Կոլլիսի կոտրվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոլլիսի կոտրվածք
Collesfracture.jpg
Կոլլիսի կոտրվածք
ԵնթադասՃաճանչոսկրի դիստալ հատվածի կոտրվածք և fracture dislocation?
ՊատճառՏարածված ձեռքի վրա ընկնելը
Հիվանդության ախտանշաններՑավ, այտուց, ձևախախտ
Բժշկական մասնագիտությունՎնասվածքաբանություն
ՀՄԴ-9813.41
ՀՄԴ-10S52.5
Հիվանդությունների բազա2959
MedlinePlus000002
eMedicine398406
MeSHIDD003100
Ռիսկի գործոններՕստեոպորոզ
ԱխտորոշումՌենտգենագրություն
ԲուժումԳիպսակապ, վիրահատություն
Հաճախություն֊15%
ՍկիզբըՀանկարծակի
Colles' fracture Վիքիպահեստում

Կոլլիսի կոտրվածք, նախաբազկի հեռադիր մասի կոտրվածքի տիպ, որի ժամանակ ճաճանչոսկրը կոտրվում է դեպի հետ[1]։ Ախտանիշները կարող են ներառել՝ ցավ, այտուց, ձևախախտում և բորբոքում[1]։ Կարող է բարդանալ միջնակ նյարդի վնասումով[2]։

Այն սովորաբար տեղի է ունենում տարածված ձեռքի վրա ընկնելու հետևանքով[1]։ Ռիսկի գործոն է օստեոպորոզը[1]։ Ախտորոշումը հաստատվում է ռենտգենոգրաֆիայով[1]։ Ծղիկոսկրը նույնպես կարող է կոտրվել[3]։

Բուժումը ներառում է գիպսային անշարժացում կամ վիրաբուժական միջամտություն[4]։ Վիրահատական համուղղումը և գիպսային անշարժացումը հնարավոր է հիսունն անց մարդկանց մեծամասնության դեպքում[5]։ Ցավազրկման կարելի է հասնել համուղղման ընթացքում հանգստացնող (սեդատիվ) կամ ցավազրկող (անալգետիկ) դեղամիջոցի կիրառմամբ կամ հեմատոմայի բլոկադայով[5]։ Լրիվ ապաքինման համար կարող է ահրաժեշտ լինել մեկ կամ երկու տարի[1]։

Մարդկանց 15%֊ն ինչ֊որ պահի ունենում է Կոլլիսի կոտրվածք[4]։ Այն առավել հաճախ հանդիպում է երիտասարդների և տարեցների, քան երեխաների ու միջին տարիքի անձանց մոտ[4]։ Կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց[4]։ Կոտրվածքն անվանվել է Աբրահամ Կոլլիսի անունով, ով 1814 թվականին նկարագրել է այն[4]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլլիսի կոտրվածք տերմինը հիմնականում օգտագործվում է ճաճանչոսկրի հեռադիր ծայրի կոտրվածքը նկարագրելու համար։ Սակայն, այժմ հակված են տերմինն օգտագործել ճաճանչոսկրի հեռադիր (դիստալ) ծայրի ցանկացած կոտրվածք նկարագրելու համար, ծղիկի ներգրավումով, թե առանց դրա, երբ կոտրվածքի բեկորները տեղաշարժվում են թիկնայնորեն։ Ինքը՝ Կոլլիսը նկարագրել է կոտրվածքն այսպես. «առաջանում է ճաճանչոսկրի դաստակային ծայրից մեկուկես դյույմ (38 մմ) վեր» և «դաստակն ու նախադաստակի հիմը կարծես հրվում են դեպի ետ»[6]։ Կոտրվածքը երբեմն անվանում են «ճաշի պատառաքաղի» կամ «սվին դանակի» կոտրվածք՝ պայմանավորված նախաբազկի ընդունած ձևով։

Կոլլիսի կոտրվածքը կարող է դասակարգվել ըստ մի շարք համակարգերի, այդ թվում՝ Ֆրիկմենի, Գարթլենդի և Ուերլիի, Լիդստրյոմի, Նիսսեն֊Լիի և Օլդերսի դասակարգումները։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտրվածքն ամենից հաճախ առաջանում է, երբ վայր են ընկնում տարածման (պարզած) դիրքում գտնվող ձեռքի վրա. դաստակը ծալած վիճակում ընկնելը կհանգեցնի Սմիթի կոտրվածքի։ Սկզբում նկարագրվել է տարեց և/կամ հետկլիմակտերիկ տարիքի կանանց շրջանում։ Այն սովորաբար տեղակայվում է ճաճանչ֊դաստակային հոդից մոտ 3-5 սանտիմետր վեր, ուղեկցվում է «ճաշի պատառաքաղի» կամ «սվին դանակի» նման ձևախախտերի արդյունքում առաջացող հեռադիր բեկորի հետին և կողմնային տեղաշարժով։ Կոլլիսի կոտրվածքը տարածված է օստեոպորոզով հիվանդների մոտ՝ հաջորդելով միայն ողների կոտրվածքներին։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախ ձեռքի Կոլլիսի կոտրվածք, հստակ տեսանելի թիկնային (հետին) տեղաշարժով

Ախտորոշումը կատարվում է առաջահետին և կողմնային ռենտգենագրական պատկերների մեկնաբանության հիման վրա[7]։

Դասական Կոլլիսի կոտրվածքն ունի հետևյալ բնութագրերը[8]՝

  • ճաճանչոսկրի լայնական կոտրվածք
  • ճաճանչ֊դաստակային հոդից 2.5 սմ վեր (մերձադիր)
  • թիկնային (հետին) տեղաշարժ և թիկնայնորեն ուղղված անկյուն, ճաճանչային թեքվածության հետ միասին[9]:

Այլ բնութագրեր[10][7]՝

  • ճաճանչոսկրի կարճացում
  • ծղիկային թեքման կորուստ
  • դաստակի ճաճանչային թեքում
  • բազմաբեկոր կոտրվածք
  • դեպքերի ավելի քան 60%֊ի մոտ դիտվում է ծղիկի մախաթելունի համակցված կոտրվածք։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարումը կախված է կոտրվածքի ծանրության աստիճանից։ Առանց տեղաշարժի կոտրվածքի դեպքում (որը ժողովրդի մեջ հայտնի է «ճաք» անվան տակ) բավական է դնել գիպսային կապ։ Գիպսը դնում են հեռադիր բեկորն ափային ծալման և ծղիկային շեղման (դևիացիայի) դիրքում։ Թեթև անկյունային տեղաշարժով կոտրվածքները կարող են պահանջել փակ ներուղղում։ Կան որոշ ապացույցներ, որ անշարժացումը դաստակի տարածման (թիկնային ծալում) դիրքում, ի տարբերություն ծալման (ափային ծալում) հանգեցնում է պակաս տեղաշարժի և ավելի լավ ֆունկցիոնալ վիճակի[11]։ Զգալի թեքումով և ձևախախտով կոտրվածքները կարող են պահանջել բաց եղանակով ներուղղում և ներքին կամ արտաքին ֆիքսացիա։ Նախաբազկի ափային բեկակալը (ֆիքսատոր, օրթեզ) լավագույնն է նախաբազկի, դաստակի և ձեռքի կոտրվածքների, այդ թվում նաև Կոլլիսի կոտրվածքի ժամանակավոր անշարժացման համար։ Գոյություն ունեն անկայունության մի քանի սահմանված չափանիշներ՝ թիկնային շեղում >20°, բազմաբեկոր կոտրվածք, ծղիկի մախաթելունի պոկում, ներհոդային տեղաշարժ >1 մմ, ճաճանչային բարձրության կորուստ >2 մմ։

Անկայունության առավել բարձր ցուցանիշները մեծացնում են վիրահատական բուժման հավանականությունը։

Տարեց մարդկանց մոտ բուժման մեթոդները տարբերվում են[12]։

Բուժման պատշաճ ընթացքը վերահսկելու համար խորհուրդ է տրվում հետագա ռենտգենագրություն մեկ, երկու և վեց շաբաթ անց[3]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերականգնման ժամանակահատվածը կախված է ոսկրերի տեղաշարժման աստիճանից, ոսկրաբեկորների քանակից, ներհոդային լինելու հանգամանքից (ներառում է դաստակի հոդը), ինչպես նաև անձի տարիքից, սեռից, բժշկական պատմությունից, և լիարժեք ապաքինման համար կարող է խլել երկու ամսից մինչև մեկ տարի կամ ավելի[1]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլլիսի կոտրվածքը հանդիպում է բոլոր տարիքային խմբերում, չնայած կան որոշ տարիքային առանձնահատկություններ:

  • Ծերերի մոտ, քանի որ ոսկրի կորտիկալ շերտն ավելի թույլ է, կոտրվածքն առավել հաճախ արտահոդային է լինում։
  • Ավելի երիտասարդ անձանց մոտ կոտրվածք առաջանալու համար պահանջվում է ավելի մեծ ուժ, ինչը կարող է հանգեցնել ավելի բարդ ներհոդային կոտրվածքների։ Բաց էպիֆիզով երեխաների մոտ համարժեք կոտրվածք է «էպիֆիզեոլիզը» («էպիֆիզային սահք»), ինչը կարող է հանդիպել նաև այլ հոդերում, օրինակ, ազդրի գլխիկի էպիֆիզեոլիզը։ Սա Սոլտեր I կամ II կոտրվածք է, դեֆորմացնող ուժերը ուղղված են էպիֆիզային թիթեղի միջով։
  • Առավել տարածված է կանանց շրջանում՝ կապված հետկլիմակտերիկ օստեոպորոզի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլլիսի կոտրվածքը անվանվել է իռլանդացի վիրաբույժ Աբրահամ Կոլլիսի պատվին (1773–1843), ով առաջինն է նկարագրել այս կոտրվածքը 1814 թվականին՝ պարզապես դասական դեֆորմացիայի ռենտգեն պատկերը դիտելով[13]։ Էռնեստ Ամորի Կոդմանը առաջինն էր, որ ուսումնասիրեց այն՝ օգտագործելով ռենտգենաբանական քննությունը։ Իր հոդվածում, որը հրատարակվեց «Բոստոնյան բժշկական և վիրաբուժական հանդեսում», այժմ հայտնի որպես «Նյու Ինգլանդի բժշկության հանդես», Կոդմանը մշակել է նաև դասակարգման համակարգ[14][15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Distal Radius Fractures (Broken Wrist)»։ orthoinfo.aaos.org։ March 2013։ Արխիվացված օրիգինալից 2 July 2017-ին։ Վերցված է 12 October 2017 
  2. «Distal forearm 23-A2.2 CRIF»։ www2.aofoundation.org (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 13 October 2017-ին։ Վերցված է 13 October 2017 
  3. 3,0 3,1 Pfenninger John L., Fowler Grant C. (2010)։ Pfenninger and Fowler's Procedures for Primary Care E-Book: Expert Consult (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 1292։ ISBN 1455700924։ Արխիվացված օրիգինալից 2017-10-13-ին 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Blakeney WG (18 November 2010)։ «Stabilization and treatment of Colles' fractures in elderly patients.»։ Clinical Interventions in Aging 5: 337–44։ PMC 3010169։ PMID 21228899։ doi:10.2147/CIA.S10042 
  5. 5,0 5,1 Oussedik S, Haddad F (September 2005)։ «Manipulation and immobilization of Colles' fractures.»։ British journal of hospital medicine (London, England : 2005) 66 (9): M34–5։ PMID 16200794։ doi:10.12968/hmed.2005.66.Sup2.19718 
  6. Colles A 2006 On the fracture of the carpal extremity of the radius. Edinb Med Surg J. 1814;10:181. Clin Orthop Relat Res 445:5-7.
  7. 7,0 7,1 Adam, Greenspan,։ Orthopedic imaging : a practical approach։ Beltran, Javier (Professor of radiology), (Sixth ed.)։ Philadelphia։ ISBN 1451191308։ OCLC 876669045 
  8. GP Notebook։ «Colles' fracture»։ Արխիվացված օրիգինալից 2011-06-13-ին։ Վերցված է 2009-02-21 
  9. Solomon et al., Apley's system of orthopaedics and fractures, 9th ed., p.772
  10. Essentials of musculoskeletal care։ Sarwark, John F.։ Rosemont, Ill.: American Academy of Orthopaedic Surgeons։ 2010։ ISBN 9780892035793։ OCLC 706805938 
  11. «Adult Distal Radius Frx: Non Operative Treatment - Wheeless' Textbook of Orthopaedics»։ Արխիվացված օրիգինալից 2011-04-23-ին 
  12. Blakeney William (November 2010)։ «Stabilization and treatment of Colles’ fractures in elderly patients»։ Clinical Interventions in Aging 5: 337–44։ PMC 3010169։ PMID 21228899։ doi:10.2147/CIA.S10042 
  13. Կաղապար:WhoNamedIt
  14. Mallon Bill (2000)։ Ernest Amory Codman : the end result of a life in medicine։ Philadelphia: Saunders։ ISBN 978-0-7216-8461-1 
  15. CODMAN E. A. (1900)։ «A Study of the X-Ray Plates of One Hundred and Forty Cases of Fracture of the Lower End of the Radius»։ The Boston Medical and Surgical Journal 143 (13): 305–308։ ISSN 0096-6762։ doi:10.1056/NEJM190009271431301 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]