՝ ծնոտներից դուրս պրծնելու կանխմանը։ Միաժամանակ ժանիքները հարմարեցված չեն ոսկորներ ջարդելուն․ լայնակի կամ ոլորող ուժերի ազդեցությամբ դրանք կարող են ճաքել կամ կոտրվել։ Այդ պատճառով ընձառյուծը խոշոր որսին նախ ճնշում և անշարժացնում է առջևի հզոր վերջույթներով, ապա հասցնում համեմատաբար ճշգրիտ կծվածք[48]։
Ընձառյուծի գանգի կարճ դիմային հատվածը, լայն այտային աղեղները և զարգացած քունքային ու ծամող մկանները հնարավորություն են տալիս համեմատաբար մեծ ուժ կենտրոնացնել ժանիքների և մսատիչ ատամների վրա։ Ծնոտների մեխանիկական կառուցվածքի պատճառով կծման ուժն առավել մեծ է բերանի հետին հատվածում՝ մսատիչ ատամների մոտ, քանի որ դրանք գտնվում են ծնոտային հոդին ավելի մոտ։ Համեմատական կենսամեխանիկական ուսումնասիրություններից մեկում 51 կգ միջին մարմնի զանգված ունեցող կովկասյան ընձառյուծների համար հաշվարկվել է մոտ 559 նյուտոն ուժ ժանիքների և շուրջ 851 նյուտոն՝ մսատիչ ատամների մակարդակում[48]։ Սրանք չոր գանգերի չափումներից և ծամող մկանների գնահատված լայնական մակերեսից ստացված մոդելային ցուցանիշներ են, այլ ոչ կենդանի կովկասյան ընձառյուծների վրա ուղղակիորեն կատարված չափումներ։ Հետևաբար դրանք չեն արտահայտում ենթատեսակի բոլոր առանձնյակների իրական առավելագույն կծման ուժը։ Մարմնի զանգվածի նկատմամբ հաշվարկված կծման ուժով ընձառյուծը մոտ է մեծ կատվազգիների ընդհանուր միջինին։ Նույն ուսումնասիրության մեջ նրա ժանիքային կծվածքի հարաբերական գործակիցը՝ bite force quotient-ը, կազմել է 98.8, երբ համեմատվող մսակեր կաթնասունների միջին պայմանական ցուցանիշը մոտ 100 է[48]։
Խոշոր սմբակավորին որսալիս ընձառյուծը սովորաբար փորձում է ամուր բռնել կոկորդի կամ պարանոցի առաջային հատվածը։ Երկարատև սեղմող կծվածքը կարող է փակել շնչուղիները, խոչընդոտել պարանոցի արյան շրջանառությունը և հանգեցնել որսի շնչահեղձության։ Փոքր կենդանիները երբեմն սպանվում են գլխի կամ ծոծրակի շրջանում հասցված կծվածքով, որը կարող է վնասել գանգը կամ պարանոցային ողերը[47]։ Ընձառյուծը հաճախ պահպանում է կոկորդային բռնումը նույնիսկ այն բանից հետո, երբ որսը դադարում է ակտիվորեն դիմադրել՝ նվազեցնելով նրա վերականգնվելու կամ փախչելու հավանականությունը։ Սնվելիս փոքր կտրիչներով միսը քերում է ոսկրերից և հեռացնում մաշկի կամ փետուրների որոշ հատվածներ, իսկ մսատիչ ատամներով մասնատում է խոշոր հյուսվածքները։ Ծնոտի կառուցվածքը գրեթե թույլ չի տալիս կատվազգիներին սնունդը մանրացնել կողային ծամող շարժումներով․ ստորին ծնոտը հիմնականում շարժվում է ուղղահայաց՝ բացվելով և փակվելով։ Այդ պատճառով մսի կտորները կտրվում են մսատիչ ատամներով և հաճախ կուլ տրվում՝ առանց երկարատև ծամելու[47]։
Պոչ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կովկասյան ընձառյուծն ունի երկար, մկանուտ և դեպի ծայրը աստիճանաբար նեղացող պոչ։ Միջին երկարությունը կազմում է մոտ 94 սմ, սակայն խոշոր առանձնյակների մոտ այն կարող է գերազանցել մեկ մետրը։ Պոչը սովորաբար կազմում է գլխա–մարմնի երկարության կեսից ավելի մասը և հանգիստ կանգնած կենդանու մոտ հասնում է գրեթե գետնին[49]։ Դրա հիմքային հատվածը հաստ է ու մկանուտ, իսկ ծայրային մասը՝ ճկուն։ Պոչը կարևոր դեր ունի մարմնի հավասարակշռության պահպանման գործում։ Ժայռոտ լանջերով, նեղ ելուստներով և անհարթ մակերևույթներով շարժվելիս այն ծառայում է որպես հակակշիռ՝ փոխհատուցելով մարմնի ծանրության կենտրոնի տեղաշարժը։ Վազքի, ցատկերի և արագ շրջադարձերի ժամանակ պոչի շարժումը նպաստում է մարմնի դիրքի վերահսկմանը և վայրէջքի կայունությանը։ Այս գործառույթը հատկապես կարևոր է կովկասյան ընձառյուծի զբաղեցրած լեռնային ու կիրճային կենսամիջավայրերում։
Պոչը մասնակցում է նաև ներտեսակային տեսողական հաղորդակցությանը։ Դրա դիրքն ու շարժումները կարող են արտահայտել զգոնություն, գրգռվածություն, սպառնալիք կամ հանգիստ վիճակ։ Ձագերի հետ տեղաշարժվելիս էգը երբեմն պոչը բարձր է պահում, ինչն օգնում է ձագերին նկատել և հետևել մորը խիտ բուսականության կամ քարքարոտ տեղանքի պայմաններում[50]։
Պոչի հիմքային հատվածի բծանախշը նման է մարմնի ընդհանուր նախշին՝ կազմված վարդյակաձև կամ անկանոն սև բծերից։ Դեպի ծայրը վարդյակները աստիճանաբար փոխարինվում են լայնակի մուգ օղակներով կամ կիսաօղակներով, իսկ ծայրի հատվածը սովորաբար սևավուն է։
Սեռային դիմորֆիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կովկասյան ընձառյուծի մոտ արտահայտված է չափային սեռային երկձևությունը․ հասուն արուները սովորաբար էգերից խոշոր են թե՛ մարմնի զանգվածով, թե՛ գծային չափերով։ Արուներն ունեն ավելի ծանր ու մկանուտ մարմնակազմություն, լայն գլուխ, հաստ պարանոց, զարգացած ուսագոտի և համեմատաբար խոշոր վերջույթներ, մինչդեռ էգերը սովորաբար ավելի թեթևակազմ և նրբակազմ են։ Իրանի տարբեր շրջաններից հավաքված 55 չափաբանական նմուշների ուսումնասիրության համաձայն՝ հասուն արուները միջինում մոտ 15 % ավելի ծանր և մարմնի ընդհանուր երկարությամբ շուրջ 11 % ավելի մեծ են եղել հասուն էգերից[51]։
Սեռային տարբերությունները նկատելի են նաև գանգի կառուցվածքում։ Իրանից ստացված 63 գանգերի 24 չափումների համեմատությունը ցույց է տվել, որ արուների գանգն ընդհանուր առմամբ ավելի խոշոր և զանգվածեղ է։ Հատկապես տարբերակիչ են եղել գանգի ընդհանուր երկարությունը, այտային աղեղների լայնությունը, դնչային հատվածի և ստորին ծնոտի չափերը։ Այդ հատկանիշները պայմանավորում են արուների գլխի ավելի լայն ու հզոր արտաքին տեսքը։ Միևնույն ժամանակ, երբ վիճակագրական վերլուծության ընթացքում բացառվել է գանգի ընդհանուր չափի ազդեցությունը, արուների և էգերի գանգի ձևի միջև էական տարբերություն չի հայտնաբերվել։ Հետևաբար երկձևությունը վերաբերում է առավելապես չափին և զանգվածեղությանը, այլ ոչ թե գանգի հիմնովին տարբեր կառուցվածքին[51]։
Երկձևությունն առավել հստակ դրսևորվում է երեք տարեկանից բարձր հասուն առանձնյակների մոտ։ Երիտասարդ արուների և էգերի չափային տարբերությունները զգալիորեն թույլ են, ինչի պատճառով տեսախցիկ-թակարդների լուսանկարներով նրանց սեռի որոշումը հաճախ այնքան էլ հուսալի չէ։ Հասուն կենդանիների դեպքում արուներին սովորաբար ճանաչում են խոշոր գլխով, հաստ պարանոցով, ծանր ուսային հատվածով և ընդհանուր հզոր մարմնակազմությամբ, իսկ էգերին՝ ավելի փոքր գլխով ու թեթև համամասնություններով։ Այնուամենայնիվ, լուսանկարային նույնականացման ժամանակ հաշվի են առնվում նաև կենդանու դիրքը, հեռավորությունը, տարիքը և լուսանկարման անկյունը, քանի որ դրանք կարող են աղավաղել իրական չափերի ընկալումը[51]։
Արուների և էգերի մորթու հիմնական գունավորման, վարդյակների ձևի կամ բծանախշի խտության միջև կայուն սեռային տարբերություններ չեն արձանագրվել։ Երկու սեռերի ներկայացուցիչներն էլ ունեն ենթատեսակին բնորոշ բաց գորշադեղնավունից մինչև ոսկեգորշ մորթի և մուգ վարդյակային նախշ։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Գրանցված է նաև նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում։ Ընձառյուծի այս ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը՝ «Near Threatened» կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D:
Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում։ 2002 թվականից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հյուսիսային Կովկասում, Հարավային Կովկասում, Արևելյան Թուրքիայում, Հարավային Թուրքմենստանում, Իրանում, Աֆղանստանում։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում։
Հայաստանում պոպուլյացիայի թվաքանակը՝ 10—33 առանձնյակ։ Ներկայիս դրությամբ կենդանատեսակի քանակը 26–30 առանձնյակ է։ Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7500 կմ2։ Բնակեցման տարածքը կազմում է 2861 կմ2։ Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և միջանցքներ։ Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում (207.9–208 կմ2), գ. Նռնաձորից դեպի հյուսիս (297 կմ2) գտնվող տեղամասում եւս գիշատիչը բնակվում է մշտապես։ Բայց հայաստանում զբոսնող սև գույնի մելանիստիկ ընձառյուծների թիվը կազմում է 8-12 առանձյակ, քանակը չի գերազանցում 13-ը։
Հարձակումներ մարդկանց վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կովկասյան ընձառյուծը սովորաբար խուսափում է մարդկանցից, և մարդկանց վրա հարձակումները նրա վարքագծին բնորոշ սովորական դրսևորում չեն։ Արձանագրված դեպքերի մեծ մասը կապված է ոչ թե մարդուն որպես որս ընտրելու, այլ պաշտպանական հակազդեցության հետ․ ընձառյուծը կարող է հարձակվել, երբ անակնկալի է բերվում մոտ տարածությունից, վիրավոր է, հետապնդվում է, շրջապատված կամ անկյուն է քշված, պաշտպանում է ձագերին կամ փորձում է հեռանալ անասունների մոտից։ Նման դեպքերում կենդանին սովորաբար հասցնում է վնասվածքներ և հեռանում, իսկ մահվան ելքը համեմատաբար հազվադեպ է[52]։
Ենթատեսակի մարդկանց վրա հարձակումների վերաբերյալ առավել ամբողջական տվյալները հավաքվել են Իրանում, որտեղ պահպանվում է նրա հիմնական պոպուլյացիան։ Իրանի պետական մարմինների հաստատած հաղորդումների ուսումնասիրությամբ՝ 2012–2020 թվականներին գրանցվել է կովկասյան ընձառյուծի մասնակցությամբ 31 միջադեպ․ 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ մեկ դեպք ունեցել է մահվան ելք։ Դեպքերի 61 %-ը գնահատվել է որպես կենդանու պաշտպանական հակազդեցություն։ Հարձակումների 81 %-ը տեղի է ունեցել անասուններ արածեցնելիս, երբ հովիվները մտել են ընձառյուծի բնակավայր կամ փորձել են պաշտպանել ընտանի կենդանիներին[52]։
Տուժածների մեծ մասը եղել են բաց տարածքներում աշխատող հասուն տղամարդիկ։ Իրանական տվյալներում ընձառյուծների հարձակումներից տուժածների 90 %-ը եղել է չափահաս, 97 %-ը՝ տղամարդ, իսկ դեպքերի 90 %-ը տեղի է ունեցել ցերեկային ժամերին։ Միջադեպեր արձանագրվել են տարվա բոլոր ամիսներին, սակայն դրանց տարածական կենտրոնացումը առավել բարձր է եղել Իրանի հյուսիսային նահանգներում՝ հատկապես Մազանդարանում, Հյուսիսային Խորասանում, Գիլանում և Գոլեստանում։ Սա բացատրվում է այդ շրջաններում ընձառյուծների համեմատաբար բարձր տարածվածությամբ, մարդկանց տնտեսական գործունեության և կենդանու բնակավայրերի ավելի մեծ համընկնմամբ, ինչպես նաև անասնապահական տարածքների ներթափանցմամբ անտառային ու լեռնային կենսամիջավայրեր[52]։
Կովկասի երկրների համար մարդկանց վրա հարձակումների վերաբերյալ համադրելի միասնական վիճակագրություն չկա։ Հայաստանում և Հարավային Կովկասի մյուս հատվածներում ընձառյուծների ծայրահեղ փոքր թվաքանակը և մարդկանցից խուսափող վարքագիծը նման հանդիպումները դարձնում են բացառիկ։ Սակայն գրանցված դեպքերի բացակայությունը չի կարելի մեկնաբանել որպես հարձակման կենսաբանական անհնարինություն, հատկապես երբ կենդանին վիրավոր կամ շրջապատված է։
Բնակության պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է լեռնատափաստաններում և տափաստաններում, չորային կամ լեռնային նոսրանտառներում, անտառատափաստաններում, սաղարթախիտ անտառներում, որտեղ ամենաշատը ծառեր են։ հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետիններում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որսում են վայրի խոզ, այծյամ, հնդկական մացառախոզ, գորշ նապաստակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Panthera pardus ssp. saxicolor,The IUCN Red List of Threatened Species». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Persian Leopard — Panthera pardus tulliana». IUCN/SSC Cat Specialist Group (անգլերեն). Վերցված է 2026-08-19-ին.
- ↑ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին». Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ. ՀՀ արդարադատության նախարարություն. Վերցված է 2026-08-19-ին.
- ↑ «Կովկասյան ընձառյուծը վերադառնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց». ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն. Վերցված է 2026-08-19-ին.
- ↑ «Կովկասյան ընձառյուծի տարի». ՀՀ կենտրոնական բանկ. Վերցված է 2026-08-19-ին.
- ↑ «საქართველოს რესპუბლიკის „წითელ წიგნში" შესატან იშვიათ და გადაშენების პირას მისულ ცხოველთა სახეობათა ნუსხა». საქართველოს საკანონმდებლო მაცნე (վրացերեն). Վերցված է 2026-08-19-ին.
- ↑ «Avropa Gənclər Olimpiya Festivalı "Bakı 2019"». Azərbaycan Respublikasının Gənclər və İdman Nazirliyi (ադրբեջաներեն). Վերցված է 2026-08-19-ին.
- ↑ «Выпуск переднеазиатского леопарда в дикую природу». Правительство России (ռուսերեն). Վերցված է 2026-08-19-ին.
- ↑ «Anadolu Parsının En Net Görüntüsü Kaydedildi». TÜBİTAK Bilim Genç (թուրքերեն). Վերցված է 2026-08-19-ին.
- ↑ «سفت شدن جاپای پلنگ ایرانی در مازندران». IRNA (պարսկերեն). Վերցված է 2026-08-19-ին.
- ↑ «Persian Leopard — Panthera pardus tulliana». IUCN/SSC Cat Specialist Group (անգլերեն). Վերցված է 2026-08-19-ին.
- ↑ Kitchener, Andrew C.; և այլք: (2017). «A revised taxonomy of the Felidae: The final report of the Cat Classification Task Force of the IUCN/SSC Cat Specialist Group». Cat News (անգլերեն). Special Issue 11.
- ↑ Valenciennes, Achille (1856). «Sur une nouvelle espèce de Panthère tuée par M. Tchihatcheff à Ninfi, village situé à huit lieues est de Smyrne». Comptes rendus hebdomadaires des séances de l'Académie des sciences (ֆրանսերեն). 42: 1035–1039.
- ↑ Lydekker, Richard (1899). «On the Leopard of the Caucasus». Proceedings of the Zoological Society of London: 795–796.
- ↑ Satunin, K. A. (1914). Conspectus Mammalium Imperii Rossici I (ռուսերեն). Tiflis: Tipografiâ Kancelârii Namestnika E. I. V. na Kavkaz. էջեր 159–160.
- ↑ Pocock, Reginald Innes (1927). «Descriptions of two new subspecies of leopards». Annals and Magazine of Natural History. 9. 20: 213–214.
- ↑ Pocock, Reginald Innes (1930). «The Panthers and Ounces of Asia. Part I». Journal of the Bombay Natural History Society. 34 (1): 64–82.
- ↑ Miththapala, S.; Seidensticker, J.; O'Brien, S. J. (1996). «Phylogeographic Subspecies Recognition in Leopards (Panthera pardus): Molecular Genetic Variation». Conservation Biology. 10 (4): 1115–1132. doi:10.1046/j.1523-1739.1996.10041115.x.
- 1 2 Khorozyan, Igor G.; Baryshnikov, Gennady F.; Abramov, Alexei V. (2006). «Taxonomic status of the leopard, Panthera pardus (Carnivora, Felidae) in the Caucasus and adjacent areas». Russian Journal of Theriology. 5 (1): 41–52. doi:10.15298/rusjtheriol.5.1.06.
- ↑ Rozhnov, V. V.; Lukarevskiy, V. S.; Sorokin, P. A. (2011). «Application of molecular genetic characteristics for reintroduction of the leopard (Panthera pardus L., 1758) in the Caucasus» (PDF). Doklady Biological Sciences. 437: 97–102. doi:10.1134/S0012496611020062.
- ↑ Kitchener, A. C.; Breitenmoser-Würsten, C.; Eizirik, E.; Gentry, A.; Werdelin, L. (2017). «A revised taxonomy of the Felidae: The final report of the Cat Classification Task Force of the IUCN/SSC Cat Specialist Group». Cat News (Special Issue 11): 1–80.
{{cite journal}}: Invalid|display-authors=5(օգնություն) - ↑ «Persian Leopard». IUCN/SSC Cat Specialist Group. Վերցված է 2026-08-22-ին.
- ↑ Asad, Muhammad; Martoni, Francesco; Ross, James G.; Waseem, Muhammad; Abbas, Fakhar-i; Paterson, Adrian M. (2019). «Assessing subspecies status of leopards (Panthera pardus) of northern Pakistan using mitochondrial DNA». PeerJ. 7: e7243. doi:10.7717/peerj.7243. PMC 6640621. PMID 31341733.
{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Kitchener, A. C.; Breitenmoser-Würsten, Ch.; Eizirik, E.; Gentry, A.; Werdelin, L.; Wilting, A.; et al. (2017). «A revised taxonomy of the Felidae: The final report of the Cat Classification Task Force of the IUCN/SSC Cat Specialist Group». Cat News, Special Issue 11: 66–69.
- ↑ IUCN/SSC Cat Specialist Group. «Persian Leopard». Վերցված է՝ 22 օգոստոսի 2026 թ.
- ↑ Rozhnov, V. V.; Lukarevskiy, V. S.; Sorokin, P. A. (2011). «Application of molecular genetic characteristics for reintroduction of the leopard (Panthera pardus L., 1758) in the Caucasus». Doklady Biological Sciences, 437: 97–102. doi:10.1134/S0012496611020062.
- ↑ Farhadinia, M. S.; Ashrafzadeh, M. R.; Senn, H.; Ashrafi, S.; Farahmand, H.; Ghazali, M.; Hunter, L. T. B.; Macdonald, D. W. (2020). «Is there low maternal genetic variation in West Asian populations of leopard?». Mammal Research, 65: 701–708. doi:10.1007/s13364-020-00510-1.
- ↑ Paijmans, J. L. A.; Barlow, A.; Becker, M. S.; et al. (2021). «African and Asian leopards are highly differentiated at the genomic level». Current Biology, 31 (9): 1872–1882.e5. doi:10.1016/j.cub.2021.03.084.
- ↑ Sanei, A. (2007). Analysis of leopard (Panthera pardus) status in Iran (No.1) (պարսկերեն). Tehran: Sepehr Publication Center. ISBN 978-964-6123-74-8.
- 1 2 Sanei, A. (2007). Analysis of leopard (Panthera pardus) status in Iran (No.1) (պարսկերեն). Tehran: Sepehr Publication Center. ISBN 978-964-6123-74-8.
- ↑ Hemmer, H. (1976). «Studies on the morphology and ecology of Panthera pardus japonensis». Zoologischer Anzeiger.
- ↑ Hemmer, H. (1976). «Studies on the morphology and ecology of Panthera pardus japonensis». Zoologischer Anzeiger.
- ↑ Sunquist, M. & F. (2002). Wild Cats of the World. University of Chicago Press. ISBN 978-0226779997.
- ↑ Rosen, Tatjana; Mengüllüoğlu, Deniz (2022). «Biology, ecology and taxonomy of the Persian leopard». Cat News (անգլերեն) (Special Issue 15): 6–11.
- ↑ Kitchener, Andrew C. (1991). The Natural History of the Wild Cats (անգլերեն). Cornell University Press. ISBN 978-0-8014-8498-5.
{{cite book}}: Check|isbn=value: checksum (օգնություն) - ↑ «Leopard». Encyclopædia Iranica (անգլերեն). Վերցված է 2026-08-22-ին.
- 1 2 Sanei, Arezoo (2007). Analysis of Leopard (Panthera pardus) Status in Iran (No. 1) (պարսկերեն). Tehran: Sepehr Publication Center. ISBN 978-964-6123-74-8.
- 1 2 3 Sunquist, Mel; Sunquist, Fiona (2002). Wild Cats of the World (անգլերեն). University of Chicago Press. ISBN 978-0-226-77999-7.
- 1 2 Stein, Andrew B.; Athreya, Vidya; Gerngross, Philipp (2013). «Panthera pardus (Carnivora: Felidae)». Mammalian Species. 45 (900): 30–48. doi:10.1644/900.1.
- 1 2 3 Khorozyan, Igor G.; Baryshnikov, Gennady F.; Abramov, Alexei V. (2006). «Taxonomic status of the leopard, Panthera pardus (Carnivora, Felidae) in the Caucasus and adjacent areas» (PDF). Russian Journal of Theriology. 5 (1): 41–52. doi:10.15298/rusjtheriol.05.1.06.
- ↑ Pocock, Reginald Innes (1927). «Description of two subspecies of leopards». Annals and Magazine of Natural History. 9. 20: 213–214.
- ↑ Kiabi, Bahram H.; Dareshouri, Bahman F.; Ghaemi, R. Ali; Jahangiri, Hassan (2002). «Population status of the Persian leopard (Panthera pardus saxicolor Pocock, 1927) in Iran». Zoology in the Middle East. 26 (1): 41–47. doi:10.1080/09397140.2002.10637920.
- ↑ Kitchener, Andrew C.; Breitenmoser-Würsten, Christine; Eizirik, Eduardo; և այլք: (2017). «A revised taxonomy of the Felidae: The final report of the Cat Classification Task Force of the IUCN/SSC Cat Specialist Group». Cat News. Special Issue 11: 1–80.
- ↑ Pocock, Reginald Innes (1930). «The panthers and ounces of Asia». Journal of the Bombay Natural History Society. 34 (1): 65–82.
- ↑ «How PantheraCams Are Shaping Wild Cat Conservation». Panthera. Վերցված է 2026-08-22-ին.
- ↑ Wattegedera, Malaka; Krishan, K.; Gunasekara, Chaminda; և այլք: (2022). «A Multi-Point Identification Approach for the Recognition of Individual Leopards (Panthera pardus kotiya)». Animals. 12 (5): 660. doi:10.3390/ani12050660. PMC 8909430.
{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - 1 2 3 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «Sunquist20023» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - 1 2 3 Christiansen, Per (2007). «Comparative bite forces and canine bending strength in feline and sabretooth felids: implications for predatory ecology». Zoological Journal of the Linnean Society (անգլերեն). 151 (2): 423–437. doi:10.1111/j.1096-3642.2007.00321.x.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «Kitchener19963» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «Sunquist20025» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - 1 2 3 Farhadinia, Mohammad S.; Kaboli, Mohammad; Karami, Mahmoud; Farahmand, Hamid (2014). «Patterns of sexual dimorphism in the Persian Leopard (Panthera pardus saxicolor) and implications for sex differentiation». Zoology in the Middle East. 60 (3): 195–207. doi:10.1080/09397140.2014.939813.
- 1 2 3 Parchizadeh, Jamshid; Belant, Jerrold L. (2021). «Brown bear and Persian leopard attacks on humans in Iran». PLOS ONE. 16 (7): e0255042. doi:10.1371/journal.pone.0255042. PMC 8297784. PMID 34293067.
{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան ընձառյուծ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան ընձառյուծ» հոդվածին։ |
|

