Jump to content

Կնոջ և քաղաքացուհու իրավունքների հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնոջ և քաղաքացուհու իրավունքների հռչակագիր
Կնոջ և քաղաքացուհու իրավունքների հռչակագրի առաջին էջը Խմբագրել Wikidata
փաստաթուղթ Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էկանանց իրավունքներ Խմբագրել Wikidata
ՇարժումՖեմինիզմ Խմբագրել Wikidata
Հիմնական թեմականանց իրավունքներ Խմբագրել Wikidata
ՀեղինակOlympe de Gouges Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ5 սեպտեմբերի 1791 Խմբագրել Wikidata
Լեզուֆրանսերեն Խմբագրել Wikidata

Կնոջ և քաղաքացուհու իրավունքների հռչակագիր (ֆր․՝ Déclaration des droits de la femme et de la citoyenne) գրվել է 1791 թվականին ֆրանսիացի հեղափոխական ակտիվիստ, ֆեմինիստ և գրող Օլիմպիա դը Գուժի կողմից՝ ի պատասխան Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի։ Հրապարակելով այս փաստաթուղթը՝ նա հույս ուներ հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, հավասարություն հռչակելով, չի ճանաչում տղամարդկանց և կանանց հավասար իրավունքները։ Սակայն հռչակագիրն իրական ազդեցություն չունեցավ հեղափոխության ընթացքի վրա։

Իր քաղաքական գրությունների, այդ թվում հռչակագրի հրապարակման արդյունքում, դը Գուժին մեղադրեցին դավաճանության մեջ և մահապատժի ենթարկեցին մի շարք ժիրոնդիստների հետ ահաբեկչության ժամանակաշրջանում: Նա այդ ընթացքում գլխատված երեք կանանցից մեկն էր, և միակը, ով մահապատժի ենթարկվեց, գլխավորապես, քաղաքական հրապարակումների համար:

Հռչակագիրը կանանց կազմակերպված շարժման մանիֆեստ չէր․ այն միտված էր ձևակերպելու կանանց լիարժեք հավասարության գաղափարը, որի համար ֆեմինիզմը սկսեց պայքարել շատ ավելի ուշ:

Պատմական համատեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը հաստատվել է 1789 թվականին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ Հիմնադիր ժողովի կողմից։ Փաստաթուղթը հռչակում էր պետության նկատմամբ մարդու «բնական և անօտարելի» իրավունքները[1]։ Հռչակագիրը մերժում էր կրոնի և դասակարգի վրա հիմնված խտրականությունն ու անհավասարությունը[2], սակայն անտեսում էր կանանց իրավունքները:

1790 թվականին մարքիզ Նիկոլա դը Կոնդորսեն փորձել է հորդորել Հիմնադիր ժողովին քաղաքական և քաղաքացիական իրավունքներ շնորհել նաև կանանց, բայց անհաջող[2]։ Նա հայտարարել է, որ «ով քվեարկում է այլոց իրավունքների դեմ կրոնի, գույնի կամ սեռի տարբերությունների պատճառով, կասկածի տակ է դնում իր սեփականը»[1]:

Ֆրանսիացի կանայք սկզբնական շրջանում ակտիվորեն մասնակցում էին հեղափոխությանը։ 1789 թվականի հոկտեմբերին նրանք առաջատար ուժն էին Վերսալի արշավանքում, որը պայմանավորված էր Փարիզում հացի պակասով։ Այս արշավանքի արդյունքում թագավորական ընտանիքը փաստացի հայտնվեց գերության մեջ, իսկ Հիմնադիր ժողովը տեղափոխվեց Փարիզ և կորցրեց թագավորական շատ պատգամավորների, ովքեր սեփական կյանքի համար վտանգից ելնելով, չգնացին Փարիզ։ Սա էական ազդեցություն ունեցավ հեղափոխության հետագա ընթացքի վրա։ Սակայն հեղափոխության առաջնորդները «չնկատեցին» կանանց մասնակցությունն այս միջոցառմանը և նրանց վրա չտարածեցին մարդու «բնական ու անօտարելի» իրավունքները[3][4]։

1789 թվականի նոյեմբերին Վերսալի արշավանքից հետո մի խումբ կանայք խնդրագիր ներկայացրեցին Հիմնադիր ժողովին՝ կանանց բնական և քաղաքական իրավունքների հավասարության և ճանաչման պահանջով: Այդ խնդրագիրը երբեք չի քննարկվել Հիմնադիր ժողովի կողմից։

Այսպիսով, Ֆրանսիական մեծ հեղափոխությունը կանանց իրավունքների ճանաչման հարցում արդյունք չի տվել և որևէ կերպ չի նպաստել դրան։ Եվ փաստորեն, հենց դա էլ ստիպել է Օլիմպիա դը Գուժին 1791 թվականի սկզբին հրապարակել «Կանանց և քաղաքացուհու իրավունքների հռչակագիրը»[5]։

Հռչակագիրը հրապարակվել է թագուհուն ուղղված «Կնոջ իրավունքները» գրքույկում[6] և սկսվում է բոլոր կանանցից «ամենաատելի» Մարի Անտուանետին ուղղված ուղերձով:

Այս հեղափոխությունը կհասնի իր նպատակին միայն այն ժամանակ, երբ բոլոր կանայք լիովին գիտակցեն իրենց անմխիթար վիճակը և հասարակության մեջ մերժված իրավունքները:

Դը Գուժը թագուհուն կոչ է անում ինտրիգներ չհյուսել իր երկրի դեմ, այլ տեր կանգնել կանանց իրավունքներին և այդպիսով ստանալ «թագավորության կեսի աջակցությունը»[6]։

Հռչակագրի հեղինակ՝ Օլիմպիա դը Գուժ

Թագուհուն ուղղված ընդգրկուն դիմումին հաջորդում է տղամարդկանց ուղղված հակիրճ դիմումը։

Տղամարդ, դու ընդունա՞կ ես արդար լինել։ Թու՞յլ չես տա, որ կինը գոնե քեզ տա այս հարցը: Ո՞վ է քեզ տվել կնոջը ստրկացնելու կայսերական իրավունքը։ Քո ու՞ժը, քո տաղանդնե՞րը․․․մենք պահանջում ենք հավասարություն և ոչ ավելին[7]։

Դը Գուժի հռչակագիրը կառուցված է «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի» պատկերով ու նմանությամբ, հետևողականորեն վերարտադրում է նախաբանը, 17 հոդվածները, և թվում է՝ «գրեթե բնօրինակ փաստաթղթի կրկնօրինակն է»[5]։

Ներածական հատվածում դը Գուժը, վերարտադրելով «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի» նախաբանի հանդիսավոր ոճը, բացատրում է, որ կանայք, ինչպես և տղամարդիկ, ունեն «բնական, անօտարելի և սրբազան իրավունքներ», և որ այդ իրավունքները պաշտպանելու համար են գործում քաղաքական ինստիտուտները[7]։

Հռչակագրի հոդվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի» առաջին հոդվածում ասվում է. «Մարդիկ[8] ծնվում են ազատ և իրավահավասար: Սոցիալական տարբերությունները թույլատրելի են միայն ընդհանուր օգուտի համար»։ Դը Գուժի հռչակագրի առաջին հոդվածում ասվում է. «Կանայք ծնվում են ազատ և տղամարդկանց հետ հավասար իրավունքներով: Սոցիալական տարբերությունները թույլատրելի են միայն ընդհանուր օգուտի համար»[7]։

2-րդ և 3-րդ հոդվածները տարածում են բնօրինակ հռչակագրի դրույթները կանանց վրա[7]։

4-րդ հոդվածում դը Գուժը հաղորդում է, որ «կնոջ բնական իրավունքների միակ սահմանը տղամարդու հավերժական բռնակալությունն է» և պահանջում է իրականացնել բարեփոխումներ, որպեսզի հասարակությունն օրենքով պաշտպանի իր բոլոր անդամների բնական իրավունքները[7]։

5-րդ հոդվածը նույնությամբ վերարտադրում է բնօրինակ հռչակագրի հոդվածը[7]։

6-9-րդ հոդվածները տարածում են բնօրինակ հռչակագրի դրույթները կանանց վրա[7]։

10-րդ հոդվածում դը Գուժն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ֆրանսիական օրենսդրության համաձայն կանայք պատասխանատվություն են կրում իրենց արարքների համար, ինչպես տղամարդիկ, բայց զրկված են իրավունքներից, այնուհետև անում է մի հայտնի հայտարարություն, որը մարգարեական էր դարձել նրա համար. «Կինն իրավունք ունի բարձրանալ կառափնարան, նա իրավունք ունի բարձրանալ նաև ամբիոն»[9]։

Այս հոդվածում դը Գուժը նշում է, որ կինն իրավունք ունի բացահայտելու իր երեխայի հորը և նրանից ֆինանսական աջակցություն պահանջելու։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ դա պայմանավորված է նրանով, որ դը Գուժն իրեն ապօրինինածին երեխա էր համարում[10]։

Այս հոդվածում դը Գուժը բացատրում է, որ կանանց իրավունքների ճանաչումը բարիք է ոչ միայն կանանց, այլև՝ ամբողջ հասարակության համար[10]:

Հոդված XIII - XVI

[խմբագրել | խմբագրել կոդը]

13-16-րդ հոդվածները տարածում են բնօրինակ հռչակագրի դրույթները կանանց վրա[7]։

Այս հոդվածը հռչակում է ամուսնության մեջ գտնվող կանանց և տղամարդկանց հավասարությունն օրենքի առաջ, որն առաջին հերթին վերաբերում է ամուսնալուծության և սեփականության նկատմամբ իրավունքներին[7][11]։

Հռչակագրի հետգրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակագրի հետգրությունը սկսվում է կանանց՝ «արթնանալու և իրենց իրավունքների համար պայքարելու» կոչով[7]: Առաջին պարբերության մեջ դը Գուժը կանանց ուշադրությունը հրավիրում է այն ամենի վրա, ինչ նրանց տվել է հեղափոխությունը՝ «ավելի մեծ արհամարհանք, ավելի մեծ քամահրանք»։ Այնուհետև պաշտպանում է հասարակության մեջ կանանց առաջադիմությունը, նրանց կրթության իրավունքը, քննարկում ամուսնության հարցը, որն իր կարծիքով մնում է «վստահության և սիրո գերեզման»[7]:

Ժան-Ժակ Ռուսոյի «Հասարակական դաշինքի» հիման վրա դը Գուժը մանրամասնորեն զարգացնում է իրավահավասար ամուսնության գաղափարները։ Ինչպես «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի» դեպքում, դը Գուժն ընդհանրացնում է Ռուսոյի «Հասարակական դաշինքի» գաղափարները՝ հիմնված տղամարդկանց և կանանց լիակատար հավասարության ճանաչման վրա[12]։ Ամուսնությունը պետք է լինի հավասարների կամավոր միություն: Ամուսնություից ծնված բոլոր երեխաներն իրավուքն ունեն կրելու իրենց ծնողների անունները՝ «անկախ նրանց ծագումից»[7]:

Արձագանք հռչակագրին

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կնոջ և քաղաքացու իրավունքների հռչակագրի» հրապարակումից հետո արմատական ​​հեղափոխականները դե Գուժին կասկածում էին դավաճանության մեջ։ Քանի որ հռչակագիրը հասցեագրված էր թագուհուն, յակոբինյանները՝ Ռոբեսպիերի գլխավորությամբ, դրա հեղինակին համարում էին ռոյալիստ՝ թագավորական իշխանության կողմնակից։ Երբ դը Գուժը փորձեց գրություն հրապարակել ՝ պահանջելով հանրաքվե անցկացնել կառավարման ապագա ձևի վերաբերյալ, որում առաջարկվում էր ընտրել երեք տարբերակներից մեկը՝ ներառյալ սահմանադրական միապետությունը, յակոբինյանները նրան մեղադրեցին դավաճանության մեջ: Նա արագորեն դատապարտվեց և մահապատժի ենթարկվեց գիլիոտինի միջոցով, ինչպես ահաբեկչության ժամանակաշրջանի «միասնական և անբաժանելի» հանրապետական ​​Ֆրանսիայի շատ այլ «քաղաքական թշնամիներ»[5]:

Մահապատժից հետո փարիզյան մամուլը դադարեց ծաղրել նրա «անվնաս հիմարությունները»։ Համաձայնելով, որ դը Գուժի՝ Ֆրանսիայի հետ կապված ծրագրերն ու նախագծերն իրականությունից հեռու են, լրագրողները գրեցին, որ նա փորձում է հանդես գալ որպես «պետական ​​գործիչ»: Համաձայն «Feuille du Salut public»-ի («Բանբեր հասարակական փրկության») նրա հանցանքն այն էր, որ նա «մոռացել էր իր սեռի առաքինությունները»: Կանանց իրավահավասարության գաղափարը խորթ էր յակոբինյան Փարիզին, ֆեմինիզմը և կնոջն անվայել քաղաքական ակտիվությունը, որ դրսևորում էր դը Գուժը, վտանգավոր էին թվում հեղափոխության համար[5]։

Դը Գուժը Ֆրանսիական հեղափոխության կողմից հռչակված հավասարության սկզբունքի անզիջում քննադատ էր, քանի որ այն անտեսում էր կանանց և ոչ սպիտակամորթների իրավունքները: Նրա բազմաթիվ պիեսները, որոնք վերաբերում էին կանանց և ռասաների իրավունքներին, հասարակության ուշադրությունը հրավիրեցին այս թեմայի վրա ոչ միայն Ֆրանսիայում, այլև Եվրոպայում և նորաստեղծ Միացյալ Նահանգներում[5]։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Lauren, Paul Gordon The evolution of international human rights. — University of Pennsylvania Press, 2003. — С. 18—20. — ISBN 978-0-8122-1854-1
  2. 2,0 2,1 Williams, Helen Maria; Neil Fraistat; Susan Sniader Lanser; David Brookshire Letters written in France. — Broadview Press Ltd, 2001. — С. 246. — ISBN 978-1-55111-255-8
  3. Lynn Avery Hunt, The challenge of the West: Peoples and cultures from 1560 to the global age, p.672, D. C. Heath, 1995.
  4. «The Monstrous Regiment of Women: Revolutionary Women--The Women's March on Versailles». www.monstrousregimentofwomen.com. Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին. Վերցված է 2015-12-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Naish, Camille Death comes to the maiden: Sex and Execution, 1431–1933. — Routledge, 1991. — С. 136. — ISBN 978-0-415-05585-7
  6. 6,0 6,1 Les Droits de la femme, 1791, 24 pages. Оригинальный текст на texte Արխիվացված է Ապրիլ 26, 2010 Wayback Machine-ի միջոցով: available at Gallica
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 «LES DROITS DE LA FEMME - Olympe de Gouges». www.olympedegouges.eu. Արխիվացված է օրիգինալից 2021-11-03-ին. Վերցված է 2015-11-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Используемое в этой декларации слово „l’homme“ во французском языке означает только мужчину.
  9. Naish, Camille Death comes to the maiden: Sex and Execution, 1431–1933. — Routledge, 1991. — С. 137. — ISBN 978-0-415-05585-7
  10. 10,0 10,1 Blanc, Olivier Olympe de Gouges. — Syros, 1981. — ISBN 978-2901968542
  11. Во Франции этого периода замужняя женщина не имела права без разрешения мужа обращаться в суд и распоряжаться своей собственностью. Впоследствии это бесправие женщин было закреплено и в кодексе Наполеона.
  12. von Guttner, Darius (2015). The French Revolution. Nelson Cengage. pp. 34-35.