Jump to content

Կիսաստված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիսաստվածը անկատար աստվածություն է։ Տերմինը տարբեր ժամանակներում և տարբեր ժողովուրդների շրջանում օգտագործվում էր տարբեր կերպ, բայց այն սովորաբար վերաբերում էր այնպիսի կերպարի, որը մահից հետո հասել էր աստվածային կարգավիճակի կամ ծնվել էր մահկանացուի հետ աստվածության կապի արդյունքում:

Կիսաստված
Ենթատեսակսահմանային արարած և Դիցաբանական հիբրիդներ
Լատինական գրաձևsemideus
 Demigods Վիքիպահեստում

Դասական ժամանակաշրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հունաստանում և Հռոմում «կիսաստված» տերմինը (լատ.՝ semideus, հին հուն․՝ ἡμίθεος) հետևողական սահմանում չուներ, այն օգտագործվում էր հազվադեպ և ուներ մի քանի իմաստ[1]։ Արխաիկ ժամանակաշրջանում դրա առաջին հիշատակումները հանդիպում են Հոմերոսի և Հեսիոդոսի մոտ։ Նրանք երկուսն էլ նկարագրում են մահացած հերոսներին որպես «θεμίθεοι» (այսինքն՝ «կիսաստվածներ»)՝ առանց նշելու, որ նրա ծնողներից մեկը աստվածային է, իսկ մյուսը՝ մահկանացու[2][3]։ Նրանք, ովքեր դրսևորել էին ուժ, իշխանություն, լավ ընտանիք, փառավորել էին իրենց անունը նշանավոր գործերով՝ հատկապես սխրանքներով, հաճախ անվանում էին հերոսներ, իսկ մահից հետո նրանք կարող էին դասակարգվել ἡμίθεοι՝ գործընթաց, որը բնութագրվում է որպես «հերոսացում»[4]։ Հին հույն բանաստեղծ Պինդարոսընույնպես հաճախ օգտագործել էր ἡμίθεος տերմինը որպես հերոսի հոմանիշ[5]։

Ըստ հռոմեացի հեղինակ Դիոն Կասսիոսի Հռոմեական Սենատը մ.թ.ա. 46-ին Գայոս Հուլիոս Կեսարին Տապսի ճակատամարտում հաղթանակից հետո հռչակեց կիսաստված[6]։ Այնուամենայնիվ, ժամանակակից քննադատները կասկածի տակ են դնում այն, թե իրականում սենատը արե՞լ է դա, ինչպես գրել է Դիոն Կասսիոսը մ. թ. ա.3-րդ դարում, այսինքն՝ Կեսարի մահից մի քանի դար անց, և չէր կարող լինել այդ իրադարձությանը ականատես[7]։

Թերևս առաջին հռոմեացին, ով կարող էր օգտագործել «կիսաստված» տերմինը, կարող էր լինել Օվիդիուսը (մ. թ. ա. 17 կամ 18-րդ դարերում), ով մի քանի անգամ օգտագործել է semideus բառը՝ փոքր աստվածություններին անդրադառնալու համար։ Բանաստեղծ Մարկոս Աննեոս Լուկանոսը (39-65) նույնպես գործածել է այդ բառը Պոմպեյին հղելու համար՝ մահից հետո նրա աստվածային կարգավիճակը նշելու համար[8]։

Ավելի ուշ հռոմեական գրող Մարցիան Կապելլան (360-428) առաջարկեց աստվածների հետևյալ հիերարխիան[9].

  • բուն աստվածներ կամ գլխավոր աստվածներ;
  • հանճարներ կամ դայմոններ;
  • կիսաստվածներ կամ սեմոններ (բնակվում է մթնոլորտի վերին շերտերում);
  • հերոսների ստվերներն ու ուրվականները (ապրում են մթնոլորտի ստորին շերտերում);
  • աստվածներ, որոնք բնակվում են երկրի վրա, ինչպիսիք են այծամարդերը և սատիրները։

Կելտական դիցաբանության մեջ որպես կիսաստված հայտնի էր Կուխուլին՝ «Ցուլի առևանգումը Կուալնժեից» իռլանդական ազգային էպոսի հերոսը։ Նա իռլանդական աստված Լուգի և մահկանացու արքայադուստր Դեխտիրայի որդին է։

Հինդուիզմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինդուիզմում կիսաստվածները տիեզերքի կառավարիչներն են։ Նրանք վերահսկում են տիեզերքի օրենքների ընդհանուր կարգը և պահպանում են այն։ Բացի այդ, նրանք վերահսկում են անհատական և կոլեկտիվ կարմայական ռեակցիաները, երջանկությունն ու դժբախտությունը` համաձայն անցյալում մարդկանց որոշակի գործողությունների։ Այս առումով տիեզերքում տեղի ունեցող գործընթացների տեսակետը ըստ վեդական մշակույթի հիմնականում համահունչ է հին եգիպտացիների, հույների, հռոմեացիների, Աֆրիկայի ցեղերի, ամերիկայի հնդկացիների և ավստրալիական աբորիգենների բնական հավատալիքներին։ Ինչպես և նախաքրիստոնեական ավանդույթների մեծ մասում, հինդուիզմն ընդունում է այն փաստը, որ Տիեզերքի գործերը կառավարում են Աստծո զանազան օգնականները (կիսաստվածները)։

Հայտնի կիսաստվածներից նշվում են Բրահման` տիեզերքի ստեղծողը և առաջին արարածը, Շիվան՝ տիեզերքի կործանիչը, թագավոր Ինդրան, որը կառավարում է երկնային մոլորակները և եղանակը, Վայուն`քամու և օդի համար պատասխանատու կիսաստվածը, Չանդրան, որը ղեկավարում է լուսինն ու բույսերը, Ագնին` կրակի կիսաստվածը, Վարունան՝ ծովերի և օվկիանոսների տերը, մահվան տերը՝ Յամարաջան (Յաման) և շատ այլ կիսաստվածներ, որոնք վերահսկում են երկրի տարերքները և կենդանի մարդկանց մարմինները։

Այնուամենայնիվ, վեդական սուրբ գրությունները, հակառակ տարածված կարծիքների, չեն հիմնվում բազմաստվածության կամ պանթեիզմի վրա՝ այս բառերի սովորական իմաստով։ Վերջիվերջո նրանք ներկայացնում են աշխարհի միաստվածական հայեցակարգ՝ պնդելով, որ այս բոլոր աստվածություններից վեր (իրականում կիսաստվածներ) գոյություն ունի Գերագույն Աստված, որի ամենահանրաճանաչ անուններն են՝ Կրիշնա, Հարի, Ռամ, Նարայանա և Վիշնու։ Այս անուններից յուրաքանչյուրը վերաբերում է նույն Գերագույն անձնավորությանը[10]։

Չինական դիցաբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական դիցաբանության մեջ հայտնի է մի նշանավոր կիսաստված՝ Էրլան-շենը։ «Ճանապարհորդություն արևմուտք»-ի մեջ նշվում է, որ նեֆրիտյան կայսեր կրտսեր քույրը Յու-դին իջավ մահկանացուների աշխարհ և ծնեց մի երեխա՝ Յանգ Ցիանգ անունով։ Հետագայում նա մեծացավ՝ դառնալով մի աստվածություն, որը հայտնի է որպես Էրլան-շեն։

Ֆիլիպինյան դիցաբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպինների ավանդական, նախաքրիստոնեական կրոնական դիցաբանության մեջ կիսաստվածները հաճախ են հանդիպում հեքիաթներում։ Այս կիսաստվածներից շատերի իշխանությունը հավասար է հիմնական աստվածների և աստվածուհիների իշխանությանը։ Նման կիսաստվածներն են՝ Մայարին՝ տագալների լուսնի աստվածուհին, ով ամեն երեկո ղեկավարում է աշխարհը, Թալան՝ աստղերի աստվածուհին, Հանան՝ առավոտյան աստվածուհին, Ապո Աննոն՝ Կանկանայի ժողովրդի հերոս-կիսաստվածը, Օրիոլը՝ կիսաօձ-կիսաստվածուհի բիկոլանների մոտ, Լաոն՝ Հիլիգալ կիսաստվածը, ով կարող է խոսել կենդանիների հետ և Կանլաոն լեռան վրա ջախջախեց խենթ վիշապին և Օվուգը՝ որոտի և կայծակի կիսաստվածը[11][12][13][14][15][16][17]։

Տերմինի ժամանակակից օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենում «կիսաստված» (demigod) տերմինը առաջին անգամ հայտնվեց 16-րդ դարի վերջին -17-րդ դարի սկզբին (լատ. semideus «կիսաստված» և հին հունարեն δαίμων «ոգի, աստվածություն»)[18]։ Նման ձևով այս տերմինը ձևավորվեց ֆրանսերենում` demi-dieu: Իսպաներեն, իտալերեն և ռոմանական խմբի այլ լեզուներում այն վերափոխվեց լատիներեն semideus-ից[19]։

«Կիսաստված» տերմինը հաճախ փոխաբերականորեն օգտագործվում է անսովոր ունակություններով մարդկանց նկարագրելու համար[20]։ Անգլիացի բանաստեղծ Ջոն Միլթոնը իր «Կորուսյալ դրախտ» բանաստեղծության մեջ պնդում է, որ հրեշտակները կիսաստվածներ են[21]։ Ամերիկացի գրող Ռիք Ռիորդանի գրքերում կիսաստվածները կատարում են կարևոր դեր։ Ռիորդանիի աշխատանքներում կիսաստվածը սահմանվում է որպես անձ, ում ծնողներից մեկը մարդ է, իսկ մյուսը` աստված[22]։

God of War համակարգչային խաղերի շարքում աստվածների հետ միասին հանդես են գալիս նաև կիսաստվածները, ինչպիսիք են՝ Պերսևսը, Հերկուլեսը, գլխավոր հերոս Կրատոսը և նրա եղբայր Դեյմոսը՝ Զևսի և նրա մահկանացու կնոջ որդիները։

2016 թվականի դիսնեյյան «Մոանա» մուլտֆիլմում Դուեյն Ջոնսոնը հնչյունավորել է պոլինեզիացիների դիցաբանության կիսաստված Մաուի դերը[23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. H. Charles Talbert (1975). The Concept of Immortals in Mediterranean Antiquity. In: Journal of Biblical Literature. — 94 (3): 419—436.
  2. Greek World Study Tool // Perseus Digital Library
  3. William Hansen (2005). Handbook of Classical Mythology. — ABC-CLIO Ltd, 2004. — 199 p. (ISBN 0195300351).
  4. Theodora Hadzisteliou Price (1973). Hero-cult and Homer. In: Historia: Zeitschrift für Alte Geschichte. — 22 (2): 129—144.
  5. Henry George Liddel, Robert Scott. A Greek-English Lexicon (5th ed.). — Oxford: Oxford University Press. — P. 596.
  6. Дион Кассий. Римская история. 43. 21. 2.
  7. Duncan Fishwick (1975). The name of the Demigod. In: Historia: Zeitschrift für Alte Geschichte. — 24 (4): 624—628.
  8. Марк Анней Лукан. Гражданская война. Кн. 9.
  9. Martianus Capella. De nuptiis Philologiae et Mercurii. 2. 156.
  10. Полубоги // Восточная философия.
  11. F. Landa Jocano. Notes on Philippine Divinities.
  12. Benguet community races against time to save Apo Anno // Inquirer.net.
  13. Perla S. Intia. Three Tales from Bicol. — New Day Publishers, 1982.
  14. Damiana L. Eugenio. Philippine Folk Literature: The Myths. — UP press, 1993.
  15. H. Otley Beyer, 1913.
  16. M. C. Cole, 1916.
  17. Hinilawod: Adventures of Humadapnon // Chanted by Hugan-an and recorded by Dr. F. Landa Jocano. — Metro Manila: Punlad Research House, 2000. ISBN 9716220103.
  18. Oxford English Dictionary. 3. — UK: Oxford University Press, 1961. — P. 180.
  19. Semideus // Latin World Study Tool. Perseus.
  20. "demigod" // Collins English Dictionary.
  21. Джон Мильтон. Потерянный рай, 9, 937
  22. Rick Riordan. Percy Jackson: The Demigod Diles. — London: Puffin Books, 2010. — P. 71. ISBN 0141329505.
  23. WikiLeaks Adds Thousands of Hacked Sony Emails // The Wrap.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիսաստված» հոդվածին։