Կոստանդին (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոստանդին (այլ կիրառումներ)
Կոստանդին
Ծնվել էանհայտ
Վախճանվել էանհայտ
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Կոստանդին, հայ նկարիչ ծննդյան և մահվան ամսաթվերը անհայտ են։ XII դարի վերջին քառորդի Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ։ Աշխատել է Սկևռայի գրչատանը։ Մանրանկարիչներ Գրիգոր Մլիճեցու և Վարդանի հետ 1173 թվականին նկարազարդել է «Տիգրանակերտի Ավետարանը» (ձեռ. տեղն անհայտ է)։ Ներսես Լամբրոնացու և նրա եղբայր Հեթումի համար 1193 թվականին Կոստանդինի ծաղկազարդած ձեռագիրը (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. N»1635) զարդարված է խորաններով, լուսանցազարդերով և երկու տերունական պատկերներով («Մկրտություն» և «Խաչելություն»)։ Ի տարբերություն վաղ շրջանի հայկական մանրանկարչությանը բնորոշ ծանր, մեծագլուխ ֆիգուրների՝ այստեղ պատկերվածները իրենց երկարաձիգ ձևերով, գեղանագ դիրքով, ընդհանուր թեթևությամբ և նուրբ գծանկարով աղերսներ ունեն XI դարի բյուզանդական մանրանկարչության հետ։ Քրիստոսի խաչելության տեսարանում ֆիգուրների դիրքը, դեմքերի խոր հուզական արտահայտությունը ապացուցում են, որ մանրանկարիչը ձգտել է ընդգծել պատումի ողբերգական կողմը։ Այդպիսով Կոստանդինը որոշ առումով կանխել է այն նորամուծությունները, որոնք առկա են խաչելության պատկերագրության մեջ, ինչպես հայկական, այնպես էլ բյուգանդական XIII դարի ձեռագրերում։ Կիլիկյան մանրանկարչության հիմնական առանձնահատկությունները ձևավորվել են XII դարի վերջին, որի դրսևորումներից է Կոստանդինի ստեղծագործությունը։ Նա և նրա ժամանակակից Գրիգոր Մլիճեցին կիլիկյան մանրանկարչության մեջ մի նոր փուլ են նախանշում, որի հիմքի վրա հետագայում մշակվել է Կիլիկիայի մանրանկարչական դպրոցի ինքնատիպ, նրբագեղ ոճը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 611 CC-BY-SA-icon-80x15.png