Կեղծ հոդ
| Կեղծ հոդ | |
|---|---|
| Տեսակ | հիվանդություն |
| Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա |
| ՀՄԴ-10 | M84.1 և M96.0 |

Կեղծ հոդ (լատիներեն՝ Pseudoarthrosis), ոսկրի ամբողջականության խախտման հատվածում առաջացած կայուն ախտաբանական շարունակություն։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են բնածին և ձեռքբերովի կեղծ հոդեր։
- Բնածին կեղծ
Բնածին կեղծ հոդը առաջանում է ոսկրի ներարգանդային զարգացման շեղումների պատճառով։
- Ձեռքբերովի կեղծ
Ձեռքբերովի կեղծ հոդը զարգանում է ոսկրի վնասվածքի (կոտրվածք, ոսկրահատություն) վերականգնման պրոցեսների խանգարման և ախտահարման հետևանքով։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոտրվածքը կարող է չսերտաճել ոսկրաբեկորների միջև մկան կամ այլ հյուսվածք ընկնելիս, դրանց մեծ տեղաշարժի, ոսկորի մեծ հատվածի կորստի, ինչպես նաև ոսկրաբեկորների արյունամատակարարման խանգարումների (օրինակ՝ ազդոսկրերի վզիկի կոտրվածքների) ժամանակ։ Ավելի հաճախ կեղծ հոդ առաջանում է սրունքի վրա՝ նրա 2 ոսկրերի կոտրվածքից հետո։ Հազվադեպ կեղծ հոդը լինում է բնածին՝ գոյանում է պտղի ոսկրի սաղմնային արատի տեղում։ Ժամանակի ընթացքում կեղծ հոդի տեղում կարող է ձևավորվել իսկական հոդի նմանակը՝ բեկորների ծայրերում աճառի զարգացմամբ, որը շրջապատված է հոդային ձուսպահեղուկ պարունակող սպիական հոդապատյանով։
Պաթոգենեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական ախտանշաններն են՝ վերջույթի ֆունկցիայի խանգարումը (ձեռքն աշխատեցնելու, ոտքի վրա կանգնելու անհնարինությունը), կեղծ հոդի շրջանում ցավերը, սրունքի, ազդրի կեղծ հոդի մակարդակի վրա ոչ բնականոն շարժողունակությունը։
Առաջացում և բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեղծ հոդը հաճախ առաջանում է բազկոսկրի և ազդրոսկրի կոտրվածքներից հետո։ Հիմնական մեթոդը վիրաբուժական միջամտությունն է, որի օգնությամբ բեկորներն ամուր կպչում են և սերտաճում։ Լայնորեն կիրառվում են պլաստիկ վիրահատությունները՝ հիվանդի սեփական ոսկորի փոխպատվաստումը, ինչպես նաև ոսկրաբեկորների միացումը մետաղե կամ պլաստմասսայե կառուցվածքներով, որոնք երբեմն հյուսվածքներում մնում են ընդմիշտ, մյուսները հեռացվում են ոսկրի սերտաճումից և կեղծ հոդի վերացումից հետո։ Բուժելիս լայնորեն օգտագործում են նորագույն բժշկական սարքեր, որոնք հնարավորություն են տալիս ոսկրաբեկորները հպել իրար՝ դրանց արագ սերտաճեցնելու և միաժամանակ ծայրանդամի կարճացումը կանխելու նպատակով։ Այդպիսի սարքերի շնորհիվ հիվանդը կարող է քայլել՝ հենվելով հիվանդ ոտքին՝ վիրահատությունից հետո հենց առաջին օրերին։ Վիրահատական բուժման ելքը, որպես կանոն, բարեհաջող է, որը, սակայն, մեծ համբերություն և հաստատակամություն է պահանջում, քանի որ հետվիրահատական բուժումը սովորաբար երկարատև է (1 տարի և ավելի)։ Որոշ դեպքերում, երբ կեղծ հոդը ցավ չի պատճառում և քիչ է խանգարում ֆունկցիային (դա հիմնականում հնարավոր է նախաբազկի ոսկրերի կեղծ հոդի ժամանակ), ինչպես նաև, եթե վիրահատությունը որևէ պատճառով հակացուցված է, խորհուրդ է տրվում կրել օրթոպեդիական սարքեր։ Բուժումը վիրահատական է[1]։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանխարգելման համար անհրաժեշտ է բուժման ժամանակ խստորեն կատարել բժշկի նշանակումները։ Հատկապես անթույլատրելի է ինքնուրույն, ժամանակից շուտ գիպսակապը հանելը, եթե հիվանդը հիվանդանոցից դուրս է գրվել՝ տանը և պոլիկլինիկայում բուժումն ավարտելու նպատակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 359
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 359)։ |