Կիլիկիա թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիլիկիա թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Lebanon.svg Լիբանան
ՏեղագրությունԱնթիլիաս
ՀասցեԼիբանան Լիբանան
Անթիլիաս
Antelias Hwy, Between Sawma Jaber Str and Akhawain Rahbani Str, Antelias
Հիմնադրված է1993
Կոորդինատներ: 33°55′5.2″ հս․ լ. 35°35′8.7″ ավ. ե. / 33.918111° հս․. լ. 35.585750° ավ. ե. / 33.918111; 35.585750

Կիլիկիա թանգարան, Անթիլիասի Մատենադարանում գտնվող թանգարանն է։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական «Կիլիկիա» թանգարանի շինարարությունը մեկնարկել է 1993 թվականին և ավարտվել 1997 թվականին։ Թանգարանը պաշտոնապես գործարկվել է 1998 թվականի մարտին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի և Լիբանանի Հանրապետության նախագահի հովանու ներքո։ Թանգարնաը գտնվում է Մատենադարանի շենքի մեջ։ Կրոնական գանձերի մեծ մասը, որ ցուցադրվում են թանգարանում, Անթիլիաս են բերվել դժվար պայմաններում՝ 1915 թվականին, երբ Կաթողիկոսությունը ստիպված էր հեռանալ իր նախնական նստավայրից՝ Սիսից։

Թանգարանի հարստությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի առաջին հարկում պահվում են մասունքներ և սրբազան խաչեր, ծիսական հագուստներ, թանկարժեք քարերով խաչեր։ Թանգարանի բաժնի մեջ կան հին հայկական, հռոմեական և բյուզանդական դրամներ, հայկական ձեռարվեստի խաչեր և զարդեղեն։ Այստեղ պահվում են եկեղեցական թանկարժեք զգեստներ և իրեղեն, որոնք հանդիսավոր տոնակատարությունների ժամանակ դուրս են բերվում և գործածվում։ Երկրորդ հարկում են պահվում ձեռագրերը, հազվագյուտ գրքերը և դրամների հավաքածուները։ Նույն հարկում են գտնվում նաև հնագիտական հավաքածուները, ինչպիսիք են ուրարտական արվեստի նմուշներ, գորգեր և այլն։ Երրորդ հարկում կարևոր հավաքածուներ են ժամանակակից (19-20-րդ դարեր) հայ նկարիչների և քանդակագործների ստեղծագործություններից։

Հայկական ծիսական հագուստի նմուշները Կիլիկիո կաթողիկոսական թանգարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ եկեղեցու առանձնահատուկ հոգածությունն է վայելել դեկորատիվ-կիրառական արվեստի գեղարվեստական ասեղնագործության ճյուղը։ Խաչվառները, սփռոցները, սկիհի ծածկոցները, ամպհովանիները, կոնքեռնները, խորանի վարագույրները, ծիսական հանդերձի տարրերը, պսակները, խույրերը, գոտիները նրբաճակակ արվեստի նմուշներ են։ Եկեղեցական ծիսական հագուստի մեջ են մտնում շապիկները, շուրջառները, օձիք-վակասները, խույրերը, թագերը, սաղավարտները, արտախուրակները, բազպանները, հողաթափերը, ուրարներն ու փորուրարները, եմիփորոնները, գոտիները, կոնքեռնները և այլն։ Ծիսական հանդերձանքը կարևոր նշանակություն է ունեցել քրիստոնեկան եկեղեցու համար։ Գոյություն ունեին հանդերձանքի տեսակներ և հագնվելու կարգ։ Անթիլիասի տաճարում կա Կիլիկիայի մի փայլուն խույր (Սիս, 1805 թ., արծաթ), որի մի երեսին պատկերված է Մարիամը՝ կանգնած, գնդի վրա դրված մահիկի գոգավոր մասում շրջապատված հրեշտակներով, ոճավորված բուսական շքեղ զարդերով։ Խույրի մյուս երեսին պատկերված է Հարության տեսարանը։ Քրիստոսը օդի մեջ է, շքեղ ոսկեթել լուսապսակով, իսկ երկնքից իջնող աղավնուց դեպի ցած են իջնում մարգարտաշար շողեր։ Հետաքրքիր են զույգ արտախուրակները, որոնք բանեցվում են խույրի և վակասի հետ։ Չնայած իրենց փոքր չափերին՝ հաճախ դրանք ունենում են բարդ պատկերագրություն։ Արտախուրակները ներդաշնակ են խույրի և վակասի հետ։

Անթիլիասում կան նաև շքեղ շուրջառներ՝ ոսկեթել ասեղնագործությամբ։ Ոսկին չափազանց առատ է։ Շքեղ են ասեղնագործված կաթողիկոսական շուրջառը, եմիփորոնները, վակասն ու խույրը։ Մեծ թիվ են կազմում ասեղնագործված փորուրարները, որոնք վերջանում են ոսկեթել, մետաքսաթել ծոպերով կամ ոսկեթել ժանյակներով։

Զգալի թիվ են կազմում նաև եմիփորոնները։ Այն հինգ մետր երկարություն ունի, կարվում է թանկարժեք գործվածքից, ասեղնագործվում է, աչքի են ընկնում խաչերը, որոնց թիվը համապատասխանեցվում է կրոնավորի աստիճանին։

Կաթողիկոսական ծիսական հանդերձանքին է դասվում նաև կոնքեռնը։ Դրանք կրել կարող են միայն կաթողիկոսները։ Ծիսական հանդերձանքի մեջ են մտնում նաև կտորից, ոսկեթել, արծաթաթել, մարգարտաշար ասեղնագործված հողաթափերը։ Եկեղեցում ծիսակատարությունների ժամանակ կրոնավորները կապում են նաև գոտի։ Դրանք ունենում են զարդեր, ճոխ ճարմանդներ։ Դրանք ոսկերչական արվեստի գլուխգործոցներ են։ Անթիլիասում կան նաև եպիսկոպոսական թագեր, եմիփորոններ, որոնցից է 18-րդ դարի սկզբի մի եմիփորոն՝ ոսկեթել և պատկերազարդ։ Անթիլիասում պահվող ծիսական հագուստի այս օրինակները հայկական քրիստոնեկան արվեստի անկրկնելի գանձեր են և հիացնում են իրենց կատարման մեծ վարպետությամբ և յուրահատկությամբ։

Դեկորատիվ կիրառական արվեստի նմուշները Կիլիկիո կաթողիկոսական թանգարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավականին մեծ թիվ են կազմում Անթիլիասում պահպանվող դեկորատիվ կիրառական արվեստի նմուշները Եղել են խաչեր, որոնց կենտրոնում ապակու կամ բյուրեղի տակ տեղադրվել են զանազան մասունքներ։ Անթիլիասի խաչերը, որ առնված են ձևավոր շրջանակների մեջ, գոհարազարդ են ու կոթով։ Մեծ տեղ են գրավում նաև լույս տվող զարդ-անոթները, ջահերը, խոշոր չափերի աշտանակները։ Պատրաստվում էին բրոնզյա գեղեցիկ ձուլածո ճրագներ, կանթեղներ, բուրվառներ։ Հատուկ խնամքով ու զարմանալի վարպետությամբ են պատրաստված մեռոնի կաթսաները։ Կիլիկիայի մեռոնի կաթսան հինգ խաչազարդ գմբեթներով է ձևավորված։ Կաթսայի վրա պատկերված է Գրիգոր Լուսավորիչը, կանգնած հայրապետական հանդերձանքով, վերևից շողեր են թափվում դեպի նրա առաջ պատկերված կաթսան։ Ներքևում մի շարք հայկական եկեղեցիների պատկերներ են։ Սուրբ մյուռոնի այս կաթսան 1817 թ. Գրիգոր Չէլեպիի, Սարգիս Տիվզեանի և Գազազ Արթին Ամիրայի կողմից նվիրվել է Սսի կաթողիկոսարանին։ Արծաթագործության, ոսկերչության արվեստի տեսակետից էլ մեծ հետաքրքրություն են ներկայացնում ձեռագրերի մետաղից պատրաստված կազմերը։ Ձեռագիրն ունեցել է կաշյա, արծաթյա, ոսկյա կազմ, ասեղնագործված շապիկ։ Կազմերի մեջ կան գեղարվեստական նշանակություն ունեցող շատ գործեր։ Արծաթյա կազմերը պատրաստվում էին տարբեր եղանակներով՝ ձուլածո, դրվագված, սևադա, փորագրված, զուգաթել, հատիկավոր։ Արծաթյա կազմը ոսկեզօծվում էր, վրան ամրացվում էին թանկարժեք կամ հասարակ ակներ։ Ավելի ուշ դարերում կազմի վրա ամրացվում էին կրոնավորների պատկերները, խաչելության ձուլածո տեսարանը, որը միատեսակություն մտցնելով ՝ արվեստի մեջ գցում էր նրա արժեքը։ Մետաղի վրա ամրացվում էին նաև արծնապատ զարդեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]