Կենսաբանական մոդելավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենսաբանական մոդելավորում, կիրառվում է մոդելների օգնությամբ կենսաբանական կառուցվածքների, գործողությունների և պրոցեսների ուսումնասիրման համար՝ կենդանի օրգանիզմի կազմակերպման տարբեր մակարդակներում (մոլեկուլային, ենթաբջջային, բջջային, օրգանային և այլն)։

Կենսաբանական գիտություններում կիրառվում են մոդելավորման տարբեր տեսակներ։ Մի դեպքում, որպես մարդու կամ այլ կենդանի օրգանիզմի մոդել, հանդես է գալիս փորձակենդանին (շուն, առնետ, կապիկ), որի միջոցով վերարտադրվում են որոշակի վիճակներ կամ հիվանդություններ։ Դա թույլատրում է փորձնականորեն ուսումնասիրել տվյալ վիճակի կամ հիվանդության մեխանիզմը և ներգործել նպատակահարմար ձևով։ Մեկ այլ դեպքում, ֆիզիկական կամ քիմիական միջոցներով վերարտադրվում են կենսաբանական կառուցվածքներ, գործողություններ կամ պրոցեսներ։ Մոդելավորումը, որպես կանոն, մոդելավորվող կենսաբանական երևույթի մոտավոր նմանակն է։ Կենսաբանական գիտությունների արդի զարգացումը զգալի չափով պայմանավորված է մաթեմատիկական (տրամաբանական) մոդելների կիրառմամբ, որոնց օգնությամբ տրվում է կենդանի համակարգերի կառուցվածքի, կապերի և գործողության օրինաչափությունների մաթեմատիկական կամ տրամաբանական-մաթեմատիկական նկարագրությունը։ Կենդանի համակարգերի մաթեմատիկական (տրամաբանական) մոդելները կառուցվում են կամ փորձնական տվյալների հիման վրա, կամ մտահայեցողաբար՝ ինչ-որ հիպոթեզի օրինաչափության նկարագրությամբ։ Մոդելավորման ճանաչողական դերը նոր տեսությունների ստեղծմանը նպաստելն է։ Հաճախ տեսությունը ծագում է ուսումնասիրվող երևույթը մոտավոր, պարզեցված արտացոլող մոդելի տեսքով, որպես նախնական, աշխատանքային հիպոթեզ։ Հետագայում մոդելավորման ընթացքում առաջ են գալիս նոր գաղափարներ, բացահայտվում մինչ այդ անհայտ փաստեր, որոնց հիման վրա ճշգրտվում է նախկին մոդելը, ստեղծվում ավելի կատարյալ և ամբողջական մոդել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 664 CC-BY-SA-icon-80x15.png