Կլարա Բոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլարա Բոու
Clara Bow 1927.PNG
Ծննդյան թիվ՝հուլիսի 29, 1905(1905-07-29)[1][2][3][4]
Ծննդավայր՝Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 27, 1965(1965-09-27)[2][3][4] (60 տարեկանում)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0001966

Կլարա Բոու (անգլ.՝ Clara Bow, հուլիսի 29, 1905(1905-07-29)[1][2][3][4], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 27, 1965(1965-09-27)[2][3][4], Լոս Անջելես, ԱՄՆ), ի ծնե` Կլարա Գորդոն Բոու, ամերիկացի դերասանուհի, համր կինոյի աստղ և 1920 թվականի սեքս խորհրդանիշ: Առավել մեծ ճանաչում է ստացել «Պլաստիկ դար» (1925), «Ծուղակ տղամարդու վրա» (1926), «Դա» (1927), «Թևեր» (1927), «Անվանիր նրան վայրի» (1932) ֆիլմերի շնորհիվ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա դերասանուհին ծնվել է 1905 թվականի հուլիսի 29-ին Բրուքլինում՝ Սառա Գորդոնի և Ռոբերտ Բոուի ընտանիքում։ Նրա մայրը՝ ֆրանսուհու և շոտլանդացու դուստրը, Բոուի խոսքով[5] շատ գեղեցիկ է եղել։ Կլարան եղել է Սառայի և Ռոբերտի երրորդ զավակը, սակայն նրա երկու ավագ քույրերը մահացել են մանուկ հասակում` առաջինը մահացել է ծնվելուց երկու ժամ անց, երկրորդն ապրել ընդամենը երկու օր: Մայրը չի կարողացել տանել կորուստները և ստացել է հոգեկան խանգարում: Կրելով Կլարային՝ նա վստահ է եղել, որ այդ երեխան նույնպես երկար չի ապրի, և երբ որ աղջիկը լույս աշխարհ է եկել, նույնիսկ չի ձևակերպել նրա ծննդյան վկայականը։

Կլարա Բոու, 1921 թվական

Կլարայի ընտանիքն ապրել է սարսափելի աղքատության մեջ՝ փոքրիկ վարձակալած բնակարանում։ Նրա հայրը, որն ամենայն հավանականությամբ եղել է մտավոր հետամնաց, երբեք չի աշխատել, բավարարվել է պատահական վաստակով և հազվադեպ է հայտնվել տանը, իսկ երբ այնուամենայնիվ վերադարձել է ընտանիք, արհամարհել է կնոջն ու դստերը՝ և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես: Երբ Կլարան տասնհինգ տարեկան է եղել, հայրը բռնաբարել է նրան։ Ռոբերտի բացակայության ժամանակ Սառան մարմնավաճառությամբ է զբաղվել: Նա հաճախորդներին տուն է տարել և մինչ ննջարանում սպասարկել է նրանց, փոքրիկ Կլարային փակել է զգեստապահարանում։ Բացի հոգեկան խանգարումից, որը տարեցտարի խորանում էր, Կլարայի մայրը տառապել է էպիլեպսիայով. նոպաները երբեմն եղել են օրական երեք անգամ: Քանի որ ընտանիքը գումար չի ունեցել բժշկի համար, որը կարող էր թեթևացնել նրա տառապանքները, Կլարան հաճախ էր դառնում մոր նոպաների ականատեսը:

Կլարան մանուկ հասակում չարաճճի է եղել: Իր խոստովանությամբ[6]՝ նա միայն տղաների հետ է ընկերություն արել, երբեք տիկնիկներով չի խաղացել և ամաչել է մյուս աղջիկների ներկայությունից: Որոշ ժամանակ նրա մտերիմ է եղել իր հարևանի` Ջոնի անունով տղայի հետ: Տղան մի քանի տարի փոքր է եղել Կլարայից, և Կլարան հովանավորությամբ է վերաբերվել նրան, ամենուր իր հետ է տարել և պաշտպանել է փողոցային ավազակներից, երբեմն նույնիսկ կռիվ է արել: Երբ Կլարան տասը տարեկան է եղել, ողբերգություն է տեղի ունեցել: Ջոնիի բնակարանում հրդեհ է բռնկվել, որի ժամանակ տղան այրվել և մահացել է հենց Կլարայի ձեռքերում։ Նա ծանր է տարել ընկերոջ մահը։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ մանուկ հասակում Կլարան տարվել է կինոյով։ Նա աստվածացրել է Մերի Փիքֆորդին և սիրահարվել կինոդերասան Ուոլես Ռիդին[7], որին կարող էր տեսնել այդ տարիների Դեյվիդ Ուորկ Գրիֆիթի հայտնի պատմական «Ազգի ծնունդ» ֆիլմում: 1921 թվականին, երբ Կլարան տասնվեց տարեկան էր, նա որոշել է մասնակցել «Փառք ու երջանկություն» մրցույթին, որի գլխավոր մրցանակը «Ծիածանից այն կողմ» ֆիլմում փոքր դերն էր: Մասնակցության համար անհրաժեշտ էր տրամադրել երկու լուսանկար։ Կլարան հորը համոզել է իրեն գումար տալ և գնացել է տեղի էժան ֆոտոստուդիա։ Լուսանկարները նրա կարծիքով սարսափելի են եղել, սակայն շուտով Կլարան նամակ է ստացել մրցույթին մասնակցելու հրավերով: Նրա արտաքինն ու վառ կարմիր մազերը տպավորություն են թողել ժյուրիի անդամների վրա, և նրանք հաղթանակը շնորհել են Կլարային: 1922 թվականին նա նկարահանվել է «Ծիածանից այն կողմ» ֆիլմում, դա նրա դեբյուտն էր կինոյում, սակայն Բոուն հիասթափվել է, նրա մասնակցությամբ դրվագները կտրվել են մոնտաժի ժամանակ և ի հայտ են եկել միայն տարիներ անց, երբ թողարկվել է ֆիլմի ամբողջական տարբերակը:

Դոտ Մորգանի դերում «Ծովային նավերով» ֆիլմում (1922), որտեղ Բոուին առաջին անգամ դիտեցին հեռուստադիտողները:

Երբ Բոուի մայրն իմացել է, որ աղջիկը պատրաստվում է դերասանուհի դառնալ, սկանդալ է սարքել՝ հայտարարելով, որ դերասանությունը մարմնավաճառության նման է, և որ նա նախընտրում է դստերը դագաղում տեսնել, քան էկրանին: Ավելի ուշ՝ Կլարայի երկրորդ ֆիլմից հետո, Սառան գրեթե սպանում էր նրան. մի գիշեր Կլարան արթնացավ և տեսավ, որ մայրը կանգնած է իր մահճակալի մոտ՝ միս կտրելու դանակով: Այդ միջադեպի հետևանքով Բոուն մինչև իր կյանքի վերջը տառապել է անքնությունից։

Ճանաչում և փառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոուին ուշադրություն են դարձրել նրա երկրորդ ֆիլմից՝ կետերի որսորդների մասին պատմող «Նավերով ծովում» մելոդրամայից հետո (1922)։ Նրա կարիերան հետզհետե աճել է, չնայած դերասանուհուն չի լքել մեղքի զգացումն այն բանի համար, որ նա շարժվել է մոր կամքին հակառակ։ «Կանանց թշնամիներ» (1923) ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհին իմացել է, որ իր մայրը մահացել է և ենթադրելով, որ մահվան մեջ մեղավորն ինքն է, ծանր է տարել այդ կորուստը։ «Preferred Pictures կինոընկերության ներկայացուցիչներից մեկի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել միևնույն թվականին, որոշել է դերասանուհու աստղային ապագան։ Նա հրավիրել է Բոուին փորձերի՝ առաջարկելով վճարել նրա Հոլիվուդ հասնելու ճանապարհածախսը։ Նա համաձայնել է, բայց կինոընկերության ղեկավար Բ․ Պ․ Շուլբերգի վրա տպավորություն չի գործել, նա նույնիսկ կասկածել է, թե արժե արդյոք ժամանակ ծախսել փորձերի վրա։ Սակայն մնջախաղը միշտ հաջողվում էր Բոուի մոտ և երբ նա հայտնվել է տեսախցիկի առաջ, Շուլենբերգը մնացել է առավել քան գոհ արդյունքից և դերասանուհու հետ պայմանագիր է կնքել։ Նրանց համագործակցությունն սկսվել է միմյանցից բաժանված սիրահարների մասին պատմող «Մայիսյան օրեր» մելոդրամայով (1923)։

Էթել Շենոնի հետ «Մայիսյան օրեր» ֆիլմում (1923)

Հաջորդող երկու տարիների ընթացքում Կլարան նկարահանվել է քսաներեք ֆիլմերում։ Սկզբում նա կատարել է երկրորդական դերեր՝ խաղալով գլխավոր հերոսների սիրուհիների, դուստրերի և հարևանուհիների դերեր։ Այդ ժամանակ նա վաստակում էր 750 դոլարից ոչ ավելի, այնուամենայնիվ, երբ նա սկսել է լավ գումար աշխատել, Հոլիվուդ է բերել իր հորը։ Նրա հայրը շատ էր խմում և հաճախ էր նրան դնում վատ դրության մեջ՝ խմած հայտնվելով դստեր նկարահանման հրապարակում։

Բոուն նկարահանվել է ոչ միայն «Preferred Pictures»-ում՝ Շուլբերգը հաճախ էր դերասանուհուն «վարձով տալիս» այլ կինոընկերությունների։ Նման վարձույթը շահութաբեր զբաղմունք էր․ այն ժամանակ, երբ Բոուն նկարահանվում էր Warner Bros.-ում («Համբուրի՛ր ինձ կրկին») կամ «Banner Productions Inc.»-ում («Դատարկ սրտեր»), պրոդյուսերը շաբաթական ստանում էր 3000 դոլար։

Հետզհետե Բոուն արժանացել է հեռուստադիտողի սիրուն։ 1924 թվականին նա ներառվել է հույսեր ներշնչող դերասանուհիների ցանկում և ստացել WAMPAS Baby Stars մրցանակը, որը տարբեր տարիների ընթացքում շնորհվել է Ջոան Բլոնդելին, Բեսի Լավին, Վերա Ռեյնոլդսին, Ջինջեր Ռոջերսին և այլն։ Հենց այդ ժամանակ էլ ձևավորվել է նրա դերասանական ամպուլան՝ հիմնականում Բոուն խաղացել է համառ սեքսուալ պչրուհիների դերեր, որոնք օժտված էին անկախ և համառ բնավորությամբ։ Նրա հերոսուհիները հարստության հետևից վազելու պատճառով հեշտությամբ կոտրւմ էին տղամարդկանց սրտերը, բայց, ի վերջո, միշտ ընտրում սերը, ոչ թե փողը.

Առաջին իսկական ճանաչումը Բոուն ձեռք է բերել 1925 թվականին։ Շուլբերգը նրան նկարահանել է «Պլաստմասե դար» կատակերգական մելոդրամայում ուսանողուհի Սինտիյա Դեյի դերում, և քանի որ կինոնկարը հանրության մոտ անհավանական հաջողություն է արձանագրել, Բոուն մի պահ դարձել է «Preferred Pictures»-ի առաջատար դերասանուհիներից մեկը: Կարիերայի անսպասելի թռիչքը գլխապտույտ է առաջացրել Բուի մոտ, որն այն ժամանակ ընդամենը 19 տարեկան էր։ Նա սկսել է հանդիպել ֆիլմի իր գործընկեր, դերասան Գիլբերտ Ռոլանդի հետ, որը սկիզբ է դրել նրա ապագա սկանդալային հեղինակությանը:

«Թևեր» ֆիլմ (1927)

Ութ ֆիլմեր, որոնցում Բոուն հայտնվել է 1926 թվականին, ամրագրել են նրա հաջողությունը։ Այդ տարվա ամենահայտնի ֆիլմը Բոուի համար դարձել է Վիկտոր Ֆլեմինգի կատակերգությունը, որը կոչվում էր «Թակարդ տղամարդու վրա», որտեղ երիտասարդ դերասանուհին կատարել է Ալվերնայի՝ անուղղելի պչրուհու դերը: Սյուժեի համաձայն՝ Ալվերնան փորձում է գայթակղել ցանկացած տղամարդու, որը հայտնվում է իր ճանապարհին, սակայն, ի վերջո, ընտրում է իսկական սերն ու հանգիստ ամուսնական երջանկությունը։ Ֆիլմը նկարահանվել է «Paramount Pictures» կինոստուդիայում, որի ղեկավարն այդ ժամանակ Շուլբերգն էր, և որը ֆիլմի հաջող վարձույթից հետո Բոուի հետ հինգ տարվա պայմանագիր է կնքել: Նույն տարում Բոուն, որը բնույթով նման էր իր հերոսուհիներին, սկսել է հանդիպել Վիկտոր Ֆլեմինգի հետ, չնայած այն հանգամանքին, որ նա գրեթե երկու անգամ ավելի մեծ էր դերասանուհուց:

Այս աղջիկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոուի փառքը գագաթնակետին է հասել 1927 թվականին՝ այն բանից հետո, երբ նա նկարահանվել է հանրախանութի վաճառողուհի Բեթի Լու Սպենսի դերում, որը սիրահարված է իր ղեկավարի որդուն, «Այս» կատակերգական մելոդրամայում՝ ըստ Էլինոր Գլինի համանուն վեպի: Կինոնկարը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1927 թվականի փետրվարի 19-ին, մեծ հաջողություն է ունեցել կինոթատրոններում, իսկ Բոուն ստացել է It-girl մականունը[8], այսինքն՝ «այս աղջիկը», որն այդ ժամանակվանից ի վեր դարձել է երիտասարդ, սեքսուալ և գրավիչ մարդու բնորոշում, որի մասին բոլորը խոսում են, և նա գտնվում է ուշադրության կենտրոնում:

Այդ ժամանակ Բոուն իրոք ուշադրության կենտրոնում է գտնվել՝ ոչ միայն կինոէկրանում հաջողության շնորհիվ, այլև իր գրգռիչ վարքի և բուռն սիրավեպերի պատճառով (թերթերը նաև խոսակցություններ են տարածել ալկոհոլի և թմրանյութերի հանդեպ նրա հակվածության մասին): «Paramount Pictures»-ի ղեկավարությունը նույնիսկ հատուկ կետ է մտցրել նրա պայմանագրում, որը նախատեսել է 500 հազար դոլար պարգևավճար, եթե մինչև պայմանագրի ժամկետի ավարտը Կլարան զերծ մնա հրապարակային սկանդալներից[9]:

Այնուամենայնիվ, այս խոստումը իրականություն չի դարձել։ Դերասանուհու վարքագիծը փչացրել է նրա հեղինակությունը, և չնայած այն բանին, որ նա դեռևս պահանջված էր՝ որպես դերասանուհի, հոլիվուդյան հասարակությունը երես է թեքել նրանից. Բոուն դադարել է ընդունելությունների և երեկույթների հրավիրվել այն մտավախությունից, որ նա ինչ-որ անդուրեկան արարք կկատարի[10]:

Բոուի մասնակցությամբ 1927 թվականի մեկ այլ աղմկահարույց ֆիլմ է դարձել Թևեր ռազմական մելոդրաման, որտեղ դերասանուհին կատարել է Կարմիր խաչի բուժքրոջ դերը, ով սիրահարված է եղել օդաչուին, որը սիրում էր մեկ այլ աղջկա: Այս ֆիլմը կինոյի պատմության մեջ մտել է նաև այն պատճառով, որ դարձել է առաջին և միակ համր ֆիլմը, որը ստացել է Օսկար մրցանակ։

Կարիերայի մայրամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականից սկսած՝ Բոուի կարիերան աստիճանաբար անկում է ապրել։ Նա հայտնվել է ընդամենը չորս նկարներում (հատկանշական է, որ նրանք բոլորը ներկայումս համարվում են կորած)։ Հետագայում 1929 թվականին նրա դեբյուտը տեղի է ունեցել ձայնային կինոյում՝ «Վայրի երեկույթ» կատակերգությունում, որտեղ Բոուն կատարել է թեթևամիտ գեղեցկուհու սովորական դերը՝ մարմնավորելով իր դասախոսի սիրահարված ուսանողուհի Ստելլա Էմսին։

Բոուն, համր կինոյի բազմաթիվ այլ դերասանուհիների նման, դժվարությամբ է անցում կատարել ձայնային ֆիլմերի, քանի որ սովոր է խաղալ արտահայտիչ մնջախաղի միջոցով։ Նորահայտ անհրաժեշտություն էր խոսել և հետևել իր ձայնին, իսկ 1930 թվականի «Սերը միլիոնատիրոջ հանդեպ» ֆիլմում նաև երգել է, ինչը նրա մոտ միկրոֆոնի վախ էր առաջացնում։

Բոուի դիրքը վերջնականապես խարխլվել է նրա անձնական քարտուղար Դեյզի Դևոյի հետ կապված սկանդալից հետո, որին Բոուն վարձել էր 1929 թվականի սկզբին, որպեսզի վերջինս զբաղվի նրա հաշիվներով: Չնայած նրան, որ Դևոն Կլարայի ֆինանսական գործերը կարգի է բերել, մեկ տարի անց նա ազատվել է աշխատանքից դերասան Ռեքս Բելայի նկատմամբ ավելորդ ուշադրության համար, որի հետ դերասանուհին այդ ժամանակ հանդիպում էր։ Դևոյի՝ իր տեղը վերադարձնելու փորձը Բոուին որպես շորթում է գնահատվել, և 1930-ի նոյեմբերի 6-ին Ռեքս Բելլը նրան ոստիկանություն է հայտնել։

Չնայած նրան, որ Դևոն հերքել է շորթման մեղադրանքները, Բըրն Ֆիթսը՝ Լոս Անջելեսի շրջանային դատախազը և «Paramount Pictures» ստուդիայի ղեկավարության մտերիմ ընկերը, նրա բնակարանում անօրինական խուզարկություն է անցկացրել։ Քանի որ նրան ոչ մի կոմպրոմատ չի հաջողվել հայտնաբերել, Դևոն ազատ է արձակվել և անմիջապես դատի է տվել Ֆիթսին ապօրինի ձերբակալման համար։ Ֆիթսն իր հերթին նրա դեմ պատասխան գործ է հարուցել՝ Դևոյի դեմ մեղադրանք առաջադրելով Բոուի փողերը յուրացնելու երեսունհինգ դեպքի համար։ Գործի լսումը սկսվել է 1931 թվականի հունվարի 13-ին՝ հանրության մեծ մասնակցությամբ։ Ատենակալները Դևոյին մեղավոր են ճանաչել միայն մեկ դեպքում դրամական մեքենայությունների համար, սակայն դա չի խանգարել դատավորին նրան տասնութ ամսվա ազատազրկման դատապարտել։

Դևոյի հայտնությունները, որը դատարանում պատկերել է դերասանուհու անձնական կյանքի սկանդալային մանրամասները, հանգեցրել են նրա կարիերայի լիակատար տապալման. 1931 թվականի ամռանը ստուդիան խզել է Բոուի հետ պայմանագիրը։ Նույն տարում քսանհինգ տարեկան դերասանուհին ամուսնացել է Ռեքս Բելլի հետ և հեռացել Նևադայում իրեն պատկանող ռանչոյից։ Նախքան իր կարիերան վերջնականապես դադարեցնելը, նա կինոէկրաններին հայտնվել է ևս երկու անգամ՝ 1932 թվականին Թիֆանի Թայերի «Կոչիր նրան վայրի» վեպի մոտիվներով դրամայում և 1933 թվականին «Աղմուկ» երաժշտական մելոդրամում, որտեղ կատարել է Լու անունով տոնավաճառային պարուհու դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականների կեսերին դերասանուհին կարմիր մազերով, ծիածանի շրթունքներով, Հոլիվուդի սեքս-խորհրդանիշն էր։ Նա սկանդալային կերպով հայտնի է դարձել իր ազատ բարքերով և իր գործընկերների հետ բազմաթիվ սիրավեպերով։ Հայտնի է, որ նրա սիրեկանների թվում են դերասաններ Գերի Կուպերը, Գիլբերտ Ռոլանդը, Բելա Լուգոշին, ռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգը։ Նա չէր թաքցնում իր արկածները, որոնք այդ տարիներին բավականին ռիսկային էին, և նա կարող էր հրապարակավ և առանց ամաչելու իր արտահայտություններից, քննարկել իր սիրեկաններին[11]։ 1929 թվականին, երբ նրա կարիերան սկսեց կլոնավորվել մայրամուտին, Բոուն ծանոթացավ դերասան, վեսթերնների հերոս Ռեքս Բելլի հետ։ Երկամյա սիրավեպից հետո զույգա ամուսնացել է 1931 թվականի դեկտեմբերի 3-ին Լաս Վեգասում։ 1934 թվականին Բոուն և Բելլան ունեցել են որդի՝ Թոնին (անունը փոխել է Ռեքս Էնթոնի Բելլի հետ, մահացել է 2011 թվականի հուլիսին), իսկ 1938 թվականին՝ երկրորդ որդին՝ Ջորջը։

Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին Բոուի մոտ շիզոֆրենիա է ախտորոշվել։ Բուժումը, այդ թվում շոկային թերապիայի օգնությամբ, արդյունք չի տվել, և շուտով դերասանուհուն տեղափոխել են հոգեբուժարան։ Հաջորդ տասնվեց տարիներին, ամուսնուց առանձին բնակություն հաստատելով, նա շատ մեկուսի կյանք է վարել և հազվադեպ է դուրս եկել Լոս Անջելեսի իր տնից[12]։ Բոուն փորձել է ինքնասպան լինել: 1954 թվականին Ռեքս Բելն ընտրվել է Նևադա նահանգի փոխնահանգապետ և մահացել 1962 թվականին: Կլարան նրանից երեք տարով երկար է ապրել և մահացել է սրտի կաթվածից 1965 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 60 տարեկան հասակում:

Բոուի դամբարանը Ֆորեստ Լոուն հուշահամալիրում, Գլենդել: Նրա վրա սխալմամբ նշվել է Բուի ծննդյան տարեթիվը՝ որպես 1907, թեև նա ծնվել է 1905 թվականին:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իր ֆիլմերի պրեմիերաների ընթացքում Կլարան ժամանակ է անցկացրել՝ պոկեր խաղալով իր խոհարարի, սպասուհու և վարորդի հետ։
  • Շատ կանայք նմանակել են Բոուին բնորոշ շրթներկ քսելու յուրահատուկ ձևը:
  • Լինելով ճանաչման գագաթնակետին՝ Կլարան երկրպագուներից ստացել է շաբաթական 45 հազար նամակ։
  • Կլարան հրաժարվել է հուշեր գրելու առաջարկից, քանի որ նրա անցյալի շատ դրվագներ կարող էին վարկաբեկել իր որդիներին և նրանց ընտանիքներին:
  • Բոուն աստղի է արժանացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 FemBio
  5. Photoplay My mother was a very beautiful woman. She came of a good family in New York State and her mother was French and her father was Scotch.
  6. Photoplay I always played with the boys. I never had a doll in all my life.
  7. Photoplay Wally Reid was my first sweetheart, though I never saw him except on the screen. He was Sir Galahad in all his glory. I worshipped Mary Pickford.
  8. Sherrow, Victoria (2006)։ Encyclopedia of Hair: A Cultural History։ Greenwood Publishing Group։ էջեր 70։ ISBN 9780313331459 
  9. John Korcz. Clara Bow. The irresistible «It» girl Paramount had prudently inserted a morality clause in her [Clara Bow’s] contract guaranteeing her a $500,000 bonus at the expiration of it if she did not 'run wild' to publicity.
  10. Биограф актрисы Дэвид Стенн в интервью на Salon.com: Esther Ralston told me a story on herself that I thought revealed a lot about Clara and Hollywood. She and Clara were shooting «Children of Divorce» and the day they wrapped Esther was having a big party. <…> And everyone in Hollywood was invited — that is, all the right people. So Esther was getting dressed in the dressing room and Clara walked by and lingered in the doorway and said, «You’re having a party, ain’t cha, Esther?» And Esther said, as if it had just hit her, «Oh Clara, would you like to come?» And Clara Bow stood in the doorway and said, «Oh, no, I know you don’t want to invite me.»
  11. Биограф актрисы Дэвид Стенн в интервью на Salon.com: She’d compare sizes of her lovers and that kind of stuff — unheard of in those days, especially in public.
  12. Addison Heather (2003)։ Hollywood and the Rise of Physical Culture։ Routledge։ էջեր 124–25։ ISBN 9780415946766 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]