Կենդանիների ֆիզիոլոգիա
Կենդանիների ֆիզիոլոգիա (հուն․՝ physis – բնություն և հուն․՝ logos – ուսմունք), գիտությունը ուսումնասիրում է կենդանի օրգանիզմի ֆունկցիաները՝ կենսագործունեության շարժընթացները և դրա կարգավորման մեխանիզմները, նաև արտաքին միջավայրի պայմաններին օրգանիզմի հարմարվողականության ուղիները։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ինքնուրույն գիտություն, կենդանիների ֆիզիոլոգիան ձևավորվել է XIX դարում գործնական գիտությունների՝ առաջին հերթին՝ անասնապահության և անասնաբուժության կարիքներին համապատասխան։ Կենդանիների և մարդու գիտության ֆիզիոլոգիայի հիմնադիրներն են ռուս գիտնականներ Իվան Սեչենովն ու Իվան Պավլովը:
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են կենդանիների ֆիզիոլոգիաի ընդհանուր և մասնավոր, համեմատական և տարիքային բաժիններ։ Մասնավոր ֆիզիոլոգիայի բաժիններից՝ գյուղատնտեսական կենդանիների ֆիզիոլոգիան ուսումնասիրում է կենդանիների ֆիզիոլոգիական ֆունկցիաները՝ մթերատվության (կաթնատու, մսատու, բրդատու, ձվատու ուղղություններ), պտղատվության բարձրացման, տնտեսական օգտագործման ժամկետների երկարացման, ֆիզիկական բավարար վիճակի պահպանման նպատակով։ Կենսաքիմիայի, բջջաբանության, գենետիկայի հետ կենդանիների ֆիզիոլոգիան կազմում է նպատակադիր անասնապահության կենսաբանական հիմքը։ Կենդանիների ֆիզիոլոգիան կարևոր նշանակություն ունի անասնաբուժության համար, քանի որ հիվանդությունների բուժման և կանխարգելման ժամանակ անհրաժեշտ է գիտենալ առողջ կենդանու օրգանիզմում ֆիզիոլոգիական նորմերի ցուցանիշները և ֆիզիոլոգիական կենսընթացների շարժը։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից կենդանաբուծությունը և անասնաբուժությունը գործնական նպատակներով լայնորեն օգտագործում են կենդանիների ֆիզիոլոգիաի նվաճումները։ Ֆիզիոլոգիական տվյալների հիման վրա հաշվում են սննդանյութերի և էներգիայի նկատմամբ գյուղատնտեսական կենդանիների պահանջները, կազմում են օրակերերը, մշակում մատղաշի աճեցման համակարգեր, կանխարգելման և բուժման նպատակով օգտագործում են կենսաբանական ակտիվ նյութեր (վիտամիններ, հակաբիոտիկներ, միկրոտարրեր, արտածին հորմոններ), իրականացնում էգերի արհեստական սերմնավորում և սաղմի փոխպատվաստում, անցկացնում սպորտային ձիավարժություն, շների վարժեցում, նախագծում կովերի մեքենայացված կթի ավտոմատացման միջոցներ և կթի ագրեգատներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մինասյան Ս., Ադամյան Ծ., Սարգսյան Ն., Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա, Երևան, 2007։
- Թադևոսյան Լ., Վարդանյան Լ., Ներզատական համակարգի ֆիզիոլոգիա, Երևան, 2010:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Գյուղատնտեսական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |