Կենդանիների արածեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովերի արածեցում Գերմանիայում

Կենդանիների արածեցում, կենդանիների արոտային կերակրումը կանաչ (կամ արմատի վրա չորացած) կերով՝ բնական կամ մշակովի արոտավայրերում և այլ հանդակներում։ Սովորաբար արածեցնում են որոճող կենդանիներին (խոշոր եղջերավոր կենդանիներ, ոչխարներ, այծեր, ձիեր, եղջերուներ և այլն)։

Արածեցման տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են արոտակտորներով և ազատ արածեցում։ Արոտակտորներով արածեցումն առավել տարածված և արդյունավետ համակարգ է, որի դեպքում արոտավայրը բաժանում են արոտամասերի և արածեցնում են որոշակի հաջորդականությամբ[1]։ Արոտամասերը սահմանազատում են ցանկապարիսպներով, էլեկտրահաղորդիչ լարերով (էլեկտրական հովիվ) կամ օգտագործում են բնական կողմնորոշիչներ՝ ծառեր, թփեր, ճանապարհներ, առվակներ, խանդակներ և այլն[2]։ Յուրաքանչյուր արոտամասում կենդանիներին արածեցնում են 1–6 օր։ Առավել արդյունավետ են 1 օրվա կերի պաշարով արոտամասերը։ Բարձր բերքատվությամբ արոտավայրերում 1 օրվա օգտագործման համար նախատեսված տարածքը բաժանում են մի քանի, այսպես կոչված, բաժնավոր արածեցման մասերի։ Արոտամասի ամենալավ եզրագիծն ուղղանկյունն է։ Արոտամասի լայնությունն ու երկարությունը սահմանում են՝ ըստ կենդանու տեսակի ու խմբի, հոտի տեղաշարժման արագության։ Երկարությունը պետք է 1,5–2 անգամ ավելի լինի լայնությունից։ Դեպի արոտավայր և արոտամասից դեպի մյուս արոտամաս ու ջրելատեղ կենդանիների տեղաշարժման համար ստեղծում են շարժուղիներ։ Ազատ արածեցման դեպքում կենդանիներին արածեցնում են արոտավայրի ամբողջ տարածքում։ Կենդանիները,որպես կանոն, ուտում են առավել արժեքավոր կերը՝ արոտականաչ։ Սակավարժեք, մոլախոտեր և վատ ուտելի բույսերը մնում են չարածեցված, նրանց սերմերը տարածվում և ժամանակի ընթացքում դուրս են մղում արժեքավոր խոտաբույսերին։ Արդյունքում խոտածածկոցի տեսակների կազմն արագ վատանում է, արոտավայրերը փչանում են։

Արածեցման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արոտավայրերի առաջին արածեցումը կատարում են դաշտավլուկազգիների ցողունավորման, բակլազգիների և տարախոտերի կողմնային ընձյուղների առաջացման ժամանակ,բայց հողը լավ չորանալուց ոչ շուտ։ Խոտհարքների աշնանախոտով արածեցնում են խոտը հնձելուց 20–30 օր հետո (չոր եղանակին)։ Արածեցումն սկսելուց առաջ խոտածածկի բարձրությունն անտառների արոտավայրերում պետք է լինի 15 սմ-ից ոչ պակաս, անտառատափաստանայինում՝ 12–15, տափաստանայինում՝ 8–12, կիսանապատայինում՝ 6–8 սմ։Կենդանիների երկրորդ արածեցումն սկսում են, երբ բարձրախոտային արոտավայրերում բոլոր արժեքավոր խոտերն արածեցվել են մինչև 6–8 սմ բարձրության, ցածրախոտերում՝ մինչև 4–5 սմ։ Վերջին արոտամասի արածեցման ավարտին (առաջին փուլը) կենդանիներին տեղաշարժում են կամ տեղափոխում այն արոտամաս, որտեղ ավելի լավ է աճել խոտը սկսվում է արածեցման երկրորդ փուլը։ Դաշտավլուկազգիների գերակշռությամբ արոտավայրում արածեցման առաջին փուլը սովորաբար ավարտվում է հասկավորման փուլի կեսին, իսկ բակլազգիների գերակշռության դեպքում՝ նրանց ծաղկման սկզբին։ Այդ ժամանակի ընթացքում չօգտագործված արոտամասի խոտը հնձում են չոր խոտի, սենաժի, խոտալյուրի, սիլոսի, կանաչ լրացակերի համար, իսկ աշնանախոտը վարակազերծում են։

Խոշոր եղջերավոր կենդանիների արածեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր եղջերավոր կենդանիներն արոտավայրում արածում են օրական մոտավորապես 8 ժ, ընդ որում, յուրաքանչյուր 1–2 ժ-ից հետո պահանջվում է մոտ 1 ժ՝ հանգստի և որոճի համար։ Ոչխարների լրիվ կշտանալու համար պահանջվում է 6–7 ժ արածեցում, ձիերի՝ 10–12 ժ[3]։ Ըստ տարվա սեզոնի՝ արոտավայրն օգտագործելու պլանը կազմելիս հաշվի են առնվում (ըստ ամիսների) խոտի բերքատվությունը և արոտավայրի կերի հանդեպ կենդանիների պահանջները։ Լավորակ արոտավայրում կովն օրական ուտում է մինչև 70 կգ խոտ, խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշն արածաբտման ժամանակ՝ 30–40 կգ, ստնտու և հղի զամբիկները՝ մինչև 50 կգ, հղի ոչխարը՝ 6–7 կգ, ստնտուները՝ 9–12 կգ, գառները՝ կաթից կտրվելուց հետո՝2–4 կգ, 1 տարեկանից մեծ մատղաշը՝ 5–6 կգ։ Արոտավայրի խելամիտ օգտագործման համար հոտը ձևավորում են միևնույն սեռի և տարիքով մոտ կենդանիներից։ Նախիրն ընդգրկում է 100–150 կով, հոտը՝ 600–800 ոչխար, երամակը՝ 100 զամբիկ։ Էլեկտրացանկապատով կամ մշտական սահմանազատումով արոտավայրերում կենդանիները կարող են արածել առանց հովվի կամ նախրապանի,չցանկապատված արոտավայրում արածեցնում են հովիվները և նախրապաններն ու նրանց օգնականները՝ հաճախ շների օգնությամբ։ Շոգ եղանակին և արյունածուծ ու խայթող միջատների առկայության դեպքերում կենդանիներին արածեցնում են վաղ առավոտյան և երեկոյան։ Ցուրտ եղանակին նախիրը տեղաշարժում են քամու ուղղությամբ, շոգին՝ քամուն հակառակ, բայց այնպես, որ արևը չկուրացնի կենդանիներին։ Փքանքից խուսափելու համար սոված կենդանիներին չի կարելի արածեցնել առավոտյան, անձրևից հետո ցողապատ բակլազգիներով խոտածածկ արոտավայրերում։ Արածեցման ժամանակ պարտադիր ապահովում են մաքուր խմելու ջրով։ Դրա համար օգտվում են բնական ջրամբարներից կամ փորում են ջրհորեր ու դրանք սարքավորում տաշտակներով, վաքերով, նաև շարժական ցիստեռններով՝ ինքնախմոցների հետ։ Արոտավայրի որակի հանդեպ առավել պահաջկոտ են ձիերը, ավելի քիչ՝ ոչխարները։ Աշնանը կենդանիների արածեցումը դադարեցնում են կայուն սառնամանիքներն սկսվելուց 25–30 օր առաջ։ Այդ ընթացքում խոտաբույսերը հասցնում են կրկին աճել և արմատներում սննդանյութեր պաշարել, որն ապահովում է նրանց ձմեռումն ու հաջորդ տարվա աճը։ Գարնանը կենդանիներին արոտավայրերի, իսկ աշնանը՝ մսուր պահվածքի են փոխադրում աստիճանաբար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мовсисянц А., Использование пастбищ, М., 1969
  • Андреев А., Зотов А., Организация культурных пастбищ в промышленном животноводстве, М., 1985

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Filazzola, A.; Brown, C.; Dettlaff, M. A.; Batbaatar, A.; Grenke, J.; Bao, T.; Peetoom Heida, I.; Cahill Jr, J. F. (2020). "The effects of livestock grazing on biodiversity are multi-trophic: A meta-analysis". Ecology Letters. 23 (8): 1298–1309. doi:10.1111/ele.13527. PMID 32369874. S2CID 218521073.
  2. "Grazing." Center for Biological Diversity
  3. Gascoigne, Bamber. "HISTORY OF THE DOMESTICATION OF ANIMALS". History World. Retrieved 2019 թ․ սեպտեմբերի 26.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։