Կոկորդիլոս Գենան և ընկերները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոկորդիլոս Գենան և ընկերները
Կոկորդիլոս Գենան և ընկերները.jpg
ՀեղինակԷդուարդ Ուսպենսկի
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուռուսերեն
ՀրատարակիչДетская литература
Հրատարակման տարեթիվ1966

«Կոկորդիլոս Գենան և նրա ընկերները» (ռուս.՝ Крокодил Гена и его друзья), Էդուարդ Ուսպենսկու մանկական հեքիաթ-վիպակը, Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի մասին պատմող ստեղծագործություններից առաջինը:

Վիպակը առաջին անգամ հրատարակվել է 1966 թվականին «Մանկական գրականություն» հրատարակչությունում՝ Վալերի Ալֆեևսկու նկարազարդումներով, ապա բազմիցս վերահրատարակվել է։ Սա Ուսպենսկու առաջին արձակ ստեղծագործությունն է, որից մեկ տարի առաջ նա հրատարակել էր «Ծիծաղելի փղիկ» (ռուս.՝ «Смешной слонёнок») բանաստեղծական ժողովածուն[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներածությունում հեղինակը պատմում է իր մանկության սիրելի խաղալիքների մասին, որոնց թվին են պատկանել Գենա անունով ռետինե կոկորդիլոսը, Գալյա անունով պլաստմասե տիկնիկը և Չեբուրաշկա տարօրինակ անունով թավշե գազանը: Նրանք էլ դարձել են պատմության գլխավոր հերոսները:

Չեբուրաշկան ապրել է արևադարձային խիտ անտառում։ Մի անգամ նա գտնում է նարնջի արկղ, մտնում նրա մեջ և այդպես հայտնվում մեկ այլ երկրում, ուր տանում են վաճառելու նարինջները: Նա սկսում է աշխատել էժանացված ապրանքների խանութում և ապրում է խանութի մոտ գտնվող հեռախոսային խցիկում: Նույն քաղաքում ապրում է կոկորդիլոս Գենան, որը կենդանաբանական այգում աշխատում է որպես կոկորդիլոս և ապրում է առանձին բնակարանում։ Նա տառապում է միայնությունից և մի անգամ քաղաքում ցրում է հայտարարություն՝ ընկերության առաջարկությամբ։ Գալյա անունով աղջիկն արձագանքում է հայտարարությանը, և շուտով գալիս է նաև Չեբուրաշկան: Նրանք երեքն էլ սկսում են ընկերություն անել և հանդիպել Գենայի տանը, իսկ մեկ անգամ Գենան նույնիսկ փոխարինում է հիվանդ Գալյային թատրոնում, որտեղ նա պետք է կատարեր Կարմիր գլխարկի դերը։

Գենայի մոտ սկսում են գալ նաև այլ այցելուներ՝ ընկերներ գտնելու համար, այդ պատճառով Գենան, Չեբուրաշկան և Գալյան որոշում են կառուցել Բարեկամության տուն, որտեղ յուրաքանչյուրը կարող է ընկեր գտնել: Շինարարության ընթացքում նրանց օգնում են ծույլիկ Դիման, ընձուղտ Անյուտան, կապիկ Մարիա Ֆրանցևնան և գերազանցիկ Մարուսյան: Իսկ պառավ Շապոկլյակը վարժեցված առնետ Լարիսկայի հետ խանգարում է շինարարներին: Նա սիրում էր չար գործեր անել և իմանալով Բարեկամության տան մասին՝ պատերազմ է հայտարարում ընկերներին։ Բարեկամության տան դեմ նա ցանկանում է ուղղել կենդանաբանական այգու ռնգեղջյուրին և նրան բաց է թողնում վանդակից, ինչի արդյունքում, ի վերջո, իրեն է պատիժը հասնում: Չեբուրաշկան ստիպված է լինում բռնել ռնգեղջյուրին՝ նրան գրավելով դեպի նեղ նրբափողոց։

Վերջապես Բարեկամության տունը պատրաստ է: Այն նկարում են տարբեր գույներով, իսկ Չեբուրաշկան ելույթ է ունենում։ Ու թեև շինարարության ընթացքում Դիման ընկերացել է Մարուսայի հետ, իսկ Անյուտան՝ Մարիա Ֆրանցևնայի հետ, որոշում են տանն ակումբ կազմակերպել և երեկոյան այստեղ խաղալ ու հանդիպել միմյանց հետ։ Չեբուրաշկան աշխատանքի է ընդունվում մանկապարտեզում՝ աշխատելու որպես խաղալիք։ Իսկ պառավ Շապոկլյայկին առնետի հետ փուչիկներով ուղարկում են քաղաքից հեռու։

Ժողովրդականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ռեժիսոր Ռոման Կաչանովը վիպակի մոտիվներով նկարահանել է «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմը, որում առաջին անգամ հայտնվել են կոկորդիլոս Գենայի, Չեբուրաշկայի և պառավ Շապոկլյակի անիմացիոն կերպարները, որոնց վիզուալ կերպարներն սկզբունքորեն չեն փոխվել մինչև օրս և լայնորեն տարածվել են զանգվածային մշակույթում։

Մուլտֆիլմի հաջողությունից հետո հրատարակվել են Ռոման Կաչանովի հետ համահեղինակությամբ ստեղծված պիեսներ՝ «Կոկորդիլոս Գենայի արձակուրդը» (պիեսի հիման վրա նկարահանվել է «Շապոկլյակ» մուլտֆիլմը) և այլն: Ավելի ուշ ստեղծվել են նոր շարունակություններ նույն հիմնական հերոսների մասնակցությամբ, որոնք գրել է Էդուարդ Ուսպենսկին մենակ կամ այլ հեղինակների հետ: Ճապոնիայում դրանց հիման վրա նկարահանվել են մի քանի մուլտֆիլմեր և հեռուստասերիալ։

2012 թվականին վիպակը ներառվել է դպրոցականների համար կազմված 100 գրքերի ցանկում, որը Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկվել է միջին դպրոցի աշակերտներին ինքնուրույն ընթերցանության համար:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոկորդիլոս Գենա
  • Չեբուրաշկա
  • Գալյա, աղջիկ
  • Պառավ Շապոկլյակ և առնետ Լարիսկա
  • Կոկորդիլոս Վալերա, Կենդանաբանական այգում Գենային փոխարինողը
  • Ծույլիկ Դիմա
  • Ընձուղտ Անյուտա
  • Կապիկ Մարիա Ֆրանցևնա
  • Գերազանցիկ Մարուսյա
  • Շնիկ Տոբիկ
  • Առյուծ Չանդր
  • Բժիշկ Իվանով
  • Պետ Իվան Իվանովիչ

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներից սկսած լույս են տեսել Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի մասին պատմող մի քանի վիպակներ և պիեսներ․

  • «Չեբուրաշկան և ընկերները» (ռուս.՝ «Чебурашка и его друзья», 1970, Ռ. Կաչանովի հետ համատեղ)
  • «Կոկորդիլոս Գենայի արձակուրդը» (ռուս.՝ «Отпуск крокодила Гены», 1974, Ռ. Կաչանովի հետ համատեղ)
  • «Կոկորդիլոս Գենան և կողոպտիչները» (ռուս.՝ «Крокодил Гена и грабители»)
  • «Կոկորդիլոս Գենայի բիզնեսը» (ռուս.՝ «Бизнес Крокодила Гены», 1992, Ի. Ագրոնի հետ համատեղ)
  • «Կոկորդիլոս Գենա՝ միլիցիայի լեյտենանտ» (ռուս.՝ «Крокодил Гена — лейтенант милиции», 1998)
  • «Չեբուրաշկան գնում է մարդկանց մոտ» (ռուս.՝ «Чебурашка уходит в люди»)
  • «Չեբուրաշկայի առևանգումը» (ռուս.՝ «Похищение Чебурашки», 2001)
  • «Ամանորը Չեբուրաշկայի հետ» (ռուս.՝ «Новый год с Чебурашкой»)
  • «Չեբուրաշկան մեկնում է Սոչի» (Օլիմպիադան Չեբուրաշկայի համար) (ռուս.՝ «Чебурашка едет в Сочи» (Олимпиада для Чебурашки))

Նրանց մասին հրապարակվել են նաև մի շարք պատմվածքներ («Սունկ Չեբուրաշկայի համար» և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги. Биобиблиографический словарь: в 3 томах. М.: ОЛМА-ПРЕСС Инвест, 2005. — Т. 3. П—Я. С. 548.