Կոզեռն (գերեզմանատուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Կոզեռնի մատուռն ու գերեզմանատունը (1930-ական թվականներ)

Կոզեռն (հայերեն՝ Կոզեռն), հայկական նախկին գերեզմանատուն Երևանում։ Խորհրդային տարիներին գերեզմանատունը վերացվել է և մասամբ վերակառուցվել։ 

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոզեռն գերեզմանատունը գտնվել է Երևանի հյուսիսում գտնվող համանուն բլրի վրա։ Եղել է քաղաքի հնագույն գերեզմանատունը (XI—XIII դարեր)։ 1930-ական թվականներին տեղի ունեցած պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել են քարե արկղերում թաղված մարդկանց հետքեր, որոնք թվագրվում էին IV—VII դարերին։ Մոտակայքում հայտնաբերվել են համանման մինչքրիստոնեական թաղման վայրեր[1]։

Գերեզմանատունն իր անվանումն ստացել է 11-րդ դարի հայ տոմարագետ Հովհաննես Կոզեռնի անունից, որը թաղված է այստեղ[1]։ «Կոզեռն» անվանումը ստացել է նաև գերեզմանատանը կից գտնվող պատմական թաղամասը։ 1632 թվականին Հովհաննես Կոզեռնի կողքը թաղված է ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Գ Տաթևացին[2]։ Գերեզմանատանը թաղված է նաև վարդապետ Մելիքսեթ Վժանեցին։ Նրանց գերեզմանաքարերի վրա կառուցվել է մատուռ, որը քանդվել է 1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։ 19-րդ դարում այստեղ կառուցվել է նոր մատուռ-ժամատուն[3]։

1930-ական թվականներին, համաձայն Երևան քաղաքի ճարտարապետական պլանի, գերեզմանատունը ոչնչացվել է։ Գերեզմանաքարերի վրա առկա գրությունները լուսանկարվել են, իսկ մնացորդները և գերեզմանաքարերը մասամբ տեղափոխվել այլ գերեզմանատներ[3]։

Մատուռ-ժամատունը արդյունքում վերածվել է բնակելի տան։ Տան պատերը ծածկվել են սվաղով, իսկ գերեզմանաքարերը դարձել փայտե հատակի հիմք[4]։ Նախկին մատուռի տեղում գտնվում է ննջասենյակը[5]։

Բնակելի տան վերածված մատուռ-ժամատունը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]