Կարիոտիպ (հուն. karyon՝ կորիզ և typos՝ ձև, տիպ), քրոմոսոմային հավաքածուի հատկանիշների ամբողջություն (քրոմոսոմների թիվը, չափերը, ձևը), որը բնորոշ է օրգանիզմների այս կամ այն տեսակին։ Կարիոտիպը տեսակների կամ առանձին օրգանիզմի բջիջներում քրոմոսոմների ամբողջական հավաքածուի ընդհանուր տեսքն է, որը հիմնականում ներառում է դրանց չափերը, քանակը և ձևը[1][2]։ Կարիոտիպի գրաֆիկական պատկերը, այսինքն՝ քրոմոսոմների հավաքածուն՝ դասավորվված խմբերի մեջ՝ կախված ձևից և չափից, կոչվում է իդիոգրամ[3]։
Դիպլոիդ բջիջների կարիոտիպը կազմված է քրոմոսոմների 2 հապլոիդային հավաքածուներից՝ մեկը՝ հորից, մյուսը՝ մորից։ Սովորաբար քրոմոսոմային հավաքածուն նկարագրում են մետաֆազի կամ ուշ պրոֆազի փուլերում, երբ քրոմոսոմները լավ են տարբերակվում լուսային մանրադիտակով և ուղեկցվում է մանրալուսանկարմամբ կամ ուրվանկարումով։ Բազմահազար բույսերի, կենդանիների, նաև մարդու կարիոտիպը վերլուծված է։ Յուրաքանչյուր տեսակ բնորոշվում է քրոմոսոմների որոշակի և կայուն թվով։ Օրինակ՝ փափուկ ցորենի (Triticum aestivum) մարմնային բջիջներում 42 քրոմոսոմ է, կարծր ցորենինը (T. durum)՝ 28, միահատիկինը (T. monococcum)՝ 14, բազմաշարացան գարունը (Hordeum vulgure)՝ 14, ցանովի վարսակինը (Areena sativa)՝ 42 քրոմոսոմներ և այլն։ Կարոտիպի համեմատական վերլուծությունը լայնորեն կիրառվում է կարգաբանության (կորիզակարգաբանություն), այդ թվում՝ մշակաբույսերի ծագման ուսումնասիրության ժամանակ և ընտրասերման մեջ։
↑Judd, Walter S.; Campbell, Christopher S.; Kellogg, Elizabeth A.; Stevens, Peter F.; Donoghue, Michael J. (2002). Plant systematics, a phylogenetic approach (2 ed.). Sunderland MA, US: Sinauer Associates Inc. էջ 544. ISBN0-87893-403-0.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։