Jump to content

Կլոացինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոացինա
Ձախ կողմում ներկայացված է մ․ թ․ ա․ 42 թվականի արծաթե դինար՝ ավերսի վրա Կոնկորդիա (Concordia) աստվածուհու գլխի պատկերմամբ, աջ կողմում՝ ռևերսի վրա, Կլոացինայի տաճարը և աստավածուհու 2 պատկերները[1]
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն, epithet? և Զուգարանի աստվածներ
Դիցաբանությունհին հռոմեական կրոն
Սեռիգական
Ասպարեզկոյուղի

Կլոացինա կամ Կլոակինա (լատիներեն՝ Cloacina), հռոմեական կրոնում Հին Հռոմի քաղաքային կոյուղու հովանավոր աստվածուհին։ Հավանաբար էտրուսկներից փոխառված լինելով՝ հռոմեացիները նրան նույնացրել են Վեներայի հետ և համարել նրա երրորդություններից մեկը՝ Վեներա Կլոակինա (Venus Cloacina)՝ Վեներա մաքրագործող, Կոյուղու Վեներա։ Վեներա Կլոակինայի սրբավայրը գտնվում էր Հռոմեական ֆորումում՝ այն վայրում, որտեղ կոյուղու ջրատարը, որն անցնում էր Էմիլիայի բազիլիկի տակով, թափվում էր Մեծ Կլոակայի մեջ[2]։

Կլոացինա անվանումը ծագում է cloāca գոյականից («կոյուղի, ստորգետնյա ջրահեռացում»; հմմտ. cluere «մաքրել»), որն իր հերթին ծագում է նախաիտալերեն *klowā- բառից, իսկ վերջում՝ նախահնդեվրոպական *ḱleuH-o- («մաքուր») բառարմատից: Վեներայի պաշտամունքային անվանումը՝ Cloācīna-ն, կարող է մեկնաբանվել որպես «Մաքրող»[3]:

Ավելի ուշ շրջանի անգլերեն աշխատություններում «Կլոացինայի տաճար» և նմանատիպ արտահայտությունները երբեմն օգտագործվել են որպես արտաքնոցի մեղմասություններ[4][5]։

Ինչպես նշվում է՝ Մեծ Կլոական սկիզբ է առնում Լուկիոս Տարքվինիոս Հնից՝ Հռոմի էտրուսկյան արքաներից մեկից, և ավարտվում է մեկ ուրիշով՝ Լուկիոս Տարքվինիոս Գոռոզով․ հնարավոր է՝ Կլոացինան ի սկզբանե եղել է էտրուսկյան աստվածություն։ Հռոմի հիմնադրման վարկածներից մեկի համաձայն՝ Տիտուս Տատիուսը՝ սաբինացիների արքան, Կլոացինայի արձանը կանգնեցրել է այն տեղում, որտեղ հանդիպել էին հռոմեացիներն ու սաբինացիները, որպեսզի վերահաստատեն իրենց հակամարտության և կոնֆլիկտի ավարտը՝ սաբինուհիների առևանգումից հետո։ Տատիուսը սաբինացիների և հռոմեացիների միջև օրինական ամուսնությունների գրանցման հիմք դրեց՝ նրանց միավորելով որպես մեկ ամբողջական ժողովուրդ։ Սաբինացիների և հռոմեացիների միջև հաշտությունը նշանավորվեց մաքրման արարողակարգով՝ օգտագործելով մրտենի բույսը, ինչը տեղի ունեցավ էտրուսկյան Կլոացինայի տաճարի հարևանությամբ՝ փոքրիկ գետակի մոտ, ինչը հետագայում ընդլայնվեց՝ հայտնի դառնալով որպես Մեծ Կլոակա և վերածվելով Հին Հռոմի քաղաքային կոյուղու հիմնական ելքի։ Քանի որ մրտենին Վեներայի խորհրդանիշներից մեկն էր, հենց Վեներան էլ դարձավ երկու ժողովուրդների միավորումը, խաղաղությունը և հաշտությունը խորհրդանշող ու հովանավորող աստվածուհին[6][7][8]։

Վեներայի Կլոացինայի տաճարի ավերակները

Վեներա Կլոացինայի ոչ մեծ, շրջանաձև տաճարը տեղակայվել էր Էմիլիայի բազիլիկի դիմաց՝ Հռոմեական ֆորումի վրա և ուղիղ Մեծ Կլոակայի վրա։ Հռոմեական որոշ տարադրամների վրա պատկերված էր Կլոացինայի տաճարը։ Ամենահստակ պատկերի վրա արտացոլված են երկու կանայք, հավանաբար, երկուսն էլ աստվածուհիներ են, և յուրաքանչյուրի ծնկի վրա թռչուն է նստած։ Մեկի ձեռքին կա ոչ մեծ առարկա, որը, ամենայն հավանականությամբ, ծաղիկ է․ ծաղիկները և թռչունները հանդիսանում են Վեներայի խորհրդանիշները, որոնցով նա տարբերվում է այլ աստվածուհիներից։ Զարդապատկերները կարող են խորհրդանշել Կլոացինա-Վեներա աստվածության երկու ասպեկտները[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Crawford 494/42b; CRI 188a; Sydenham 1093a; Mussidia 6)
  2. Samuel Ball Platner. A Topographical Dictionary of Ancient Rome. — Cambridge University Press, 2015. — p. 128.
  3. de Vaan, 2008, էջ 122
  4. Soth, Amelia (2021 թ․ սեպտեմբերի 30). «Venus of the Sewers». JSTOR. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 27-ին.
  5. Charles, Waterton (1866). Wanderings in South America. London: T. Fellowes. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 27-ին. «Now, in the British plantations of Guiana, as well as in Europe, there is always a little temple dedicated to the goddess Cloacina.»
  6. Eden, P.T., "Venus and the Cabbage," Hermes, 91, (1963), p. 457, citing Pliny the Elder, Natural History, Book 15, 119 – 121.
  7. Pliny the Elder, Natural History, 15, 119, cited in Wagenvoort, Hendrik, "The Origins of the goddess Venus", in Pietas: selected studies in Roman religion, Brill, 1980p. 180.
  8. Smith, William, Dictionary of Greek and Roman Biography and Mythology, London, John Murray, perseus, Tufts, entry for "Venus"
  9. Coarelli, Filippo (2008). Rome and Environs: An Archaeological Guide. University of California Press. էջ 50. ISBN 978-0520079618.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]