Կենսաբանական թաղանթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջրային լուծույթում ֆոսֆոլիպիդների ձևավորած կառույցների կտրվածքները։

Կենսաբանական թաղանթներ, մոլեկուլային չափի բարակ, սահմանային կառուցվածքներ, որոնք տեղադրված են բջիջների, ենթաբջջային մասնիկների մակերևույթում։ Կենսաբանական թաղանթների հաստությունը մինչև 10Å է։ Հիմնական ֆունկցիան՝ իոնների, շաքարների, ամինաթթուների և նյութափոխանակության այլ արգասիքների տեղաշարժման կարգավորումն է։ Կենսաբանական թաղանթներն օժտված են ընտրողական թափանցելիությամբ[1]: Կենսաբանական թաղանթները զբաղեցնում են մեծ մակերես (օրինակ, մարդու օրգանիզմում միայն մակերևութային թաղանթները տասնյակ հազար մ2 են) և նյութափոխանակության գործընթացում իրականացնում են բազմաբնույթ գործառույթներ։

Գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջիջը ծածկելով և առանձնացնելով շրջապատող միջավայրից՝ կենսաբանական թաղանթները ապահովում են բջիջների և ենթաբջջային մասնիկների ամբողջականությունը, ամրությունը և առաձգականությունը։ Կենսաբանական թաղանթները պահպանում են կալիումի, նատրիումի, քլորի և այլ իոնների անհավասարաչափ տեղաբաշխումը պրոտոպլազմայի ու շրջապատող միջավայրի միջև, ինչպես նաև նպաստում կենսաբանական պոտենցիալների առաջացմանը։ Կենսաբանական թաղանթների հատկությունները պայմանավորում են գրգիռի առաջացումն ու հաղորդումն ինչպես նյարդային ու մկանային բջիջներում, այնպես էլ սինապսային վերջավորություններում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտոքոնդրիումների կենսաբանական թաղանթներում գտնվում են էներգիայով հարուստ միացությունների սինթեզին մասնակցող խիստ կանոնավոր դասավորված ֆերմենտներ։ էլեկտրոնային մանրադիտակով, ռենտգենակառուցվածքային վերլուծությամբ, օպտիկական և կենսաքիմիական մեթոդներով պարզվել է, որ էրիթրոցիտների, նյարդային և մկանային բջիջների, բակտերիաների և այլ բջիջների մակերևույթի ու ենթաբջջային մասնիկների (էնդոպլազմային ցանց, միտոքոնդրիումներ, բջջի կորիզ, լիզոսոմներ և այլն) թաղանթներն ունեն նման կառուցվածք։ Կազմված են երկմոլեկուլային լիպիդային շերտից, որի հաստությունը 35Å է, և երկու ոչ լիպիդային շերտից (յուրաքանչյուրի հաստությունը՝ 20Å)։ Շատ կենսաբանական թաղանթների արտաքին մակերևույթը պատված է մուկոբազմաշաքարներով, ներքինը՝ կառուցվածքային կամ ֆերմենտային սպիտակուցով։ Ենթադրվում է, որ ֆոսֆոլիպիդների և սպիտակուցի մոլեկուլների միջև գոյություն ունի էլեկտրաստատիկ ձգողություն։ Ստացվել են արհեստական ֆոսֆոլիպիդային թաղանթներ, որոնք հատկություններով մոտ են բնական թաղանթներին, և որոնց վրա կատարված հետազոտությունները նպաստում են կենսաբանական թաղանթների կառուցվածքի և գործառույթների դեռևս չպարզաբանված հարցերի լուծմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 367 CC-BY-SA-icon-80x15.png