Կոնցեպտուալ խառնուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնցեպտուալ խառնուրդ կամ կոնցեպտուալ ինտեգրացիա, ճանաչողական լեզվաբանության տեսություն՝ մշակված Ժ․ Ֆոկոնյեի և Մ․ Թըրնըրի կողմից։ Այն միտված է բացահայտելու տարբեր ոլորտների տարրերի՝ (բառերի, որակների և գաղափարների) մտածական տարածությունների միջոցով միակցման գործընթացը, որը հանգեցնում է նոր իմաստի կառուցմանը։ Կոնցեպտուալ խառնուրդը կամ ինտեգրացիան բնութագրվում է որպես խորը մտածական գործողություն, որն ընթանում է ենթագիտակցական մակարդակում և լայն առումով բնորոշ է լեզվին և մտածողությանը։ Տվյալ տեսությունը սերտորեն կապված է փոխաբերության (մետաֆորի) տեսության՝ ճանաչողական լեզվաբանության դիտանկյունից ուսումնասիրությունների հետ, որոնց արդյունքում զարգացավ կոնցեպտուալ փոխաբերության տեսությունը՝ առաջադրված Ջ․ Լակոֆի կողմից։

Փոխաբերության հասկացության վերաբերյալ գոյություն ունեցող մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխաբերությունը՝ որպես լեզվական ֆիգուրատիվ արտահայտչական միջոց, լեզվաբանության զարգացման պատմության մեջ առաջին անգամ ուսումնասիրվել է Արիստոտելի կողմից։ Ըստ վերջինիս՝ մետաֆորը բառի մասնավոր նշանակության փոխադրումն է մեկ այլ բառի վրա[1]։ Այս մոտեցումը հիմք է ծառայել փոխաբերության հասկացության դիտարկման ոլորտի ընդլայման համար։ Մետաֆորներն՝ ըստ իրենց բնույթի, առավել մեծ տիրույթին են պատկանում քան բառը, որպես լեզվական տարր։ Համաձայն Լագուտայի. «Մետաֆորները, որպես լեզվական արտահայտություններ «նյութականացվում» են միայն այն պատճառով, որ մարդկային հասկացական համակարգերի ամենախորքային հիմքերում գործում են մտածական սուբստանցիաներ՝ փոխաբերական կոնցեպտներ»[2]։

Փոխաբերության էությունը ավանդորեն դիտվում է որպես իմաստային փոխարկման ձև, այն է թե՝ մետաֆորների առաջացման սկզբնապատճառն է որոշակի ասույթների միջոցով տրամադրած առանձնահատուկ իրադրություններում տարբեր բառերի և բառիմաստների մերձեցման և փոխազդման գործընթացները[3]։ Տվյալ մոտեցումը համալրվում է նաև գործաբանական լեզվաբանության դիտարկմամբ, ըստ որի՝ փոխաբերությունը, դրսևորվելով որպես բառեր, բառակապակցություններ,ասույթ և նախադասություն(ներ), թույլ է տալիս վերջիններումս առաջնային («բառացի») իմաստներով ներկայացված լեզվական միավորների կիրառումը այլ իմաստ հաղորդելու նպատակով։

1980-ականներում ճանաչողական լեզվաբանության հետ համընթաց զարգանում են փոխաբերության վերաբերյալ բազում տեսություններ, որոնցից հատկապես առանձնանում են Ջ․ Լակոֆի «կոնցեպտուալ փոխաբերության» և Ժ․ Ֆոկոնյեի «կոնցեպտուալ խառնուրդի կամ կոնցեպտուալ ինտեգրացիայի» տեսությունները։ Լակոֆի տեսությունը թույլ տվեց դիտարկել մետաֆորը ոչ միայն բառի կամ ասույթի տիրույթներից, այլև լեզվաբանության ոլորտից դուրս։ Փոխաբերությունը, որպես որակ, առկա է մարդու գործունեության, նրա աշխարհընկալման մեջ[4]։ Մարդկային հասկացական համակարգն իր էությամբ մետաֆորիկ է, հենվում է միայն լեզվաբանական տվյալների վրա, և միայն լեզվի շնորհիվ է մարդը ձեռք բերում փոխաբերություններ, որոնք էլ ձևավորում են նրա ընկալումը, մտածողությունը[2]։ Հիմք ընդունելով այն, որ մետաֆորները հանդիսանում են մարդկային հասկացողության համակարգի բաղադրիչներ, Ժ․ Ֆոկոնյեն և Մ․ Թըրնըրը զարգացնում են այն գաղափարը, ըստ որի՝ իմաստի կառուցումը և ընկալումը ենթադրում են դինամիկ գործընթաց, որը ներառում է բազում իմաստային տիրույթների ցանցային տիպի շաղկապված փոխգործունեություն։ Վերոնշյալ բացահայտումը սկիզբ տվեց Ժ․ Ֆոկոնյեի և Մ․ Թըրնըրի «կոնցեպտուալ խառնուրդի կամ կոնցեպտուալ ինտեգրացիայի» տեսության առաջադրմանը, որը մեծ զարգացում է ապրում ներկայիս լեզվաբանության, լեզվաոճաբանության, գրաքննադատության, թարգմանաբանության բնագավառներում։

Կոնցեպտուալ խառնուրդի հայեցակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցեպտուալ խառնուրդի տեսության կենտրոնական ուսումնասիրության առարկան է մտածական տարածության հասկացությունը, որը սահմանվում է որպես խոսելու և մտածելու գործընթացում կառուցվող փոքր հասկացական տիրույթ, որն իր հերթին նպատակաուղղված է հասկացման ձևավորմանը և դրան համապատասխան գործողության կայացմանը։ Մտածական տարածության եզրույթն առավել պատկերավոր կերպով է մեկնվում Ժ․ Ֆոկոնյեի և Մ․ Թըրնըրի կողմից ներկայացրած «վանականի մասին հանելուկի» միջոցով.

Բուդդայական վանականը արևածագին բարձրանում է սարով, մայրամուտին հասնում է սարի գագաթ և մի քանի օր զբաղվում է մեդիտացիայով։ Մի առավոտ իջնում է սարի գագաթից և մայրամուտին հասնում ստորոտ։ Կարևոր չէ, թե երբ է նա սկսում կամ ավարտում իր ճամփորդությունը, և ինչ արագությամբ է քայլում։ Արդյոք կա այնպիսի մի կետ ճանապարհի վրա, որը վանականը հատում է օրվա նույն ժամին իր 2 ճամփորդությունները կատարելիս՝ սարով վեր և վար ընթանալու ժամանակ։[5][6]

Տվյալ հանելուկը լուծելու համար առաջարկվում է մտովի կազմել 2 պատկերներ՝ մուտքային տվյալների տիրույթներ․ 1-ինը վանականի վեր ընթանալու պատկերը և 2-րդը՝ վար ընթանալունը։ Համադրելով այդ տիրույթները հնարավոր կլինի մտովի ստեղծել այնպիսի մի պատկեր/տիրույթ, որտեղ 2 վանականները, որոնցից մեկը սարով բարձրանալիս, իսկ մյուսը՝ իջնելիս, կհանդիպեն իրար մի որոշակի կետում սարի վրա։ Այս պատկերները/տիրույթները հանդիսանում են մտածական տարածություններ։

Կոնցեպտուալ խառնուրդը կամ կոնցեպտուալ ինտեգրացիան ենթադրում է մի քանի մտածական տարածությունների կառուցումը և նրանց միակցումը, որի արդյունքում ստեղծվում է մի նոր տիրույթ, որն իր հերթին թույլ է տալիս հանգելու մետաֆորիկ, նոր իմաստների կառուցմանը։ Կոնցպետուալ ինտեգրացիայի գործարկման հիմնական բաղադրիչներն են՝

  • ընդհանրական տիրույթը, որը ներառում է տվյալ ինտեգրացիոն ցանցի մեջ ներգրավված բաղադրիչների ընդհանուր հատկանիշները, բնութագրերը․
  • մուտքային տվյալների տիրույթները, որոնք հանդիսանում առանձին (ենթադրելի) իրադրությունների համար առաջացած մտածական տարածությունները.
  • միակցված տիրույթը՝ վերջնական տիրույթը, որն առաջանում է մուտքային տվյալների տիրույթների միակցման արդյունքում[5][7]։

Կոնցեպտուալ խառնուրդի տեսությունը բացատրում է մտածական տարածությունների միակցման գործընթացը և վերջինիս հետ զուգորդվող ինտեգրացված ցանցի կառուցումը։ Կոնցեպտուալ ինտեգրացիան ենթադրում է հետևյալ գործողություների իրադրումը՝

  1. մտածական տարածությունների սահմանազատում,
  2. տիրույթների կապակցման եղանակներ,
  3. միակցված տիրույթում տարրերի ընտրություն և ներառում,
  4. ստացված կառուցվածքների ճշգրիտ տեղակայում,
  5. հետադարձ պրոյեկցիա դեպի մուտքային տվյալների տիրույթներ,
  6. միակցված տիրույթում նոր կառույցների ներգրավում,
  7. միակցված տիրույթում բազում գործողությունների իրադրում[5]։

Միակցված տիրույթում իրականացվող գործողությունների մեջ են մտնում կապակցումը (composition), լրացումը (completion), գործադրումը (elaboration), խտացումը (compression), ապախտացումը (decompression): Տվյալ գործողությունների միջոցով հնարավոր է դառնում իրականացնել միակցված տիրույթում ներգարավված տարրերի բնականոն հարաբերակցությունը և փոխազդեցությունը, որոնք հանգեցնում են նոր իմաստի կառուցմանը[5]։ Կոնցեպտուալ խառնուրդի վերաբերյալ տեսությունը մետաֆորների տեսությունն ուսումնասիրողների համար հնարավորություն է ընձեռում հասկանալու փոխաբերության ճանաչողական ոլորտը։ Մետաֆորը, հանդիսանալով որպես կոնցեպտուալ ինտեգրացիայի դրսևորում, ստանում է հետազոտման և վերլուծման նոր եղանակ, որի միջոցով իրականացվում է փոխաբերության երևույթի մեջ ներգրավված տարրերի և տիրույթների համապարփակ դիտարկում։

Տեսության ընթացիկ կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցեպտուալ խառնուրդի տեսությունը մեծ զարգացում է ապրում սկսած 1990-ականներից։ Այն հիմնախնդիրը, որի համար տվյալ տեսությունը միտված է լուծում գտնելու, կայանում է փոխաբերական արտահայտությունների իմաստի կառուցման և գործարկման մեխանիզմը բացահայտելու մեջ։ Համաձայն ներկայիս տեսության, մետաֆորիկ կամ նման իմաստով մոտ արտահայտությունների վերջնական իմաստի կառուցման եղանակը ենթադրում է ոչ թե միակողմանի, այլ բազմակողմանի և անգամ բազմաստիճան գործընթաց։

Փոխաբերության ճանաչողական բնույթն ուսումնասիրվել է Ջ․ Լակոֆի կողմից, և արտացոլվել է վերջինիս մշակած կոնցեպտուալ փոխաբերության տեսության մեջ, համաձայն որի՝ կոնցեպտուալ մետաֆորների կառուցվածքային հիմքում ընկած է երկաստիճան հարաբերություն, այն է թե՝ մետաֆորի սկզբնաղբյուրային և վերջնական թիրախային տիրույթների միջև ընթացող փոխազդեցությունը[8]։ Կոնցեպտուալ ինտեգրացիայի տեսությունը, համալրելով կոնցեպտուալ փոխաբերությանը, առավել համապարփակ կերպով է ներկայացնում մետաֆորիկ արտահայտությունների իմաստային-կառուցվածքային հարաբերակցությունը, պատկերելով այն որպես մի քանի աստիճան և տիրույթ պարունակող բարդ համակարգ։

Կոնցեպտուալ ինտեգրացիան մտածական գործընթաց է, և դրա գործարկման պարզաբանումը ծառայում է նոր առաջացող իմաստների ճշգրիտ բնութագրմանը։ Ներկայում այս ամենի շնորհիվ տվյալ տեսությունը մեծ հեղինակություն է ձեռք բերում բազմաթիվ ստեղծագործական ժանրերի վերլուծության մեջ, օրինակ՝ վիզուալ, տեքստային, կինոնկարային կամ թատերական ժանրերում[8]։ Կոնցեպտուալ խառնուրդի տեսությունը, այսպիսով, մեծ հավանականությամբ կարող է շարունակական զարգացում ունենալ բազում ստեղծագործական արտեֆակտների մեկնաբանման և վերլուծության մեջ։ Միևնույն ժամանակ, սերտորեն կապված լինելով մարդկային մտածական և ճանաչողական համակարգի հետազոտման հետ, կոնցեպտուալ ինտեգրացիայի տեսությունը մեծ ներուժ է պարունակում, որպես զարգացող գիտակարգ, ներգրավվելու հոգեբանության, ճանաչողության նեյրոնային-կառուցվածքային հետազոտությունների բնագավառներում առաջադրված հիմնախնդիրների ուսումնասիրության և լուծման մեջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аристотель, Поэтика – Москва, Издательство «Мысль», 1983 – c. 669
  2. G. Fauconnier, M. Turner, The Way We Think. Conceptual Blending and the Mind’s Hidden Complexities – Basic Books, 2002 – p. 40-48
  3. G. Fauconnier, M. Turner, Rethinking Metaphor // Cambridge Hadnbook of Metaphor and Thought – New York, Cambridge University Press, 2008
  4. Лагута О. Н., Метафорология: теоретические аспекты. Часть 1 – Новосиб. гос. ун-т. Новосибирск, 2009 – с. 15
  5. Lakoff G., Johnson M. The Metaphorical Structure of the Human Conceptual System // Cognitive Science. 1980, - p. 195
  6. http://markturner.org/blending.html
  7. https://plato.stanford.edu/entries/metaphor/
  8. B. Dancygier, Stylistics and blending // The Routledge Handbook of Stylistics – London and New York, Routledge Taylor & Francis Group, 2014 – p. 299-310
  9. P. Stockwell, Cognitive Poetics. An Introduction - London and New York, Routledge Taylor & Francis Group, 2002 – p. 96-98
  10. G. Lakoff, R.E.Núñez, Where Mathematics Comes From, How the Embodied Mind Brings Mathematics into Being – Basic Books, 2000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аристотель, Поэтика – Москва, Издательство «Мысль», 1983 – c. 669
  2. 2,0 2,1 Лагута О. Н., Метафорология: теоретические аспекты. Часть 1 – Новосиб. гос. ун-т. Новосибирск, 2009 – с. 15
  3. https://plato.stanford.edu/entries/metaphor/
  4. Lakoff G., Johnson M. The Metaphorical Structure of the Human Conceptual System // Cognitive Science. 1980, - p. 195
  5. 5,0 5,1 5,2 5,3 G. Fauconnier, M. Turner, The Way We Think. Conceptual Blending and the Mind’s Hidden Complexities – Basic Books, 2002 – p.40-48
  6. http://markturner.org/blending.html
  7. P. Stockwell, Cognitive Poetics. An Introduction - London and New York, Routledge Taylor & Francis Group, 2002 – p. 96-98
  8. 8,0 8,1 B. Dancygier, Stylistics and blending // The Routledge Handbook of Stylistics – London and New York, Routledge Taylor & Francis Group, 2014 – p.299-310