Կեչի Լիտվինովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեչի Լիտվինովի
Կեչի Լիտվինովի
Կեչի Լիտվինովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Կեչազգիներ (Betulaceae)
Ենթաընտանիք Կեչայիններ (Betuloideae)
Ցեղ Կեչի (Betula)
Տեսակ Կեչի Լիտվինովի (B. litwinowii)
Միջազգային անվանում
Betula litwinowii
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կեչի Լիտվինովի (լատին․՝  B. litwinowii A. Doluch.), կեչազգիների ընտանիքի, կեչի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր ծառ է՝ 10 - 15 մ բարձրությամբ և 20 - 40 սմ բնի տրամագծով։ Անբարենպաստ պայմաններում աճում է որպես խոշոր թուփ։ Բունը մեծ մասամբ ծուռումուռ է, ճյուղավորված գրեթե գետնի մակերեսից։ Կեղևը դեղնասպիտակ է, անջատվում է բարակ թելիկներով։ Ընձյուղների կեղևը կարմրադեղնավուն է, աղվամազապատ։ Տերևները ձվաձև են, շեղանկյուն, գարնանը ծածկված աղվամազով, 3,5 - 5,5 սմ երկարությամբ և 2,5 -4,0 սմ լայնությամբ։ Պտղատու կատվիկները ունեն 2 -3,5 սմ երկարություն և 0,8 -1,2 սմ լայնություն, դեպի ցած են կախված

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան անտառային շրջաններում, Ապարանում, Հրազդանում, Վայքում, որտեղ աճում է անտառների վերին եզրերում։ Մերձալպյան անտառներում առաջացնում է մաքուր կեչուտներ, ծովի մակերևույթից 2100-2500 մ բարձրության վրա։ Համեմատաբար քչապահանջ է օդի խոնավության նկատմամբ, հատկապես հասուն տարիքում երաշտը հեշտությամբ է տանում։ Բավականին ցրտադիմացկուն է, երիտասարդ տարիքում արագ է աճում։ Ապրում է 100 - 120 տարի։ Լուսասեր է, բազմանում է սերմերով և բնային մացառներով։ Հյութը պարունակում է շաքարներ, դրանից օշարակ են պատրաստում։ Բողբոջները պարունակում են խեժ, խաղողաշաքար և եթերային յուղեր։ Խեժ է պարունակում նաև բնափայտը։ Դրանք օգտագործվում են բժշկության մեջ և օղե-լիկյորային արտադրության բնագավառում։ Տերևներն ունեն միզամուղ հատկություն։ Սերմերում մոտ 28°/0 ճարպ է պարունակում։ Տերևներում բավականին քանակությամբ ակսերոֆտոլ (վիտամին A ) կա։ Էկոլոգիական խումբը XIIբ։ Մշակության հավանական շրջանները 1 -32[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (198-199)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի Լիտվինովի» հոդվածին։