Կեղծ ալրացող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեղծ ալրացողը բույսի վրա

Կեղծ ալրացող, պերոնոսպորոզ, բույսերի հիվանդություն։ Հարուցիչը ֆիկոմիցետների դասի, պերոնոսպորայինների ընտանիքի մակաբույծ սնկերն են։ Վնասվում են բույսերի կանաչ մասերը, առավելապես տերևները։ Բույսի հիվանդ մասերի վրա առաջանում են մահացող հյուսվածքների բծավորություններ, որոնց ստորին կողմում երևում է սպիտակ, մոխրագույն կամ մանուշակագույն փառ՝ սնկի սպորատվությամբ։ Հիվանդության զարգացմանը նպաստում են օդի և հողի խոնավությունը և մեղմ կլիման։ Հարուցիչների սնկամարմինը հիմնականում միամյա է, որը բույսի վարակված մասերի հետ մահանում է, բայց կարող է լինել նաև բազմամյա՝ պահպանվելով պալարներում, արմատներում, սոխուկներում և բույսի ձմեռող այլ օրգաններում։ Պերոնոսպորայինների ընտանիքի բոլոր տեսակի սնկերը մակաբույծ են ըստ բույսերի։ Առավել վնասակար են խաղողի միլդիուն, կաղամբի, ծխախոտի, սոխի, արևածաղկի, վարունգի, առվույտի կեղծ ալրացողները։ Հայաստանում խիստ վնասաբեր են խաղողի միլդիուն, ծխախոտի, սոխի կեղծ ալրացողները։ Պայքարի միջոցները, ճիշտ ագրոտեխնիկա, կայուն սորտերի ընտրություն, փոշոտում կամ սրսկում սնկասպաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 358
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեղծ ալրացող» հոդվածին։