Կոգնիտիվիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեբանության մեջ կոգնիտիվիզմը բանականության ընկալման տեսական հիմքն է, որը լայն տարածում է 1950-ական թվականներից։ Այս ուղղությունը ձևավորվել է ի պատասխան բիհեյվիորիզմի, որն, ըստ կոգնիտիվիստների, չի բացատրում գիտակցությունը։ Կոգնիտիվ հոգեբանությունն անվանումը ստացել է լատիներեն «cognoscere» բառից, որը վերաբերում է իմացությանը և տեղեկատվությանը, հաճախ նաև նկատում ենք ուսումնասիրվող գիտության կողմից մտքի և բանականության ուսումնասիրության ավելի վաղ ավանդույթների որդեգրում[1][2]։

Բիհեյվիորիստներն ընդունել են մտածողության գոյությունը, սակայն նրանք այն ներկայացրել են որպես վարքագիծ։ Կոգնիտիվիստները պնդում են, որ մտածողության ձևն ազդում է մարդու վարքագծի վրա և, հետևաբար, ինքն իրենով չի կարող լինել վարքագիծ։ Ավելի ուշ կոգնիտիվիստները հաստատեցին, որ մտածողությունն այնքան կարևոր հիմնադրույթ է հոգեբանության համար, որ վերջինիս ուսումնասիրությունն անգամ ենթակա է առանձին ոլորտային դիտարկման[2]։ Միևնույն ժամանակ կոգնիտիվիստները սովորաբար ենթադրում են, որ գոյություն ունի մտավոր գործունեության հատուկ ձև, այնպիսին, որպիսին է մտածողության հաշվարկային տեսություն։

Կոգնիտիվ զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր մտահորիզոնը ասսիմիլյացնելու և ընդլայնելու գործընթացը որակվում է որպես կոգնիտիվ զարգացում։ Մենք ունենք բարդ ֆիզիոլոգիական կառուցվածք, որը ստանում է շրջակա միջավայրի բազմազան գրգռիչները, ընդ որում խթաններն այն փոխազդեցություններն են, որոնք ունակ են «արտադրելու» գիտելիքներ և հմտություններ։ Ծնողները ոչ ֆորմալ կերպով տանը «մշակում» են մեր գիտելիքները, իսկ ուսուցիչները՝ ֆորմալ կերպով դպրոցում։ Գիտելիքներին պետք է ձգտել էնտուզիազմով և մեծ ցանկությամբ, հակառակ դեպքում ուսուցման գործընթացը վերածվում է բեռի[3]։

Ուշադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողությունը կոգնիտիվ զարգացման առաջին մասն է։ Այն վերաբերում է մարդու՝ կենտրոնանալու և այն պահպանելու ունակությանը[4]։ Այն տարբերվում է բնավորության այնպիսի գծերից, որպիսիք են համառությունը և ցրվածությունը այն առումով, որ վերջիններս իրենցից ներկայացնում են մարդու ամենօրյա փոխգործակցությունը շրջակա միջավայրի հետ։ Ուշադրությունը, մյուս կողմից, ենթադրում է մարդու վարքագիծ որոշակի կոնկրետ խնդիրների լուծման ժամանակ։ Օրինակ, ուսուցումը տեղի է ունենում, երբ սովորողն ուշադրությունը սևեռում է ուսուցչին։ Ուշադրության հետ սերտորեն կապված են հետաքրքրությունները և ջանքերը։ Ուշադրությունն ակտիվ գործընթաց է, որում փոխգործակցում են բազմաքանակ արտաքին գրգռիչներ կամ խթաններ։ Ուշադրությունը ժամանակի ցանկացած պահին ներգրավում է երեք համակենտրոն շրջանակներ՝ տեղեկացվածությունից, սահմաններից և կենտրոնացումից անդին[5]։

Կոգնիտիվ զարգացման տեսությունը, որն անվանում են նաև տեղեկատվության մշակում, պնդում է, որ հիշողությունը և ուշադրությունը համարվում են գիտակցության հենքը։ Ենթադրվում է, որ երեխաների ուշադրությունը նախապես ձևավորված է խիստ ընտրողական ձևով և հենվում է այն իրադրությունների վրա, որոնք կարևոր են երեխաների նպատակների կյանքի կոչման համար։ Այս ունակությունը զարգանում է երեխայի տարիքի ավելացմանը զուգընթաց, քանի որ մեծանալու հետ մեկտեղ երեխան սկսում է այլ կերպ ընկալել ուսուցչի հանձնարարած վարժությունները կատարելու խթանները[6]։ Երեխայի ճանաչողական ակտիվությունը, որը նպատակաուղղված է շրջակա աշխարհի ուսումնասիրմանը, սևեռում է նրա ուշադրությունը հետազոտվող օբյեկտների վրա բավականին երկար ժամանակ, քանի դեռ չի մարել հետաքրքրությունը այդ օբյեկտների հանդեպ։ Եթե 6-7 տարեկան երեխան զբաղված է իր համար կարևոր խաղով, ապա նա, առանց ընդհատման, կարող է խաղալ երկու, անգամ երեք ժամ։ Այդպիսի կենտրոնացվածությամբ նա կարող է զբաղվել նաև արտադրողական գործունեությամբ՝ նկարչություն, դիզայն և այլն։ Ուշադրության նմանօրինակ դրևսորումը խոսում է սեփական զբաղվածության հանդեպ երեխայի հետաքրքրության գոյության մասին։ Ուշադրության բացակայությունը վկայում է, որ երեխան անտարբեր է զբաղմունքի նկատմամբ։

Ուշադրության դասակարգման գծով գոյություն ունեցող մեկ այլ տեսության համաձայն ուշադրությունը լինում է մենթալ հիշողություն և ընկալման հիշողություն։ Առաջինը նկարագրվում է որպես ուշադրության «ուղեղային էներգիա», որն ակտիվացնում է ուղեղի գործընթացների կյանքի կոչման ռելեվանտներն այն դեպքում, երբ երկրորդն իրենից ներկայացնում է սպոնտան հիշողություն,որն էլ ղեկավարվում է ընկալման նոր փորձով։ Մեկ այլ դասակարգման համաձայն գոյություն ունի նաև կամածին հիշողություն։ Կամածին ուշադրության զարգացման համար կարևոր է այն, թե որքանով են երեխաները գիտակցում սովորած նյութի կիրառական նշանակությունը։ Վերջինիս գիտակցումը կենտրոնացնում ու կայունացնում է նրանց ուշադրությունը։ 3-րդից 4-րդ դասարաններում երեխաները ուշադիր լինելու փորձ ու հմտություն են ձեռք բերում և կարողանում են ուշադրությունը բաշխել ու տեղափոխել[7]։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգնիտիվ տեսությունը շեշտը դնում է այնպիսի գիտելիքների ձեռքբերման և այնպիսի զարգացման վրա, որը կհանգեցնի հոգեկանի կառուցվածքի զարգացման։ Կոգնիտիվ տեսությունը միտված է սովորողի կրթական գործընթացի կոնցեպտուալիզացիային։ Հայեցակարգայնացումը կատարվում է հետևյալ կերպ՝ ինչպես է ստացվե տեղեկատվությունը, ինչպես է այդ տեղեկատվությունը մշակվում և կազմակերպվում ըստ գոյություն ունեցող սխեմայի, ինչպես է տեղեկատվությունը հաղորդվում հարցման պարագայում։

Այլ խոսքերով կարող ենք ասել, որ կոգնիտիվ տեսությունը փորձում է բացատրել գիտելիքների ձեռքբերման և անհրաժեշտության դեպքում դրանց կանչման գործընթացը։ Ստացվում է այս պարագայում գործ ենք ունենում բանականության ներսում առկա մենթալ կառուցվածքների հետ։ Ուսուցում ասելով նկատի չենք առել այն մեխանիկական գործընթացները, որը կատարում է սովորողը կրթական գործընթացում, այլ ավելի շատ նկատի ենք ունեցել այն գործընթացը, որը կախված է սովորողի արդեն իսկ ունեցած գիտելիքներից (գոյություն ունեցող տեղեկատվություն) և այն մեթոդներից, որոնք օգտագործվում են նոր գիտելիքների ձեռքբերման նպատակով։

Գիտելիքների ձեռքբերումը գործընթաց է, որը բաղկացած է սովորողի գիտակցության մեջ հոգեկան կառուցվածքների ներքին կոդավորումից։ Տեսության համաձայն սովորողը պետք է լինի սեփական ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցը։ Կոգնիտիվ մոտեցումն առավելապես ուղղված է սովորողների մտավոր գործունեությանը, որպիսին համարվում է մտավոր պլանավորումը, նպատակադրումը և կազմակերպական ռազմավարությունների կիրառումը (Shell, 1980)։ Կոգնիտիվ տեսության համաձայն, սակայն, ուսումնական գործընթացում կարևորագույն դերը միայն շրջապատող միջավայրին և ուսումնական գործընթացի առանձին բաղադրիչների չէ բաժին ընկնում։ Ըստ կոգնիտիվ տեսության ուսումնական գործընթացի կարևորագույն «բանալի» տարրեր են համարվում այնպիսի հասկացությունները, որպիսիք են ուսումնական գործընթացի կոդավորումը, վերաձևակերպումը, տեղեկատվության պահպանումը և անհրաժեշտության դեպքում այդ տեղեկատվության դուրսբերումը։ Ուսումնական գործընթացը բովանդակում է նաև մտքեր, համոզմունքներ, վերաբերմունք, որպիսին ունի սովորողն իր իսկ ուսումնական գործընթացի նկատմամբ (Winna, 1988)[8]։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողությունը կենսական դեր է խաղում ուսումնական գործընթացում։ Տեղեկատվությունը պահվում է հիշողության մեջ, կրում է կազմակերպված, իմաստալից բնույթ։ Այստեղ ուսուցիչը և տեղեկատվության հաղորդման այլ օղակները տարբեր դերեր են խաղում ուսումնական գործընթացում։ Ենթադրվում է, որ ուսուցիչները նպաստում են ուսուցմանը և կազմակերպում են տեղեկատվության հաղորդման գործընթացն առավել օպտիմալ կերպով։ Այլ աղբյուրներից տեղեկատվության ստացումը կատարվում է, այսպես կոչված, առաջադեմ մեթոդներով։ Մոռացումը դիտվում է որպես տեղեկատվությունը հիշողության մեջ պահելու անկարողություն։ Հիշողության կորուստը կարող է դիտարկվել որպես մեխանիզմ, որի միջոցով մարդու օրգանիզմը դուրս է հանում ողջ ոչ ռելեվանտ տեղեկատվությունը՝ հաշվի առնելով այդ տեղեկատվության այժմեականությունը։ Կրկնումը հիշողության ամրապնդման ավանդական մեթոդ է։ Սակայն կրկնությունը չպետք է լինի անօգուտ, այլ պետք է յուրաքանչյուր անգամ թարմացվի, նորացվի մատուցվող նյութը։ Կրկնությունը հետապնդում է յուրացման ենթակա ծրագրային նյութի ամրապնդման և ամրապնդվածի՝ տևական հիշողության մեջ ուղղման նպատակ։ Երեխաների մոտ հատկապես տպավորվում է այն նյութը, որի մատուցման ընթացքում նրանք ապրել են խորը զգացական տպավորություն և սա այն պատճառով, որ կրտսեր դպրոցական տարիքի երեխաները խոսքային վերացական շարադրանքը վատ են մտապահում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mandler, G. (2002). Origins of the cognitive (r)evolution. Journal of the History of the Behavioral Sciences, 38, 339-353
  2. 2,0 2,1 Lilienfeld, S.; Lynn, S. J.; Namy, L.; Woolf, N. (2010), Psychology: A Framework for Everyday Thinking, Pearson, pp. 24–28, ISBN 978-0-205-65048-4
  3. General Psychology (First edition, 2004 ed.). Neelkamal. p. 60.
  4. Siegel, L. S.; Morrison, F. J. (2012-12-06). Cognitive Development in Atypical Children: Progress in Cognitive Development Research. Springer Science & Business Media. ISBN 9781461250364.
  5. General Psychology (First edition, 2004 ed.). Neelkamal. p. 59.
  6. Pendergast, Donna; Main, Katherine (2019-01-07). Teaching Primary Years: Rethinking curriculum, pedagogy and assessment. Allen & Unwin. ISBN 9781760870362.
  7. Марина Х., Мария Т. «Возрастная психология». Конспект лекций, Издательство: Юрайт, 2010г. – 145с., стр. 77
  8. "Psychology" (PDF).
  9. http://teachinglearningresources.pbworks.com/w/page/31012664/Cognitivism