Կենսաերկրահամակեցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենսաերկրահամակեցություն, (հուն․՝ βίος — կյանք, γη — երկիր + κοινός — ընդհանուր), բնության ամենաբարդ համակարգերից մեկը։ Երկրի մակերևույթի համասեռ տարածքում նյութերի և էներգիայի փոխանակությամբ պայմանավորված բնության կենդանի (կենսահամակեցություն) և անկենդան (մթնոլորտի Երկրին մոտ շերտը, Արեգակի էներգիան, հողը, ջուրը և այլն) բաղադրիչների կայուն համակարգ։ Հաճախ կենսաերկրահամակեցությունը նույնացվում է էկոհամակարգի հետ, որն ընդգրկում է ցանկացած ծավալի տարածություն՝ ջրի կաթիլից մինչև կենսոլորտն ամբողջությամբ։ Կենսաերկրահամակեցությունը ներառում է բուսական համակեցությունը (ֆիտոցենոզ)։ Բիոգեոցենոզում կարևոր են կանաչ բույսերը (բարձրակարգ և ստորակարգ), որոնք արտադրում են առաջնային օրգանական նյութեր։ Նշված նյութերը և նրանց էներգիան օգտագործում են իրենք բույսերը, ապա փոխանցում տարասուն օրգանիզմներին։ Կանաչ բույսերը ֆոտոսինթեզի շնորհիվ օդում պահպանում են թթվածնի և ածխաթթու գազի հաշվեկշիռը, իսկ տրանսպիրացիայի միջոցով մասնակցում ջրի շրջապտույտին։ Օրգանիզմների կամ նրանց մասերի մահացման հետևանքով կատարվում է հողի սննդային տարրերի (N, Р, К, Са և այլն) կենսածին միգրացիա և վերաբաշխում։ Բիոգեոցինոզում մեծ է հողային կենդանիների՝ սապրոֆագերի դերը, որոնք սնվում են մեռած բույսերի օրգտագործում մնացորդներով և հողային միկրոօրգանիզմներով։ Բիոգեոցինոզ դինամիկական համակարգ է և անընդհատ փոփոխվում ու զարգանում է իր բաղադրամասերի ներքին հակասությունների շնորհիվ։ Բիոգենոցենոզի փոփոխությունները կարող են լինել կարճատև, որոնցով պայմանավորվում են բաղադրամասերի հեշտ վերադարձելի ռեակցիաները (եղանակային, սեզոնային), և խորը։ Վերջին դեպքում անդառնալիորեն փոխվում է բիոգեոցինոզի կառուցվածքը, ընդհանուր նյութափոխանակությունը, և ի վերջո մեկ բիոգեոցինոզը փոխվում է մյուսով։ Ամբողջ երկրագնդի բիոգեոցենոզների միագումարը կազմում է բիոգեոցենոտիկական ծածկույթ կամ կենսոլորտային բիոգեոցենոզի կենսոլորտի ուսումնասիրությամբ զբաղվում է բիոցենոլոգիան։ Կենդանի բաղադրամասերից են ինքնասուն (ֆոտոսինթեզ կատարող կանաչ բույսերը), քեմոսինթեզող միկրոօրգանիզմները և տարասուն (կենդանիներ, սնկեր, բակտերիաներ, վիրուսներ) օրգանիզմները։ Անկենդան բաղադրամասերն են՝ մթնոլորտային մերձերկրյա շերտն իր գազային և ջերմային պաշարներով, արևի էներգիան, հողը, նրա ջրահանքային պաշարները։ Երկրի կենսաերկրահամակեցությունների ամբողջությունը կազմում է կենսոլորտը։ Կենսաերկրահամակեցության կառուցվածքի և զարգացման, արդյունավետության ու կայունության ուսումնասիրությունը կարևոր է բնական պաշարների արդյունավետ օգտագործման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png