Jump to content

Կոչի՛ր ինձ քո անունով (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոչի՛ր ինձ քո անունով
անգլ.՝ Call Me by Your Name
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսիրավեպ, gay fiction? և դաստիարակչական վեպ
Ձևվեպ
ՀեղինակԱնդրե Ասիման
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԻտալական Ռիվիերա
ՀրատարակչությունFarrar, Straus and Giroux?
Հրատարակվել է2007
ՀաջորդԳտի՛ր ինձ (վեպ)

«Կոչի՛ր ինձ քո անունով» (անգլ.՝ Call Me by Your Name), ամերիկացի գրող Անդրե Ասիմանի վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 2007 թվականին։ Վեպը պատմում է 17-ամյա հրեա պատանու և Իտալիայում հրեական ծագմամբ 24-ամյա ամերիկացի հետազոտողի միջև ինտելեկտուալ զարգացած սիրային հարաբերությունների մասին։ Վեպում խոսվում է նաև 1980-ական թվականներին տեղի ունեցած դեպքերի մասին, իսկ հետո ներկայացվում է, թե ինչ է տեղի ունեցել 20 տարի անց։

Պատմությունը սկսվում է Էլիո Փերլմանի անունից, որը հիշում է 1983 թվականի ամռան իրադարձությունները, երբ նա տասնյոթ տարեկան էր և ապրում էր Իտալիայում իր ծնողների հետ։ Նրանք ամեն ամառ վեց շաբաթվա ընթացքում հրավիրում էին գիտնական հյուրի, որը զբաղվում էր ոչ միայն իր աշխատանքով, այլև օգնում էր Էլիոյի հորը գիտական նյութերով։ Էլիոն դեմ էր լինում, որովհետև ամեն անգամ նա ստիպված էր դատարկել սենյակը և քնել այլ սենյակում։

Այդ ամռանը Փերլմաններին հյուր էր եկել Օլիվերը՝ անհոգ ու ազատ մի երիտասարդ, որը տարբերվում էր ինտրովերտ Էլիոյից։ Էլիոն հետաքրքրված էր Օլիվերով` հույս ունենալով իրենց միջև ունենալ «անհապաղ ազգակցություն», և անդադար փորձում է նրան ծանոթացնել քաղաքի և դրա շրջակայքի հետ, բայց Օլիվեր, անտարբեր է լինում։ Երբ Օլիվերը սկսում է մարզել Էլիոյի ուսը թենիս խաղալուց հետո, Էլիոն վախենում է, որ ինչ-որ մեկը կնկատի, թե ինչպես է նա հանդարտվել և արագ հեռանում է։ Չնայած Էլիոն գիտակցում է իր բիսեքսուալությունը և Օլիվերի նկատմամբ հետաքրքրությունը` նա հատկապես հուզված է այն պատճառով, որ Օլիվերը նույնպես հրեա է` զգալով նրանց միջև որոշակի ընդհանրություն։ Նա կասկածում է, որ իր զգացմունքները կլինեն փոխադարձ։

Էլիոն քաղաքում խոստովանում է Օլիվերի հանդեպ ունեցած իր սերը, բայց Օլիվերն առաջարկում է ձևացնել, թե այդ խոսակցությունը չի եղել։ Հետագայում նրանք համբուրվում են գաղտնի վայրում, որտեղ Կլոդ Մոնեն նկարել է իր նկարներից մի քանիսը։ Երբ Էլիոն հագուստի վրայով դիպչում է Օլիվերի առնանդամին, նա հրում է տղային` պատասխանելով «Ես գիտեմ ինձ»։

Հաջորդ օրերին գլխավոր հերոսները միայն հեռանում են միմյանցից։ Էլիոյի մոտ սկսվում է սիրավեպ Մարցիայի հետ։ Հաշտություն փնտրելով՝ Էլիոն Օլիվերի ննջասենյակում թողնում է գրություն, որտեղ խնդրում է խոսել նրա հետ, իսկ Օլիվերը որպես պատասխան առաջարկում է հանդիպել կեսգիշերին։ Նշանակված ժամին նա գնում է Օլիվերի սենյակ և նրանք զբաղվում են սեքսով, որի ընթացքում միմյանց անվանում են իրենց անուններով։ Էլիոն իրեն մեղավոր է զգում կատարվածի համար, նրան տհաճ է այն, ինչ տեղի է ունեցել, և որոշում է, որ իրենց հարաբերություններն այլևս չեն կարող շարունակվել։

Հաջորդ առավոտյան Օլիվերը հագնում է Էլիոյի լողազգեստը և, գրգռելով տղային, նրա համար անում է մինետ` խոստանալով շարունակել իրենց հարաբերությունները։ Էլիոն գիտակցում է, որ առաջվա պես հետաքրքրություն է տածում Օլիվերի նկատմամբ և ցանկանում է լինել նրա հետ։ Դրանից հետո Էլիոն զբաղվում է սեքսով Մարցիայի հետ։ Օրվա երկրորդ կեսին Էլիոն սերմնաժայթքում է դեղձի մեջ։ Քիչ անց գալիս է Օլիվերը, ուտում է դեղձը և դրա պարունակությունը, ինչով շոկի է ենթարկում Էլիոյին։ Նրանք կրկին զբաղվում են սեքսով։

ԱՄՆ վերադառնալուց առաջ Օլիվերը որոշում է երեք օր անցկացնել Հռոմում։ Էլիոն գնում է նրա հետ։ Այնտեղ նրանք բնակվում են հյուրանոցում։ Էլիոն և Օլիվերը զբոսնում են գիշերային Հռոմով՝ երգելով նեապոլիտանական երգեր, համբուրվելով և այդ գիշեր սիրով են զբաղվում վերջին անգամ։ Վերադառնալով Հռոմից՝ Էլիոն տխրում է` հայտնաբերելով, որ իր իրերը վերադարձվել են նախկին սենյակ, իսկ Օլիվերի ներկայությունից սենյակում հետք չի մնացել, բացի կապույտ վերնաշապիկից, որը նա թողել է որպես հիշատակ։ Փորձելով օգնել որդուն` նրա հետ զրուցում է հայրը։ Զրույցի ընթացքում նա հավանություն է տալիս Էլիոյի և Օլիվերի բարեկամությանն ու հարաբերություններին՝ ակնարկելով, որ նա երիտասարդ տարիքում նման բան է ունեցել։ Հայրը խնդրում է Էլիոյին ոչ թե խեղդել ցավը, այլ զգալ այն, որպեսզի տարիքի հետ նա չկորցնի զգալու ունակությունը։ Օլիվերը զանգում է նրանց` տեղեկացնելով իր բարեհաջող ժամանման մասին, և Էլիոյին ասում է, որ իր սենյակից վերցրել է փոքրիկ գրությամբ բացիկը։

Սուրբ Ծնունդին Օլիվերը կրկին այցելում է Փերլմանների ընտանիք՝ հայտարարելով, որ գարնանը կայանալու է իր հարսանիքը։ Նրանք համբուրվում են Էլիոյի հետ, բայց Օլիվերն ավելին չի ցանկանում։ Դրանից հետո Օլիվերը և Էլիոն երկար տարիներ չեն շփվում։

Ութ տարի անց ծնողները զանգահարում են Էլիոյին, որը սովորում է ԱՄՆ-ում և հեռախոսը փոխանցում Օլիվերին, որը կնոջ և երկու որդիների հետ եկել է Փերլմանների առանձնատուն։ Էլիոն Օլիվերին անվանում է իր անունով, բայց նա պատասխանում է այնպես, կարծես մոռացել է այդ մասին, ինչով Էլիոյին ցավ է պատճառում։

Տասնհինգ տարի անց Էլիոն գնում է Օլիվերի մոտ՝ ԱՄՆ, որտեղ Օլիվերը զբաղեցնում է պրոֆեսորի պաշտոնը։ Էլիոն չի ցանկանում հանդիպել Օլիվերի կնոջ և երեխաների հետ` ընդունելով, որ նա դեռ ունի զգացմունքներ Օլիվերի նկատմամբ և խանդ իր ընտանիքի հանդեպ։ Օլիվերը խոստովանում է, որ ինքը հետևել է Էլիոյի ակադեմիական գործունեությանը, ցույց է տալիս նրան այն բացիկը, որը երկար տարիներ պահել է։ Բարում Էլիոն և Օլիվերը իրենց վերջին հանդիպման ժամանակ գալիս են այն եզրակացությանը, որ մարդիկ կարող են երկու զուգահեռ կյանք վարել՝ մեկը իրականության մեջ, մյուսը՝ երևակայության, որը ժխտում է այդ իրականության ազդեցությունը։

Նրանց առաջին հանդիպումից քսան տարի անց և մեկ տարի առաջ, երբ Էլիոն սկսել է պատմել այս պատմությունը, Օլիվերն այցելում է Փերլմանների տունն Իտալիայում։ Նրանք հիշում են միասին անցկացրած ժամանակը և Էլիոն Օլիվերին տեղեկացնում է, որ իր հայրը մահացել է։ Օլիվերը հիշում է ամեն ինչ և ասում է, որ նա նման է Էլիոյին։ Վեպն ավարտվում է Էլիոյի խոսքերով, որտեղ նա ընթերցողին ասում է, որ եթե Օլիվերն իսկապես սիրում է նրան և հիշում է այն ամենը, ինչ նրանց միջև եղել է, ապա նա պետք է «նայի դեմքիս և ինձ անվանի իր անունով»։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

The New York Times-ի համար «Կոչի՛ր ինձ քո անունով» վեպի ակնարկի մեջ Սթեյսի Դ’երազմոն վեպն անվանել է «բացառիկ գեղեցիկ գիրք»[1]։ The New Yorker-ի ակնարկի մեջ Սինթիա Զարինն ասել է. «Ասիմանի դեբյուտային վեպը ցույց է տալիս, թե որքան կարելի է գրել կրքի մասին»[2]։ The Washington Post թերթում Չարլզ Կայզերը գրել է. «Եթե դուք երբևէ տարված եք եղել սիրով, դուք կզգաք այս վեպի բոլոր նրբությունները»[3]։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Ավորիի սցենարով ֆիլմի էկրանավորումը ստեղծել է իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանյինոն։ Գլխավոր դերերը կատարել են Տիմոտի Շալամեն, Արմի Համերը և Մայքլ Ստալբերգը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 22-ին Սանդենսի կինոփառատոնում[4]։ Ֆիլմի սիքվելի նկարահանումները սկսվելու են 2025 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. D’Erasmo, Stacey (2007 թ․ փետրվարի 25). «Call Me by Your Name — By André Aciman — Books — Review». The New York Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. Zarin, Cynthia (2007 թ․ փետրվարի 19). «Briefly Noted». The New Yorker (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. Kaiser, Charles (2007 թ․ մարտի 22). «Love That Knows No Boundaries». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. Patten, Dominic (2016 թ․ դեկտեմբերի 5). «Sundance 2017: Robert Redford, New Rashida Jones Netflix Series, 'Rebel In The Rye' & More On Premiere, Docu, Midnight & Kids Slates». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.