Կոնստանտինոս Կանարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտինոս Կանարիս
Κωνσταντίνος Κανάρης
Կոնստանտինոս Կանարիս, Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ
1844 թվականի փետրվարի 16 - մարտի 30
Միապետ Օտտոն I
Նախորդող Անդրեաս Մետաքսաս
Հաջորդող Ալեքսանդրոս Մավրոկորդատոս
1848 թվականի հոկտեմբերի 15 - 1849 թվականի դեկտեմբերի 12
Նախորդող Գեորգիոս Կունդուրիոտիս
Հաջորդող Անտոնիոս Կրիեզիս
Հունաստանի վարչապետ
1864 թվականի մարտի 6 - ապրիլի 16
Միապետ Գեորգիոս I
Նախորդող Դիմիտրիոս Վուլգարիս
Հաջորդող Զինովիոս Վալվիս
1864 թվականի հուլիսի 26 - 1865 թվականի փետրվարի 26
Նախորդող Զինովիոս Վալվիս
Հաջորդող Բենիզելոս Ռուֆոս
1877 թվականի հունիսի 7 - սեպտեմբերի 2
Նախորդող Ալեքսանդրոս Կումունդուրոս
Հաջորդող Ալեքսանդրոս Կումունդուրոս
 
Կուսակցություն՝ Ռուսական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ծովագնաց, ռազմական գործիչ և ծովակալ
Ծննդյան օր մոտ 1790 թվական
Ծննդավայր Փսարա, Արշիպելագի վիլայեթ, Օսմանյան կայսրություն (ներկայումս՝ Հունաստան)
Վախճանի օր 1877 թվականի սեպտեմբերի 2 (87 տարեկանում)
Վախճանի վայր Աթենք, Հունաստանի թագավորություն
Թաղված Աթենքի առաջին գերեզմանատուն
Քաղաքացիություն Հունաստան Հունաստան
Հայր Mikes Kanaris?
Մայր Maria Kanaris?
Ամուսին Despoina Maniatis?
Զավակներ Nikolaos Kanaris?, Miltiadis Kanaris?, Themistoklis Kanaris?, Aristidis Kanaris?, Lykourgos Kanaris?, Maria Kanaris? և Thrasyvoulos Kanaris?
 
Ռազմական ծառայություն
Ծառայության տարիներ՝ 1821-1844 թվականներ
Զորատեսակ՝ Հունաստանի նավատորմ
Կոչում՝ Ծովակալ
Ճակատամարտեր՝ Հունաստանի անկախության պատերազմ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Քավիչի շքանշան
Թագավորական Գուելֆյան շքանշան
Դանեբրոգի շքանշան

Կոնստանտինոս Կանարիս (հուն․՝ Κωνσταντίνος Κανάρης), եղել է հույն ծովակալ, վարչապետ և Հունաստանի անկախության պատերազմի հերոս[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտինոս Կանարիսը ծնվել և մեծացել է Էգեյան ծովի Քիոս կղզու մոտ գտնվող Փսարա կղզում։ Նրա ծննդյան ստույգ տարին հայտնի չէ։ Հունաստանի նավատորմի պաշտոնական գրառումներում նշվում է 1795 թվականը, սակայն ժամանակակից հույն պատմաբանները ավելի հավանական են համարում 1790 կամ 1793 թվականները[2]։

Երիտասարդ տարիքում որբ է մնացել։ Ստիպված լինելով իրեն պահել՝ նա նախընտրեց դառնալ ծովագնաց, ինչպես իր ընտանիքի անդամների մեծ մասը 18-րդ դարի սկզբից։ Այնուհետև նա աշխատանքի է ընդունվել իր հորեղբոր՝ Դիմիտրիս Բուրեկասի մոտ։

Զինվորական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտինոս Կանարիսը Հունաստանի անկախության պատերազմի ժամանակ, 1831 թվական

Կանարիսն իր համբավը ձեռք է բերել Հունաստանի անկախության պատերազմի ժամանակ (1821–1829): Ի տարբերություն պատերազմի այլ նշանավոր գործիչների, նա երբեք չի ընդգրկվել Ֆիլիկի Էթերիա (Ընկերների միություն) կազմակերպության կազմում, որը նշանակալի դեր է խաղացել Օսմանյան կայսրության դեմ ապստամբության մեջ, հիմնականում թուրքական տիրապետության դեմ կողմնակիցների գաղտնի հավաքագրմամբ[2]։

1821 թվականի սկզբին շարժումը բավականաչափ աջակցություն էր ստացել հեղափոխություն սկսելու համար։ Սա կարծես ոգեշնչել էր Կանարիսին, ով այդ ժամանակ գտնվում էր Օդեսայում։ Նա շտապ վերադարձավ Փսարա կղզի և այնտեղ էր, երբ միացավ ապստամբությանը 1821 թվականի ապրիլի 10-ին[2]։

Կղզին ձևավորեց իր սեփական նավատորմը, և Փսարայի հայտնի նավաստիները, որոնք արդեն հայտնի էին իրենց լավ սարքավորված նավերով և ծովահենների դեմ հաջող մարտերով, ցույց տվեցին, որ շատ արդյունավետ են ծովամարտերում։ Կանարիսը շուտով աչքի ընկավ՝ որպես կրակային նավի նավապետ[3]։

Կանարիսի կողմից թուրքական դրոշակակիր նավի այրումը, Նիկիֆորոս Լիտրասի նկարը, 1873 թվական

Քիոսում 1822 թվականի հունիսի 6–7-ի գիշերը նրա հրամանատարության տակ գտնվող ուժերը ոչնչացրեցին օսմանյան նավատորմի Կապուդան փաշա (մեծ ծովակալ) Նասուհզադե Ալի փաշայի դրոշակակիր նավը՝ վրեժ լուծելով Քիոսի ջարդերի համար։ Թուրքական զոհերը կազմում էին 2,300 մարդ՝ ինչպես նավատորմի սպաներ, այնպես էլ սովորական նավաստիներ, ինչպես նաև ինքը՝ Նասուհզադե Ալի փաշան[2]։

Կանարիսը գլխավորեց մեկ այլ հաջող հարձակում օսմանյան նավատորմի դեմ Տենեդոսում 1822 թվականի նոյեմբերին։ Հայտնի է, որ ինքն իրեն քաջալերում էր՝ ամեն անգամ մրմնջալով «Կոնստանտի, դու մեռնելու ես», երբ մոտենում էր թուրքական ռազմանավին, որը պատրաստվում էր պայթեցնել[4]։

Փսարայի կործանումից հետո, Նիկոլաոս Գիզիսի նկար, 1898 թվական

Օսմանյան նավատորմը գրավեց Փսարան 1824 թվականի հունիսի 21-ին։ Բնակչության մի մասին, այդ թվում՝ Կանարիսին, հաջողվեց փախչել կղզուց, բայց նրանք, ովքեր չգնացին, կա՛մ վաճառվեցին ստրկության, կա՛մ մորթվեցին։ Իր հայրենի կղզու կործանումից հետո նա շարունակեց ղեկավարել հարձակումները թուրքական ուժերի դեմ։ 1824 թվականի օգոստոսին նա մասնակցել է ծովային մարտերին Դոդեկանեսում[2]։

Հաջորդ տարի Կանարիսը գլխավորեց հունական արշավանքը Ալեքսանդրիայի վրա՝ ոչնչացնելու եգիպտական նավատորմը կրակային նավերով, որը կարող էր հաջողակ լինել, եթե քամին չտապալեր հունական նավերի Ալեքսանդրիայի նավահանգիստ մտնելուց անմիջապես հետո[5]։

Պատերազմի ավարտից և Հունաստանի անկախությունից հետո Կանարիսը դարձավ Հունաստանի նոր նավատորմի սպա՝ հասնելով ծովակալի կոչման և դարձավ ականավոր քաղաքական գործիչ։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտինոս Կանարիսը այն քչերից մեկն էր, ով անկախ Հունաստանի առաջին պետության ղեկավարի` Իոաննիս Կապոդիստրիասի անձնական վստահությունն ուներ։ 1831 թվականի հոկտեմբերի 9-ին Կապոդիստրիասի սպանությունից հետո նա հեռացավ Սիրոս կղզի[6]։

Օտտոն I թագավորի օրոք Կանարիսը ծառայում էր որպես նախարար տարբեր կառավարություններում, իսկ հետո՝ վարչապետ ժամանակավոր կառավարությունում (1844 թվականի փետրվարի 16 - մարտի 30)։ Նա պաշտոնավարեց երկրորդ ժամկետով (1848 թվականի հոկտեմբերի 15 – 1849 թվականի դեկտեմբերի 12), և որպես նավատորմի նախարար Ալեքսանդրոս Մավրոկորդատոսի 1854 թվականի կաբինետում։

Կոնստանտինոս Կանարիսի արձանը Աթենքի Կիպսելի թաղամասում

1862 թվականի նա եղել է Անկախության պատերազմի քիչ վետերաններից էր, որ մասնակցեց անարյուն ապստամբությանը, որով գահընկեց արեցին ավելի անժողովրդական թագավոր Օտտո I-ին և ընտրեցին Դանիայի արքայազն Ուիլյամին՝ որպես Հունաստանի թագավոր Գեորգիոս I-ին։ Իր օրոք Կանարիսը երրորդ ժամկետով զբաղեցրեց վարչապետի պաշտոնը (1864 թվականի մարտի 6 - ապրիլի 16), չորրորդ ժամկետով (1864 թվականի հուլիսի 26 – 1865 թվականի փետրվարի 26) և հինգերորդ ու վերջին ժամկետով (1877 թվականի հունիսի 7 - սեպտեմբերի 2)[2]։

Կոնստանտինոս և Դեսպուինա Կանարիսների գերեզմանը Աթենքի առաջին գերեզմանատանը

Կանարիսը մահացավ 1877 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ դեռ որպես վարչապետ պաշտոնավորում էր։ Նրա մահից հետո նրա կառավարությունը մնաց իշխանության ղեկին մինչև 1877 թվականի սեպտեմբերի 14-ը՝ առանց համաձայնության գալու նրա փոխարինողի վերաբերյալ։ Նրան թաղեցին Աթենքի առաջին գերեզմանատանը և նրա սիրտը դրեցին արծաթե սափորի մեջ։

Կոնստանտինոս Կանարիսի սիրտը պարունակող արծաթե սափորը Աթենքում՝ Պատմության ազգային թանգարանում

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտինոս Կանարիսը համարվում է Հունաստանի ազգային հերոս և դասվում է Անկախության պատերազմի ամենանշանավոր մասնակիցների շարքին։ Նրա պատվին կանգնեցվել են բազմաթիվ արձաններ և կիսանդրիներ։ Նա նաև պատկերված էր Հունաստանի բանկի կողմից թողարկված մեկ դրախմա մետաղադրամի և հարյուր դրախմա թղթադրամի վրա։

Հունական մեկ դրախմա մետաղադրամ՝ Կոնստանտինոս Կանարիսի դիմանկարով

Կանարիսի պատվին նրա անունով են կոչվել Հունաստանի ռազմածովային ուժերի հետևյալ նավերը[7]

  • Կանարիս, պարեկային նավակ, որը շահագործման է հանձնվել 1835 թվականին
  • Կանարիս, կործանիչ, որը շահագործման է հանձնվել 1880 թ
  • Կանարիս (L53), Hunt կարգի կործանիչ, որը շահագործման է հանձնվել 1942 թվականին
  • Կանարիս (D212), Gearing կարգի կործանիչը շահագործման է հանձնվել 1972 թվականին
  • Կանարիս (F464), Elli կարգի ֆրեգատը շահագործման է հանձնվել 2002 թվականին
Հունաստանի նավատորմի Elli կարգի «Կանարիս» (F464) ֆրեգատ

Te Korowhakaunu / Kanáris Sound, Նոր Զելանդիայի Ֆիորդլենդ ազգային պարկի Taiari / Chalky inlet-ի մի հատված, որը Կոնստանտինոս Կանարիսի անունով կոչվել է ֆրանսիացի ծովագնաց և հետախույզ Ժյուլ դե Բլոսևիլի (1802–1833) կողմից[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1817 թվականին Կոնստանտինոս Կանարիսն ամուսնացավ Դեսպուինա Մանիատիսի հետ՝ Փսարայի պատմական ընտանիքից։

Նրանք յոթ երեխա ունեին.

  • Նիկոլաոս Կանարիս (1818–1848), սպանվել է Բեյրութում ռազմական արշավանքի ժամանակ.
  • Թեմիստոկլիս Կանարիս (1819–1851), սպանվել է Եգիպտոսում ռազմական արշավանքի ժամանակ
  • Թրասիվուլոս Կանարիս (1820–1898), ծովակալ
  • Միլտիադիս Կանարիս (1822–1901), ծովակալ, Հունաստանի խորհրդարանի երկար տարիներ անդամ, նավատորմի նախարար երեք անգամ՝ 1864, 1871 և 1878 թվականներին
  • Լիկուրգոս Կանարիս (1826–1865), նավատորմի սպա և իրավաբան
  • Մարիա Կանարիս (1828–1847), ամուսնացել է Ա. Բալաբանոյի հետ
  • Արիստեյդիս Կանարիս (1831–1863), սպա, սպանվել է 1863 թվականի ապստամբության ժամանակ։

Գերմանացի ծովակալ Վիլհելմ Կանարիսը ենթադրում էր, որ նա հնարավոր է՝ Կոնստանտինոս Կանարիսի ժառանգն է։ Պաշտոնական ծագումնաբանական ընտանեկան պատմությունը, որն ուսումնասիրվել է 1938 թվականին, ցույց է տվել, սակայն, որ նա ծագումով իտալացի էր և ազգակցական չէր Հունաստանից Կանարիսների ընտանիքի հետ[9]։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանյան շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թագավորական Գուելֆիական շքանշան (Հանովերի թագավորություն), Մեծ Խաչ
  • Դանեբրոգի շքանշան (Դանիայի թագավորություն), Մեծ Խաչ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Woodhouse, p. 129.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Αργολικη Αρχειακη Βιβλιοθηκη Ιστοριασ και Πολιτισμου (Argolis' File-Library of History and Civilisation).
  3. Woodhouse, p. 138.
  4. «June 6, 1822: Revenge of the Chios Massacre». Greek City Times. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  5. Brewer, David The Greek War of Independence, London: Overlook Duckworth, 2011, page 244.
  6. Woodhouse, p. 152.
  7. History of HS Kanaris (F-464), including a list of the five ships of the Hellenic Navy named after Konstantinos Kanaris.
  8. «Proposal considered by the Board on 20 April 2021 for: Te Korowhakaunu / Canaris Sound, or Te Korowhakaunu / Kanaris Sound, or Te Korowhakaunu / Kanáris Sound» (PDF). Land Information New Zealand. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  9. Bassett, Richard (2005). Hitler's Spy Chief: The Wilhelm Canaris Mystery. Cassell. էջ 65. ISBN 978-0-304-36718-4. «His name was of Italian origin, as was later shown in an elaborate family tree».