Կոմպրեսորային կայան
Կոմպրեսորային կայան, արդյունաբերական ձեռնարկություններում, մագիստրալային խողովակաշարերում և շինարարական հրապարակներում սեղմված օդ կամ գազ ստանալու ագրեգատների ստացիոնար համալիր։ Ընդ որում սեղմված օդն օգտագործվում է որպես էներգակիր կամ որպես հումք այլ նյութեր ստանալու համար (օրինակ, օդից՝ թթվածին, ազոտաջրածնային խառնուրդից՝ ամոնիակ)։ Կոմպրեսորային կայանների կազմի մեջ մտնում են գլխավոր շենքը, որտեղ տեղադրում են կոմպրեսորները, և օժանդակ սարքավորումներն ու հարմարանքները՝ ֆիլտրեր, հովացուցիչներ, ռեսիվերներ, տրանսֆորմատորային ենթակայան, ինժեներային կոմունիկացիայի ցանց և այլն։ Որպես կանոն կոմպրեսորային կայանները տեղադրում են հրակայուն և թրթռակայուն շենքերում։ Ըստ արտադրողականության կոմպրեսորային կայանները պայմանականորեն լինում են փոքր (մինչև 100 մ3/ր), միջին (100-500 մ3/ր) և մեծ (ավելի քան 500 մ3/ր)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 549)։ |