Կիտամուրա Տոկոկու
Կիտամուրա Տոկոկու ճապ.՝ 北村 透谷 | |
|---|---|
![]() | |
| Ծննդյան անուն | ճապ.՝ 北村 門太郎 |
| Ծնվել է | դեկտեմբերի 29, 1868 |
| Ծննդավայր | Odawara, Ashigarashimo district, Կանագավա, Ճապոնիա |
| Վախճանվել է | մայիսի 16, 1894 (25 տարեկան) |
| Վախճանի վայր | Shiba Park, Shibakōen, Մինատո, Տոկիո, Ճապոնիա |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, գրական քննադատ և փիլիսոփա |
| Լեզու | ճապոներեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Tōkyō Senmon Gakkō? |
| Ամուսին | Ishizaka Minako? |
Կիտամուրա Տոկոկու (ճապ.՝ 北村透谷, դեկտեմբերի 29, 1868, Odawara, Ashigarashimo district, Կանագավա, Ճապոնիա - մայիսի 16, 1894, Shiba Park, Shibakōen, Մինատո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի գրաքննադատ և բանաստեղծ: Ստեղծագործել է կեղծանունով: Իրական անունը` Կիտամուրա Մոնտարո (ճապ.՝ 北村 門太郎): Համարվում է ճապոնական ռոմանտիզմի հիմնադիրներից մեկը Մեյձի կայսրի կառավարման (1868-1912) ուշ շրջանի գրականությունում[1]:
Կիտամուրան մեծապես կրել է Բայրոնի բանաստեղծությունների ազդեցությունը[2], ինչպես նաև Թ. Քարլայլի և Ռ. Ու. Էմերսոնի ազդեցությունը:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիտամուրա Տոկոկուն ծնվել է սամուրայների աղքատ ընտանիքում Կանագավայի պրեֆեկտուրայի Աշիգարաշիմո շրջանում։ Նրա եղբայրը՝ Կոկո Մարույամա (իսկական անունը՝ Կակիհո) ճապոնացի նկարիչ էր։
Կիտամուրան ընտանիքի հետ տեղափոխվել է Տոկիո 14 տարեկանում, ավարտել է միջնակարգ դպրոցը Գինզայում և ընդունվել Տոկիոյի տեխնիկական քոլեջ, որը հետագայում վերանվանվել է Վասեդայի համալսարան, 1883 թվականին[3]։ Կիտամուրան կրթական հաստատությունից վտարվել է 1887 թվականին իր քաղաքական հայացքների համար։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիտամուրան մասնակցել է 1880-ականների ճապոնական քաղաքական և սոցիալական շարժմանը` «Հանուն ազատության և մարդկանց իրավունքների» (ճապ.՝ 自由民権運動 - Ձիյումինկենունդո): Նա հեռացել է խմբից, քանի որ կասկածում էր անդամների գործողություններին (կուսակիցները, ի թիվս այլ բաների, ավազակային հարձակումներ էին գործում դրամահավաքի համար)[4]։
1888 թվականին նա ամուսնացել է քաղաքական գործիչ Իշիզակի Մասատակայի դստեր՝ Իշիզակի Մինայի հետ, և կնոջ ազդեցության ներքո ընդունել է քրիստոնեություն։ Միաժամանակ նա առաջին անգամ տպագրվել է։ Նրա առաջին տպագրված աշխատանքը եղել է այն ժամանակվա ճապոնական ամենաերկար ազատ չափածո բանաստեղծությունը՝ շինթայշին՝ «Բանտարկյալի բանաստեղծությունը»։ Բանաստեղծությունը պարունակում է Բայրոնի նմանակում և հղումներ «Շիլիոնի կալանավորը» (The Prisoner of Chillon) բանաստեղծությանը։ 1891 թվականին հրատարակել է «Հեքիաթային երկրի երգերը» («Հորայկյոկու») պոեմը, երեք գործողությամբ դրամա, որտեղ հստակ երևում են ռոմանտիզմի մոտիվները՝ հուսահատություն, իրականությունից փախուստ[5][6]։
Կիտամուրա Տոկոկուն եղել է երիտասարդ գրողների խմբի մեջ, ովքեր 1893-1898 թվականներին հրատարակել են «Գրականության աշխարհ» (ճապ.՝ 文學界, Բունգակուկայ) ամսագիրը, և եղել է ամսագրի հիմնադիրներից մեկը, որտեղ տպագրել է իր քննադատական գրական հոդվածներն ու էսսեները։ Մոտավորապես այդ ժամանակ (1893 թվականին) նրա մոտ սկսել են դրսևորվել հոգեկան անկայունության և դեպրեսիայի նշաններ:
Կիտամուրան եղել է Շիմազակի Տոսոնի մերձավոր գործընկերը, ով նաև հանդես է եկել ամսագրի հրատարակչական շրջանակում: Կիտամուրան մեծապես ազդել է ռոմանտիկ գրական շարժման մեջ Շիմազակիին ներգրավելու վրա: Տոսակիի հայրը՝ Շիմազակի Մասակին հայտնի էր «Կոկուգակու» շարժման շրջանակներում իր ներգրավվածությամբ։
1890 թվականին Կիտամուրան դարձել է անգլերենի ուսուցիչ աղջիկների դպրոցում, իսկ 1893 թվականին փոխարինել է Տոսոնին նմանատիպ պաշտոնում Մեյջիի աղջիկների դպրոցում (հետագայում՝ Մեյջի Գակուինի համալսարան)[7]։
Կիտամուրան, քվակերների ազդեցությամբ եղել է նաև «Խաղաղության միություն» (ճապ.՝ 平和会, Հեյվակայի) ճապոնական պացիֆիստական կազմակերպության ձևավորման առաջնագծում, որը հիմնադրվել է նրա օգնությամբ, 1889 թվականին։ Նա հաճախել է Ազաբուի քրիստոնեական ունիվերսալիստական եկեղեցին (բողոքական եկեղեցի, որը հիմնադրել է Ամերիկյան քրիստոնեական եկեղեցու ճապոնական առաքելությունը), որտեղ աշխատել է նաև որպես թարգմանիչ։
Կիտամուրան հեղինակել է «Բունգակուայ» ամսագրում հրապարակված «Կույր հավատի չարիքը» հոդվածը, որտեղ նա, ի թիվս այլ բաների, ծաղրում էր «Կոկուգակու» շարժումը (ճապ.՝ 平和会, երկրի [մշակույթի] ուսումնասիրություն, կամ ճապ.՝ 皇学 կոգակու, «կայսրի մասին ուսմունք»), որը 19-րդ դարի վերջին իր գրեթե անհետացման պահին վերածվել էր սինտո ֆունդամենտալիզմի ձևի[8]:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիտամուրան ինքնասպան է եղել 1894 թվականի մայիսի 16-ին` չին-ճապոնական պատերազմից մեկ ամիս առաջ՝ կախվելով Տոկիոյի Շիբա այգու մոտ գտնվող իր տան այգում։ Դրանից հինգ ամիս առաջ նա արդեն ինքնասպանության փորձ կատարել էր՝ փորձելով դաշույնով խոցել իրեն։ Նրա կինը մերժել էր միասին մահանալու նրա առաջարկը, և Տոկոկուն կայացրել էր միայնակ ինքնասպանություն գործելու վերջնական որոշումը[9]։
Կիտամուրան թաղված է Օդավարայի Կոչոջի տաճարի գերեզմանատանը (Կանագավա պրեֆեկտուրա)։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիտամուրայի ստեղծագործական ժառանգությունը ներառում է մոտ 30 բանաստեղծություն, երկու երկար բանաստեղծություն, ինչպես նաև լրագրողական և քննադատական հոդվածներ։
- 1891 թվականին «Հեքիաթների երկրի երգերը»
- 1889 թվականին «Բանտարկյալի բանաստեղծություններ»:
Լրագրություն և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1892 թվականին «Պոեզիայի և կանայք»[10]
- 1892 թվականին «Տոկուգավայի դարաշրջանի հասարակ մարդկանց իդեալները»
- 1893 թվականին «Մարդիկ և գաղափարախոսություն»
- 1893 թվականին «Ի՞նչն է խանգարում կյանքին»
- 1893 թվականի «Ներքին կյանքի տեսություն»:
1894 թվականի հոկտեմբերի 8-ին լույս է տեսել «Տուկոկուշու» ձեռագրերի հետմահու ժողովածուն, որը խմբագրել են Հոշինո Թենչին և Շիմազակի Տոսոնին, և նույն ամսին Վասեդա Բունգակուում լույս է տեսել Կանեկո Չիկուսուի «Կարդում ենք «Տուկոկուշու»-ն։
1902 թվականի հոկտեմբերի 1-ին լույս է տեսել Տոկոկուի (Բունբուդո) ամբողջական ստեղծագործությունները, որը խմբագրել է Հոշինո Թենչին։ Բացի այդ, 1950 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրատարակվել է նրա երկերի ամբողջական ժողովածուն՝ Սեյչիրո Կացումոտոյի խմբագրությամբ[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Глускина, Анна Евгеньевна, Логунова В.В. Очерки истории современной японской демократической литературы. — Москва Ленинград Изд-во АН СССР.
- ↑ «Китамура Тококу | Японская поэзия». japanpoetry.ru. Արխիվացված օրիգինալից 2019-12-07-ին. Վերցված է 2019-11-14-ին.
- ↑ «作家別作品リスト:北村 透谷». www.aozora.gr.jp. Արխիվացված է օրիգինալից 2020-01-01-ին. Վերցված է 2019-11-13-ին.
- ↑ «早稲田と文学(北村透谷)». web.archive.org. 2018-05-08. Արխիվացված է օրիգինալից 2018-05-08-ին. Վերցված է 2019-11-14-ին.
- ↑ «思想家紹介 北村透谷 « 京都大学大学院文学研究科・文学部». www.bun.kyoto-u.ac.jp. Արխիվացված է օրիգինալից 2019-05-17-ին. Վերցված է 2019-11-14-ին.
- ↑ «Стихи и публицистика Китамура Тококу». studopedia.su. Արխիվացված է օրիգինալից 2019-11-14-ին. Վերցված է 2019-11-14-ին.
- ↑ «港区ゆかりの人物データベースサイト・人物詳細ページ (北村透谷)». www.lib.city.minato.tokyo.jp. Արխիվացված է օրիգինալից 2020-10-26-ին. Վերցված է 2019-11-14-ին.
- ↑ 北村 Kitamura, 透谷 Tōkoku (31 May 1893). 頑執盲排の弊 Ganshūmōhai no hei. Japan: 文學界雜誌社 Bungakukai Zatsushisha.
- ↑ Григорий Чхартишвили Энциклопедия литературицида. — Litres, 2017-09-05. — 233 с. — ISBN 9785457445222
- ↑ 厭世詩家と女性 (北村 透谷) (ճապոներեն). Jogaku Magazine. 1892.
{{cite book}}:|archive-url=requires|archive-date=(օգնություն) - ↑ 岩波書店編集部 編『近代日本総合年表 第四版』岩波書店、2001年11月26日、379頁。ISBN 4-00-022512-X。
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Долин А.А. История новой японской поэзии. — СПб, 2007. — Т. 1.
- Ирокава Дайкити. Китамура Тококу. — Токио, 1994.
- КИТАМУРА // Киреев — Конго. — М. : Большая российская энциклопедия, 2009. — С. 184. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 14). — ISBN 978-5-85270-345-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտամուրա Տոկոկու» հոդվածին։ |
| ||||||||||||
