Կարաչոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարաչոնի, Գրեչունյան, հայազգի ազնվական տոհմ Ռումինիայում, Հունգարիայում և Տրանսիլվանիայում, XVIII-XX դարերում։ Կարաչոնիների նախնիները Մոլդովայի Բոտոշանի քաղաքից 1716 թվականին գաղթել են Հունգարիա, որտեղ հարձակվող թուրքական զորքերի դեմ մղված կռիվներում աչքի ընկնելու համար նախապապ Թեոդորը ավստրիացի կայսր Կառլոս VI-ից ստացել է ազնվականի տիտղոս։ Թեոդորի հետնորդներից Քրիստափոր, Նիկողայոս և Ղուկաս եղբայրները XVIII դարի առաջին քառորդին անցել են Տրանսիլվանիա, հաստատվել Գեռլայում, ընդունել կաթոլիկություն և զբաղվել առևտրով։ Երկրի առևտրի զարգացմանը նպաստելու համար ավստրալիացի կայսրուհի Մարիա Թերեզան Խաչիկին (Քրիստափոր) ու Նիկողայոսին շնորհել է ժառանգական ազնվականության տիտղոս։ Սրանց սերունդների մի մասը XVIII դարի ընթացքում տեղափոխվել է Բանատ, հաստատվել Տորոնտալի գավառում, ձեռք բերել Բեոդրա ու Բանլոկ կալվածքները, իսկ մի մասն էլ անցել է Եղիսաբեթուպոլիս (այժմ՝ Դումբրըվեն, Ռումինիայում)։ Հետագայում Կարաչոնիները տարածվել են Բուդապեշտում, Կլուժում (այժմ՝ Կլուժ-Նապոկա, Ռումինիայում) և այլուր։

Հովհաննես Մկրտչի Գրեչունյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարաչոնիներից հայտնի է Կարաչոնի Հովհաննեսը (Հովհաննես Մկրտչի Գրեչունյան), եկեղեցական-հասարակական գործիչ։ Աստվածաբանության ու փիլիսոփայության դոկտոր։ Բարձրագույն կրթությունն ստացել է Հռոմում, եղել Եղիսաբեթուպոլսի ժողովրդապետ (հոգևոր հովիվ), ավագ երեց և պատվո կանոնիկոս, առաքելական քարտուղար։ 1783 թվականին հիմնադրել է Եղիսաբեթուպոլսի Սուրբ Եղիսաբեթ հայոց մայր տաճարը և իր անձնական գրքերը թողել նրա գրադարանին։

Կարաչոնի Էմանուել[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարաչոնի Էմանուել, հասարակական գործիչ։ Եղել է Գեռլայի ծերակուտական։ Իր ծախսով Գեռլայի չքավորների համար 1800 թվականին կառուցել է անկելանոց ու հիվանդանոց («Կարաչոնյան հիմնարկություն»)։ 1804 թվականին կրթաթոշակ է նշանակել Կլուժի հռոմեական վարժարանում՝ վեց և Դյուլա Ֆեյերվարի (Ալբա Յուլիա) սեմինարիայում՝ երկու հայ աշակերտ պահելու համար։

Կարաչոնի Լասլո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարաչոնի Լասլո, հասարակական գործիչ, 1848-1849 թվականների հունգարական հեղափոխության մասնակից։ 1848-1849 թվականներին եղել է Տորոնտալի գավառապետ և Գեռլայի պատվավոր քաղաքացի։

Կարաչոնի Անտալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարաչոնի Անտալ, 1848-1849 թվականների հունգարական հեղափոխության մասնակից։ Հիշվում է Արադում (այժմ՝ Ռումինիայում) 1849 թվականի դատապարտվածների շարքում։

Կարաչոնի Գվիդոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարաչոնի Գվիդոն, ծնվել է 1817 թվականի օգոստոսի 7-ին, հասարակական-քաղաքական գործիչ, արքունի խորհրդական։ 1859 թվականին Ավստրիայի և 1874 թվականին Հունգարիայի կոմս, Բանլոկի կալվածատեր։ «Կարաչոնի» անունով 1858 թվականին մրցանակաբաշխության հիմնադրամներ է ստեղծել Հունգարիայի ԳԱ-ում, ազգային թատրոնի ռոճկավորների հիմնարկության, երաժշտության զարգացման, չքավոր օրիորդների ամուսնության համար և այլն։ Սատարել է Գեռլայի հայրենակիցներին և ընտրվել պատվավոր քաղաքացի։ Եղել է հունգար կոմպոզիտոր Ֆերենց Լիստի մտերիմ բարեկամը և 1846-1847 թվականներին ընկերակցել նրան՝ Տրանսիլվանիայի, Մոլդովայի և Վալաքիայի հյուրահամերգների ժամանակ։ Մահացել է 1885 թվականի սեպտեմբերի 15-ին։

Կարաչոնի Յանոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադար Յանոշ, ծնվել է 1859 թվականին, պատմաբան, եկեղեցական-հասարակական գործիչ։ Պրոֆեսոր, Հունգարիայի ԳԱ անդամ, 1920 թվականին եպիսկոպոս։ 1904-1906 թվականներին եղել է Բուդապեշտի համալսարանի պրոֆեսոր։ Զբաղվել է Հունգարիայի, Տրանսիլվանիայի, տեղի հայերի և կաթոլիկ եկեղեցու պատմությամբ («Բեկեշ գավառի պատմություն», 1896, «Հունգարական ազգատոհմը», 3 հ հատոր, 1900-1901 թվականներ, «Սեկույների ծագումը», 1924 թվական, «Հունգարիայի եկեղեցական պատմություն», 3-րդ հրատարակչություն, 1929 թվական և այլն)։ Մահացել է 1929 թվականին։

Կարաչոնի Ենո Գվիդոնի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարաչոնի Ենո Գվիդոնի, ծնվել է 1861 թվականին, հասարակական-քաղաքական գործիչ, Հունգարիայի արքունի խորհրդական, պառլամենտի դեպուտատ։ Եղել է Սալթայի օրդենի Բուդապեշտի ներկայացուցիչը։ Հովանավորել է արվեստի գործիչներին։ Մահացել է 1932 թվականին։

Կարաչոնի Ալադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարաչոնի Ալադար, հասարակական-քաղաքական գործիչ, կոմս։ 1902 թվականին Հունգարիայի պառլամենտի անդամ է ընտրվել Գեռլա հայաքաղաքից։

Կարաչոնիների շառավիղներն այժմ էլ ապրում են Հունգարիայի և Ռումինիայի տարբեր վայրերում։ Նրանց մեջ կան հասարակական, քաղաքական գործիչներ, բժիշկներ, դասախոսներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 304