Կոշտ ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոշտ ուժ (անգլ.՝ Hard power), ռազմական և տնտեսական միջոցների օգտագործում քաղաքական մարմինների վարքագիծը ձևավորելու համար։ Քաղաքական ուժի այս ձևը երբեմն լինում է ագրեսիվ, պարունակում է հարկադրանք և շատ արդյունավետ է հատկապես այն դեպքում, երբ կոշտ ուժ կիրառող պետությունը ռազմականապես կամ տնտեսապես զգալիորեն ուժեղ է մյուս պետությունից[1]։ Կոշտ ուժը հակադրվում է փափուկ ուժին, որը որպես միջոցներ օգտագործում է դիվանագիտությունը, մշակույթը և պատմությունը[1]։

Համաձայն Ջոզեֆ Նայի սահմանման՝ այս եզրույթը ռազմական և տնտեսական կոշտ լծակներ օգտագործելու կարողությունն է մյուսների կամքն իրեն ենթարկելու համար[2]։ Դա կարող է իրականացվել առևտրական պատնեշների ստեղծմամբ, ռազմական պաշտպանության խոստմամբ և այլն։ Մյուս կողմից այն ներառում է հարկադրական դիվանագիտությունը, ռազմական ներխուժման սպառնալիքը կամ տնտեսական սանկցիաներ իրականացնելը։ Էրնես Վիլսոնը այն նկարագրում է որպես ստիպելու կարողություն՝ հարկադրելու ուրիշին գործել այն ձևով, որը ցանկալի է իրեն[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Նայ
Ջոզեֆ Նայ

Չնայած կոշտ ուժի կիրառությունը ունի երկար պատմություն, այս եզրույթը առաջացել է այն ժամանակ, երբ Ջոզեֆ Նայը առանձնացրեց փափուկ ուժի մարտավարությունը՝ որպես նոր և տարբեր մարտավարություն ինքնիշխան պետության արտաքին քաղաքականության մեջ[4]։ Կոշտ ուժ եզրույթը բնութագրվում է որպես պետության կամ քաղաքական մարմնի կարողություն՝ օգտագործելու համար տնտեսական կամ ռազմական համապատասխան միջոցներ այլոց վարքագծի վրա ազդելու համար։ Այն հենվում է միջազգային հարաբերությունների տեսության առաջ քաշած հզորության գաղափարի վրա։ Ռեալիստական դպրոցում հզորությունը կապվում է նշանակալի ռեսուրսներ ունենալու հետ․ դրանք են բնակչությունը, տարածքը, բնական հարստությունները, տնտեսական և ռազմական ուժը։ Կոշտ ուժը սահմանվում է որպես այս ռեսուրսների օգտագործում մյուսների վարքագիծը ձևավորելու համար։ Կոշտ ուժը վարքագծերի ասպարեզում հենվում է հեգեմոնիայի ավարտի վրա և բնորոշում է պետության՝ այլ պետությունների վարքագծի վրա ազդելու կարողությունը։ Այն կարող է տեղի ունենալ ռազմական ուժի միջոցով, որը կազմված է հարկադրող դիվանագիտությունից, պատերազմից և ռազմական դաշինքներից հակառակորդի վրա ճնշում բանեցնելու համար։ Իսկ տնտեսական հզորությունը, որը կարող է իրացվել տնտեսական օգնության, կաշառքի և տնտեսական սանկցիաների միջոցով կարող է օգտագործվել համոզելու կամ հարկադրելու համար։ Չնայած կոշտ ուժ եզրույթը հիմնականում կիրառվում է դիվանագիտություն մատնանշելու համար, այն կարող է օգտագործվել նաև նկարագրելու համար բանակցություններ, որտեղ կողմերից մեկը հանդես է գալիս ուժի դիրքերից և կիրառում է ազդեցության տարբեր լծակներ։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սադամ Հուսեյնի արձանի անկումը ամերիկյան ներխուժումից հետո

Կոշտ ուժի կիրառումը երբեմն լինում է շատ միապաղաղ։ Ապստամբությունները ներքին ուժի դեմ կարող են ավելի գերակա դիրք ունենալ։ ԱՄՆ֊ը ցույց է տվել կոշտ ուժի քաղաքականության իրականացում Իրաքի պատերազմի, Աֆղանստանի պատերազմի ժամանակ և այժմ էլ շարունակում է այն կիրառել Թալիբանի դեմ պայքարում[5][6]։ Որպես առանձնահատուկ օրինակ կարելի է դիտարկել Իրաքի վրա 2003 թվականի հարձակումը, որը կապված էր Իրաքի՝ զանգվածային ոչնչացման զենքեր ունենալու հետ։ Այն մասամբ բնութագրելով որպես պատերազմ ահաբեկչության դեմ՝ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը օգտագործեց կոշտ ուժի միջոցները բռնապետ Սադամ Հուսեյնին իշխանությունից հեռացնելու և Իրաքի ճգնաժամով զբաղվելու համար։ Այնուամենայնիվ, շատ քննադատներ նկատում են, որ Իրաքի պատերազմը հեղիանակազրկեց ԱՄՆ֊ին, և այն կորցրեց ժողովրդավարության և արդարության պաշտպանի իր պիտակը[7]։ Ջոզեֆ Նայը օգտագործում է այս եզրույթը Իրանի նկամաբ ԱՄՆ֊ի որոշ գործողություններ ներկայացնելիս[4]։ Օրինակ, կան շատ տնտեսական սանկցիաներ Իրանի նկատմամբ։ Դրանք սահմանափակում են Իրանին հրթիռներ վաճառելը, նավթային ներդրումներ կատարելը, նավթ ներկրելը և այլն։ Այս սանկցիաներին հետևում են շատ պետություններ Իրանի միջուկային զենք ստեղծելու հնարավոր ծրագիրը խափանելու համար[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Daryl Copeland (2010 թ․ փետրվարի 2). «Hard Power Vs. Soft Power». The Mark. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  2. Joseph Nye (2003 թ․ հունվարի 10). «Propaganda Isn't the Way: Soft Power». International Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Ernest J. Wilson (March 2008). «Hard Power, Soft Power, Smart Power» (PDF). The Annals of the American Academy of Political and Social Science. 616 (1): 110–124. doi:10.1177/0002716207312618. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 Kayhan Barzegar (2008 թ․ հուլիսի 10). «Joseph Nye on Smart Power in Iran-U.S. Relations». Belfer Center. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  5. Daryl Copeland (2010 թ․ փետրվարի 2). «When it comes to Afghanistan, mixing military might with diplomatic talk is easier said than done». The Mark. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  6. Roy Godson (2012 թ․ փետրվարի 6). «Between Hard Power and Soft». The Weekly Standard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  7. Tim Quirk. «Soft Power, Hard Power, and Our Image Abroad» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. Ariel Zirulnick (2011 թ․ փետրվարի 24). «Sanction Qaddafi? How 5 nations have reacted to sanctions: Iran». The Christian Science Monitor. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kurt Campbell and Michael O'Hanlon, Hard Power: The New Politics of National Security.
  • Joseph S. Nye, Jr, Soft Power: The Means to Success in World Politics.