Կարմրակատար շամփրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրակատար շամփրուկ
Կարմրակատար շամփրուկ
Կարմրակատար շամփրուկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Շամփրուկներ (Laniidae)
Ցեղ Lanius
Տեսակ Կարմրակատար շամփրուկ (L. senator)
Միջազգային անվանում
Lanius senator
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կարմրակատար շամփրուկ (լատին․՝ Lanius senator), շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված Հայաստանի կարմիր գրքում։ Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրակատար շամփրուկի գլուխը շագանակագույն է, թևերը, պոչը, ճակատը և աչքից դեպի ականջը ու ծոծրակը տարածվող շերտերը սև են, թևի վրա ունի սպիտակ շերտ, որն ավելի լավ է երևում թռիչքի ընթացքում, վերին կտուցի հիմքում ունի սպիտակ շերտ, որովայնը սպիտակ է՝ շիկավուն երանգով, պոչի եզրային փետուրները սպիտակ են, կտուցի ծայրը կեռ է և սուր։ Էգ թռչունի գարնանային գուներանգները մեղմ են, ձագերի փետրավորումը՝ ալիքավոր նախշերով։ Քաշը՝ 33-40 գ, թևի երկարությունը՝ 94-102 մմ[1]։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանը վերադառնում է ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Տարածված է կիսանապատային գոտում, մասամբ՝ լեռնային տափաստաններում։ Հիմնական բնադրավայրերն են՝ Աշտարակից մինչև Երասխ, Վայքը և Զանգեզուրը։ Բնադրվում է թփերի և ծառերի վրա, բույնը սարքում է օշինդրից, բրդի կտորներից, տեղադրում գետնից 60-70 սմ բարձր։ Մայիսին դնում է 5-7 կանաչավուն կամ երկնագույն, մոխրամանուշակագույն պտերով ձու[1]։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է հիմնականում բզեզներով և այլ անողնաշարներով։ Օգտակար թռչուն է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հարավային և միջին Եվրոպայում, հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Իրանում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակավաթիվ օլիգոտոպային տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն։ Մեղրու շրջանում խտությունը կազմում է միջին հաշվով 0,34 թռչուն 1 հեկտարին։

Կարմրակատար շամփրուկի թվաքանակի վրա կարող է բացասականորեն ազդել գյուղատնտեսական նպատակներով կիսաանապատների յուրացումը, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը։

Պոպուլյացիայի մի մասը բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 34.
  2. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակատար շամփրուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակատար շամփրուկ» հոդվածին։