Կենցաղային խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենցաղային խաղեր, ժողովրդական, մարդկանց հասարակական կենսագործունեությունը վերարտադրող խաղեր։ Ներկայացնում են հիմնականում զբաղմունքը (անասնապահություն, որսորդություն, ձկնորսություն, երկրագործություն, արհեստներ), ամուսնա-ընտանեկան հարաբերությունները, սովորությունները։ Պարունակում են ծիսա-պաշտամունքային արարողությունների տարրեր։ Խաղերի բազմազանությունը պայմանավորված է բնակլիմայական, զբաղմունքային, սովորութային և այլ առանձնահատկություններով։ Խաղում են հիմնականում մանուկները։

Շինարարական բնույթի կենղացային խաղերը յուրովի վերարտադրել են ժողովրդի ճարտարապետությունը։ Երեխաները հիմնականում քարից, փայտից, ցեխից խաղային չափերով կառուցել են բերդեր, տներ և օժանդակ տնտեսական հարմարություններ (գոմ, թոնիր, փուռ)՝ ներկայացնելով համապատասխան կենսագործունեություն։

Որսորդություն պատկերող խաղերը ներկայացրել են զանազան միջոցներով (օղապարան, թակարդ, ծուղակ) կենդանիներ, թռչուններ, ձկներ որսալու տեսարաններ։ Անասնապահության հետ առնչվող խաղերում արտացոլվել են հատկապես խաշնարածության և դրա հետ կապված մյուս տնտեսական բնագավառները (կաթը փոխարինաբար տալը)։ Համեմատաբար շատ են եղել երկրագործությանը (դաշտամշակություն, այգեգործություն, ոռոգում, կալսում) վերաբերող կենղացային խաղերը։

Կենղացային խաղերի մի մասն արտացոլում է արհեստներ, զբաղմունք, առևտուր և առտնին կենցաղ։ Աղջիկները ներկայացրել են տնայնագործական և տնտեսական զբաղմունքը (մանել, գզել, գործել, կաբել, եփել, թխել), տղաները՝ տղամարդկանց հատուկ արհեստներն ու զբաղմունքը (սայլվոր, վաճառական, խանութպան, վարպետ)։

Որոշ խաղերով ներկայացվել են նախաամուսնական սովորություններն ու ընտանեկան կենցաղը (տունտունիկ, ճլորթի)։ Հարսանիքներն ուղեկցվել են սպորտային և զվարճալի տեսարաններ ներկայացնող խաղերով, որոնք որոշ դեպքերում արտահայտել են հարսի ու փեսայի ազգական-բարեկամների հակամարտությունները (մկնդախաղ, մենամարտեր)։ Կենղացային խաղերում հաճախ դատապարտվել են անազնվությունն ու խաբեությունը։ Կենղացային խաղերը կազմել են հայ մանուկների հիմնական խաղերի մեծ մասը և նպաստել նրանց հասարակական կենսագործունեությունը նախապատրաստելուն։ Այժմ նախկին կենցաղային խաղերի մեծ մասը վերացել է կենցաղային ու տեխնիկական նորամուծությունների հետևանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 382 CC-BY-SA-icon-80x15.png