Jump to content

Կենդանիների աճ և զարգացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենդանիների աճ և զարգացում, կենդանիների կյանքի ընթացքում օրգանիզմի կենսաքիմիական, ձևաբանություն և ֆիզիոլոգիական հաջորդականության փոփոխությունների ամբողջությունը։

Կենդանիների սեռական բազմացման դեպքում առանձնյակի կյանքն ու անհատական զարգացումը (օնտոգենեզ) սկսվում են զիգոտի առաջացումով և ավարտվում օրգանիզմի մահով՝ կենսընթաց, որն իրենից ներկայացնում է օրգանիզմի՝ մեկը մյուսին հաջորդող որակական տարբեր վիճակներ կամ կյանքի փուլեր։ Զիգոտի ժառանգական հակվածությունը (գենոտիպ) կանխորոշում է. կենդանու զարգացման հնարավորություններն այդ փուլերի սահմաններում՝ համաձայն արտաքին միջավայրի բոլոր պայմանների նկատմամբ ժառանգված ռեակցիաների նորմաները, միջբջջային և միջհյուսվածքային փոխազդեցությունները, ինչպես նաև նյարդահումորալ կարգավորումները։ Օնտոգենեզն իրականանում է բջիջների, հյուսվածքների, օրգանների և ամբողջ օրգանիզմի աճի (քանակական փոփոխություններ) և տարբերակման (որակական փոփոխություններ) կենսընթացների փոխպայմանավորվածության արդյունքում։ Տարբերակումն ապահովում է օրգանիզմի համակարգերի նորագոյացումն ու մասնագիտացումը նրա զարգացման ընթացքում, ներառյալ՝ օնտոգենեզի ընթացքում առանձին օրգանների և հյուսվածքների փոխակերպումն ու ֆունկցիաների փոփոխությունը։ Անհատի աճը բջիջների թվաքանակի աճն է (միտոզի ընթացքում դրանց բաժանմամբ և դուստր բջիջների աճմամբ մինչև մայր բջիջների չափերին հասնելը) և միջբջջային գոյացությունների աճը, որով պայմանավորված է կենդանու մարմնի, օրգանների և հյուսվածքների զանգվածի ու չափերի մեծացումը, ինչպես նաև դրանց մարմնակազմի համամասնությունների փոփոխությունը։

Կենդանիների զարգացման փուլերը, շրջանները, պարբերականության փոփոխման փուլերը պահանջում են կյանքի համապատասխան պայմաններ, այդ թվում՝ կերակրման, պահվածքի և օգտագործման։ Կաթնասունների օնտոգենեզում առանձնացնում են երկու փուլ՝ սաղմնային կամ ներարգանդային (սաղմնային, նախապտղային և պտղային են թափուլերով) և հետ սաղմնային կամ հետարգանդային (նորածնության, կաթնակերության, սեռական հասունացման, հասունության կամ ֆունկցիոնալ գործունեությանվերելքի և ծերության են թափուլերով)։

Օնտոգենեզի ընթացքում նկատվում են աճի կամ տարբերաման գերակշռության շրջանների հերթափոխություններ։ Այդ շրջանների հերթափոխման օրինաչափությամբ է պայմանավորված աճի պարբերականությունը։ Ինտենսիվ աճի վերելք-վայրէջք փուլի տևողությունը կոչվում է աճման ալիք։ Տարբեր մթերատվության ուղղության գյուղատնտեսական կենդանիների զարգացման պատմության ընթացքում (ֆիլոգենեզ) մարդն ստեղծել է կենդանիների ցեղեր՝ համեմատաբար վաղահաս և ուշահաս։ Մսատու ցեղերի կենդանիները (խեկ-ներ, ոչխարներ, գյուղատնտեսական թռչուններ) աչքի են ընկնում ինտենսիվ աճով ու զարգացմամբ, ինչն արտահայտվում է, մասնավորապես, դրանց մարմնի մկանային և ճարպային հյուսվածքների հարաբերությամբ՝ օնտոգենեզի նույն փուլում գտնվող ուշահաս կենդանիների համեմատ։ Կենդանիների աճն ուսումնասիրում և հաշվառում են պարբերական կշռումների և չափումների միջոցով։ Բացի զանգվածի բացարձակ ցուցանիշներից, հաշվի են առնում նաև աճի բացարձակ (կենդանու զանգվածի աճը որոշակի ժամանակահատվածում՝ միջին օրական, միջին ամսական քաշաճ և այլն) և հարաբերական (որոշակի ժամանակահատվածում քաշաճի %-ային հարաբերությունն սկզբնական և վերջնական զանգվածների կիսագումարին) արագությունները։

Կենդանիների զարգացման ընթացքը գնահատելու համար հաշվի են առնում մարմնի առանձին մասերի հարաբերակցությունները, ատամնափոխության, սեռական հասունացման մասին տվյալները, ինչպես նաև որոշ ներքին ցուցանիշներ (արյան շիճուկի սպիտակուցների հարաբերակցությունը, առանձին ներզատիչ գեղձերի ակտիվությունը և այլն)։ Կենդանիների աճի և զարգցման վրա ազդող կարևորագույն գործոններ են. ցեղը, անհատը ժառանգը առանձնահատկությունները, կերակրման և պահվածքի պայմանները։ Կենդանիների աճի և զարգցման մասին ուսմունքն անասնաբուծության առաջավոր տեխնոլոգիանրի տեսական հիմքն է, քանի որ առանձին մթերքների ստացումը պայմանավորված է կենդանիների կյանքի որոշակի փուլերով, իսկ աճման դրսևորումներն ապահովում են մթերատվության քանակական արտահայտությունը (զանգված, ծավալ, մակերես

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Գյուղատնտեսական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։