Կարելիա (պատմական)
| Կարելիա | |
|---|---|
| Տեսակ | պատմական շրջան և մշակութային շրջան |
| Երկիր | |
| Վարչատարածք | Կարելիայի Հանրապետություն, Լենինգրադի մարզ, Հարավային Կարելիա, Հյուսիսային Կարելիա, Կյումենլաակսո, Հյուսիսային Սավո և Հարավային Սավո |
| Կազմված է | Կարելիայի Հանրապետություն, Կարելյան պարանոց, Հյուսիսային Կարելիա և Հարավային Կարելիա |
| Ջրլիցի ափին | Բալթիկ ծով, Սպիտակ ծով, Օնեգա լիճ, Լադոգա լիճ և Ֆիննական ծոց |
| 63°N 32°E / 63°N 32°E | |
![]() | |
![]() | |
Կարելիա (կարելերեն և ֆիններեն՝ Karjala ['kɑrjɑlɑ], ռուս.՝ Каре́лия, պատմականորեն Коре́ла, շվեդ.՝ Korela[kɐˈrʲelʲə]), տարածք Հյուսիսային Եվրոպայում, որը պատմական նշանակություն ունի Ռուսաստանի (ներառյալ խորհրդային շրջանը), Ֆինլանդիայի և Շվեդիայի համար։ Այն բաժանված է Ռուսաստանի (Կարելիայի հանրապետություն՝ դաշնային սուբյեկտ, Լենինգրադի մարզ) և Ֆինլանդիայի (Հարավային Կարելիա և Հյուսիսային Կարելիա մարզեր և Կյումենլաակսոյի արևելյան հատվածը) միջև։

Անվան օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարելիա անվանումը կրում են տարբեր տարածքներ։ Ֆիննական Կարելիան Ֆինլանդիայի պատմական նահանգ է, որը ներկայումս բաժանված է Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև և ֆիններենում հաճախ պարզապես անվանում են Կարյալա։ Այս տարածքի արևելյան մասը, որը հիմնականում լյութերական էր, 1939-1940 թվականների ձմեռային պատերազմի հետևանքով զիջվեց Ռուսաստանին։
Կարելիայի Հանրապետությունը Ռուսաստանի դաշնային սուբյեկտ է, որն ընդգրկում է Արևելյան Կարելիան և հիմնականում ունի ռուս ուղղափառ բնակչություն։
Այսօրվա Ֆինլանդիայի սահմաններում Կարյալա անվանումը վերաբերում է հիմնականում Հարավային Կարելիային և Հյուսիսային Կարելիային, թեև պատմական Կարելիայի որոշ հատվածներ գտնվում են նաև Կյումենլաակսո մարզում (Կյումիյոկի գետից արևելք), Հյուսիսային Սավոնիայում (Կաավի, Ռաուտավաարա և Սյայնեյնեն) և Հարավային Սավոնիայում (Մենտյհարյու)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարելիան ձգվում է Սպիտակ ծովից մինչև Ֆիննական ծոցի ափերը։ Այնտեղ են գտնվում նաև Եվրոպայի երկու ամենամեծ լճերը՝ Լադոգան և Օնեգան։ Կարելիայի պարանոցը գտնվում է Ֆիննական ծոցի և Լադոգա լճի միջև։ Կարելիայի ամենաբարձր կետը՝ Նուորունեն լեռը (բարձրությունը՝ 576 մ), գտնվում է Ռուսաստանի կողմից Մաանսելկյայի լեռնային շրջանում[1]։
Կարելիայի և Ինգերմանլանդիայի (սերտ կապված ինգրյան ժողովրդին) սահմանը սկզբում հենց Նևա գետն էր, սակայն ավելի ուշ այն տեղափոխվեց հյուսիս՝ Կարելիայի պարանոց, հետևելով Սեստրա գետին, որը այսօր գտնվում է Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիայի տարածքում, բայց 1812-1940 թվականներին եղել է ռուս-ֆիննական սահման։
Լադոգա լճի մյուս կողմում Սվիր գետը սովորաբար համարվում է Կարելիայի տարածքի ավանդական հարավային սահմանը, մինչդեռ Օնեգա լիճը և Սպիտակ ծովը նշում են արևելյան սահմանը։ Կյումիյոկի գետը հանդիսանում է Կարելիայի տարածքի պատմական արևմտյան սահմանը, քանի որ միջնադարում այն բաժանում էր Հյամեի ֆիններին և կարելացիներին[2]։ Կյումիյոկի գետը նաև համարվում է արևելյան և արևմտյան մշակութային ոլորտների սահմանը՝ առնվազն բրոնզե դարի սկզբից[3]։ Հյուսիսում ապրում էին քոչվոր սամիները, սակայն այնտեղ բնական սահմաններ չկային՝ բացի մեծ անտառային տարածքներից (տայգա) և տունդրայից։
Պատմական տեքստերում Կարելիան երբեմն բաժանվում է Արևելյան Կարելիայի և Արևմտյան Կարելիայի, որոնք նաև կոչվում են, համապատասխանաբար, Ռուսական Կարելիա և Ֆիննական Կարելիա։ Լադոգայի հյուսիսային կողմի տարածքը, որը պատկանում էր Ֆինլանդիային մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, կոչվում է Լադոգայի Կարելիա, իսկ հին՝ նախապատերազմյան սահմանին մոտ գտնվող ծխական շրջանը երբեմն անվանում են Սահմանային Կարելիա։ Սպիտակ Կարելիան (ֆիններեն կամ կարելերեն՝ «Վիենա Կարելիա», իսկ որոշ անգլերեն աղբյուրներում՝ «Սպիտակ ծովի Կարելիա») Արևելյան Կարելիայի հյուսիսային մասն է, իսկ Օլոնեցյան Կարելիան՝ հարավային մասը։


Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարելիայի Հանրապետություն
- Պետրոզավոդսկ (Петрозаводск , Petroskoi, 1941-ից մինչև 1944-ը ընկած հատվածում՝ ֆիներեն՝ Äänislinna/Onegaborg)
- Բելոմորսկ (Беломорск , Sorokka)
- Մեդվեժեգորսկ (Медвежьегорск , Karhumäki)
- Կալևալա (Калевала , Uhtua)
- Կեմ (Кемь , Vienan Kemi, compare with Kemi)
- Կոստոմուկշա (Костомукша , Kostamus)
- Կոնդոպոգա (Кондопога , Kontupohja)
- Սորտվալա (Сортавала , Sortavala, Sordavala)
- Սուոյարվի (Суоярви , Suojärvi)
- Սեգեժա (Сегежа , Sekehe)
- Պիտկյարանտա (Питкяранта , Pitkäranta)
- Օլոնեց (Олонец , Aunus)
- Կարելական պարանոց
- Վիբորգ (Выборг , Viipuri, Viborg)
- Պրիոզյորսկ (Приозерск , Käkisalmi, Kexholm)
- Պրիմորսկ (Примо́рск, Koivisto, Björkö)
- Սվետոգորսկ (Светого́рск , Enso)
- Հարավային Կարելիա
- Իմատրա
- Յոուստենո
- Լապերանտա (Villmanstrand)
- Հյուսիսային Կարելիա
- Յոենսուու
- Իլոմանց (Ilomants)
- Կիտեե
- Կեսյալախթի
- Կոնտիոլախթի
- Լիեսկա
- Լիպերի
- Նուրմես
- Օուտկումպու
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ միջնադարում Արևմտյան Ֆինլանդիայից եկած վերաբնակները խառնվեցին տեղական բնակչության հետ և կազմավորեցին կարելական էթնիկ խումբը։ Հնարավոր է, որ այլ վայրերից արտագաղթումները նույնպես նպաստել են կարելացիների էթնիկ կազմավորմանը[4]։
Ըստ հնագիտական տվյալների՝ կարելացիների բնակեցման ամենախիտ տարածքները գտնվում էին Լադոգա լճի արևմտյան ափին և Կարելիայի պարանոցում։ Այստեղ գտնվել են մ.թ. 600–800 թվականներով թվագրվող բազմաթիվ գերեզմաններ և հնագիտական այլ գտածոներ։ Հարավային Կարելիայում այս ժամանակաշրջանի հնագիտական գտածոների քանակը քիչ է, բայց մշտական բնակություն այդտեղ եղել է։ Հարավային Կարելիայի Լապպեե բնակավայրը բնակեցված է մոտավորապես 2000 տարի։ Հյուսիսային Կարելիայում այս ժամանակաշրջանից գտնվել է միայն մեկ հնագիտական գտածո, թվագրվող 8-րդ դարով։ Իսկ մ.թ. 800-1050 թվականներին այս շրջաններում հնագիտական գտածոների զգալի աճը վկայում է կարելացիների բնակչության արագ աճը և ընդլայնումը այս շրջանում[5]։
Կարելիան դաժանորեն վիճարկվել է Շվեդիայի և Նովգորոդյան Հանրապետության միջև՝ սկսած 13-րդ դարի շվեդա-նովգորոդյան պատերազմներից։ 1323 թվականին կնքված Նյոբորգի պայմանագիրը (ֆիններեն՝ Pähkinäsaaren rauha) Կարելիան բաժանեց երկուսի միջև՝ Շվեդիան ստացավ Կարելիայի պարանոցի հարավային մասը և Հարավային Կարելիայի մեծ մասը։ Շվեդական Կարելիայի նահանգը ներառում էր նաև Կյումիյոկո գետից արևելք ընկած տարածքը, իսկ Վիբորգը (ֆիններեն՝ Viipuri) դարձավ նահանգի մայրաքաղաքը։ Նովգորոդին անցավ Կարելիայի պարանոցի հյուսիսային մասը։ Հյուսիսային Կարելիան, Լադոգայի Կարելիան և Հարավային Կարելիայի հյուսիսային մասը մնացին Նովգորոդի վերահսկողության տակ, որի հիմնական բնակավայրն էր Կյաքիսալմին։
1617 թվականի Ստոլբովոյան հաշտության պայմանագրով Ռուսական Կարելիայի մեծ մասը զիջվեց Շվեդիային։ Նոր շվեդ իշխանների և այս տարածքների բնիկ բնակչության միջև առաջացած հակամարտությունները հանգեցրին արտագաղթի։ Հազարավոր կարելացիներ, այդ թվում՝ Տվերի կարելացիների նախնիները, տեղափոխվեցին Ռուսաստան։

Նիշտադտի հաշտությունը (ֆիններեն՝ Uudenkaupungin rauha), որը կնքվեց 1721 թվականին Ռուսական կայսրության և Շվեդիայի միջև, Կարելիայի մի մասը զիջեց Ռուսաստանին։ 1743 թվականին Շվեդիայի և Ռուսաստանի միջև կնքված Աբոյի պայմանագրով Հարավային Կարելիան ևս անցավ Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ֆինլանդական պատերազմի ընթացքում Ֆինլանդիայի գրավումից հետո, զիջված նահանգների մի մասը («Հին Ֆինլանդիա») 1812 թվականին միացվեց Ֆինլանդիայի մեծ դքսությանը։ 1917 թվականին Ֆինլանդիան անկախացավ, իսկ սահմանը հաստատվեց 1920 թվականի Տարտուի պայմանագրով։
1918-1921 թվականներին ֆիննական կամավորականները մասնակցում էին Ռուսական Կարելիայում (Արևելյան Կարելիա) բոլշևիկներին տապալելու փորձերին, ինչպես, օրինակ, անհաջող Աունուսի արշավախմբի դեպքում։ Նրանց նպատակն էր Ֆինլանդիային միացնել նաև Կարելիայի մնացած մասը և նրանք համագործակցում էին կարճատև գոյություն ունեցած Ուխտուայի Հանրապետության հետ։ Այս՝ հիմնականում մասնավոր, նախաձեռնությունները դադարեցին Տարտուի պայմանագրի ստորագրումից հետո։ Ռուսական քաղաքացիական պատերազմի ավարտից և 1922 թվականին Խորհրդային Միության ստեղծումից հետո, Ռուսական Կարելիայի մասը 1923 թվականին վերածվեց ԽՍՀՄ-ի Կարելական ինքնավար հանրապետության (ԿԻԽՍՀ)։Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում՝ 1939 թվականին, Խորհրդային Միությունը հարձակվեց Ֆինլանդիայի վրա, ինչով սկսեց Ձմեռային պատերազմը։ Պատերազմն ավարտվեց 1940 թվականի մարտին Մոսկվայի հաշտության պայմանագրի ստորագրումով, որով Ֆիննական Կարելիայի մեծ մասն անցավ Խորհրդային Միությանը, և ավելի քան 400․000 մարդ ստիպված եղավ վերաբնակեցվել Ֆինլանդիայի այլ տարածքներում։ Շարունակական պատերազմի (1941-1944) ընթացքում Ֆինլանդիան վերագրավեց 1940 թվականին զիջված տարածքները և ներխուժեց Արևելյան Կարելիայի մեծ մասը։ 1944 թվականին Ֆինլանդիան ստիպված էր դուրս գալ այդ տարածքներից։ Պատերազմից հետո Խորհրդային Միության տարածքային ընդլայնումը Ֆինլանդիայում մեծ վրդովմունք առաջացրեց․ երկիրը կորցրեց իր չորրորդ ամենամեծ քաղաքը՝ Վիբորգը (ֆիններեն՝ Viipuri), Վուոկսա գետի երկայնքով գտնվող արդյունաբերական կենտրոնը, Սայմա ջրանցքի արևելյան մասը, որը կապում էր կենտրոնական Ֆինլանդիան Ֆիննական ծոցին, և Լադոգա լճի (Laatokka) ձկնորսական ջրերը։ Բնակչության ութերորդ մասը դարձավ փախստական՝ առանց վերադառնալու հնարավորության։ Խորհրդային Միությանը զիջված տարածքներից ամբողջ բնակչությունը տարհանվեց և վերաբնակեցվեց Ֆինլանդիայի այլ շրջաններում։ Ներկայումս նախկին ֆիննական տարածքներում, ներառյալ Վիբորգ քաղաքն ու Կարելիայի նեղուցը, բնակվում են պատերազմից հետո ներգաղթած մարդիկ կամ նրանց ժառանգները։

Նախկին Կարելական ինքնավար ԽՍՀ-ն 1941-1956 թվականներին միացվեց նորաստեղծ Կարելա-ֆիննական ԽՍՀ-ին, սակայն հետագայում կրկին դարձավ ինքնավար ԽՍՀ։ Կարելիան միակ խորհրդային հանրապետությունն էր, որը «նվազեցվեց»՝ ԽՍՀ կարգավիճակից դառնալով ինքնավար ԽՍՀ ՌԽՖՍՀ կազմում։ 1991 թվականին, Խորհրդային Միության փլուզումից հետո, այն դարձավ Կարելիայի Հանրապետություն։
Վիբորգի նահանգի այն մասը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մնաց Ֆինլանդիայի կազմում, 1945 թվականին վերանվանվեց Կյմի նահանգ և այս անունը պահպանեց մինչև 1997 թվականը։ Այս նահանգի արևելյան մասը ներկայումս կազմում է Հարավային Կարելիայի տարածաշրջանը, իսկ արևմտյան մասը՝ Կյմենլաակսո շրջանը։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարելիան քաղաքականապես բաժանված է Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև։ Կարելիայի Հանրապետությունը Ռուսաստանի դաշնային սուբյեկտ է, որը ձևավորվել է 1991 թվականին՝ Կարելական ինքնավար ԽՍՀ հիման վրա։ Կարելիայի պարանոցը գտնվում է Լենինգրադի մարզի կազմում։ Ֆինլանդական կողմը ներառում է Հարավային Կարելիայի, Հյուսիսային Կարելիայի և Կյմենլաակսո տարածաշրջանների (maakunta) որոշ հատվածներ։
Կան ֆինների փոքր խմբեր, որոնք քարոզում են Ֆինլանդիայի և Կարելիայի միջև ավելի սերտ կապեր՝ օրինակ, Karjalan Liitto (Կարելական միություն) և ProKarelia կազմակերպությունները։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիննական կողմում տարածքը ֆիննախոս է։ Հարավային Կարելիայում խոսում են ֆիններենի հարավկարելական բարբառներով, որոնք մոտ են կարելերենին։ Հյուսիսային Կարելիայում խոսում են Սավոնիայի արևելյան բարբառներով, որոնք պատկանում են Արևելյան և Կենտրոնական Ֆինլանդիայում տարածված բարբառների խմբին[6]։
Ինգերմանլանդիայի՝ Սանկտ Պետերբուրգի շրջակայքում, Էստոնիայի սահմանից մինչև Լադոգա լիճ ընկած տարածքում, խոսում են ինգրյա-ֆիննական բարբառներով։ Ինգրիա ֆինները այս տարածաշրջան են տեղափոխվել 17-րդ դարում՝ տարածքի շվեդական նվաճումից հետո։ Վերաբնակները խոսում էին ֆիններենի կարելական և սավոնական բարբառներով։ Ինգրիայի հին բնակիչները՝ ինգրյանները, ունեն սեփական լեզու, որը կապված է կարելերենի և ֆիններենի հարավարևելյան բարբառների հետ[7]։
Ֆիննական Կարելիայի այն հատվածից, որը զիջվեց Ռուսաստանին, տարհանված կարելացիները վերաբնակեցվեցին Ֆինլանդիայի տարբեր վայրերում։ Այսօր մոտ մեկ միլիոն մարդ Ֆինլանդիայում կարող է իր արմատները գտնել այն տարածքներում, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անցան Խորհրդային Միությանը։ Ֆինլանդիայում մոտ 5․000 մարդ խոսում է կարելերեն։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական Կարելիան միջազգային տուրիզմի հայտնի ուղղություն է իր յուրահատուկ ճարտարապետական, մշակութային և պատմական վայրերով, ինչպիսիք են Կիժի կղզին և Վալաամը[8]։ Տարածաշրջանը զբոսաշրջիկների է ընդունում ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը․ հնարավոր զբաղմունքներից են շների սահնակներով երթևեկելը կամ շոգեբաղնիքից սառցաջրհորը վազելը և հետ գալը։ Ամառային զբոսնողները կարող են այցելել Կիվաչ ջրվեժը կամ «Սատանայի աթոռ» կոչվող լեռնային հարթակը[9]։
Հարավային Կարելիայում Լապպեենրանտան ռուս զբոսաշրջիկների համար հայտնի ուղղություն է․ այստեղ տարեկան այցելում է մոտ 1.5 միլիոն մարդ[10]։ Իմատրայի Իմատրանկոսկի ջրվեժը զբոսաշրջային գրավչության կենտրոն է դարձել դեռևս 18-րդ դարի վերջից, երբ 1772 թվականին այստեղ է այցելել Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Մեծը։
Հյուսիսային Կարելիայի Կոլի ազգային պարկը սկսեց զբոսաշրջիկներ ընդունել այն ժամանակ, երբ կարելականությունը (Karelianism) դարձավ լայն տարածում ունեցող մշակութային հոսանք։ Կոլին ոգեշնչման աղբյուր է եղել բազմաթիվ նկարիչների և կոմպոզիտորների համար, ինչպիսիք են Յան Սիբելիուսը, Յուհանի Ահոն և Էերո Յյառնեֆելտը, որոնք իրենց հերթին իրենց ստեղծագործություններով նպաստել են կարելականության զարգացմանը։ Կոլին ազգային պարկի կարգավիճակ է տրվել 1991 թվականին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Манселькя». Great Soviet Encyclopedia.
- ↑ Uino, Pirjo (1997). Ancient Karelia. Helsinki: Suomen muinaismuistoyhdistyksen aikakausikirja 104. էջ 118.
- ↑ Uino, Pirjo (1997). Ancient Karelia. Helsinki: Suomen muinaismuistoyhdistyksen aikakausikirja 104. էջ 16.
- ↑ Paasikivi, Jyrki; Talka, Anu (2018). Rajamaa - Etelä Karjalan Historia I (ֆիններեն). Keuruu: Otavan Kirjapaino Oy. էջեր 186, 188. ISBN 978-951-37-7468-4.
- ↑ Paasikivi, Jyrki; Talka, Anu (2018). Rajamaa - Etelä Karjalan Historia I (ֆիններեն). Keuruu: Otavan Kirjapaino Oy. էջեր 170–171, 192. ISBN 978-951-37-7468-4.
- ↑ Savolainen, Erkki (1998). «1.6 Savolaismurteiden alue» [1.6 Savo dialect area]. Suomen murteet (ֆիններեն). Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ Savolainen, Erkki (1998). «1.7 Kaakkoismurteiden alue» [1.7 South-Eastern dialect area]. Suomen murteet (ֆիններեն). Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Karelia Tourism Information». Karelia Tourism Portal. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ VSEVOLOD, PULYA (2010 թ․ մարտի 12). «Karelia will return in your dreams». Russia Beyond the Headlines. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «7 Reasons to Visit Lappeenranta». Lappeenranta Tourism Portal. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "They Took My Father," Արխիվացված 5 Հունիս 2011 Wayback Machine by Mayme Sevander and Laurie Hertzel, a history of Finnish Americans who emigrated to Soviet Karelia during the Great Depression.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարելիա (պատմական) կատեգորիայում։ |
- Karelians (The Peoples of the Red Book)
- Tracing Finland's eastern border – ThisisFINLAND
- Saimaa Canal links two Karelia – ThisisFINLAND
- Regional flag
- Visitkarelia.fi – Information about travel, tourism and other fields in North Karelia
- Information about Southern Karelia travel
- Pielis.ru – travel information about North Karelia region and City of Joensuu
- Karelia will return in your dreams Արխիվացված 11 Հուլիս 2012 Wayback Machine Article about Karelia with photos and useful tourist information.
- Genocide in Soviet Karelia: Stalin's Terror and the Finns of Soviet Karelia Արխիվացված 9 Դեկտեմբեր 2020 Wayback Machine
- Their Ideals Were Crushed. A Daughter's Story of the Säde Commune in Soviet Karelia.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարելիա (պատմական)» հոդվածին։ |
| ||||||||||

