Կոնստանտինոս Կուկիդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտինոս Կուկիդիս
Κωνσταντίνος Κουκίδης
Մահացել էապրիլի 27, 1941(1941-04-27)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստանի թագավորություն
Ազգությունհույն
Մասնագիտությունռազմական գործիչ

Կոնստանտինոս Կուկիդիս (հուն․՝ Κωνσταντίνος Κουκίδης, - ապրիլի 27, 1941(1941-04-27), Աթենք, Հունաստան), հույն էվզոն-դրոշակակիր, որը հայտնիություն է ձեռք բերել Նացիստական Գերմանիայի վերմախտի կողմից Հունաստանի բռնազավթումից հետո տեղի ունեցած լեգենդար իրադարձությունից հետո։

Նացիստական բանակի կողմից Աթենքի գրավումից հետո, գերմանական մի զորաջոկատ բարձրացել է քաղաքի միջնաբերդ, և Կոնստանտինոս Կուկիդիսին (վերջինս այդ ժամանակ հսկում էր Պարթենոնի տաճարը) հրամայում իջեցնել Ակրոպոլիսի գագաթին ծածանվող Հունաստանի թագավորության դրոշը և դրա փոխարեն վեր բարձրացնել Երրորդ Ռայխի սվանստիկական դրոշը։ Երդվյալ պահապանը հրաժարվում է կատարել օկուպանտների պահանջը, սակայն, այլ հնարավորություն չունենալով՝ ստիպված իջեցնում է այն Պարթենոնի գագաթից և դրոշի մեջ փաթաթվելով ցած նետվում[1]

Սխրագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտինոս Կուկիդիսի սխրագործության 1941 թվականի հուլիսի 9-ին անդրադարձել է բրիտանական «Daily Mail» օրաթերթը՝ իր «Հույնը կրում է իր դրոշը մինչև կյանքի վերջ» հոդվածում։ Ի պատիվ Կուկիդիսի սխրանքի՝ համալիրի հարևանությամբ տեղադրվել է հուշատախտակ՝ հետևյալ գրությամբ․

1941 թվականի ապրիլի 27-ին՝ գերմանական զորքերի՝ Աթենք ներխուժելու օրը, Ակրոպոլիսի հունական դրոշի պահապան և դիմադրության աջակից Կոնստանտինոս Կուկիդիսը հրաժարվում է հանձնվել և դրոշով հանդերձ ցատկում է տաճարից։ Այս հուշատախտակը տեղադրվել է Աթենքի քաղաքապետարանի կողմից՝ Ավրամոպոլուս քաղաքապետի օրոք, «Ազգային դիմադրություն» կազմակերպության հետ համատեղ։
- Հատված Աթենքի Ակրոպոլիսում տեղադրված հուշատախտակից

Արժանահավատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենքի Ակրոպոլիսը, որտեղից էլ, ըստ ավանդույթի, ցած է նետվել հունական դրոշի պահապան, էվզոն Կոնստանտինոս Կուկիդսը։

Այնուամենայնիվ, սխրագործության եղելության փաստը վիճարկվում է շատերի կողմից, քանի որ Կուկիդիսի գոյության մասին վկայող փաստորը դեռևս հաստատված չեն։ Տեղեկատվության եզակի աղբյուրներից մեկը «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունն է, որի անդամները (իրենց պնդմամբ՝ ականատեսները) հավաստում են Կուկիդիսի գոյության մասին՝ միաժամանակ նշելով, որ վերջինս վարչապետ Իոաննիս Մետաքսասի կառավարման տարիներին ընդհուպ մինչև անդամակցել է Ազգային երիտասարդական կազմակերպությանը։

2000 թվականի ապրիլի 26-ին Աթենքի քաղաքապետ Դիմիտրիոս Ավրամուպուլոսը «Էլեֆոտիպ» թերթին տված հարցազրույցում նշում է, որ չկա որևէ իրեղեն ապացույց, որը միանշանակ կերպով հաստատում է Կուկիդիս սխրագործությունը, և որ այդ լեգենդն ամենայն հավանականությամբ հորինվել է ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու համար։ Հունաստանի զինված ուժերի պատմության բաժնի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Իոաննիս Կակուդակիսի պնդմամբ՝ Կուկիդիսի գոյության մասին ինֆորմացիան անհնարին է ճշտել։

Ներկայումս Հունաստանի Հանրապետությունում էվզոնները շարունակում են պահպանել Աթենքի ամենաբարձր դրոշը։ Վաղ առավոտյան այն բարձրացվում է Պարթենոնի գագաթին և իջեցվում միայն մայրամուտին։ Ամեն կիրակի այս արարողությունը կատարվում է էվզոնների կողմից։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Նացիստական Գերմանիայի դրոշի՝ Աթենքում բարձրացված լինելու փաստը գիտականորեն ապացուցված է։ 1941 թվականի մայիսի 30-ին Մանոլաս Գլեզոսի և Ապոստոլոս Սանտասի կողմից այն իջեցվում է միջնաբերդից և անարգաբար պատռվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. William Manchester (1973). The Glory and the Dream: A Narrative History of America, 1932-1972. RosettaBooks. ISBN 978-0-7953-3557-0.